«Պատիվ ունեմ» ⋆ «Շրջապատ»
ՄՇԱԿՈՒՅԹ

«Պատիվ ունեմ»

Լույս է տեսել Վիգեն Իկիլիկյանի «Պատիվ ունեմ» գիրքը, որի մասին այսպիսի բնորոշում է տվել դրամատուրգ և գրքի խմբագիր Արթուր Էդարը. «Այն հարգանքի յուրահատուկ տուրք է բոլոր այն անձանց և նրանց հայրենանվեր ու անձնազոհ աշխատանքի, որոնց հետ հեղինակն անցել է իր 25-ամյա ոստիկանական ծառայության դժվարին ուղին»:

Երեք գրքերի հեղինակ, ոստիկանության պաշտոնաթող փոխգնդապետ Վիգեն Իկիլիկյանի չորրորդ` «Պատիվ ունեմ» գրքի շնորհանդեսն համընկավ սովետական միլիցիայի 100-ամյա տոնի հետ: Վիգեն Իկիլիկյանի մոտ, ով այս տարի ՀՀ ոստիկանապետի հրամանով պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով, այսօր էլ թարմ են տարիներ առաջ այդ տոնակատարության հետ կապված հուշերը. «Այս օրը միլիցիայի աշխատակիցներով դուրս էինք գալիս շքերթի, շարքով անցնում էինք փողոցներով, փողային նվագախմբի երաժշտության ուղեկցությամբ, տոնական համազգեստով շրջում էինք քաղաքում: Դա հուշ է, դա կարոտախտ չէ, հիմա, երբ նորանկախ Հայաստանի ժամանակաշրջանում ենք ապրում, հին միլիցիոներներն ու այժմյան ոստիկանները դարձյալ մի նպատակով են համախմբված` պայքարել հանուն մեր երկրի կայունության»:

Գրքի շնորհանդեսին ներկա էին հեղինակի ծառայակից ընկերները, որոնց ուղղված խոսքում Վիգեն Իկիլիկյանը, մասնավորապես, ասաց. «Գրքի ստեղծման հնարավորությունները վաղ էին հասունացել, ի վերջո ձեռնամուխ եղա հուշագրությունների տեսքով այն գրքի վերածել: Վերջապես 25 տարի աշխատել եմ համակարգում` քաղդաստիարակչական բաժնի պետ, ինչպես ասում են` «զամպալիտ», այնուհետև` պահպանության բաժնում, իսկ դա, կարծում եմ, քիչ չէր այս գրքի հրատարակման համար: Իմ գիրքը աշխատանքային ընկերներիս` Շիրակի մարզի միլիցիոներների, այժմ արդեն` ոստիկանների աշխատանքային գործունեության մասին է: Ներկայի, անցյալի ու ապագա ոստիկանների մասին: Նրանցում կան նաև այնպիսիք, ովքեր, ցավոք, հրաժեշտ են տվել կյանքին»:

Հեղինակն անկեղծանում է ու հավելում, որ իրեն գրող կամ բանաստեղծ չի համարում, ինչ-որ կա իր մեջ՝ գեներով փոխանցվել է ծնողներից: Վիգեն Իկիլիկյանը գրականությունն իր համար զբաղմունք է համարում: Սա, անշուշտ, բխում է հեղինակի համեստությունից: Գրքի «Կատակում են ոստիկանները» խորագիրը կրող բաժինն ընթերցելիս, կարող է, բնավ, այդպես չթվալ ընթերցողին: Հեղինակի գրիչն ի զորու է անմիջականության տպավորություն ստեղծել: Շիրակ աշխարհին նվիրված մի շարք գրքերի հեղինակ Գագիկ Վարդանյանը նկատում է. «Ամեն բնագավառում նվիրյալների ուսերին է դրված այդ բնագավառի նկատմամբ պատկառանքը: Եթե նման մարդիկ չլինեն, շատ գործեր թերի կմնան: Այդ մարդկանց մասին գրելը նշանակում է ի պահ տալ պատմությանը նրանց հանրօգուտ գործերը, այլապես դրանք ժամանակի ընթացքում կջնջվեն մարդկանց հիշողություններից, կկորչեն, կգնան: Իկիլիկյանն իր այս գրքով փորձել է թույլ չտալ հիշողության այդ կորուստը»:

«Գիրքը գրելուն շահագրգռեցին իմ ընկերները, կարելի է ասել՝ նրանք դրդեցին մի գործի, որը վաղուց էր խմորվել իմ մեջ,- պատմում է Իկիլիկյանը:- Դա համախմբված աշխատանք էր, ինչի համար ես շնորհակալ եմ նրանց: Նրանք աշխատանքի ընթացքում ամեն կերպ խրախուսում էին ինձ: Հիմա գոհ եմ, որ հանձն առա այդ գործը և կարողացա հասցնել ավարտին: Երբեմն այդ ընթացքում մտածում էի, թե արդյոք ուժերիցս վեր աշխատանք չե՞մ ձեռնարկել, սակայն արձագանքներն հույս ներշնչեցին, որ ոչինչ իզուր չի արվել: Անգամ համոզված եմ, որ այս գիրքն անպայմանորեն իր շարունակությունն է ունենալու: Ես դա ինքս ինձ եմ խոստացել, քանի որ գրելիքն այնքան շատ է, որ, բնականաբար, չէր կարող տեղավորվել այս մեկ գրքի մեջ»:

«Քաղդաստիարակչական բաժնում աշխատած տարիներն անարդյունք չեն անցել, սա այն օրինակն է, որ պետք է շեշտել,- ասաց ոստիկանության գնդապետ Աշոտ Գորգինյանը,- այսօր մենք նշում ենք սովետական միլիցիայի օրը: Միլիցիայի կազմավորման մասին հրամանը ստորագրել է ներքին գործերի ժողկոմ Ռիկովը` Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից երեք օր անց: Սկզբում այն կոչվել է բանվորական միլիցիա, գործել է կամավորական սկզբունքով, հետո միայն` մեկ տարի աշխատելու արդյունքում է միլիցիոները հաստիքավորվել, որովհետև սոցիալիզմի ծաղկուն տարիներին միլիցիայում աշխատելը մեծ պատիվ էր: Եթե ոմանք կարծում են, թե միլիցիոների աշխատանքն անպատվաբեր է համարվում, պիտի ասեմ, որ չարաչար սխալվում են: Իրականում այն մշտապես պատվաբեր աշխատանք է եղել, կոմսոմոլից լավագույններին ուղարկում էին համակարգն ուժեղացնելու: 1962 թվականին՝ ՀՀ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով, այս տոնը նշվել է Կրեմլի համագումարների պալատում, ելույթներ են ունեցել միութենական ամբողջ էլիտայի ներկայացուցիչները: Դուք ճիշտ հասկացեք, այդ տարիներին պատիվ ու հարգանք էր միլիցիոներ աշխատելը: Եթե թերթենք գրքում տեղ գտած լուսանկարները, կնկատենք միլիցիոներների` համազգեստի կոկիկ կրելը, նրանց կուռ շարքերը: Չկա մի լուսանկար, որտեղ ոստիկանը լինի փնթի-փալասանքի տեսքով, դոշերը բաց, անգլխարկ, անգալստուկ: Այ, սա է պատմությունը»:

Դիմելով Իկիլիկյանին, բանաստեղծ Սամվել Մարգարյանն ասաց. «Դու մեր ժամանակների յուրօրինակ պատմագիր ես, շատ հետաքրքիր է, որ քո նոր գրքում գրում ես քո աշխատանքային ընկերների մասին, ում հետ ծառայել ես, ում հետ կիսել ես լավ օրերդ ու տխրություններդ, ում հետ երկար ճանապարհ ես անցել: Ես համոզված եմ, որ առաջիկայում էլ դու ընթերցողներին կուրախացնես նորանոր գրքերով, որովհետև լի ես երիտասարդական ավյունով,  ստեղծագործական ներշնչանքով, և հայրենի Ազատան գյուղը, Շիրակ աշխարհի օրհնությունը քեզ միշտ տալիս են ստեղծագործելու ջանք ու նվիրում, պայծառ երևակայություն»:

Շնորհանդեսից հետո առիթ ունեցա հարց ուղղել Իկիլիկյանին. «Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ Ձեր գիրքը նաև հասցեագրված է ապագա ոստիկանին: Իսկ Ձեր պատկերացմամբ, անցյալի, ներկայի և ապագայի ոստիկանների նմանություններն ինչո՞ւմ են կայանում և որտե՞ղ կարելի է նկատել նրանց տարբերությունները»: «Չէի ասի, թե զգալի տարբերություններ պետք է որոնել նրանց միջև, փոխվել է միայն անվանումը` ոստիկան, բայց, ըստ էության, աշխատակցի գործունեության մեջ փոփոխություն տեղի չի ունեցել, նույնն է մնացել` պայքար հանցագործությունների դեմ: Բոլոր ժամանակներում ու հասարակարգերում ոստիկանության առջև այդ խնդիրն է դրված եղել:  Ու այսօրվա ոստիկանության աշխատակիցները բարեխղճորեն այդ հերթափոխում են ներգրավված: Իսկ ապագայի ոստիկանի կյանքում, որ այսօրվանից է կերտվում, շատ բան չի փոխվի, կփոխվի գուցե միայն համազգեստը: Մեր ժամանակներում գյուղերից էին հաճախ գալիս՝ աշխատելու, որովհետև աշխատակազմի սակավություն կար, հիմա, փառք Աստծո, համակարգն ապահովված է աշխատակիցներով: Իսկ ընդհանուր հաշվով, մեր պետության հիմնասյուներից մեկը ոստիկանությունն է և մնում է այդպիսին»:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
1,803