Սահմաններն անառիկ պահելու հույսը նրանց վրա է դրված ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սահմաններն անառիկ պահելու հույսը նրանց վրա է դրված

Խոսելով անցած տարում բանակի ձեռքբերումների մասին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ ամենակարևորն այն էր, որ զինված ուժերի վրա դրված խնդիրը` խաղաղության պահպանումը, ընդհանուր առմամբ, հաջողվեց: Արդեն պատրաստ է հայկական բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը, որը ներկայացվել է երկրի գլխավոր հրամանատարին: Ծրագիրը լուծելու է զսպման համակարգի, ավտոմատացման ներդրման, կապի արդյունավետության բարձրացման ռեսուրսների թափանցիկ կառավարման, ռազմաարդյունաբերական չափանիշների ստեղծման և այլ խնդիրները:

2017 թվականը, նախարարի գնահատմամբ, կարևորվել է նրանով, որ պաշտպանական ոլորտին վերաբերող օրենսդրությունը վերանայվեց, զինծառայողի կարգավիճակի առանցքային դրույթները սահմանվեցին, ինչը հիմք է յուրաքանչյուր զինծառայողի` սպայական կազմի ու շարքային զինվորականության նոր իրավահարաբերությունների ձևավորման համար:

Գյումրու զինկոմիսար Գագիկ Խաչատրյանը, ով ի պաշտոնե գործառույթ ունի աշխատել բանակի պարբերական համալրման ուղղությամբ, «Շրջապատի» հետ զրույցում նշեց, թե ինչպես է ընթանում այդ գործընթացը քաղաքում. «Այն իրականացվում է «ՀՀ զինապարտության մասին» օրենքի շրջանակներում: Պատանիները հասնում են իրենց տարիքային ցենզին, անցնում են բուժզննություն և, իհարկե, ովքեր ճանաչվում են պիտանի, զորակոչվում են Հայաստանի զինված ուժերում ծառայության»:

Հետաքրքիր էր Շիրակի մարզի զինկոմիսարից տեղեկանալ, թե երիտասարդությունն այսօր ինչպիսի՞ տրամադրությամբ է գալիս զինկոմիսարիատ` հայոց բանակում ծառայելու և իր պարտավորությունը կատարելու, եթե սովորաբար դրանից խուսափելու ցանկություն ունեցողների թիվը չբացառենք. «Իհարկե, ոչ մի նորակոչիկ բացահայտ չի ասի, թե ինքը խուսափում է ծառայությունից, բայց հիմնականում բոլորն էլ ցանկություն հայտնում են ծառայելու հայրենիքին: Դա պարտադիր ծառայություն է և, քանի որ կրթությունը, դաստիարակությունը նրանք ստանում են տանն ու դպրոցում, շատ կարևոր դեր է ունենում նրանց ծառայելու պատրաստակամության վրա»:

Իսկ թե ինչպիսի՞ն պետք է լինի հիշյալ դաստիարակությունը, ի՞նչ պետք է անեն ընտանիքն ու դպրոցը, որպեսզի նորակոչիկն հասկանա, պատկերացնի իր նշանակությունը հայրենիքի պաշտպանության գործում ու պատրաստակամ լինի իր պարտքը կատարելուն, Արմեն Խաչատրյանը սլաքավորեց այս սկզբունքին. «Ամեն մի դաստիարակող դա պետք է իր անձնական օրինակով  կյանքի կոչի: Պետք չէ պատանուն ասել մի բան, սակայն հակառակ կերպ վարվել: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հիշի, որ իրենց միշտ նայում ու ընդօրինակում են իրենց իսկ փոքրերը»:

Քսաներորդ դարի վերջերին, հայկական ազատագրական կռվին մասնակցեցին իրենց ֆիդայի պապերի արյան կանչը սրտերում կրող շիրակցի ազատամարտիկներ, ովքեր խորհրդային իշխանությունների անհեռանկար ու քմահաճ քաղաքականության պատճառով, ազերիներին նվիրաբերված մեր հողերը ետ նվաճեցին: Շիրակցի ազատամարտիկներն իրենց հիմնավոր տեղն ունեն բանակի կայացման ակունքներում, ինչը պետք է մեկնարկային առանցքը դառնար հայկական բանակի ստեղծման ու հզորացման համար: Նաև նրանց վիճակվեց մեր օրերում մասնակիցը լինել ապրիլյան քառօրյա պատերազմին ու իրենց վաստակն ունենալ զավթիչի հեռագնա ռազմական նպատակների կասեցման գործում: Նրանք սրտի մղումով նետվեցին ռազմաճակատ՝ կանգնելու Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնող նոր, երիտասարդ սերնդի հայ մարտիկների կողքին:

Ինչպիսի՞ն է նա` հայ մարտիկը, բնութագրում  են «Շրջապատի» զրուցակից ազատամարտիկները` Լյովա Հեքիմյանը, Արմեն Թորոսյանը, Ջիվան Բաղդասարյանը և այլք: Իրենք մարտնչել են թշնամու դեմ` նրանց հավաքագրյալ վարձկաններով հանդերձ, սովորական «թուր ու թվանքով» կռիվ տվել, բայց կարողացել են հաղթել` իրենց մարտունակ ոգու ուժով, բայց, նրանց ասելով, այն, ինչ արեցին ապրիլյան պատերազմին 18-20 տարեկան էրեխեքը, վեր էր իրենց բոլոր պատկերացումներից: «Այսօրվա հայ զինվորները` մեկ առ մեկ, հերոսներ են: Մենք, լինելով այնօրյա ազատամարտիկներ, ապրիլյան այդ օրերին նրանցից ինչ-որ բաներ սովորեցինք` զինտեխնիկայի որակն է փոխվել, բայց նաև մարտունակ զինվոր ունենք մարտադաշտում ու վստահ եմ, որ մեզ թելադրված ցանկացած պատերազմից մենք հաղթող ենք դուրս գալու»,- ասում է Արմեն Թորոսյանը:

«Նոր Սահմանադրության համաձայն, առաջիկայում պետական կառավարման համակարգ է փոփոխվելու, իսկ դա որևէ կերպ իր ազդեցությունը կունենա՞ մեր երկրի ռազմական դոկտրինայի վրա» հարցիս, նրանք միանշանակ համոզվածություն են հայտնում, թե չի ունենա: Ազատամարտիկ Ջիվան Բաղդասարյանն իր հերթին հավելում է. «Չի ունենա, որովհետև հայրենասիրությունը ծնվում է մարդու հետ, փոխանցվելով սերունդներին` դեպի հավերժություն: Եվ կառավարության որևիցե անդամ չի կարող թելադրել մի հրաման, որը կազդի զինվորականի հոգեբանության վրա: Ես իմ աչքով եմ տեսել հայ նոր սերնդի ռազմիկի սխրանքը ու կարող եմ ցանկացածի համար հաստատել, որ մեկ հայ զինվորը կարող է կռվել տասնյակներով մեր դեմ եկող թշնամիների դեմ»:

Ապրիլյան քառօրյա պատերազմին զոհվեց գյումրեցի մարտիկ Վլադիմիր Մելքոնյանը: Հոգուց բխած բանաստեղծություններ նրան ձոնող մորաքոջ` Սիրանուշ Ազատյանի համար, իհարկե, անդառնալի էր նրա կորուստը, բայց. «Ցավը` մնում է ցավ, իսկ փառքը նրանով է մեծ, որ ունենք այնպիսի երեխաներ, որոնց վրա կարող ենք դնել մեր սահմաններն անառիկ պահելու հույսը: Նրանք մեր հույսերն արդարացրին իրենց անձնուրացությամբ, ամենաթանկի` կյանքի գնով, ու չթողեցին, որ թուրք-ազերիները մտնեին մեր հողը, խախտեին իրենց մոր ու ամենայն հարազատների անդորրը: Թող մեր բանակն ամուր ու կուռ լինի, երկիրն էլ ապրի խաղաղության պայմաններում ու ոչ մի մայր չտեսնի իր զավակի կորուստը: Թող մեր սահմաններն անառիկ լինեն թշնամու համար»:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
1,126