Վարպետ Խանիկը ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Վարպետ Խանիկը

Վարպետ Խանիկը երբեմն թղթին է հանձնում մտքերը

Երդումներիդ հավատացինք,
Խամ եղան հույսերը,
Խավարի մեջ ինչպե՞ս նստինք՝
Ինչի՞ ես թանկացնում լույսերը:
Ե՞րբ պիտի գա Մեծ Հյուսիսից,
Էժանացրած ածուխն ու գազը,
Որ պակասին մի քիչ մեզնից՝ փռշտոցն ու հազը:
Եղե՞լ եք շուկայում,
Նայե՞լ եք գները,
Տեսե՞լ եք, թե մեզ ոնց են նայում,
Գայլեր դարձած շները:
Տեսե՞լ եք, էդ ոնց է ծակվել
Ու հող աղում անկախության տանիքը…
Նախարարներ ինչպես դարձան
Գործից անտեղյակները…
Քանի ուշ չէ՝ գործի անցեք,
Քանդվում են մեր տները,
Էսպես գնաց, լավ իմացեք՝
Էլի ետ գուկան գեշ հները…
…Զահրումար կենեն, թե գուկան:

Գյումրու Գայի փողոցում, «Կինո Հոկտեմբերի» հարեւանությամբ, կա մի գողտրիկ անկյուն, որն իր դռները միշտ բաց է պահում՝ հյուրընկալելու գյումրեցի տղամարդկանց: Հին, փայտյա պատերով, օվալաձեւ հայելիներով, հախճապակյա ջահերով, նախշազարդ առաստաղով այս 75-ամյա «թանգարանը» տղամարդկանց հայտնի «Լյուքս» վարսավիրանոցն է: Այս թանգարան-վարսավիրանոցը բացվել է 1941 թվականին եւ պահպանել իր գոյությունն անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի ու 88-ի երկրաշարժի տարիներին եւ վերանորոգվել է ընդամենը մեկ անգամ՝ 1986 թվականին: Հարեւանությամբ գործող կանանց գեղեցկության սրահը ձեռք բերելուց հետո, երեւանցի գնորդները ցանկացել են գնել նաեւ այս մեկը, սակայն վարսավիրանոցի հնաբնակները ոչ միայն չեն վաճառել, այլ նաեւ պահպանել են հին օրերի կոլորիտն ու հոտը: 84-ամյա վարպետ ԽԱՆԻԿԸ՝ Խանաեւ Արիստակեսյանը, այստեղ աշխատում է 1956 թվականից: Ունի 3 զավակ, 11 թոռ եւ 13 ծոռ: Հետաքրքիր զրույց ունեցանք կոլորիտային պապիկի եւ հարուստ հիշողություններով լի վարպետի հետ:

61 տարի վարսավիրանոցի  հայելու առաջ
— Երեխա էի, երբ պատերազմը սկսվեց: Ես ու սերնդակիցներս քաղցած մանկություն տեսանք, բան չհասկացանք նաև պատանեկությունից: Հետո, կամաց-կամաց վիճակը բարելավվեց… Գյումրու մսի կոմբինատում էի աշխատում, հետո ծառայեցի Գերմանիայում, վերադարձա հայրենիք, և ահա, եկավ-հասավ այն օրը, երբ մի խելացի վարպետ-վարսավիր առաջարկեց, որ վարսավիրություն սովորեմ: 6 ամիս աշկերտություն անելուց հետո, արդեն ուղիղ 61 տարի աշխատում եմ այստեղ: Մեր Ֆրունզին (Մհեր Մկրտչյանին)` մանկությունից հլը գիտեի: Տեքստիլի տղեքով շատ ենք ֆուտբոլ խաղացել: Ինքն էլ, քաղաքի ինտելիգենցիան ու ջահել տղեքը, մեր վարպետ Շիրազն էլ, դուդուկչի Փանչոն էլ, Լևոն Մադոյանն էլ՝ հենց Լեննականում լինեին, պիտի գային ինձ մոտ մազ կտրելու կամ սափրվելու: Ֆրունզն էլ, Շիրազն էլ՝ երկար մազ պահող էին… Իմ ձեռքիս էին վստահում: Հումորով, հավեսով ժամանակներ էին: Մի անգամ Լենինականում վարսավիրական մրցույթին առաջին տեղը բռնեցի: Մասնակցեցի նաև մրցույթների Երևանում, Սոչիում, Տաշքենտում, հետո Մոսկվայում աշխատելու առաջարկ ստացա, բայց, դե, ես շեն տուն ու լավ վարձատրվող աշխատանք ունեի, ընչի՞ էրթայի…

Հիշողություն
Երբ Լենինականում «Հին օրերի երգը» ֆիլմն էին նկարահանում, Ֆրունզն եկավ մոտս՝ սափրվելու: Կատակեց, էս պատմեց, էն պատմեց, մեկ էլ ասաց. «Ես էլ, ահա, եկել եմ ձրի կինո աշելու»: Հնար չկար՝ քաղքի տղեքը ոչ Ֆրունզին, ոչ Շիրազին բաց չէին թողնում՝ հենց գալիս էին, տանում էին պատիվ տալու: Երբ Շիրազն էր եկել, քաղքի տղեքով, ես էլ, գնացինք «Պոլոզ Մուկուչ»՝ հաց ուտելու: Գրողների միության ղեկավարն էլ եկավ, գրողները, բանաստեղծները՝ բարևեցին, նստեցին, երբ գրողներից մեկը մատուցողին ասաց. «Ինձ գարեջուր մի լցրեք՝ չեմ խմում», Շիրազը խայթելու առիթը բաց չթողեց, բուֆետպանին ասաց. «Ծո, Օնո՛, ով որ չի խմում գարեջուր, նրան մի բուռ գարի տուր»:

Հոգսաշատ, բայց Աստծո ապավենով
— Չորս երեխա ունեմ… երեք աղջիկ… ու մի տղա էլ ունեի: Որդիս ատամնատեխնիկ էր: 91 թվին ինսուլտ խփեց որդուս… Հետո հարսս մահացավ, ու երկու թոռներիս ես եմ պահում: Երկրաշարժը` երկնային այդ աղետը, որ Աստված ուղարկեց պատժելու, և թե ինչու` դեռ չգիտեմ, իր հետ նոր դառնություններ բերեց: Հետևանքն էլ եղավ այն, որ հիմա ձեռքս շուռուպներով է հավաքած, ոտքից էլ ինվալիդ եմ: Տանը երկու որբ ու երեք ինվալիդ կա: Վարսավիրի համեստ այս աշխատանքս էլ, որ չլիներ, թոշակովս, երևի, հաց էլ չուտեինք: Բայց, Փառք Աստծո, դեռ ուժ ունեմ, դիմակայում եմ, աշխատում եմ…

Այսօր բոլորը «վարսավիր» են
— Էսօր որ կողմ կնայես՝ վարսավիրանոց կա, բայց արդյո՞ք բոլորն էլ վարսավիր են, թե՞ վարսԱՎԵՐ են: Ամիսմ-երկու կկանգնին վարպետի կողքը, դուրս գուկան, վարսավիրանոց կբացեն: Ես իմ աշակերտներիս ճիշտ տեխնոլոգիա կսովորեցնեմ, հո ածելին ձեռը տալով չէ, այլ պիտի բացատրես, որ մազ կտրելը ոչ թե մկրատի շնորհքն է, այլ սանրի ճիշտ օգտագործելը, մազերը ճիշտ ուղղով կտրվածք տալը:

Մեկ ռուբլին ավելի մեծ արժեք ուներ
— 110 ռուբլի աշխատավարձ կստանայինք, տղամարդու սանրվածքը՝ 80 կոպեկ էր, բայց կոպեկ տվողն ո՞վ էր՝ մեկ ռուբլի կուտային, ջոմարդ, աղա տղեքը՝ 2, 3 ռուբլի, նույնիսկ 5 էլ կուտային: Ամիսը 250 ռուբլի տուն կտանեյինք: Կիլոյով նյութ կուտային, մեկ շաբաթվա մեջ երկու անգամ արտահագուստը կլվանային, գործիքները տանում, հականեխում, բերում էին: Ճիշտ է, ծանոթով, բայց ուղեգիր էին տալիս, որ գնաս հանգստանաս, գաս: Բայց հիմա առանց հանգստի ենք աշխատում՝ ի՞նչ շաբաթ, ի՞նչ կիրակի: Համ եկամտահարկ է վերցնում, համ հարկ է վերցնում, համ հաստատագրվածն է տանում… տակն ի՞նչ մնաց, որ գազ ու լույս, ջուր տանք: Մի դեպք հիշեցի. մեր մաքրողին ամիսը 70 ռուբլի էինք տալիս, 70 էլ աշխատավարձ էր ստանում: Մի անգամ մեր մաքրողի սառնարանը փչացել էր, խնդրեց օգնել: Գնացի: Երբ սառնարանը դատարկեց՝ էլ հավ, էլ ձու, էլ պանիր, էլ կարագ… Հիմի 70 հազար դրամ ստացողի սառնարանը էդքան բան կա՞…

Մեր վախտվա տղամարդիկ ուրիշ էին
— Հիմիկվա մեր տղեքը «սալդատսկի բոքս» կսարքեն գլուխները՝ ետևը կխուզեն, դեմն էլ կարճ չոլկա կենեն, ի՞նչ պռիլիչնի պռիչոսկա… Է, վարպետն օր իր մազերն էդպես կտրե, հաճախորդինն ի՞նչ պիտի կտրե:

Լեննականցին
— Մարդկությունն է փոխվել: Մեր լեննականցոնցից բան չի մնացել. հյուրասիրող, կատակասեր, մարդասեր: Ի՞նչ մեղադրես, մարդկանց ձեռը փող չկա: Առաջ, ընդմիջման բոլորովս էինք գնում, հյուրասիրում, ուրախանում, հիմա ինչո՞վ գնաս… Օրը ճաշ է դառնում, դեռ հաճախորդ չկա: Առաջ՝ առավոտ, որ գնում, խաշ էինք ուտում, ամանմ խաշը 35 կոպեկ էր, հիմա 2000 դրամ է: Ոչ մի բան չի համեմատվի էն հնի հետ: Հիմիկվա հաճախորդիս հետ երբ զրուցում եմ, հիմնական թեման վատ ապրուստն ու երկրի վիճակն է, մարդկանց հույսն ու ապավենն է կորել…

Հ.Գ. Քաղաքի ամեն դառնությունն ու հոգսը տեսած այս վարպետների հոգում անգամ, որ ամեն օր գործ են ունենում ոչ պակաս հոգսաշատ տղամարդկանց հետ, դեռ երևում են այնպիսի նուրբ շիվեր, որ մագլցել են լուսամուտներով և դեռ փողոցի մայթից կարելի է անմիջապես նկատել. վարպետները երբեք չեն մոռանում տեղ հատկացնել նաև կանաչ բույսերին ու խնամել, որ ծաղկեն ու բարձրանան: Վարպետ Խանիկն էլ չարացած չէ կյանքի հանդեպ, հոգու խորքում հավատում է, որ հաճախորդները մի օր իրենց բարեկեցիկ կյանքից էլ կկիսվեն և քաղաքն էլ` վարսավիրանոցի կանաչ շիվերի նման, հաստատ ծաղկելու է…

ՆՌԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

print
1,629