Սամվել Գասպարյանն աշխարհի երիտասարդների մրցանակակիր ⋆ «Շրջապատ»
ՍՊՈՐՏ

Սամվել Գասպարյանն աշխարհի երիտասարդների մրցանակակիր

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացած աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Սամվել Գասպարյանը: 105կգ քաշային կարգում մեր ծանրորդը երկամարտում հավաքել է 365կգ: Պոկում վարժությունում բարձրացրել է 160կգ, իսկ հրում մրցաձևում՝ 205կգ: Սամվելն աշխարհի երիտասարդների չեմպիոնի կոչումը նվաճած իրանցի մարզիկ Ռեզա Բեիրալվանդին զիջել է 4 կգ-ով, իսկ արծաթե մրցանակակիր վրացի Դաթո Խեցուրիանիին՝ 3կգ-ով:

— Եվրոպայի մեծահասակների առաջնության ժամանակ ավելի բարձր արդյունք գրանցեցի: Իսկ Տոկիոյում լավ հանդես չեկա, դժգոհ եմ արդյունքիցս: Արդեն իսկ սկսել եմ աշխատել սխալներս ուղղելու վրա: Կաշխատեմ անել հնարավորը, որպեսզի հաջորդ մրցումների ընթացքում դրանք այլևս չկրկնեմ,- ասաց Սամվել Գասպարյանը:

Սամվելը չբացեց փակագծերը ու չմանրամասնեց, թե ինչ սխալների վրա է աշխատում: Ես լավ եմ հասկանում նրան, քանի որ մարզիչ-սան փոխհարաբերությունում կան մարզական գաղտնիքներ և ներքին խնդիրներ, որոնք լրատվամիջոցների աչքից հեռու պիտի մնան: Այո, գյումրեցի ծանրորդը գոհ չէր իր մոտեցումներից, թեև շատ մարզիկների համար աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե պարգևը շատ մեծ մրցանակ է: Նրա անձնական մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Եղոյանը համոզված է, որ Սամվելն աճելու և կատարելագործվելու դեռ շատ ու շատ տեղ ունի:

— Մեր ակնկալիքները մեծ էին, նախնական հայտերով էլ բոլոր մասնագետները տեսնում էին, որ սանս էր այս քաշային կարգում ակնհայտ առաջատարը: Միգուցե հենց այս հանգամանքը հոգեբանական տեսանկյունից իր բացասական ազդեցությունն ունեցավ Սամվելի մրցելույթների վրա: Ընդամենը մեկ ամիս առաջ նա լուրջ առավելություն ուներ իր մրցակիցների նկատմամբ, բայց այս անգամ ինչ-որ բան խանգարեց վերջնական հաղթանակի ճանապարհին: Գուցե խանգարեց ավելորդ հանգստությունը կամ ինքնավստահությունը,- այսպես մեկնաբանեց իր աշակերտի մրցելույթները նրա անձնական մարզիչը:

Սամվել Գասպարյանը ներգրավվել է նոր մրցաշարի նախապատրաստական փուլում ու յուրաքանչյուր օր իրականացնում է տոննաներով մոտեցումներ՝ մարզավիճակը պահպանելու և ոսկե մեդալ նվաճելու մեծ վճռականությամբ:

— Հոկտեմբերին Ալբանիայում կայանալու է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Ամեն ինչ կանեմ, որպեսզի բաց թողած կիլոգրամներս այստեղ հետ բերեմ: Ամեն ինչ անելու եմ դրա համար,- ասաց գյումրեցի ծանրորդը:

Սամվել Գասպարյանը հիանալի ծանրորդ է: Նա ոչ միայն բարձր կարգ ունի, այլև վերին աստիճանի համեստ երիտասարդ է: Նա ավելորդ խոստումներ չի տալիս, այլ հանգիստ աշխատում է Հարություն Եղոյանի հետ: Եթե Սամվել Գասպարյանը կարողանա դառնալ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, ապա այդ ոսկե մեդալը կդառնա մրցաշրջան 2017-ի զարդը:

Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջն ընթացիկ մրցաշրջանում արդեն ունի երկու մեծ հաջողություն ընդամենը մեկ շաբաթվա կտրվածքով: Փաստորեն, Հովհաննես Բաչկովի Եվրոպայի բռնցքամարտի չեմպիոնական ոսկե մեդալին գումարվեց ծանրամարտի աշխարհի երիտասարդների բրոնզե մրցանակը: Ու ինչպես նշեց այս մարզական հաստատության տնօրեն Հակոբ Փանոսյանը՝ դեռ մեր քոլեջի մասին շատ կլսեք այս մրցաշրջանում:

ՍԱՄՎԵԼ  ԱՂԱՆՅԱՆ

print

1,110