Որ անխոս չլինի լռությունը ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որ անխոս չլինի լռությունը

Հաճախ մենք լռում ենք, երբ հարկ է լինում խոսել, ինչ-որ դիպուկ խոսք ասելու փոխարեն, մտքում ենք խոսում մեր երկատված «ես»-ի հետ: Վիճում ենք ինքներս մեզ հետ, անկեղծանում իրականության դիտարկման ու մեր ապրելակերպի անհամապատասխանության շուրջ, բայց միևնույն է, ի վերջո հաշտվում ենք, անցում կատարելով քննադատի դիրքերից և դարձյալ դիրքավորվելով մեր կյանքի «խրամատներում»: Ու մեր` դիրքապահի առավելությունը հենց նրանում է, որ այդպես պատրաստվում ենք պաշտպանվելու սպասելի ու առավել ևս` չսպասված խնդիրների հարձակումներից: Օրինակ` ինքս ինձ ուղղված «ինչպե՞ս ես» գլխացավանքային հարցից պաշտպանվում եմ, պատասխանելով` «նորմալ»: Մի անգամ Ռուսաստանից ժամանակավորապես եկած ծանոթս` իր այս հարցմանն իմ այսօրինակ պատասխանը ստանալով, հռհռաց ու հարցրեց, թե հո՛ հանաք չե՞մ անում, որովհետև քաղաքում իր հանդիպած մարդկանցից միակն եմ, որ ասում եմ, թե կյանքը նորմալ է: Այսինքն` պարզ է, բոլորը բողոքվել են իրենց վիճակից:

Ավելի գլոբալ առումով, հայտնի քաղաքագետ Ջուլիետա Կյեզային էլ լավատես չես համարի: Նրա կարծիքով, աշխարհն ապրում է քաղաքական բուրգի փոփոխման ժամանակահատվածում: Սպառողական հասարակությունն այլևս չի կարող գոյություն ունենալ: Մեր երկրագնդի ռեսուրսները բավարար չեն, իսկ սպառողական գործունեությունն ապահովող ֆինանսական քաղաքականությունը փակուղի է մտել: «Նոր աշխարհի ծննդյան սցենարները կարող են սարսափելի թվալ,- կանխատեսում է նա,- հաշվի առնելով, որ, իրապես, քաղաքակրթության վրա իշխում են փողերը»: Հայաստանի իշխանությունները, իբր բարոյականության սկզբունքներից ելնելով, քարոզում են ինքնասահմանափակում, սակայն ամբողջ հարցն այն է, թե քարոզելու իրավունքն ինչպե՞ս կարող են իրենց վերապահել, երբ իրենք ցուցադրում են ամենաանխնա, ամենաշվայտ, ամենաքաոսային սպառողականություն:

Սրան զուգընթաց, իբրև պարզճակատություն, օրինակ՝ ԱԺ-ում նստածները խոստովանում են, թե պաշտոնական տվյալներով մոտ 30 տոկոս աղքատ բնակչություն ունենալու պայմաններում հեշտ չի լինելու սոցիալական լարվածությունը թուլացնել: Ըստ էության, սա սեփական ապաշնորհության խոստովանություն է: Կարծում են, թե այսօրինակ անկեղծությունը դարձյալ ըմբռնման բալասան կլինի չքավորների համար: Դե, երևի չքավորների վրա են թողնում սեփական ինտելեկտին ապավինելու ու իրավիճակից դուրս գալու ինքնօրինակ տարբերակի հայտնաբերումը: Օրերս ուսանողական տարիների ընկերս էր զանգել Երևանից: Նա հոգեբանություն էր ուսանում, բայց որ ճիշտն ասեմ, նրա զգայական հոգեաշխարհն հաշվի առնելով, միշտ կասկածել եմ, թե նրանից իսկական հոգեբան կստացվի: Բայց մեր զրույցի ընթացքում ինձ համար պարզեցի, որ ընկերոջս էության մեջ 360 աստիճանով փոփոխություն էր տեղի ունեցել: Դիցուկ` նա խորհուրդ տվեց ծանր իրավիճակներում օգնության կանչել սեփական ինտելեկտը` կյանքում փոփոխություն մտցնելու հույսով: Ասաց, թե առհասարակ պետք է  չթերագնահատել մեր ինտելեկտի հնարավորությունները: Այսպես` եթե փորձենք մեզ հարցնել, թե ինչո՞ւ ենք անհուսորեն վերաբերվել ինքներս մեր նկատմամբ, թերևս բազում պատճառաբանություններ գտնենք կամ պարզապես հորինենք դրանք, օրինակ` «Ես չեմ կարող չնյարդայնանալ»: Պետք է ուշադրություն դարձնել, որ մեր բոլոր խնդիրները կապված են մեր «ես»-ի հետ: Ու մինչև չսովորենք մեր «ես»-ին դիմել, կյանքից ոչ մի հաճույք ստանալ հնարավոր չի լինի: Նա համոզում էր, որ բարեբախտաբար դա կարգավորելի է: «Հենց դու սկսում ես օգտագործել քո ինտելեկտը, այն սկսում է աշխուժանալ: Հենց դու մտավոր թուլություն ես զգում, պետք է առողջ մտքերին տրվել, ապավինել դրանց ու ամեն ինչ հիմնավորապես կվերափոխվի,- ասում է նա,- եթե, իհարկե, սայթաքումներ չլինեն: Բայց դրանից էլ է հնարավոր խուսափել, եթե դու պարբերաբար, առանց հիասթափություններդ հաշվի առնելու, մտավարժանքներով զբաղվես ու «պայծառացնես» ուղեղդ: Եվ ժամանակի ընթացքում քեզ կայցելեն այսպիսի մտքեր` «Ես կգտնեմ անհրաժեշտ բառերը, կվանեմ ինձնից անիմաստ ինքնազրույցները, հոռետեսությունը և կսկսեմ վայելել կյանքը»:

Հոգեբան ընկերս ասաց նաև, որ երբ ինքներս նեղացնում ենք մեր ինտելեկտի հնարավորության սահմանները, նպատակայնորեն չենք օգտագործում դրանք, շատ արագ կորցնում ենք ինքնուրույն մտածելու կարողությունը և հայտնվում ենք նյարդային ապրումների, գրգռված հոգեվիճակի մեջ. «Ինտելեկտի սահմանների նեղացումը միջավայրի նկատմամբ անտարբերության է հանգեցնում, հակասությունների ընկալման ունակության կորստի: Այս դեպքում տագնապի զգացողությունն է գերակա դառնում, հոգեկան անհարմարությունը` ուժգնանում»: Երևի, մտածեցի, Հայաստանի վարչապետն էլ է այսքանը պատկերացնում, երբ մեզ ոգևորիչ խոսքեր է մատուցում, երբ, կարծես սովից խուսափելու համար սնունդ տալու պես, ասում է, թե մյուս տարվա` աշխատավարձերի ու թոշակների բարձրացում չնախատեսող բյուջեն` սպառողական ապրանքների գնաճի ֆոնին, թող մեզ հուսալքության չմատնի, մեկ է, մենք` հայերս «շուռ ենք տալու աշխարհը» ու մեզ ոչ միայն վիճակված է անել դա, այլև` պարտադրված է: Եթե հաշվի առնենք հայի` ամեն դժվարություն հաղթահարողի անսահման հնարավորությունները, լիարժեքորեն հասկանալի է դառնում վարչապետի փառահեղ հոգեբանությունը:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
1,213