«Ունենք կադրային որակ, որը կարող է հմտանալ ցանկացած մասնագիտության մեջ» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Ունենք կադրային որակ, որը կարող է հմտանալ ցանկացած մասնագիտության մեջ»

Հարցազրույց «Լենտեքս» ՍՊԸ հիմնադիր տնօրեն ԿԱՐԵՆ ԳՈՄՑՅԱՆԻ հետ:

— Պարոն Գոմցյան, անկեղծ ասած, Դուք այսօր Գյումրու թիվ 1 բիզնեսմենն եք, որի հաջողության պատմությունն ընդօրինակելի է: Հետաքրքիր է լսել Ձեր կարծիքը Գյումրու բիզնես միջավայրի, ներդրումային դաշտի, վերջերս հաճախակի խոսվող Գյումրին զբոսաշրջության մայրաքաղաքի վերածելու մասին:

— Տեսեք, Գյումրին որպես միջավայր այնքան էլ չի տարբերվում Հայաստանի մյուս բնակավայրերից, ընդհակառակը, ունի որոշ թերություններ. բնակլիմայական, բարձրադիր դիրք, մայրաքաղաքից հեռու լինելը: Բայց նախ պետք է հստակեցնենք, թե հատկապես ինչպիսի՞ բիզնեսի, ո՞ր ոլորտի զարգացման մասին ենք խոսում: Որովհետև, եթե զբոսաշրջության ոլորտի զարգացման մասին ենք խոսում, ապա նշված որոշ թերությունների կողքին մենք պետք է այս պարագայում նշենք նաև մեր առավելությունները. Գյումրին ունի պատմամշակութային, ճարտարապետական արժեքներ, պահպանել է հին քաղաքի միջավայրը: Եվ այստեղ հնարավոր եմ համարում մանավանդ սիթի-տուրի՝ քաղաքային զբոսաշրջության զարգացումը, պոտենցիալը կա, օտարների աչքին բավական հետաքրքիր է: Այստեղ դարձյալ պետք է վերադառնանք թերություններին՝ հեռավորությունը մայրաքաղաքից. սա նշանակում է, որ արտասահմանցի զբոսաշրջիկը, երբ այցելում է Հայաստան, իջնում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ու, եթե նրան ուղղորդես դեպի Գյումրի, ապա մեր մնացած թերություններն են ի հայտ գալիս, առաջինը՝ ճանապարհահատվածն է: Եթե Հյուսիս-հարավ, Երևան-Գյումրի ճանապարհահատվածները վերանորոգվեն, ապա կոմֆորտային միջավայր կստեղծվի նախ ուղևորափոխադրման առումով: Մեր ունեցած ուղևորափոխադրումներով՝ գնացք, երթուղային տրանսպորտ, տաքսի ծառայություններով հարմարավետ է ներքին զբոսաշրջությանը: Իսկ Գյումրու օդանավակայանում ներդրումներ անելու դեպքում՝ այն միջազգային ստանդարտներին հարմարացնելու պարագայում, արդեն արտաքին զբոսաշրջիկի կոմֆորտն է ապահովվում: Հաջորդը՝ դա ինֆաստրուկտուրաների զարգացման անհրաժեշտությունն է քաղաքում: Պետք է լինեն կազմակերպություններ, որոնք օգնում են, աջակցում են զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: Դրանք հյուրանոցներն են, հանգստի վայրերն են, ռեստորան-սրճարաններն են:

— Բայց բավականին թվով հյուրանոցներ ու սրճարաններ ունենք արդեն:

— Դրանք բավարար չեն: Խոսքը քանակին չի վերաբերում, այլ առանձնահատկություններին, գրավչությանը, պետք է այնպիսի գաղափարներով ու յուրահատկություններով հանդես գաս, որ հետաքրքրություն շարժես դեպի Գյումրի զբոսաշրջիկին բերելու համար: Եթե ստանդարտ, եվրոպական ռեստորան կամ հյուրանոց ես մատուցում, դրանով եվրոպացի կամ ամերիկացի զբոսաշրջիկին չես զարմացնի: Բացի այս, պետք է լուրջ աշխատանք տարվի Գյումրին ու մերձակայքը ներկայացնելու ուղղությամբ՝ խորը գիտակցված, պրոֆեսիոնալ տեսանյութեր, գովազդային բուկլետներ, քաղաքային ցուցանակներ և այլն: Հետո, կարևոր է սպասարկման ոլորտի աշխատակիցների օտար լեզուների տիրապետելու հանգամանքը: Բացի այս, փողոցները պետք է վերականգնված լինեն, ցեխից ու փոշուց, աղբից ու կեղտից մաքրված լինեն: Գյումրիում պետք է ունենանք զբոսաշրջիկին մի քանի օր պահելու հետաքրքրություն, թեկուզ պիտի «մոգոնենք», բայց այնպիսի հետաքրքրություն պետք է առաջացնենք, որ մայրաքաղաքային միջավայրում գտնվող զբոսաշրջիկին ձգենք Գյումրի, որ նա գա, տեսնի սա, սա, սա… Էլի եմ ասում, պետք է լուրջ, պրոֆեսիոնալ ու ժամանակակից մտածելակերպը համադրվի ու ստեղծվի այն, որի համար Լոնդոնից, Փարիզից, էլ չգիտեմ որտեղից զբոսաշրջիկն ուզենա հասնել այս երկիրը, այս քաղաքը… Այսքանը զբոսաշրջության ոլորտի զարգացման հավանականության ու անհրաժեշտության մասին:

Խոսեմ Ձեր նշած արդյունաբերական ոլորտի մասին: Ես որպես խոշոր արդյունաբերող, նախ կնշեի, որ գրավիչ է աշխատուժը, համեմատական մատչելիությունը, աշխատուժի խելացիությունն ու ընկալողունակությունը: Տեսեք, այս պահին իմ արդյունաբերական ձեռնարկությունում են գտնվում չինացի և կորեացի մասնագետներ, ովքեր մոնտաժում են սարքավորումները, գովում են մեր քաղաքացու մարդ տեսակն ու ընկալող ունակությունը, այսինքն՝ ունենք կադրային որակ, որը կարող է ցանկացած մասնագիտության մեջ հմտանալ, դառնալ բարձրագույն մասնագետներ: Գյումրիում միակ առավելությունը սա է, նաև ոչ պակաս կարևոր արտոնություն է՝ էժան տարածքների կամ շենքերի ձեռքբերումը:

— Նշեցիք գրավիչ հանգամանքներ: Ի՞նչ եք կարծում, մի՞թե հնարավոր չէ այնպիսի արտադրական խոշոր ձեռնարկություն, գործարան հիմնել, որը միաժամանակ կլուծեր մի քանի խորացած խնդիրներ՝ գործազրկության, արտագաղթի կրճատում և, բնականաբար, արտադրանքի արտահանում, որը ֆինանսական հոսքեր կապահովեր:

— Ծանր արդյունաբերությունը վերջնական մահացած կարելի է համարել: Իսկ թեթև արդյունաբերությունը, սննդի, գյուղատնտեսության ոլորտները զարգանում են, սրան պետք է առանձնահատուկ ավելացնեմ ՏՏ ոլորտի զարգացումը: Այսօր Գյումրիում ՏՏ ոլորտի մասնագետը միջինից բարձր աշխատավարձ է ստանում, ովքեր կարող են ձևավորել մեր քաղաքի միջին խավը և փոխել քաղաքի ստատուսը:

— Յուրաքանչյուրս, ով ինչ-որ բան է հիմնում, ստեղծում իր ապրած միջավայրում, պատասխանատվություն է կրում նաև ապագա սերնդի համար կոմֆորտային միջավայր թողնել: Օրինակ՝ Դուք 4 երեխաների հայր եք, ինչպիսի՞ ապագա եք կանխորոշում Ձեր զավակների համար, ո՞ր ուղղությամբ եք նրանց ուղղորդում:

— Ես երեխաներիս մասնագիտություն ընտրելու կամքն ազատ եմ թողել: Գիտեմ, որ աղջիկս ուզում է ժամանակակից՝ նանո, թե ՏՏ տեխնոլոգիաների բնագավառում զարգանալ, իսկ որդիներս, իմ խորին ցանկությունն է, որ իմ գործը շարունակեն, ինչպես ժամանակին հայրս է ինձ ուղղորդել ու չեմ փոշմանել, կամ այսօրվա պահանջված մասնագիտություններից ընտրեն, օրինակ՝ իրավաբանի, մարդու իրավունքների պաշտպանի: Այո, Դուք ճիշտ եք, յուրաքանչյուր բիզնես պետք է ունենա սոցիալական պատասխանատվություն, եթե եկամուտ ես ստեղծում և օգտվում տվյալ տեղանքի բարիքներից, ոչ պարտադիր, բայց բարոյական պարտք ունես հող ու ջրի, մարդկանց նկատմամբ: Նաև, ինչու չէ, հնարավորության դեպքում, բարեգործություն անել: Մենք, օրինակ, պատրաստվում ենք նման մի նախաձեռնությամբ հանդես գալ, բայց այդ մասին դեռ չեմ ուզում բարձրաձայնել:

— Դուք նոր արտադրամաս եք կառուցում: Ի՞նչ է այն լինելու, այն տարբերվելո՞ւ է Ձեր ներկայիս հիմնական գործունեությունից:

— Թույլ տվեք այդ մասին այս պահին չբարձրաձայնել: Միայն կասեմ, որ այն մեր հիմնական բիզնեսի շարունակությունն է, լրացնողն է, հումքի արտադրություն է լինելու:

— Սա նշանակո՞ւմ է, որ Դուք նոր աշխատատեղեր եք ստեղծում:

— Իհարկե: Շուրջ 200 աշխատատեղ կապահովենք: Մեր բիզնեսն ընդլայնվում է, մեր հնարավորությունների չափով մենք ներդրումներ կանենք:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
4,111