Վառելափայտը թանկացել է 35 տոկոսով ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Վառելափայտը թանկացել է 35 տոկոսով

ՀՀ-ում ապօրինի ծառահատումների արգելքից հետո այս տարի Գյումրիում վառելափայտի ազատ վաճառք գոյություն չունի: Սա մի խնդիր է, որը մտահոգում է Շիրակի մարզի բնակչության որոշ մասին, որոնց Շիրակի մարզի ԳԳՄ-ն՝ բնակարանների տեխնիկական պայմաններից ելնելով, արգելել է գազաֆիկացնել բնակարանները: Բացի այդ, Շիրակի մարզում կան գյուղեր, որոնք գազաֆիկացված չեն այն պատճառով, որ գտնվում են գազատար խողովակից բավական հեռու:

ՀՀ բնապահպանության նախարարությունը գյումրեցիներին առաջարկում է վառելափայտ ձեռք բերել «Հայանտառ» ՊՈԱԿ-ներից, սակայն այստեղ դիմելու դեպքում մարդիկ կարող են մաքսիմում մինչև 1խմ 10.800 դրամով վառելափայտ ձեռք բերել: Մինչդեռ իրականությունն այլ է, քանի որ դիմելու դեպքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը դիմողին բացատրում է, որ իրենք չունեն վառելափայտի համար նախատեսված փոխադրամիջոց, պահեստավորելու վայր և, եթե ուզում են այն ձեռք բերել, պետք է ներկայանան իրենց բեռնատար մեքենայով, որից հետո մեքենան կուղեկցվի անտառ, որտեղ անտառապահի թույլտվությամբ հնարավոր կլինի կտրել սանիտարական հատման ենթակա որոշ ծառեր:

Այս դեպքում ծառերի կտրելը, դրանք մեքենաների վրա բառնալը պետք է կատարվի փառելափայտը գնողի հաշվին: Բացի այդ, տվյալ աշխատանքը կարող է բավական աշխատատար լինել, քանի որ ծառերը կարող են լինել տարբեր տեղերում և բավական մեծ հեռավորության վրա, որտեղ բեռնատար չի կարող մտնել: Այս դեպքում կտրված ծառերը մինչև բեռնատար պետք է հասցվեն տրակտորով: Բացառված չէ նաև, որ մարդը չկարողանա մեկ օրում այդ աշխատանքները կատարել, հետևաբար տեղում գիշերելու անհրաժեշտություն կառաջանա: Այսպիսի անհեռանկարային աշխատանքից խուսափելու համար մարդիկ գերադասում են տեղում գտնել ընդհատակ անցած վառելափայտ ներկրողներին և այն ձեռք բերել 1խմ՝ 23.000-25.000 դրամի սահմաններում:

Բացի այն, որ մեր քաղաքում վառելափայտի ազատ վաճառք գոյություն չունի, նախորդ տարվա համեմատ դրա գինը բարձրացել է: Եթե անցած տարի Գյումրիում վառելափայտի գները տատանվում էին 16.000-17.000 դրամի սահմաններում, այս տարի դրա գները 23.000-25.000 դրամի սահմաններում են: 2016 թվականի համեմատ այս տարի վառելափայտը թանկացել է գրեթե 35 տոկոսով կամ մոտ 6.000 դրամով: Գնի բարձրացումը պայմանավորված է ՀՀ-ում ապօրինի ծառահատումների արգելքով:

Որպես այլընտրանքային վառելիք Գյումրի էր բերվել 4 վագոն քարածուխ, որը ներկայացվում էր որպես անտրացիտ տեսակի, սակայն գնորդները դժգոհել էին դրա որակից, պատճառաբանելով, որ այն անտրացիտ տեսակի քարածուխ չէր, վառվում էր վառելափայտի նման: Բացի այդ, այն բավական արագ կերպով անհայտացավ Գյումրուց, հայտնվելով Շիրակի մարզի այլ շրջաններում, որի մեկ տոննան վաճառվում է բավական թանկ գնով՝ 110.000 դրամով: Մինչդեռ որպես քարածխի նախնական գին հայտարարվել էր մեկ տոննան 90.000 դրամը:

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ

print
1,596