Վերասյա ապրողների մտքի առկայծումները ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերասյա ապրողների մտքի առկայծումները

Չհասցրեցինք աչք թարթել ԱԺ ընտրություններից հետո, երբ մի նոր քարոզարշավ ծավալվեց անզուգական ընտրությունների երկիր Հայաստանում: Այս անգամ իր ընթացքի մեջ մտավ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որտեղ իր նոր «շնորհով» փայլելու հնարավորությունից իրեն չզրկեց Նիկոլ Փաշինյանը: «Ելք» դաշինքը ներկայացնող Նիկոլին ԱԺ ընտրությունների ելքն այնքան ոգևորիչ էր թվացել, որ նա այստեղ արդեն իր ուժերը փորձեց նոր ասպարեզում: Եվ ասպարեզն այդ՝ ոչ ավել, ոչ պակաս, երգարվեստն էր: Նա այնպես էր երգել ընտրողներին սիրաշահելու համար, որ հետաքրքրասեր դուստրն այս լուրն առնելով, խնդրել էր, որ իր համար էլ կրկնի երգածը: Նիկոլն էլ որոշել էր նրան այդ հաճույքից չզրկել ու սկսել էր գեղգեղալ: Անհայտ ծագումով արիայի կատարումից հետո, զարմացած դստերը մնացել էր մի հարց ճշտել. «Բա որտե՞ղ էր երգը»:

Մի պահ էր, թերևս, ԱԺ ընտրությունների զմայլությունը: Իհարկե, չասենք, թե տվյալ դեպքում ընտրողների սպասելիքներն իրենց կանխատեսած ընթացքից չարդարացան: Այլ հարց է, թե ի՞նչ գնով և ի՞նչ մնաց հաշված օրերի ընթացքում այն ընտրողների հոգիներում, ովքեր չզլացան իրենց ընտրյալների հետ գործարք կնքել` վասն կարճատև գոհացման: Անշուշտ, դեռ նրանք շատ ժամանակ կունենան հիշելու, ինչպես կասեր Պուշկինը` հրաշալի ակնթարթը, երբ իրենց առջև հայտնվեցին ռեյտինգային մրցաշարի հրաշագեղության «հանճարները»:

Ասում էին, չէ՞, սղաճ, գնաճ դեռ աչքերիդ առաջ պետք է ունենաք, քանզի խոշոր տնտեսվարող «քաղաքական» գործիչները, ովքեր խորհրդարան մտան, դեռ պիտի փոխհատուցեն իրենց ծախսած գումարները. այդպես է եղել ու կմնա գործող կարգը և դրանից բխող տրամաբանությունն անխախտ է:

Իսկ դեռ գործող նախագահն իր կուսակցության հավաքներին իր անիրավ տնտեսներին կշարունակի հանձնարարականներ տալ առ այն, որ հույսի ներարկիչներն առած, ընկնեն ժողովրդի ջանը`մեծ խաբեությունը հերթական անգամ կոծկելու համար: Սեփական մեղքը թոթափելու ի՞նչ վատ ու թեկուզ փորձած միջոց չէ, և մի՞թե չարժի արհեստածին խթանիչների հաշվին թվացողություն ստեղծել, թե ամեն ինչ մեր կյանքում «օքեյ» է: Դե, իսկ հարգարժան նախագահը կարող է շարունակել «շարժեմ- շարժեմ թաշկինակս» երգի հանգույն, դարձյալ իրենց նախանշած առաջընթացը ցուցանող անգույն թվեր կրակել օդում, բայց ո՞վ չգիտի, թե էս մեր պուճուր-մուճուր երկրի վրա ինչ է կատարվում, ով ինչպես է ապրում վերևներում և ինչպես` ներքևներում: Խաբելու հարկ չկա և ձեզ ընտրողներից շատերն անգամ քվեաթերթիկին նշում կատարելիս, հավանաբար քանիցս մտածել էին այն մասին, թե «շնից մազ պոկելն» ի՞նչ կարժենա իրենց համար առաջիկա տարիներին:

Իսկ ՀՀ արտահանողների միության նախագահն ասում է, որ իշխանությունների պնդումներն այն մասին, թե տնտեսական ակտիվություն է արձանագրվել նոր վարչապետի կառավարման ամիսների ընթացքում, ոչ մի հիմքեր չունեն: Իսկ, առհասարակ, հավելում է, թե տնտեսական ակտիվություն եղել է ընդամենը երկու օր, այն էլ` ընտրություններին հաջորդած երկու օրերին, երբ մարդիկ ծախսեցին-պրծան իրենց վերցրած փողերը: Ստացվում է այնպես, ինչպես միշտ է ստացվել. կրկնվող հայտնության վերահասություն: Այնպես որ, տվյալ դեպքում ևս ունեցանք նույն համապատկերը. օլիգարխների և չինովնիկների մի ամբողջ բուրգ, որ «երանի» է տալիս վերասյա ապրողներիս:

Վերասյա ապրել իմանալն էլ քիչ բան չի նշանակում, քանզի այս դեպքում էլ ապրելու կամ գոյատևելու պակաս հմտություններ չեն պահանջվում այն կիրառողներից: Այլապես` պատկերացրեք խանութ մտած մի կողոպտչի, ով ատրճանակի փողն ուղղում է սեփական քունքին և ասում. «Փող տվեք ինձ, թե չէ ինքնասպան կլինեմ»: Կռահեցիք, չէ՞, որ ծիծաղելի պատկեր է ստացվում և ոչ մի կերպ չի առնչվում վերասյա ապրողի պրագմատիկ «դիվանագիտության» հետ:

Չէի ուզենա, բայց սրանց կողքին ստիպված եմ նշել ծերունախտով տառապող այն մարդկանց մասին ևս, որոնց բոլ-բոլ ընտրատեղամաս էին բերում նրանց բարեհոգի բարեկամները և արդարացնելով իրենց վարքը, ասում, թե մարդն անզոր է ինքնուրույն ընտրել և թանկարժեք ձայնը չկորչելու համար, իրենք պատրաստ են նրանց այդ հարցում օգնելու իրենց արդար առաքինությունը հանդես բերել:

Ուրեմն` մեր հարգանաց հավաստիքին արժանացնենք այն բոլոր վերասյա ապրողներին, ովքեր դեռ չեն կորցրել իրականության զգացողությունը` իրենց տարբերակում այնքան «լեզու-բերան» ունենալու զինանոցի են տիրապետում, որ բավականացնում է գոյատևման համար ընտրություն չկատարել հօգուտ ինչ-որ անիմաստ հնարքների, ասենք` ինքնասպանության փորձի գործադրման, առավել ևս` հավատալ դրա էֆֆեկտիվությանը, ու դեռ չեն իջել այս տխմար միջոցին դիմելու մակարդակին: Թերևս, կարելի է անգամ հետևություններ չանել ինքնասպանի մտավոր կարողությունների մասին, պարզապես իմաստ չկա, քանզի այն հիմնված է Լառոշֆուկոյի աֆորիզմներից մեկի վրա, որն հնչունավորում է մի պարզ ճշմարտություն. «Տխմար մարդիկ երբեմն կարող են մտքի առկայծումներ ունենալ, բայց առողջ դատողության նրանք անընդունակ են»: Լառոշֆուկոն գերադասում էր մաքսիմներ անվանել իր աֆորիզմները, որովհետև համոզված էր երևի, որ դրանք «ներում-բեկում» չճանաչող ճշմարտություններ են: Այս առումով` նրա հետ չհամաձայնելն անտրամաբանական կլիներ:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
1,061