«Պետք է օր առաջ մաքրել արդարադատության դաշտը» ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պետք է օր առաջ մաքրել արդարադատության դաշտը»

Հարցազրույց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության իրավական հանձնաժողովի ղեկավար ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։

Պարոն Խաչատրյան, հասարակության մոտ մի տեսակ «շունչը պահած» վիճակ է. վարչապետը դեռևս օգոստոսին հայտարարեց, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, սակայն այսօր թիվ 1 բանտարկյալ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այնպիսի կեղծ օրակարգերով են խճճում փաստերը, որ շատերի մոտ կասկածներ է առաջացնում, իսկ լավատեղյակների մոտ՝ տարակուսանք, թե կարող է պատասխանատվությունից «պլստացնեն»:

— Ցավոք սրտի, ես այնքանով տեղյակ չեմ, որքանով կուզենայի, քանի որ դատավարական որևէ կարգավիճակ չունեմ: Այս պահին, օրենքով սահմանված կարգով չեմ կարող քրեական գործի նյութերին ծանոթանալ, բայց այնքանով, որքանով այդ նյութերից որոշների մասին հրապարակավ խոսվել է, կարող եմ ասել, որ մեղադրական կողմի ապացուցողական բազան բավական հիմնավորված է: Ես վստահ եմ, որ առաջադրված մեղադրանքը հիմնված է փաստերի և ապացույցների վրա: Ինչ վերաբերում է Քոչարյանի փաստաբաններին, որոնք անընդհատ փորձում էին շեղել հասարակությանը, ապա, եթե նկատել եք, նախաքննության ավարտից հետո, երբ որ քրեական գործի նյութերն արդեն տրամադրվել են կողմերին, դրանից հետո փաստաբաններն արդեն բավականին համեստ են պահում իրենց, մանիպուլյացիաներին, «փիառ» ակցիաներին վերջ են տվել:

Այսինքն, մինչ այդ, ըստ ամենայնի, փորձում էին մանիպուլյացիոն հնարքներով շեղել, թե՞ դա պաշտպանական ռեակցիա էր:

— Այստեղ աշխատում էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական բնազդը, որն ունի մի շարք գործիքներից: Գործիքներից մեկը՝ փաստաբաններն էին, մյուսը՝ զանգվածային լրատվամիջոցները, որոնց վրա նա կամ նրանք ունեն կոնկրետ ազդեցություն, երրորդը՝ մանիպուլյացիոն հնարքներն են, կեղծ լուրերը, կեղծ օրակարգը, որոնցով փորձում են հասարակական կարծիք ձեւավորել: Բայց նրանք իրենց ուժն ու ազդեցությունը շատ արագ կորցրեցին: Եթե մեղադրյալների պաշտպաններից առնվազն երեքը շատ ակտիվ էին կալանքի, մեղադրանք առաջադրելու փուլում, հիմա մնացել է մեկ փաստաբան, որն իրեն դեռ ակտիվ է դրսևորում, հանդես է գալիս ԶԼՄ-ներով: Ընդ որում, անգամ այս փաստաբանի դեպքում, բավականին մեղմվել են մանիպուլյացիոն հնարքները:

Վերջերս Ձեր մատնանշած փաստաբանը՝ Հայկ Ալումյանը, Հանրային հեռուստատեսությամբ «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ խոսեց 2008թին տեղի ունեցած եւ այս պահին օրինական ուժի մտած դատական ակտերի մասինԴրանք ո՞ր գործերն էին, որ օրինական ուժի մեջ էին մտել:

— Այո, այդ բանավեճի ժամանակ նա արեց նման հայտարարություն՝ անօրինական զենք-զինամթերքի գործի վերաբերյալ: Տեսեք, ինչ է ասում մեղադրյալի պաշտպանը. 2008թ-ին, որպեսզի արդարացնեին «Ազատության» հրապարակում խուզարկությունը, ասում էին՝ կան օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր՝ զենք-զինամթերքի օգտագործման հետ կապված, և դրանով հիմնավորում էին այն վարկածը, թե ցուցարարները զինված են եղել: Գուցե առաջին հայացքից ասվածը հիմնավոր լիներ, եթե չլիներ այն, որ մենք, առնվազն ես, որ հենց առաջին օրվանից զբաղվել եմ այդ ապօրինի, շինծու մեղադրանքներով դատապարտված անձանց պաշտպանության կազմակերպմամբ, շատ լավ հիշում եմ այդ գործերը: 2008թ. մարտի 1-ից հետո մեկ անձի նկատմամբ է զենք-զինամթերքով քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով մեղադրանք առաջադրվել, ընդ որում, զենք-զինամթերքը չի արձանագրվել քր.գործի նյութերում, բայց դրանց գտնվելու մասին կամովին հայտնել է մեղադրյալը, և միայն դրանից հետո են իրավապահները հայտնաբերել այդ զենք-զինամթերքը: Խոսքը վերաբերում է Սասուն Միքայելյանին, ով հայտնել էր, որ «Սասուն» ջոկատի զինամթերքը գտնվում է լճերի հատակում: Կամ Երևանից շատ հեռու՝ Կոթի գյուղում «Տոզ» հրացանը հայտնաբերվել է Սերյոժա Սիրադեղյանի տան տանիքում, իսկ փամփուշտները Յուրա Մամյանի տան տանիքում: Մյուսը. Ավետիք Ղրջյանն ընդհանրապես Շիրակի մարզից էր, Հովիկ Հարությունյանը, Հուսիկ Հարությունյանը… այս գործերով զենք-զինամթերք ասվածները փամփուշտներն էին, շատ դեպքերում, օրինական փամփուշտներ: Կամ Խաչիկ Սիմոնյանը, որի զենք-զինամթերքը պապի թուրն էր… Ուզում եմ ասել, այս «կարած» գործերի հիման վրա որևէ վճռով արձանագրված չեն ցուցարարի զենք-զինամթերք ունենալու փաստ: Թե՛ Ազատության հրապարակում, թե հետո քաղաքապետարանի մոտից որևէ ցուցարար չի ձերբակալվել, չի կալանավորվել, չի դատապարտվել զենք կամ զինամթերք կրելու, օգտագործելու համար: Այսինքն այդ մանիպուլյացիան, որ այդ բանավեճի ընթացքում փորձում էր անել Ալումյանը, այն մարդկանց համար էր, որոնք տեղյակ չեն 2008-ից:

Պարոն Խաչատրյան, մեկ այլ հանգամանք ևս. շատ լավ հիշում եմ 2008-ի մարտի 1-ին «հայտնի խուզարկման» տեսանյութը, որն հեռարձակվեց Հանրայինով: Ես և ինձ նման հազարավոր մարդիկ, որքան էլ հեռու լինենք իրավագիտությունից, տրամաբանությունը հուշում է, որ հանցանշաններ պարունակող իրեղեն ապացույցներն հայտնաբերելիս, այն շատ զգուշորեն, հատուկ ձեռնոցների միջոցով է արվումՍակայն մենք տեսանք, թե ինչպես առանց ձեռնոցների էին «հայտնաբերվում» թփերի տակ «թաքցրած» ատրճանակներըԲա մատնահետքե՞րը

— Այո, շատ ճիշտ եք: Սովորաբար, քրեական հետախուզության աշխատակիցները, փորձագետները, երբ հայտնաբերում են զենք և այլն, դա անում են ձեռնոցներով, հատուկ սահմանված կարգով, որպեսզի հայտնաբերեն, թե ում մատնահետքերն են այդ հրազենի վրա: Բայց այստեղ ըմբռնումով պետք է մոտենանք. իրենց դրած զենքն իրենք էլ հայտնաբերում էին, մատնահետքի խնդիր այլևս չկար… Բայց անգամ այդ հայտնաբերված զենքերի առկայությամբ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Կամ Վրեժ Նիկոլյանին առաջադրված «ոզնիների պատրաստման» մեղադրանքը հիշենք. ցուցմունք տալու ժամանակ բացահայտվեց, որ Վրեժ Նիկոլյանն այդ ոզնիները պատրաստել էր իշխանությունների ուղղակի պատվերով: Լավ, եթե անգամ ընդունենք դա, այդ ոզնիները որտե՞ղ պիտի օգտագործվեին, որպեսզի տեխնիկա կանգնեցվե՞ր: Դրա անհրաժեշտությունը չկար: Ցույց տվեցին Ազատության հրապարակին հարակից տարածքներից մեկում հայտնաբերված «Երազ» մակնիշի ավտոմեքենան՝ բեռնված մետաղաձողերով… Այդքան մարդու բերման ենթարկեցին, ձերբակալեցին, էդ մեքենայի համարանիշերի առկայությամբ՝ տիրոջը հայտնաբերել չկարողացան: Դա էլ է ֆանտաստիկայի ժանրից, չէ՞: Որևէ մասով՝ այդ ձողերի ու մահակների համար որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Նշանակում է, որ մեքենան էլ էր իրենցը, մետաղաձողերն էլ…

Ինչպես և պլանավորած գողություններն ու թալանները:

— Թալանների մասով երկու խումբ դատապարտվեց. մի խումբը նրանք էին, որոնք ցուցմունք տվեցին, թե հեռուստատեսությամբ տեսել են, որ խանութների ապակիները կոտրված են, գնացել, թալանել են: Մյուս խումբը Արտաշատից, Հանրապետական կուսակցությունից էին, որոնք դատարանում շատ զարմացան, որ իրենց մեղադրանք է առաջադրվում Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից լինելու համար, հայտարարեցին, որ իրենք Սերժ Սարգսյանի վստահված անձինք են, ու ըստ էության, պարզվեց, որ սրանց ուղարկել են թալան սադրելու համար: Զավեշտալին այն էր, որ սրանց զգուշացրել էին խանութների տեսանկարահանող խցիկների առկայության մասին, նրանք էլ գողացել էին խցիկների դետալները, բայց չէին ֆայմել, որ նկարող սարքը մնացել էր, ու ֆայլերը մնացել էր սերվերի վրա: Իսկ հետո, գողոնի հայտնաբերման ժամանակ, հայտնաբերվել էին նաև այդ կամերաների դետալները՝ Արտաշատի իրենց նկուղներից: Թող այդ պաշտպաններն իմանան, որ 2008-10թթ. այդ տեղեկությունները չեն ոչնչացվել, մեր հիշողություններում էլ շատ վառ են, ու իրենց մանիպուլյացիաներին պատասխան կտանք: Ու դրա համար եմ շեշտադրում իշխանությունների գործառույթների մասին, որ անելիք ունեն:

Նկատի ունեք անցումային արդարադատությո՞ւնը:

— Այո, պետք է 2008-10թթ-ին կայացրած ապօրինի ու շինծու դատական ակտերով մեղադրված անձինք արդարացվեն: Մենք սկսել ենք այդ գործընթացը, նոր հանգամանքներով կդիմենք դատարան, բայց առանց անցումային արդարադատության, որի մասին հեղափոխության առաջին իսկ օրվանից բարձրաձայնվում է, առանց դրա գործիքների, շատ դժվար է լինելու այս թնջուկը լուծել: Դրա համար առաջնահերթ պետք է անցումային արդարադատության միջոցով լուծել այդ ապօրինի դատավճիռների հարցը, վերացնել այն հետքը, որը թողել է Աղվան Հովսեփյանի, Սերժ Սարգսյանի դատաիրավական համակարգը: Այ, դրանից հետո կմաքրվի արդարադատության այն դաշտը, որի վրա պետք է սևով սպիտակի վրա գրել 2008թ. Մարտի 1-ի իրական հանցագործների դատավճիռը:

Ի՞նչ կարծիքի եք, Մարտի 1-ի գործով շա՞տ մարդիկ պատասխանատվության կենթարկվեն:

— Ամենաէականը՝ գլխավոր դերակատարներին պատասխանատվության ենթարկելն է: Իհարկե, չեմ կիսում այն կարծիքը, թե հրաման կատարելն ազատում է պատասխանատվությունից: Այս պարագայում չի ազատում, որովհետև ամեն հրաման կատարող ինքն հասկացել էր, որ հակաօրինական, հակաիրավական հրաման է կատարում, որին կարող էր և չենթարկվել: Մեկ այլ հանգամանք եմ ուզում մատնանշել. զինվորական կանոնադրությամբ, երբ հրաման է իջեցվում ու այն ենթակա է կատարման և, եթե ապօրինի գործողություն է կատարվել, ապա պետք է զեկուցագիր գրվեր, սակայն 2008թ-ի քրեական գործերում որևէ զեկուցագիր չկա, որևէ մեկը չի բողոքարկել այդ հրամանը՝ կատարելուց հետո: Այսինքն, հրաման կատարողը չի ազատվում այդ պատասխանատվությունից: Բայց նպատակն էլ այն չէ, որ հազարավոր մարդկանց բերդերը լցնենք, այլ ըստ կատարածի, արածի հետևանքի, ծանրության հետևանքի պետք է պատասխանատվության ենթարկել, առնվազն՝ գլխավոր պատասխանատուները պետք է կրեն պատիժ:

print
719