Սամվել Բալասանյան. «Գումարը կա, հասած է արդեն» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Սամվել Բալասանյան. «Գումարը կա, հասած է արդեն»

Դեռևս 2015թ. Սահմանադրական հանրաքվեից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր կարճ ժամանակ անց սկսել Գյումրու փողոցների հիմնանորոգման գործընթացը, սակայն մինչ օրս շին. աշխատանքները չեն մեկնարկել:

Նշենք, որ 23,8 միլիոն եվրո վարկային-դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսված է ասֆալտապատել 10 փողոց (16 կիլոմետր հատված ընդգրկող փողոցաշինական ծրագրից հանվել է Ռուսթավելի փողոցը), արդիականացնել Գյումրու փողոցային լուսավորության համակարգը, տեղադրել 1700 հենասյուն:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը վստահեցնում է, որ 23,8 միլիոն եվրոյի ճանապարհաշինական ծրագրի իրականացումը կսկսվի այս տարվա հոկտեմբերին՝ Գերցեն կամ Կոմիտաս փողոցների հնարավոր ասֆալտապատումով, բայց հիմնական աշխատանքները տեղի կունենան 2018 թվականին: Գյումրու քաղաքապետն այս մասին հայտարարեց  քաղաքապետարանում «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ»-ի հայաստանյան ներկայացուցիչների ու «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ փոխտնօրենի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ավարտից հետո «Շրջապատի» հարցին, թե 23,8 մլն եվրոն տեղ հասե՞լ է և, եթե չի հասել՝ ե՞րբ է հասնելու, քաղաքապետը պատասխանեց. «Եթե էֆեկտիվության ժամկետը, պրոցեսը սկսվում է, ուրեմն առաջին գումարը բաց են թողնում: Եթե արդեն մրցույթը կա: Էդպես չէ, երեք փուլով է: Առաջին փուլը գնաց, դրամաշնորհի մեկ հատվածը, 1/3-ը գնում է, դրանից հետո գնում է 14.6 միլիոնից, հետո նորից շարունակվում է: Հասկացաք, չէ՞, երեք տարի է տևելու պրոցեսը»: Ապա շարունակեց. «Գումարը կա, գումարը հասած է արդեն, հասնելու խնդիր չունի: Էնպես չէ, որ գումարը՝ 23.8 միլիոն, միանգամից նստում է ինչ-որ հաշվի, չկա այդպիսի բան: Դու աշխատանքն անում ես, կատարողական ես տալիս, ստորագրում են, էդ ժամանակ բանկը փողը տալիս է, հասկանում եք, չէ՞, էսպիսին է լինելու ընթացակարգը»:

Քաղաքապետն հավաստեց, որ գումարը տնօրինելու է հիմնականում քաղաքապետարանը և, եթե շինարարությունն անորակ եղավ, շինարարին գումար չեն տա: «Տեխնիկական հսկողությունը բանկն է անելու, բայց մինչև մենք չստուգենք, չստորագրենք, տեխնիկական փաստաթղթեր չլինեն, գումարը չեն տալու»:

«Իսկ ի՞նչ պատճառով է ձգձգվում շինարարական աշխատանքները» հարցին, քաղաքապետը պատասխանեց. «Մի մտածեք, էլի եմ ասում, չի ձգձգվի»:

Ս.Բալասանյանը նաև հստակեցրեց լրագրողներին հետաքրքրող այլ հարցերի պատասխաններ. «Հոկտեմբերին գոնե քարային, շիբինապատման աշխատանքները սկսենք, ասֆալտապատումն անենք, երբ տաքացավ եղանակը: Մենք ուզում ենք տնտեսել. ինչու 23սմ անենք, եթե կարող ենք 18սմ անել, 5սմ էլ երկրորդական փողոցները: Բայց ուսումնասիրությունները պետք է ցույց տան՝ ծանր մեքենաները, որ անցնում են, ասֆալտի շերտը պահելու՞ է, թե՞ չէ»:

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ

print
1,392