ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՍՊՈՐՏ

Ռեկորդակիր ֆուտբոլային հեռուստամեկնաբանը

Հարցազրույց սպորտային հեռուստամեկնաբան, լրագրող ՍԱՄՎԵԼ ԱՂԱՆՅԱՆԻ հետ:

Պարոն Աղանյան, Դուք, որպես ֆուտբոլային հեռուստամեկնաբան, արդեն լեգենդների շարքին եք դասվում, մանավանդ, երբ ֆիքսում ենք, որ 600-ից ավել միայն հարազատ «Շիրակ» ֆուտբոլային թիմի խաղերն եք մեկնաբանել:

— 607 ֆուտբոլային ռեպորտաժ՝ միայն «Շիրակ» ֆուտբոլային թիմի մասնակցությամբ: Առանց ավելորդ համեստության, պետք է ասեմ, որ սա արդեն ռեկորդ է և չեմ կարծում, որ առաջիկա 20 տարվա ընթացքում որևէ մեկը կգերազանցի այս ռեկորդը, չի գտնվի մեկը, որը միևնույն թիմի խաղերը կհասցնի մեկնաբանել այսքան քանակով: Ես գտնում եմ, որ սա բացառիկ նվիրվածություն է սիրելի թիմի հանդեպ: Ես վաղուց հասած կլինեի 1000-ի սահմանագծին, եթե չլինեին պարապուրդային տարիները. եղավ ժամանակահատված, երբ «Շիրակ» ֆուտբոլային թիմի խաղերը ցուցադրում էր «Գալա» հեռուստաընկերությունը, մի փոքր հատված՝ «Շանթ»-ը: Այնուամենայնիվ, ես ինձ համարելով «Շիրակի» անփոփոխ ու նվիրված երկրպագու, անգամ այդ ժամանակահատվածներում տանը նստած դիտում ու մեկնաբանում էի խաղերը:

Հաճախ Ձեզ «մեղադրում» են, որ օբյեկտիվ չեք մեկնաբանոմ, իբր «Շիրակի» խաղերին բացառապես այս թիմի գովաբանությունն եք անում, անգամ ռեպորտաժի ընթացքում որպես երկրպագու հանդես գալիս:

— Այո, չեմ ժխտում և շատերին եմ ասել, որ օբյեկտիվ չեմ կարող լինել, երբ «Շիրակի» խաղն է, քանզի իմ սիրտը պատկանում է մեր հարազատ թիմին այնպես, ինչպես տղամարդը սիրահարվում է մի կնոջ ու ամբողջ կյանքը հավատարիմ մնում նրան: Ի դեպ, ես «Շիրակի» խաղն առաջին անգամ դիտել եմ 1966 թվականին, երբ հայրս ձեռքս բռնեց ու տարավ մարզադաշտ:

Հայաստանյան որոշ ֆուտբոլային մեկնաբաններ հաճախ միապաղաղ տոնայնությամբ են մեկնաբանում խաղը, ինչը ձանձրացնում է ֆուտբոլասերին, իսկ Ձեր ոգևորիչ տոնայնությունը, Ձեր էմոցիաներն անգամ էկրանից այս կողմ՝ լսարանին են փոխանցվում: Ինչպե՞ս է, որ Դուք մշտապես կարողանում եք ակտիվ ու էմոցիոնալ մնալ 90 րոպեների ընթացքում, էլ չեմ ասում, մեկնաբանությունները համեմում եք գյումրեցուն յուրահատուկ հումորով:

— Ես մշտապես աշխատել եմ իմ վրա: Եղել են դեպքեր, որ մի փոքր դրվագը տանը վերլուծել եմ, գրառումներ կատարել: Ես պարտադիր նշումներ եմ անում և գտնում եմ, որ մեկնաբանը պարտադիր պետք է իր ձեռքի տակ ունենա թուղթ ու գրիչ, բոլոր գեղեցիկ մտքերը գրառի, որպեսզի հետագայում գործածի: Ես այդպես եմ վարվում: Օրինակ, «Շիրակում» սևամորթ ֆուտբոլիստ կար՝ Դրիսա Դիարա Սուբան, երբ նա շեղ էր հարվածում, ես ասում էի՝ «Դրիսա, բա հարվա՞ծ է սա»: Այսինքն՝ անունների հետ հանգավորված երկտողեր էի հորինում: Կամ, ասենք, Երմակովը ցատկում, ընդունում է գնդակը, ես ասում էի. «Երմակովը ցատկում է օդում, ինչպես արծիվն է ճախրում երկնքում»… Ու այդպես շարունակ: Ֆուտբոլասերները, անգամ նրանք, ովքեր ֆուտբոլ չեն սիրում, ինձ հանդիպելիս, միշտ ասում են. «Աղանյան, մենք այնքան ֆուտբոլը չենք նայում, որքան քո հումորային ռեկորդներին ենք սպասում»:

Իսկ ի՞նչն է խանգարում երևանյան մեկնաբաններին, որ ազգային հավաքականի խաղերը մեկնաբանելիս, նույնպես համովհոտով վարեն, այնքան ձանձրալի են խոսում, որ երբեմն հեռուստացույցի ձայնն անջատում ենք:

— Ես գտնում եմ, որ ֆուտբոլային մեկնաբանը պարտավոր է դերասան լինել, դերասանական խաղով հանդիպումը մեկնաբանել: Ինչպե՞ս կարելի է լարված խաղային իրավիճակը միատոն ձայնով արձանագրել: Ինտոնացիան ու էմոցիան պարտադիր են:

Ես մի պահ պատկերացրեցի, երբ Դուք խաղը մեկնաբանում եք, հաստատ հանգիստ տեղում նստած չեք նստում (սա, իհարկե, կապ չունի վարչապետի ասած՝ «Հանգիստ նստեք տեղներդ»-ի հետ):

— Դուք ճիշտ նկատեցիք. ես մեկնաբնության ընթացքում լարված շարժվում եմ, ինձ թվում է, թե  խաղի մեջ եմ, ինքս եմ գնդակը վարում կամ հարվածում: Մի քանի անգամ քիչ է մնացել ինֆարկտ ստանայի, մանավանդ, երբ «Շիրակը» խոշոր հաշվով պարտություն է կրում: Մի անգամ «Շիրակ»-«Բանանց» հանդիպումն ինձ համար մղձավանջով ավարտվեց, երբ 0:4 հաշվով մեր թիմը պարտվում էր. սիրտս ասես կանգ էր առել, ահավոր ցավում էր, երկար ժամանակ քարացած նստած եմ եղել, օպերատորը նկատելով՝ հասավ օգնության: Որովհետև, ի՞նչ է նշանակում, ամբողջ հանդիպման ժամանակ գերազանց հանդես գաս, սակայն 4 գնդակ ընդունես սեփական դարպասը: Գրոհում էին, բայց չէր ստացվում… դա նյարդայնացնում էր: Մարզական Ֆորտունան այդ օրը երես էր թեքել մեր թիմից: Եղել է, որ մեր թիմը խաղը վարել է «մեկ ոտքով», սա իմ արտահայտությունն է, երբ թիմը խաղում է կես ուժ ներդնելով, այդպես «Շիրակը» հաղթեց «Արարատին»՝ 3:0 հաշվով:

Ըստ Ձեզ, հայկական ֆուտբոլին պե՞տք են լեգեոներներ

— Ասում են՝ հայաստանյան ֆուտբոլային ակումբներին պետք չեն լեգեոներներ: Ես հակառակն եմ պնդում՝ պետք են: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության լավագույն 10 ռմբարկուների ցուցակում 7-ը լեգեոներներ են: Նրանք հարստացնում են թիմը: Հարցն այն է, թե ինչ որակի լեգեոներ է համալրում թիմը: Մեր թիմերում բարձրակարգ լեգեոներներ չեն ընդգրկված: Չեմ ասում՝ սուփերաստղեր պիտի լինեն, բայց գոնե բարձրակարգ որակումներովը ցանկալի է: Լեգեոները պիտի հասկանա, որ եկել է թիմին օգնելու, այլ ոչ թե խոպան է իր համար

Դուք տարիներ շարունակ հետևելով «Շիրակի» խաղերին, Ձեր աչքի առաջ թիմն աճել է, զարգացել է, փոխվել է: Ինչպիսի՞ն է այժմ թիմը: Եվ, Հայաստանի հավաքականի մասի՞ն ինչ կասեք:

— Այսօր ես «Շիրակում» չեմ տեսնում աստղ, չնայած թիմն ընդհանուր վատը չէ: Մյուս թիմերում կան, կարելի է առանձնացնել մեկ, երկուսին: Մեր թիմում միջինից բարձր են: Դրա համար էլ այսօր «Շիրակը» 6-րդ տեղում է: Ցավոք: Մենք հիանալի աստղեր ենք ունեցել, հանձինս Արթուր Պետրոսյանի, ով ազգային հավաքականում հեղինակել է 11 գոլ, նրանից անցել է միայն Հենրիխ Մխիթարյանը: Նրա կատարած տիտանական աշխատանքը նպաստել է հայկական ֆուտբոլի զարգացմանը: Մեր թիմի «ֆիրմային» խաղը կարծում եմ հաջորդ տարի կտեսնենք: «Շիրակում» հրաշալի մթնոլորտ է: Մարզիչ Վարդան Բիչախչյանը լավ մասնագետ է, հանրապետության լավագույն մարզիչներից է: Նրա համար մի քիչ դժվար է, քանի որ թիմում ընդգրկված են մակեդոնացի, աֆրիկացի, սերբ, ռուս լեգեոներներ, լեզվական խնդիրներից բացի նաև ազգային մենթալիտետների համախառնուրդ է: Բայց գտնում եմ, որ հաջորդ տարի մենք կպայքարենք երկու ճակատով՝ Հայաստանի գավաթի և չեմպիոնական տիտղոսի:

Ազգային հավաքականի մասով. այսօրվա թիմում, կարծում եմ, կաղում է թիմային ոգին: Դաշտ են դուրս գալիս՝ աչքերում կրակ չկա: Ուրեմն անձնազոհություն չսպասենք: Մյուսը՝ «մի ծաղկով գարուն չի գա», եթե այդ ծաղիկն անգամ Հենոն է: Նրա հետ հավաքականում «գործընկեր» չկա: Այն հավաքականը, որը դրսում հաղթել է Սլովակայի, Դանիայի, Չեխիայի հավաքականներին, իրավունք չունի պարտվելու Ֆինլանդիայի թիմին: Այսինքն՝ պատվախնդրությունն է բացակայում:

Ասում են՝ նախկին ղեկավարության մեղքն էլ է մեծ՝ թիմում բարոյահոգեբանական մթնոլորտի վատառողջ լինելու մեջ:

— Նա, ով սիրում է աշխատել՝ փնտրում է հնարավորություններ, նա, ով չի սիրում աշխատել՝ փնտրում է պատճառներ: Ես ֆեդերացիայի ղեկավարության մեջ այնքան չեմ տեսնում պատճառ, որքան խաղացողների: Ես չեմ տեսնում նվիրվածություն, պատվախնդրություն: Եվ ամենակարևոր նկատառմանս մասին եմ ուզում խոսել. մեր դրոշը եռագույն է: Ի՞նչն է խանգարում, որ մեր ազգային հավաքականը հանդես գա ոչ թե կարմիր մարզահագուստով, որով հանդես են գալիս բազմաթիվ հավաքականներ, այլ մեր դրոշի գույներով: Այն և՛ յուրահատուկ կլինի, և՛ ազգային ոգի կհաղորդի:

print
308