Պլաստիկ վիրահատությունը Գյումրիում ավելի մատչելի է ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Պլաստիկ վիրահատությունը Գյումրիում ավելի մատչելի է

Հարցազրույց «Գյումրի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ ԴԱՎԻԹ ՍՄՈՅԱՆԻ հետ:

— Բժիշկ, վերջին շրջանում Հայաստանում բավականին աճել է պլաստիկ վիրահատության դիմողների թիվը: Այս միտումն ինչո՞վ է պայմանավորված:

— Մարդիկ, առհասարակ, կինը՝ մասնավորապես, միշտ ուզում է գեղեցիկ լինել և փորձում է ինչ-որ բան փոխել իր արտաքինում՝ դեպի լավը: Դրան նպաստող հանգամանքներից մեկն այն է, որ պլաստիկ վիրաբույժներն ավելի շատ են, շատացել է նաև պլաստիկ վիրահատության տարբեր տեսակների առաջարկը: Եվ դրա համար վիրահատությունների քանակը նույնպես ավելացել է:

— Ո՞ր դեպքերում են ավելի շատ դիմում. առողջության նկատառումների՞ց ելնելով, թե՞ զուտ գեղեցկության համար:

— Սովորաբար դիմում են և՛ առողջական, և՛ էսթետիկ ցուցումներով: Տղամարդիկ հիմնականում դիմում են առողջական խնդիրների դեպքում, կանայք՝ նաև գեղեցկության վերականգնման համար: Քթի վիրահատության օրինակը բերեմ. կինը, եթե չունենա շնչառական խնդիրներ, բայց ունենա քթի շատ թե քիչ արտահայտված դեֆորմացիա, հաստատ կուզենա շտկել այն, իսկ տղամարդկանց դեպքում առաջնայինը առողջական խնդիրներն են, հետո նոր տեսքի փոփոխության:

— Պլաստիկ վիրահատության ո՞ր տեսակն է գերակշռում Հայաստանում:

— Առաջին տեղում քթի պլաստիկան է: Դա պայմանավորված է նրանով, որ հայերը կովկասյան արտաքին ունեն, մասնավորապես՝ կովկասյան քիթ, դրա համար ձգտում են ավելի լավ տեսք ունենալ: Բացի դրանից, քիթը զբաղեցնում է դեմքի կենտրոնական հատվածը և այդ պատճառով դեմքի վրա ուշադրությունն առաջինը քիթն է գրավում: Դա է պատճառը, որ քթի վիրահատությունների թիվն անհամեմատ մեծ է:

— Իսկ Գյումրիում պատկերն ինչպիսի՞ն է:

— Դարձյալ կանայք ավելի շատ են դիմում, ու դարձյալ՝ ավելի շատ էսթետիկ նկատառումներով: Բայց Գյումրին առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հնարավոր է այնպիսի վիրահատություններ, որոնք մյուս տեղերում քիչ կհանդիպես: Օրինակ՝ դիմում են, երբ ուզում են մեծ քաշը նվազեցնել, կրծքերի շատ մեծ չափերը փոքրացնել և այլն: Միջին չափերի դեպքում սովորաբար խուսափում են վիրահատական միջամտությունից կամ փորձում են համակերպվել:

— Վերջերս պլաստիկ վիրահատություն կատարելու համար ամերիկացի մի կին էր եկել Գյումրի: Ինչո՞ւ էր որոշել Գյումրիում վիրահատվել:

— Նա պատահական չէր եկել այստեղ, մենք ճանաչում էինք իրար և, եթե ես ուրիշ տեղ լինեի, ինքն այնտեղ կգար: Վստահել էր ինձ, ու վիրահատությունից հետո էլ գոհ էր արդյունքից: Նա արդեն մեկնել է Գյումրիից:

— Առհասարակ մարզային բժիշկների նկատմամբ թերահավատություն կա: Ի՞նչ խորհուրդ կտաք այն գյումրեցիներին, ովքեր ուզում են պլաստիկ վիրահատության դիմել, բայց չգիտեն՝ գալ «Գյումրի» ԲԿ, թե՞ գնալ մայրաքաղաք:

— Այո, այդ թերահավատությունը կա, ու մի մտածողություն է ձևավորվել ժողովրդի մոտ, որ, եթե իրենք գնան Երևան վիրահատվելու, արդյունքն ավելի լավ կլինի, եթե գնան Մոսկվա, շատ ավելի լավ կլինի, իսկ եթե գնան Եվրոպա, հիասքանչ վիրահատություն կստացվի, բարդություններ չեն լինի: Սակայն փորձը ցույց է տվել, որ այդպես չէ: Այդ բարդությունները կան բոլոր հիվանդանոցներում, բոլոր բժիշկների մոտ: Բարդություններ չեն առաջանում այն վիրաբույժների մոտ, ովքեր չեն վիրահատում: Խնդիրն ամենուր նույնն է, հարցն այն է, թե տվյալ բժիշկն ինչպես է մոտենում բարդությանը, ինչքանով է անկեղծ հիվանդի հետ: Դա շատ կարևոր է:

— Պլաստիկ վիրաբուժության ոլորտում Գյումրու բժշկական կենտրոնն ի՞նչ ծառայություններ է առաջարկում:

— Գրեթե բոլոր ծառայությունները, ինչ կա պլաստիկ վիրաբուժության ոլորտում՝ քթի պլաստիկա կամ ռինոպլաստիկա, ականջախեցիների վիրահատություն՝ օտոպլաստիկա, շուրթերի մեծացում՝ ֆիլլերներով, բոտեքս, դեմքի ձգում, լիպոսակցիա, ազդրերի վիրահատություն, կրծքի մեծացման ու փոքրացման վիրահատություն: Ի դեպ, նշեմ, որ մեզ մոտ հնարավոր է կրծքի մեծացման վիրահատություն՝ անոթափոսային տարբերակով, այսինքն՝ ինպլանտը տեղադրվում է անոթափոսից և սպին չի երևում: Վիրահատության մեջ սա համեմատաբար նոր մոտեցում է:

— Իսկ վիրահատության արժեքները շա՞տ են տարբերվում մայրաքաղաքային գներից:

— Պարզ է, որ այստեղ վիրահատություններն ավելի մատչելի են, քան մայրաքաղաքում ու արտերկրում, բայց, իհարկե, ոչ որակի հաշվին: Օրինակ՝ քթի վիրահատությունն արժի 350.000-450.000 դրամ, մայրաքաղաքի հետ համեմատած՝ մոտավորապես նույն գնային տարբերությունն է: Մյուս վիրահատությունների դեպքում, օրինակ՝ կրծքի մեծացման վիրահատությունը, մեր մոտ անհամեմատ էժան է:

— Ի՞նչ հետաքրքիր դեպքեր կհիշեք՝ կապված վիրահատությունների հետ:

— Ամենաթարմ դեպքը հիշեմ. վերջերս վիրահատություններից հետո, երբ հանեցի պացենտի քթի գիպսը, նա սկսեց արտասվել: Երբ զարմացած իրեն էի նայում, ասաց, որ դրանք ուրախության արցունքներ են, և ոչ թե տխրության: Լավ էր ստացվել:

— Պլաստիկ վիրահատությունից հետո շատերը խուսափում են այդ մասին խոսել: Բժիշկն ինչքանո՞վ է պահպանում այդ գաղտնիությունը:

— Գաղտնիությունը հնարավորինս պահպանվում է, օրինակ՝ ես չեմ շտապում իմ վիրահատական արդյունքները տեղադրել համացանցում, չնայած, որ շատ լավ արդյունքներ ունեմ: Իմ պացենտների մեծ մասը չեն ցանկանում, որ իրենց մարմնի որևէ մաս երևա համացանցում, դա ես ընդունում եմ՝ գիտակցելով, որ բիզնեսի տեսակետից ինձ վնաս է:

— Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր կասկածում են՝ գնա՞լ պլաստիկ վիրահատության, թե՞ ոչ:

— Նախևառաջ, պետք է գնալ բժշկի մոտ խորհրդատվության, ապա նոր որոշել՝ իմաստ ունի՞ վիրահատություն անելը, թե՞ ոչ, արդարացվա՞ծ է այդ ամենի միջով անցնելը: Ամեն դեպքում դա վիրահատություն է և հնարավոր է՝ բարդություններ լինեն, ռիսկի գործոն կա և պետք է քննարկել՝ անե՞լ, թե՞ չէ: Շատ դեպքերում խորհուրդ եմ տալիս, փորձում եմ ետ պահել, երբեմն էլ հասկանում եմ, որ պացիենտը վաստահ է իր որոշման մեջ և կարիք չկա համոզելու:

— Իսկ եղե՞լ է դեպք, որ համոզել ու վիրահատությունից ետ եք պահել:

— Եղել է, որ համոզել եմ վիրահատվել, եղել է, որ համոզել եմ՝ չվիրահատվել: Մի կին էր եկել, ուզում էր սրունքների իմպլանտներ տեղադրել: Ես նրան բացատրեցի վիրահատության դրական ու բացասական կողմերը ու խորհուրդ տվեցի՝ չանել վիրահատություն, ու ինքն ինձ հետ համաձայնեց:

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

print
4,704