«Չկա նման բան, չի եղել նման բան» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Չկա նման բան, չի եղել նման բան»

Նկարիչ Վալմարի նկարչական գիրք-ալբոմի շնորհանդեսի առիթով Գյումրիում էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Առիթից օգտվելով, լրագրողները հարցեր հղեցին նախարարին, որոնք հիմնականում վերաբերում էին Գյումրուն:

Հարցին, թե Գյումրու Երկրագիտական թանգարանը չունի տարածք և խայտառակ վիճակում է գտնվում, նախարարը պատասխանեց. «Ես այցելել եմ, այո, իհարկե, շատ վատ վիճակում է գտնվում: Ես այնտեղ շատ հետաքրքիր ցուցանմուշներ եմ տեսել, հատկապես «Գյումրվա փղերը»… Հավատացեք, գիտեմ, որ Գյումրիում շենքային պայմանները շատ վատ են, և հսկայական տարածք է պետք՝ այդ ցուցանմուշները տեղափոխել-տեղավորելու, ցուցանմուշները ցուցադրելու համար»:

Գյուլբենկյանի անունը կրող նախկին հիվանդանոցային շենքի անգործության մատնված լինելու և այն նպատակային՝ Երկրագիտական թագարանին հատկացնելու մասին ևս հարց հղվեց նախարարին: «Որևէ առիթի դեպքում, մենք պատրաստ ենք, եթե այլ գերատեսչությունների կողմից լուծվի շենքի հարցը,- ասաց Արմեն Ամիրյանը, ապա կիսվեց,- կարծում եմ, այն, ինչի մասին խոսում ենք, կարող է նպաստել տուրիզմի զարգացմանը: Եվ պետք է նշեմ, որ այսօր Գյումրիի դրամատիկական թատրոնն ասես Գյումրու մշակութային սիրտն է և այդ սրտի բաբախյունն կամաց-կամաց մեծանում է: Մեր նպատակն է՝ Երևանից Գյումրի հանդիսատես գալը, որ գիշերի Գյումրիում, հաջորդ օրն այցելի թանգարաններ, և երրորդ օրը վերադառնա Երևան: Անշուշտ, այս ընթացքում համտեսելով Գյումրվա համով-հոտով կերակրատեսակները, ինչպես նաև վայելել մարդկային շփումները: Սա մեր երազանքն է, որը, կարծում եմ, շատ շուտով կարող ենք իրականանցնել: Թեպետ պիտի ասեմ, որ թատրոնն արդեն երազի մի մասն իրականացնելու ճանապարհին է: Յուրաքանչյուր անգամ հպարտանում եմ, որ մայրաքաղաքից արդեն իսկ հանդիսատես է գալիս Գյումրի՝ որևէ ներկայացում դիտելու: Կարծում եմ, իմ նշանակումներից մեկը՝ Տիգրան Վիրաբյանը, հիանալիորեն կատարում է իր գործը, շատ ուրախ եմ, որ երիտասարդ ու գործունյա տնօրենը կարողացավ բարձր ցուցանիշներ ապահովել: Եվ հուսամ, որ մոտ ապագայում մենք նոր առիթներ կունենանք նոր թանգարանների, նոր ցուցասրահների բացման նախաձեռնություններով հանդես գալու»:

Հարցին՝ «Գյումրին ունենալով հարուստ պարային ավանդույթներ, մենք, ի վերջո, ունենալո՞ւ ենք պարի պետական համույթ», նախարարը պատասխանեց. «Այո, դուք լավ հիշեցրիք, Գյումրին ուներ Աղասի Շաբոյանի անվան պարի համույթ, իսկապես բարձրարժեք պարային խումբ էր, ժամանակին նույնիսկ զուգահեռներ էր անցկացվում Հայաստանի պարի պետական անսամբլի և Գյումրու Շաբոյանի պարի խմբի միջև: Այսօր, ցավոք, չկա նման ծրագիր, որ մենք կարողանանք գեներացնել այդ շարժումը: Որպես մշակույթի նախարար՝ իմ պատրաստակամությունն եմ հայտնում, եթե տեղական իշխանության կողմից կլինի նախաձեռնություն՝ մենք կանգնած կլինենք դրա կողքին: Այստեղ կա սիմֆոնիկ նվագախմբի հարցը, որի համար բավական ծախսեր ենք իրականացրել: Այսօր խոսվեց նաև, որ այս տարի երկրաշարժի 30-ամյա տարելիցն է լրանում, մտածում ենք նվագախումբն ուղարկել համերգային շրջագայության՝ զուգորդելով գյումրեցի նկարիչների նկարների ցուցադրություններով… Նման և այլ մշակութային նախաձեռնությունների կողքին մենք կանգնած ենք: Բայց, էլի եմ ասում, նախաձեռնություն պետք է հնչի, որ այդ ուղղությամբ աշխատենք»:

Արմեն Ամիրյանը Ալեքսանդրովսկու ճեմափողոցում արձանախումբ տեղադրելու վերաբերյալ նշեց. «Ազնվորեն ասած՝ ես մանրամասն չեմ ուսումնասիրել այդ հարցը: Տեսել եմ հատվածային ինչ-որ աշխատանքներ, որոնք ինձ դուր են եկել: Բայց խոստանում եմ մանրամասն ուսումնասիրել: Այնուամենայնիվ, արձանախումբ ունենալը վատ միտք չէ: Սակայն նորից եմ ասում, պետք է լավ պատկերացնեմ, թե ինչի մասին է խոսքը, որ նոր հստակ կարծիք հայտնեմ»:

«Ազատության» թղթակցի հարցին, թե Հայաստանի Ազգային թանգարանից ի՞նչ էքսպոնատների աճուրդի մասին է համացանցում մեծ աղմուկ բարձրացել, նախարարն ասաց. «Էքսպոնատներ չեն վաճառվում, դրանք կոտրված-ջարդված սեղան, աթոռներ են՝ դեռևս 70-80-ական թվականներից մնացած, որոնք դուրս գրման ենթակա են, բայց ես կտրականապես դեմ եմ որևէ իր, ապրանք դուրս գրելուն, դրա համար դուրս են հանվել վաճառքի։ Որևէ էքսպոնատ, որևէ թանգարանից չի կարող վաճառվել։ Դե գիտեք, երբեմն մարդիկ փորձում են մեծ աղմուկ հանելու համար խեղաթյուրել բառը, գրել էքսպոնատ, այնինչ այդ Էքսպոնատն ընդամենը կոտրված աթոռ է։ Այդ աղմուկ հանողներին կարող եմ նվիրել այդ աթոռ-սեղանները, ես կգնեմ ու կնվիրեմ»։

«Շրջապատի» մշակութային հոդվածներից մեկում գյումրեցի պարուսույցներից մեկը մտահոգություն էր հայտնել, որ Մշակույթի նախարարությունը այլ պետությունների կողմից պարի փառատոների հրավերներ է ստանում, սակայն Գյումրու պարային խմբերին այն չի տրամադրում: Մենք խոստացել էինք այս հարցը բարձրաձայնել Մշակույթի նախարարի մոտ: Պարոն Ամիրյանը պատասխանեց. «Նախարարությունը, եթե ցանկացած միջոցառման հրավեր, հայտ ստանում է, բաց շրջանառում է: Գոնե ես իմ պաշտոնավարման մեկ  տարվա ընթացքում պատասխանատու եմ դրա համար: Շրջանառվում է բաց, որևէ մշակութային կամ միավոր կարող է դիմել, եթե մեկ հայտի շուրջ մի քանի մասնակիցների դիմումներ կան, ապա մրցութային կարգով են ընտրվում: Չկա նման բան: Եվ, բացի այդ, անվճար պարի փառատոնի մասնակցություն չի կարող լինել, չի եղել նման բան»:

print
2,435