Սաուդյան Արաբիայի ամենահարուստ արքայազնի հայկական արմատները ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սաուդյան Արաբիայի ամենահարուստ արքայազնի հայկական արմատները

Սաուդյան թագավորական ընտանիքի անդամ՝ արքայազն ալ-Վալիդ իբն Տալալ իբն Աբդել Ազիզ աս-Սաուդը, ով առավել հայտնի է արքայազն ալ-Վալիդ անունով, համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Նրա միլիարդավոր կարողությունն աճում է օր օրի:

Ապագա միլիարդատերը ծնվել է 1955 թվականին՝ Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում: Նրա պապը՝ Աբդել Ազիզ իբն Սաուդը, ով համարվում է Սաուդյան Արաբիայի հիմնադիրը (երկրի առաջին թագավորը),  պատկառելի տարիքում կնության է վերցրել Ցեղասպանությունից փրկված հայուհի Մունայիրին:

«Մունայիրիին դեռևս 12 տարեկանում ներկայացրել են իբն Սաուդին, իսկ շուտով դարձել է վերջինիս ամենասիրելի կինը, և թագավորին պարգևել երկու որդի՝ Տալալ և Նավվաֆ»,- ասվում է Սաուդյան Արաբիան ուսումնասիրող հայտնի մասնագետ Ջոզեֆ Քեշիշյանի «Իշխանությունը և իրավահաջորդությունը արաբական թագավորությունում» գրքում (2008թ.):

Արքայազն ալ-Վալիդը նախկին կնոջ՝ Ամիրայի հետ

Սաուդյան արքայազնն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացրել է ԱՄՆ-ում: Կալիֆորնիա նահանգի Ատերտոն քաղաքի Մենլո քոլեջում ստացել է բակալավրի կոչում, այնուհետև Նյու-Յորք նահանգի Սիրակուզյան համալսարանում ստացել է մագիստրոսի կոչում՝ հասարակության հետ կապերի մասնագիտացմամբ: Նրան նաև շնորհվել է փիլիսոփայության դոկտորի կոչում Մեծ Բրիտանիայի Էկսետերի միջազգային համալսարանի կողմից:

1980-ական թվականներին արքայազն ալ-Վալիդը սկսում է զբաղվել ձեռնարկատիրությամբ՝ կապեր հաստատելով Արևմուտքի և Սաուդյան Արաբիայի միջև կապեր ամրագրելով: Հենց նրա նախաձեռնությամբ է հիմնվել «Kingdom Holding Company» միջազգային կորպորացիան, որը հետագայում զբաղվեց աշխարհում խոշորագույն ներդրումային ծրագրերով:

1990-ականներին արքայազն ալ-Վալիդը ձեռք է բերում միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ «Սիթի գրուպի», ակցիաների զգալի մասը, իսկ 2000-ականներին դառնում է ամերիկյան խոշորագույն մուլտիմեդիայի՝ «Նյուս քորփորէյշըն» ընկերության ակցիաների տերը, ապա AOL, Apple, Motorola, MCI, Fox Broadcasting ընկերությունների ինվեստորը: Միայն 2011 թվականին ալ-Վալիդը «Թվիթթեր» սոցիալական ցանցում ներդրել է 300 մլն դոլար:

Արքայազն ալ-Վալիդի ներդրումային ծրագրերի աշխարհագրությունն ու ոլորտները տարեց տարի ընդարձակվում են: Ըստ «Թայմս» ամսագրի, արքայազն ալ-Վալիդը համարվում է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանցից մեկը, իսկ «Ֆորբսը» նրան ընդգրկել է աշխարհի ամենահարուստ 50 մարդկանց ցուցակում: 2016 թվականին նրա կարողությունը գնահատվել է 17,3 միլիարդ դոլար:

Հայկական արմատներով արքայազն ալ-Վալիդը երբեք պետական պաշտոններ չի զբաղեցրել Սաուդյան Արաբիայում: Բայց վերջին շրջանում միջազգային մամուլում շրջանառվում է, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Աբդել Ազիզ Ալ Սաուդը, Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումից հետո, պատրաստվում է միլիարդատեր ալ-Վալիդին նշանակել թագավորության դեսպան այդ երկրում:

print

1,574