Ուզում եմ ապրել ազատ ⋆ «Շրջապատ»
ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Ուզում եմ ապրել ազատ

Հակառակի նման ծնվել եմ այնպիսի մի քաղաքում, որտեղ մարդիկ իրենք էլ չեն հասկանում, թե որքան կեղտ ու հոգու ապականություն կա իրենց շուրջը: Ասես դատապարտված Աստծո կողմից` չեն էլ փորձում գտնել լուսավոր ճանապարհ: Շուրջբոլորը պարապ բամբասանք, հետամնաց մտածելակերպ (քողարկված ավանդականի տակ), բարդույթավորված, գորշ երիտասարդություն:

Չգիտեմ, ի ուրախություն, թե` ի դժբախտություն ինձ, Աստված ինձ այնպիսի կազմվածք, աչքի ընկնող արտաքին է պարգևել, որ ես, կամա-ակամա առաձնանում էի բոլորից: Շատերի բնութագրմամբ, չափազանց լավն էի, գրավիչ: Ինձ հետ ծանոթացող յուրաքանչյուր տղամարդ հարկ չէր համարում հասկանալու իմ ներաշխարհը. ես ամենևին այլ էի` ազատ մտքի թռիչքի տեր, ստեղծագործ, ինքնատիպ, հետաքրքիր, գեղեցիկ հոգեաշխարհով: Նվիրվում էի` մոռանալով սեփական անձս: Սիրում էի` տրվելով ողջ հոգով ու սրտով, ընկերոջս ցավն ու ուրախությունն իմն էին: Այդպիսին էի` անկախ իմ կամքից:

Դեռ պարմանուհի էի, երբ սկսվեց իմ պայքարը շրջապատի դեմ, դաժան ու անիմաստ պայքար, որում, անշուշտ, պարտվողը ես էի: Նույնիսկ ծնողներս լիովին չէին հասկանում ինձ. «Դու ապրում ես հասարակության մեջ և պետք է ենթարկվես նրա օրենքներին: Մարդը հասարակության մասնիկն է, մի փորձիր առանձնանալ ինչ-որ բանով»,- խորհուրդ էր տալիս մայրս: Չէի կարողանում հագնվել այնպես, ինպես ես էի ուզում (ապշահար հայացքներից զզվել էի արդեն), չէի կարող ապրել այնպես, ինչպես սիրտս կթելադրեր (բամբասանքներից չէի պրծնի): Այդ ամենով հանդերձ, տղամարդիկ անտարբեր չէին կարող անցնել իմ կողքով, իսկ կանայք իմ հանդեպ լցվում էին անփարատելի նախանձով, դրանից բխող արհամարհանքով ու անթաքույց ատելությամբ: Հասունանալով, ես առավել հասկացա, որ ինձ կփրկի կամ այստեղից փախչելը, կամ` ամուսնանալը: Բայց…

Ինձ համար «երկնքից աստղեր» իջեցնող տղամարդիկ, նույնիսկ նրանք, ովքեր, իրոք, սիրահարված էին ինձ, կամ խուսափում էին ամուսնության մասին խոսելուց, պարզապես փախչում էին` իրենք էլ դրան բացատրություն չգտնելով: Իսկ ինձ լավ ճանաչողները, ովքեր հասկանում և ընդունում էին ինձ այնպիսին, ինչպիսին կամ, մոլորվում էին, զգալով, որ անկարող են պայքարել բամբասկոտ, խայթող մասսաների դեմ:

…Ես ամուսնացա մի շատ խելացի, ողջամիտ, հավասարակշռված, իմ մասին տարածված ասեկոսեներն արհամարհող երիտասարդի հետ: Ի զարմանս շատերի` ես լավ տանտիկին էի, հավատարիմ, սիրող զուգընկեր: Ամուսինս հարգում և սիրում էր ինձ այնպիսին, ինչպիսին ինքն էր ճանաչում: Նա չէր խոչընդոտում իմ ազատությանը, թույլ էր տալիս հագնվել, հարդարվել այնպես, ինչպես ես էի ուզում: Ես ինձ բացառիկ երջանիկ էի համարում, որ գտել եմ հասկացող և լավ կյանքի ընկեր:

Մեկ տարի առաջ ամուսինս մեկնեց արտերկիր` աշխատելու: Մնացի մենակ: Իմ մասին միառժամանակ դադարած փսփսուքները կրկին վերսկսվեցին: Դրանք սղոցում էին նյարդերս, փչացնում կյանքս: «Մարդուն ճամփել է, ինքը վառավ քարշ գալով սրա-նրա հետ», «Բա հագածը՜, ոնց որ 16 տարեկան: Էդպես է անում, որ ավելի աչքի ընկնի»,- գալիս-հասնում էին ականջիս (բամբասողները նրանք էին, ովքեր չէին նայում իրենց բարոյական կերպարին: Իրենց սիրեկանների հետ կարող էին սրան-նրան բամբասել, իսկ տանը երեսներին էին քաշում «ավանդական հայ կնոջ» դիմակը): Նման վարկաբեկությունների պատճառով ամուսնուս ծնողներն ու հարազատները սկսել են սառը վերաբերմունք ցույց տալ իմ նկատմամբ: Ստիպված որոշել եմ մեկնել ամուսնուս մոտ, որ պրծնեմ անտեղի լուտանքներից ու ստահոդ խոսակցություններից: Միայն մի բան չեմ հասկանում, ինչո՞ւ այս քաղաքում մարդիկ չեն կարող ազատ ապրել:

Մ.


«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք:

print
1,081