Ռուսաստանի ոլոր-մոլոր ճամփեքին ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի ոլոր-մոլոր ճամփեքին

Մի ժողովրդական արտահայտություն կա, որ կատակով ասում են՝ վիճակի աբսուրդությունը նկարագրելու համար. «չեռեզ Աշտարակ` Մոսկվա»…

Մի ճամփորդության տհաճ «անակնկալի» մասին եմ ուզում պատմել: Անցած շաբաթ պետք է մեկնեի ՌԴ-ի Դոնի Ռոստով քաղաք՝ եղբորս աղջկա հարսանիքին: Այդ օրերին Գյումրիից ինքնաթիռի հարմար չվերթ չկար, ու ստիպված էի միկրոավտոբուսով մեկնել:

Ռիժկովի ճեմափողոց չհասած մի տոմսարկղ կա (առանց որևէ անվանումով): Մոտեցա, որպեսզի ուղևորափոխադրող տրանսպորտների, չվերթների մասին տեղեկանամ ու տոմս գնեմ: Վաճառող աղջկանից Ռոստով գնացող միկրոավտոբուսի օրն ու ժամը հարցրեցի: Զանգեց ինչ-որ «տեղյակների»՝ ճշտելու, թե իմ ուզած օրը ուղերթ կա՞: Հետո տեղեկացրեց, թե խնդիր չկա. իմ ուզած օրը, ժամը 16.00-ին պատրաստ լինեմ ճամփա դուրս գալու: Նաև ասաց, որ հաջորդ օրը, ժամը 15-ի սահմաններում կհասնեմ Ռոստով: Վճարեցի ուղերթի համար, բայց տոմսակ՝ որպես այդպիսին, չտվեցին (դե արի ու մի կասկածի՝ բա որ հետո հրաժարվեն, թե քեզանից գումար են վերցրել… բայց սա թեմայի մյուս կողմն է): Հաջորդ օրը զանգեցին, տեղեկացրեցին, որ ժամը փոխվել է, շարժվելու ենք ժամը 19.00-ին: Մի խոսքով, երեկոյան ժամը 7-ին ընտանիքս Գյումրուց ինձ ճանապարհեց դեպի Ռոստով: Ի դեպ, մեկնելուց առաջ, վարորդը նույնպես ասաց, թե մաքսիմում 1 օր կտևի Ռոստով հասնելը:

Նախ ասեմ, որ ավտոբուսով կամ «Գազելով» երկար ճանապարհ մեկնողների համար դա ուղղակի տանջանք է: Կախված ճանապարհի հեռավորությունից՝ կես օր, 10 ժամ, 18 ժամ ավտոբուսում նստած, առանց հարմարությունների, ոչ քո ընտրությամբ՝ «ճամփի ընկերների» հետ պիտի հարմարվես, մինչև տեղ հասնես:

Վարորդի փորձառության մասին բան չունեմ ասելու՝ նորմալ վարում էր մեքենան: Հաջոդ օրը, ժամը 16-ի սահմաններում հասանք մի ճամփաբաժնի (մոտավորապես ՌԴ Արմավիր քաղաքի մոտ), որտեղ մեկ ժամ դադար վերցրեցինք: Ըստ վարորդի, չգիտես ինչու, պետք է հետևից եկող մեկ այլ միկրոավտոբուսի սպասեինք: Վերջապես եկավ սպասված միկրոավտոբուսը: Պարզվեց՝ ես ու մեկ այլ ուղևոր, ով նույնպես Ռոստով էր գնում, պիտի տեղափոխվեինք այդ մյուս մեքենան: Իսկ այդ մեքենայից երկու ուղևոր տեղափոխվեցին մեր մեքենան. կարծես «պատանդների» փոխանակում լիներ: Ես երբևէ այդ ճանապարհով չէի անցել ու պատկերացում չունեի ուղերթից: Ինչևէ, շարժվեցինք: Երբ հասանք Մայկոպ, ինձ հետ «փոխանակված» պապիկն ականջիս փսփսաց. «Գիտե՞ս, որ այլ ուղղությամբ ենք գնում»: Անակնկալի եկա: Վարորդին հարցրեցի, թե ուր ենք գնում: Պատասխանեց. «Դու Ռաստով չպիտի՞ էրթաս, տեղ կհասցնեմ»… Պարզվեց՝ լեննականցի էր, ապրում է Ռոստովում: Երբ Մայկոպից հետո մեքենան ուղղություն վերցրեց դեպի Նովոռոսիյսկ, Ռոստով գնացող պապիկն ինձ զգուշացրեց, թե ևս 500կմ պիտի դիմանանք… Այլևս անկարող էի զսպել զայրույթս: Կրկին դիմեցի վարորդին, թե ուր ենք գնում: Պարզվեց՝ նախ հասնելու ենք Անապա, հետո՝ Ռոստով…

Ես մի անելանելի վիճակում էի հայտնվել. ինչպե՞ս վարվել, ո՞րն էր ճիշտ: Այնքան էի զայրացած, որ վիրավորանքից քիչ էր մնում լաց լինեի: Մի կողմից հոգնածությունը, մյուս կողմից կատաղությունից առաջացած գլխացավը… Խնդրեցի վարորդին՝ գոնե զանգել պայմանավորված ժամից արդեն 2 ժամ ավել ինձ սպասող հարազատներիս՝ լուր տալու: Զանգեց, խեղճ մայրս ու եղբայրս անհանգստությունից, դողացող ձայնով հարց ու փորձ էին անում, թե ինչ է տեղի ունենում: Մի կերպ կարողացա բացատրել իրավիճակը, որ մեքենան Անապայից հետո միայն կշարժվի Ռոստովի ուղղությամբ: Եղբայրս լսած աբսուրդից ոչինչ չհասկացավ, ստիպված վարորդին խնդրեցի բացատրել: Սա էլ, իր հերթին, հանգստացրեց. «Ապ ջան, մի անհանգստացի, ես Ռաստով կապրիմ, ռեյսս մինչև Անապա է, քրոջդ նորմալ Ռաստով կհասցնեմ»:

Այսպիսով, Գյումրի-Ռոստով ուղերթը, որը տևելու էր 20-22 ժամ (ինձ այդպես էին տեղեկացրել Գյումրու տոմսարկղում և Գյումրիից շարժվող միկրոավտոբուսի վարորդը), տևեց 34 ժամ:

Հարազատներս ողջ գիշեր չէին քնել, անհանգստացել էին, նույն վիճակում էին նաև Գյումրիի հարազատներս, բոլորն անհանգստացած ու զայրացած… Հետո ինձ պիտի տասնյակից ավել դեպքեր պատմեին, թե այդ ուղերթների ընթացքում ինչ դեպքեր են տեղի ունենում. լինում է՝ ուղևորին իջեցնում են «իքս» կետում ու ասում, թե այլևս չեն շարունակում ճանապարհը: Տեսնես քանի՞ հոգի, քանի՞ ընտանիք՝ երեխաների հետ, անելանելի, անհասկանալի իրավիճակների մեջ են հայտնվել:

Չգիտեմ՝ ով կամ որ օղակն է կրում պատասխանատվությունը, հրավիրում եմ ուշադրությունը նշածս հանգամանքների վրա:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
1,008