«Տարիքն առնելու հետ, այլեւս հրապուրիչ չի թվում կոչումներ նվաճելն ու կարիերայի ձգտելը» ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Տարիքն առնելու հետ, այլեւս հրապուրիչ չի թվում կոչումներ նվաճելն ու կարիերայի ձգտելը»

Հարցազրույց ՌԴ վաստակավոր նկարիչ ՎՈԼՈԴՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

Պարոն Սարգսյան, Դուք ծնունդով գյումրեցի լինելով, տարիներ շարունակ ապրում և ստեղծագործում եք հայրենիքից դուրս` ՌԴ Խանտիմանսիյսկ քաղաքում:

— Ես հպարտ եմ, որ ծնվել եմ Գյումրիում: Իմ գերդաստանում արվեստագետներ չեն եղել` առաջինն եմ այդպիսին ու կարծում եմ դրան որոշակիորեն նպաստել է հայրենի քաղաքս: Այստեղ եմ նկարչական իմ առաջին դասերն առել: Ութերորդ դասարանում ինձ համար զարմանալի հայտնություն էր Երևանը, երբ եկել էի ուսումս շարունակելու: Հետո Լենինգրադում պրակտիկա անցա, սովորեցի Վերա Մուխինայի անվան գեղարվեստաարդյունաբերական բարձրագույն ուսումնարանում: Կարճ ասած` «Մուխինան» ավարտելուն հաջորդած տարիների շրջապտույտում այնպես ստացվեց, որ այլ քաղաքներում էլ եղա ու, ի վերջո, հաստատվեցի Խանտիմանսիյսկում:

Դուք հաճախ եք գալիս Հայաստան, որոշ չափով տեղյակ եք, թե ինչ է կատարվում այստեղ, ի՞նչ կուզենայիք ասել, մասնավորապես, Գյումրու և գյումրեցի արվեստագետների մասին:

— Ինձ հայտնի է, որ այժմ Գյումրիում ապրելն ու ստեղծագործելը շատ դժվար է: Ես ցանկանում եմ, որ Գյումրին հասնի այն աստիճանի, որպեսզի մարդիկ կարողանային այստեղ ստեղծագործել, որ այստեղից մեկնած արվեստագետները վերադառնային: Ապրեին այնպես, ինչպես վայել է արվեստագետին: Կուզենայի, որ նրանք հատկապես Գյումրիում ապրեին և ոչ թե Երևանում հաստատվեին:

Հայրենիքից հեռու ինչպե՞ս է ստեղծագործում հայ նկարիչը:

— Հայրենիքից հեռու նկարելու զգացողությունն այլ գուներանգ է ստանում, ինքը` մարդը, իր գենետիկայի բերումով, ավելի զգայուն է դառնում ամեն ինչի նկատմամբ և ամեն ինչ շատ ավելի մեծ ծավալաչափերով ու ընդհանրացումներով է տեսնում: Երևի պատահական չէ, որ Պարույր Սևակն իր անզուգական «Անլռելի զանգակատուն» պոեմը Մոսկվայում ապրած տարիներին է գրել: Երևի հենց այդ սուր զգացողություններն այցելում են այնտեղ, որտեղ դու հեռու ես հայրենիքից: Մանկության տարիներին ապրածը, տեսածը, ամեն ինչը ներծծված է հոգուդ մեջ, քո մեջ ու երևի մինչև կյանքիդ վերջ այդ «պահեստավորվածը» տանում ես: Ու ստեղծագործելիս, մտացածին  ցանկությամբ չես վերցնում այնտեղից ինչ-որ բան, այն ինքնըստինքյան է գալիս: Գալիս են գույները, ծավալների հարաբերությունն ու դրանց զգացողությունը: Գենի կարողությունն զգալի է արվեստագետի կյանքում:

Ռուսաստանում ստեղծագործող բազում հայ արվեստագետներ կան, Դուք շատերի՞ հետ եք մտերիմ հարաբերություններ պահպանում:

— Իսկապես, Ռուսաստանում ստեղծագործող բավական շատ նկարիչներ, քանդակագործներ կան, հիմնականում` Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում, Եկատերինբուրգում ապրողներն են էական թիվ կազմում: Մասնավորապես` Եկատերինբուրգում քանդակագործներ կան, ովքեր բավական լուրջ արվեստագետներ են ու նրանց քանդակած արձանները տեղադրված են քաղաքում:

Իսկ, ըստ Ձեզ, Ռուսաստանում ավելի հե՞շտ է արվեստագետի համար իր «նվաճողական» քաղաքականությունը տանել առաջ: Հայտնի բան է, որ արվեստագետն էլ որոշակի առումով պահանջ ունի «կարիերա» անելու իր ոլորտում, որը շահեկանորեն նպաստում է ստեղծագործությունների վարկանիշի բարձրացմանը:

— Երևի մի քիչ ավելի հեշտ է, իսկ, առհասարակ, երբ մեծանում ես, սկսում ես այլ կերպ մտածել, քան երիտասարդ տարիներին: Երբ երիտասարդ ես, այո, հրապուրիչ է թվում կոչումներ նվաճելը, կարիերայի ձգտելը, բայց տարիքդ առնելու հետ, հասկանում ես, որ ամեն ինչ անցողիկ է, սկսում ես փիլիսոփայորեն մոտենալ ստեղծածիդ: Հիմա, երբ ես նկարում կամ քանդակում եմ, իմ առջև խնդիր եմ դնում, որ ես եմ իմ պատվիրատուն, ինձ պետք է դուր գա իմ գործը, հաճույք պարգևի և բնավ կարևոր չէ, թե մյուսներն ինչ կարծիք կկազմեն արածիս մասին: Դուր կգա` լավ, չի գա` ի՞նչ արած, իրենց գործն է: Եթե նկարում ես որևէ մեկին հաճոյանալու համար, ուրեմն արդեն իսկ կեղծում ես:

Իսկ եթե գործը պատվիրվա՞ծ է:

— Դա արդեն այլ մոտեցման խնդիր է, ինչ-որ տեղ պետք է հաշվի առնես նաև պատվիրատուի ցանկությունները: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ ցանկությունները պետք է գեղարվեստորեն մատուցել` գրագետ ձևով: Պետք է պատվիրատուին նախապատրաստել, բացատրել այն մատուցման ձևի նրբությունները, որ նա ընդունի այնպես, ինչպես դու ես արել:

Երբ մեր օրերում պետության կողմից արվեստի նկատմամբ առանձնահատուկ «սիրո» ապավինելն անհեթեթություն կլիներ, Դուք, որպես արվեստագետ, ինչպե՞ս եք հոգում Ձեր ընթացիկ ծախսերը, նկատի ունեմ` դրանք բավարա՞ր են Ռուսաստանում պատշաճ ապրուստի ապահովման համար:

— Ցավոք, Ձեր նշած առանձնահատուկ վերաբերմունքն արվեստի նկատմամբ շատ քիչ է, բայց տարբեր նկարիչներ, տարբեր դրսևորումներ են հանդես բերում այս հարցում: Օրինակ` ես հիմնականում աշխատում եմ մոնումենտալ քանդակագործության ժանրում: Ֆինանսապես այս բազան լավ ապրելու հնարավորություններ է տալիս արվեստագետին: Բայց մի նրբություն կուզենայի նշել. սովորաբար մոնումենտալ ասելով, մարդիկ հասկանում են անպայմանորեն հսկայածավալ գործ, բայց այդպես չէ, գործը կարող է մոնումենտալ լինել, եթե դրա բոյը նույնիսկ 10 սանտիմետր լինի: Մոնումենտալը կուռ գաղափար կրող գործն է:

Դուք դասավանդում եք Եկատերինբուրգի գեղարվեստաճարտարապետական ակադեմիայի մասնաճյուղում, ըստ Ձեզ, ինչո՞վ են առանձնանում այս բուհում սովորող Ձեր ուսանողները: Նրանք ուղղակի կամ անուղղակիորեն կրո՞ւմ են հայ նկարչի` իրենց վարպետի ազդեցությունը:

— Քանի որ Եկատերինբուրգի գեղարվեստաճարտարապետական ակադեմիան Ռուսաստանի հեղինակավոր բուհերից մեկն է, այնպես ստացվեց, որ մասնաճյուղում իմ դասավանդման տարիներին այցելեց հայտնի ռուս քանդակագործ և գեղանկարիչ Շեմյակինը: Այստեղ Շեմյակինը անհատական ցուցահանդեսներ է ունենում, մեծ համբավի տեր արվեստագետ է: Երբ տեսավ ուսանողներիս գործերը, ասաց, որ դրանք ոճական առումով կարծես «Մուխինայի» և հայաստանյան արվեստի հետ են ներդաշնակված, մի տեսակ առանձնացող պատկերամտածողական ընդհանրություն ունեն: Նրա անակնկալ համեմատությունն ինձ հուզիչ թվաց: Հետաքրքիրն այն էր, որ այդ երևույթը ես մինչ այդ չէի նկատել: Թերևս պատճառն այն էր, որ դրան ես ուսանողներիս պարտադրելով չէի հասել:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print

1,608