Տառապալից սիրուն հարություն պարգեւողը ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Տառապալից սիրուն հարություն պարգեւողը

Գյումրու Օյունջյան կրթահամալիրի «Վարդուհի» արվեստի դպրոցում կայացավ Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) լույս ընծայված ալբոմի շնորհանդեսը, որին մասնակցեցին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաներ, մշակութային գործիչներ և Վալմարի արվեստի երկրպագուներ: Ալբոմի հրատարակումն հնարավոր է դարձել Մշակույթի նախարարության, «Բարեգործական ընդհանուր միության» աջակցությամբ և ՀՀ նախագահի տիկնոջ հովանավորությամբ:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պատմում է, երբ ամիսներ առաջ քննարկվում էր երկու գործի` ալբոմի շնորհանդեսի և ցուցահանդեսի կազմակերպման մասին, մտքում կար, որ և՛ շնորհանդեսը, և՛ ցուցահանդեսը Գյումրիում լինի, բայց չէր համարձակվում բարձրաձայնել. « Ի վերջո համարձակվեցի ասել, որ շնորհանդեսն արվի Գյումրիում: Եվ շատ ուրախ եմ, որ դա այսօր իրականություն դարձավ»:

«Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ նախագահ Վարազդատ Ավոյանի բնութագրմամբ. «Գյումրին արվեստների խտացված քաղաք է և նրա արժանավոր զավակը` Վալմարը, որոշել է, որ տարիների ընթացքում իր ստեղծած նկարչական աշխարհի մի մասն իր հրատարակված ալբոմում զետեղված լինի: Եվ այն, իմ կարծիքով, յուրատեսակ հաշվետվություն է, որ ներկայացվում է հայրենի քաղաքին, իր արվեստը սիրող ու գնահատող մարդկանց»:

Նկարիչը շուրջ երեք տասնամյակների իր բեղուն ստեղծագործական կյանքում ունեցել է շուրջ 50 անհատական ցուցահանդեսներ աշխարհի բազում երկրներում, մասնակցել է 120 խմբակային ցուցահանդեսների և 70-ամյակը բոլորող նկարիչը, ինչպես նրա մասին ասում է արվեստագիտության դոկտոր Արարատ Աղասարյանը, այսօր էլ իր եռանդով շարունակում է հանդիսատեսի դատին հանձնել նորանոր նկարներ, որոնց նկատմամբ հետաքրքրությունը չի նվազում:

Ինչո՞վ են հատկորոշվում Վալմարի ստեղծագործություններն ըստ արվեստաբան Լևոն Լաճիկյանի. նախ նրանով, որ յուրաքանչյուր գիծը պոետիկ է, ռիթմը` երաժշտական: «Մենք հպարտանում ենք մեր մեծերով` Սարյան, Այվազովսկի և այլք, բայց հաճախ չենք նկատում մեր ժամանակակից երևելի արվեստագետներին,- ասում է արվեստաբանը,- ուստի ես այսօր հրճվանք եմ ապրում՝ տեսնելով Վալմարի հրատարակված շքեղ ալբոմը»: Լևոն Լաճիկյանը դասավանդում է Երևանի պետհամալսարանում և ցավով է նշում, որ երբ ուսանողներին հաճախ հարցնում է, թե Սարյանից հետո եկած ի՞նչ նկարիչների անուններ կարող են տալ, երիտասարդներն առանձնապես չգիտեն նրանց. «Դրանում մեղավոր ենք բոլորս: Ի պատիվ Վալմարի, պիտի նշեմ, որ նա կարողանում է ներկայացնել իրեն, ու դա էլ է շնորհք: Բայց, եթե նկարիչն այդ առանձնահատկությունը չունի, պետք է այդ հնարավորությունը ստեղծվի նրա համար, որպեսզի սերունդներն իմանան, որ Սարյանից հետո էլ մենք մեծ նկարիչներ ունենք: Մեր համաքաղաքացին իր մկրտությունը ստացել է այստեղ` Մերկուրովի անվան նկարչական դպրոցում, այնուհետ Երևանում սովորել է Երվանդ Քոչարի արվեստանոցում»:

Վալմարը սիրում է կրկնել, որ, եթե քաղաք եք ուզում տեսնել, եկեք Գյումրի, այստեղ տեսեք քաղաքային կոլորիտը: Նկարիչն ունի «Արհավիրք» կոչվող նկարաշար, որում պատկերումներ են երկրաշարժյան Գյումրուց: Այստեղ, բնականաբար, տխրամած երանգներն են գերակա, նկատում է Լաճիկյանը, բայց, այնուամենայնիվ, պայծառի հաղթանակն անզիջում է նրա նկարներում: «Նկարելը հաճույքից բացի նաև տառապանք է,- ասում է Վալմարը,- նկարելու ընթացքում ժխտում ես ինքդ քեզ, հետո հաշտվում, հպվում ու սիրում, այդ ամենից հետո, հարություն ես պարգևում տառապալից սիրուց աշխարհ եկած ասելիքդ, որ հիմա ուրիշները ժխտեն ու ընդունեն: Հպվեն, սիրեն ու հասկանան քեզ: Միգուցե՞ նաև չհասկանան»:

«Ինձ համար, սիրելի Վարպետ, մեծ պատիվ է լինել ոչ միայն Ձեր ժամանակակիցը, այլև` ընկերն ու բարեկամը,- իր խոսքում ասաց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը,- համարեք ինձ Ձեր ընկերն ու բարեկամը, որովհետև Դուք Ձեր գույներով իսկապես կարողանում եք ջերմացնել մեր սրտերն ու հոգինեերը: Հայտնի ճշմարտություն է, որ արվեստը խորհրդանշում է մեր ապագան, իսկ Դուք կարողանում եք նաև վառ, գեղեցիկ գույներով լուսավորել այն ճանապարհը, որով մենք կկարողանանք հասնել այդ ապագային: Եվ բավական է, որ Ձեր գյումրեցի լինելով, դառնայիք մեր ժամանակի փառահեղ` չեմ վախենում այդ բառը բարձրաձայնել, նկարիչներից մեկը»:

Վալմարի վաղ տարիների բարեկամ, մարզի մշակույթի բազմամյա գործիչ Հասմիկ Կիրակոսյանը նշում է, թե շատ մարդիկ, որքան էլ տաղանդավոր լինեն, երբեմն հեռանում են ծննդավայրից՝ կամ մոռանում են այն, իսկ երբ մարդը, ինչ էլ արարի, չի խուսափում իր ծննդավայրի անունը տալ, որքան էլ այն փոքր լինի տվյալ պահին, դրանում մեծ խորհուրդ կա, որովհետև, երբ այն հետագայում մեծանա ու ծաղկի, դրանում նաև իր անուրանալի ավանդը կլինի ներդրված: Իսկ մշակույթի նախարարն հիացած է նրանով, որ երեսուն տարի առաջ իր քաղաքի մեծ ողբերգությունն ապրած մարդն իր արվեստով կարող է այսքան լավատեսություն ու ջերմություն փոխանցել իր կտավներով:

«Գյումրին ունի շատ լավ նկարիչներ, և ես հպարտ եմ, որ նրանց մեջ եմ եղել, նրանց հետ ընկերություն արել,- ասաց Վալմարը,- ինձ հետաքրքրում է երկիր, որն ինքն իրեն է նման, ինձ հետաքրքրում է մարդը, ով ինքն իրեն է նման` իր հակասություններով հանդերձ: Ես ուզում եմ վերարտադրել այդ ամենն իմ աչքերով և հավատալով ինքս ինձ, դրանք ներկայացնել այն մարդկանց, ովքեր հավատում են ինձ, ովքեր իմ կողքին են: Ամեն ցուցահանդեսից հետո ես նոր լիցքեր եմ ստանում ու նոր խնդիրներ դնում առջևս` դրանց լուծման համար: Կփորձեմ շարունակել, որքան Աստված տվել է»: Նախարարը տեղեկացրեց, որ Վալմարի հոբելյանական ցուցահանդեսը կայանալու է հաջորդ տարի, Երևանում` Ազգային պատկերասրահում, ուր առիթ կլինի ևս մեկ անգամ հանդիպել վալմարական գույների ու նրա աշխարհի հետ:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
1,837