Ունենք այն, ինչ ունենք ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Ունենք այն, ինչ ունենք

Գյումրիում երկար սպասված փողոցաշինությունը, քաղաքապետի բնորոշմամբ, թափով սկսվեց, բայց հետագայում, բնակիչների բնորոշմամբ, թափով էլ կանգ առավ: Քաղաքի փողոցները քարուքանդ եղան, մայթերն անանցանելի դարձան, և պատկերն հիշեցնում է հետերկրաշարժյան թվերը: Եթե մինչ աշնան սկիզբ բնակիչներն համբերատար էին, ապա անձրևների գալուն պես և աշխատանքների դանդաղելուն զուգահեռ աճեցին նաև դժգոհությունները:

Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացավ հանրային բաց լսում և քննարկում՝ «Գյումրի քաղաքում իրականացվող փողոցաշինական աշխատանքների ընթացքի և ծրագրի շարունակականության ապահովման նպատակով փողոցների ընտրության մասին» թեմայով:

Նշենք, որ քննարկումը թեժ անցավ: Ներկա էին թե՛ նախագծողները, թե՛ մրցույթ շահած շինկազմակերպությունները, թե՛ Ջրմուղի, կապի, ՀԷՑ-ի, վերահսկիչ կազմակերպության ներկայացուցիչները և Գյումրու մտահոգ քաղաքացիներն ու ավագանու մի քանի անդամներ:

Խոսք տրվեց քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանին: Վերջինս երկարաշունչ բանախոսությամբ ներկայացրեց ծրագիրը, այն աշխատանքները, որոնք ըստ ծրագրի ու նախատեսածի՝ պետք է իրականացվեն, ապա նկարագրեց այն իրավիճակը, որին բոլորս ենք առնչվում ու հայտնի է: Ըստ պարոն Մանասյանի, փողոցների աշխատանքների դանդաղ ընթացքի պատճառները և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ: Հիմնական խնդիր առաջացել են փողոցների քանդման արդյունքում ընդերքում հայտնաբերված բազմաթիվ խճճված կոմունալ խողովակաշարերը, որոնք բնակիչերի կողմից ինքնակամ են անցկացվել: Այդ պատճառով առաջացել են նաև նախագծային շեղումներ: Բացի ադ, եզրաքարերի ԳՈՍՏ-երի հետ կապված ևս խնդիրներ են առաջացել: «Սկզբում ուրախացել էինք, որ մեծ թափով է աշխատանքներն ընթացել, սակայն հետագա ընթացքը գոհացուցիչ չէ. մայթերն անանցանելի են, ճիշտ է, դեռ ժամանակ կա, բայց կասկածելի է: Նախագծա-նախահաշվային փաստաթղթերն են շինարարները պատճառաբանում, բայց 100 տոկոսանոց պլանավորում չէր կարող լինել: Եվ հիմա ունենք այն՝ ինչ ունենք»,- եզրափակեց Կ.Մանասյանը, հավելելով, որ բնակչի կողմից դժգոհությունները տեղին են, և նաև իրենք են դժգոհ ընթացքից, շինարարից և այլն:

Ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության անդամ Արման Գրիգորյանը հարցրեց, թե կա՞ սարքավորում, որով հնարավոր էր ուսումնասիրել ընդերքը, և նոր միայն աշխատանքները սկսեին, որպեսզի հետո չասեին, թե գնացինք, մի ջրագծի փոխարեն 8 հատ էր: Սամվել Բալասանյանը արձագանքեց. «Եթե էդպիսի գործիք դուք կարողանաք գտնել, որը դնելով ասֆալտի վրա, գետնի տակ, կասի՝ այ էս ջրագիծը քաշել է Գևորը, էս մեկը քաշել է Ղուկասը: Եթե նման գործիք Հայաստանի Հանրապետությունում կամ աշխարհում կա, իդեալական է: Նախագծողներ, պատասխանեք, կա՞ էդպիսի գործիք»: Նախագծողը պատասխանեց, թե այդ հարցին կոնկրետ չի կարող պատասխանել. «Բայց նախագծային թերությունների վերաբերյալ կարող եմ պատասխանել. շահագրգիռ կազմակերպությունների և պատվիրատուի կողմից ստացել ենք գծագրեր, որտեղ նշված են կոմունիկացիաները՝ մալուխները, ջրագծերը և այլն, բայց փաստացի ոչ բոլորն են համապատասխանել իրականությանը: Օրինակ, երեք կաբել է նշված, պարզվել է ութ հատ է ու ցրված: Կա՝ ջրագիծ է նշված, բայց հատակագծով խորությունն այլ է»։ Քաղաքապետը դարձյալ արձագանքեց. «Նախագծային շատ թերություններ կան, բայց դրանք ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Եղել է երկրաշարժ, եղել են տարբեր կազմակերպություններ, ուղղակի առանց նախագծերի անցկացրել են կոմունիկացիաները: Հիմա դուք պետք է շինարարի հետ համաձայնեցված անվճար շտկումներն անեք»:

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ռեկտորի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը հացրեց, թե ի՞նչ է նշանակում. «Ունենք այն՝ ինչ ունենք»: Եվ որքանո՞վ է Մանասյանն իրազեկ փողոցաշինությունից, արդյո՞ք ներկայացվել է, թե ով է մեղավորը, որ շինկազմակերպությունն է թերացել, պայմանագիրը խախտել, և ում են պատասխանատվության ենթարկելու: Քաղաքապետը պատասխանեց. «Բոլորս էլ սրտացավ ենք, բայց էս աշխատանքները պիտի կարողանանք ավարտին հասցնել: Ձեր հարցին կոնկրետ մասնագետն էլ կպատասխանի,- ապա դառնալով շինարարին, ասաց,- դուք մի քաղաքում եք եկել աշխատելու, որտեղ հետևողական են լինելու բոլորը, բոլորին ես խնդրել եմ, ու ճիշտ են ասում: Չենք ասֆալտելու, մինչև թերությունները չվերացվեն, դե ասա, Լիլիթ, ասֆալտելո՞ւ ենք»: Վերջինս էլ պատասխանեց՝ «Ոչ, որովհետև դիմացը ձմեռ է»: Եվ Լիլիթը, որը հետագայում պարզվեց, որ վերահսկողական մարմնի ներկայացուցիչ է, սկսեց խրատներ տալ, թե մնացածի մեղադրանքներն անհիմն են»: Կարեն Պետրոսյանը հարցրեց. «Ի՞նչ մեղադրանք: Նախ ներկայացեք, թե դուք ով եք»: Պարզվեց, որ Լիլիթը ոչ միայն տեխհսկող գործառույթ է իրականացնում, այլ նաև նախագծող թիմի ինժեներն է: Կարենը հարցրեց. «Այստեղ շահերի բախում չկա՞ երկու դիրքերում. համ նախագծող եք, համ վերահսկող: Սա անլուրջ է»: Լիլիթը հակաճառեց, թե մրցույթը միջազգային է եղել, Եվրոպական բանկն է մրցույթ անցկացրել: Կարեն Պետրոսյանը հակադարձեց. «Մենք բոլոր մրցույթների պատմությունը գիտենք, այդ մրցույթները հին Հայաստանում են եղել։ Արդեն պարզ է»: Բանավեճին միջամտեց քաղաքապետը. «Լիլիթը շատ լավ աղջիկ է, լավ մասնագետ է… և այսօր բոլոր շինարարները դժգոհ են իրենից, որովհետև նա շատ լավ է վերահսկում»:

Ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամ Սաշա Մարտիրոսյանը ներկայացնելով լուսանկարներ, որոնք արվել էին Գյումրու փողոցներից մեկում, հարցրեց, թե արդյո՞ք եզրաքարերի տակ խճային շերտ չպետք է լինի: Այդ հատվածի շինարար «Սիբիր բուատ»-ի ներկայացուցիչն ասաց, որ նախատեսված չէ: «Ի՞նչ է, հողի վրա բետոն պիտի դրվի, հա՞, հետո էդ հողը լվացվի, տանի… էսպիսի բան գոյություն չունի շինարարության մեջ։ Լրիվ անորակություն է, ափսոս է փողը»,- հայտարարեց Սաշա Մարտիրոյանը, որն, ի դեպ, մասնագետ է։

Հետո շինարարներից մեկը ՀԷՑ-ին մեղադրեց բարձրավոլտերի մալուխների տեղերը չնշելու մեջ, վերջինս էլ արդարացավ՝ «Էդ երբ եք դիմել, որ հարցին լուծում չի տրվել: Մենք ձեզ ասել ենք, երբ ուզեք՝ դիմեք մեզ»:

Մի խոսքով, միշտ հեշտ է մեղքը ուրիշի վրա գցելը, սակայն, արդյունքում, ինչպես ասեց Կնյազ Մանասյանը՝ «Ունենք այն, ինչ ունենք»:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
392