«Տնակից տուն մեկ քայլ է» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Տնակից տուն մեկ քայլ է»

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը նախաձեռնել է «Տնակից տուն մեկ քայլ է» խորագիրը կրող բարեգործական հերթական ակցիան, որն, ըստ նախատեսվածի, տևելու է մինչև սեպտեմբերի 21-ը: «Սա «Մեկ բացիկ=մեկ բնակարան» նախագծի տրամաբանական շարունակությունն է,- ասում է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Գրիգորյանը:

Ինչ է իրենից ներկայացնում «Տնակից տուն մեկ քայլ է» նախագիծը. դա գեղանկարիչ Սուսաննա Մկրտչյանի՝ «Իմ հոգու տուն՝ Գյումրի» շարքից «Խոստացված մատաղ» մասշտաբով մեծացված նկարից ստացված 15 հազար կտոր փազլներն են, մեկ փազլը՝ 1000 դրամ արժողությամբ, որոնք, եթե իսպառ գնվեն ու խճանկարն հավաքվելով՝ ամբողջանա, ապա Հիմնադրամ կմուտքագրվի 15 միլիոն դրամ, որն էլ կծառայի հերթական բնակարաններ գնելուն ու տնակներից անօթևան ընտանիքներին նոր բնակարաններվ ապահովվելուն:

«Նախագծի սկզբում որոշել էինք ռեկորդ սահմանել, բայց ընթացքից հասկացանք, որ դա դժվար կլինի, ու դրա համար հնարավոր եղավ 15 հազար կտորի բաժանել: Շատ մարդիկ ինքնակամ միանում են, զանգում են, հարցնում են՝ ինչով կարող ենք օգնել: Ոգևորված եմ, որ բոլոր ոլորտներից, սովորական քաղաքացիների կողմից մեծ հետաքրքրություն կա: Կարծում եմ, այս նկարը կդառնա որպես բրենդ՝ իր հաջողության պատմությամբ: Հետագայում այն կարող է դառնալ մանկական փազլներ և՝ տիրաժավորվելով, վաճառքի հանվել: Իսկ Սեպտեմբերի 21-ը հնարավորություն է, քանի որ Անկախության տոնը Գյումրիում է նշվելու և հույս ունենք, որ մեծաթիվ հյուրերի այցելությունն էլ կնպաստի, որ շատ արագ մեր պլաններն իրագործվեն: Չեմ կարող ասել, թե քանի տուն հնարավոր կլինի գնել, բայց գումարը, ըստ փազլների քանակի ու սահմանված գնի, հաշվելի է: Փազլներ կարող են գնել նաև օն-լայն տարբերակով, որը մեր կայքում մանրամասնորեն ներկայացված է: Եթե Սեպտեմբերի 21-ին խճանկարն ամբողջականացավ, ապա քաղաքապետից կխնդրենք, որ, եթե եղանակային պայմանները հնարավորություն տան, դեռ մնա, կամ տարածք տրամադրվի, որպեսզի նկարը տեղափոխենք: Հետո մտադրված ենք տիկին Մկրտչյանից խնդրել նկարի օրիգինալը նվիրաբերել Հիմնադրամին, որը որպես սիմվոլ կմնա Հիմնադրամի պատմության մեջ: Պատկերացրեք, 10-15 հազար հոգի մասնակցություն ունենալով այս խճանկարի հավաքմանը, դա միասնականության ինքնատիպ սիմվոլ է դառնում»,- ասում է Գևորգ Գրիգորյանը:

Նշենք, որ նկարի առաջին փազլը, որպես բարեգործական ակցիայի մեկնարկ, գնել ու տեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովի շրջանակներում այցի ժամանակ: Բացի այդ, երբ Անկախության տոնի առթիվ Գյումրիում կլինեն մեծ թվով հյուրեր, ապա վարչապետը կդեղադրի նաև վերջին փազլը:

 

«Խոստացված մատաղը»

Նկարի հեղինակ Սուսաննա Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե «Իմ հոգու տուն՝ Գյումրի» շարքի ստեղծագործական աշխատանքներն երբ են վերջնական ավարտ ունենալու և, երբ կլինի ցուցահանդես, որպեսզի արվեստասեր հասարակությունը զմայլվի արվեստագետի հերթական ինքնատիպ աշխատանքներով: Ասաց. «Այն կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ասելիքս վերջանա: Բայց  Գյումրու հանդեպ սերս երբեք չի վերջանում ու կարծում եմ, շարքս դեռ երկար կշարունակվի, քանի որ այն նվիրված է Գյումրի-Ալեքսանդրապոլին, մեր քաղաքային մշակույթին: Ես ուզում եմ սերունդներին ցույց տալ, որ Հայաստանի մշակույթի զարգացման կենտրոնը Գյումրին է, որ քաղաքային մշակույթի օրրանը Գյումրին է: Եվ մինչ օրս էլ այն շարունակվում է: Իսկ «Իմ հոգու տուն՝ Գյումրի» շարքից վերցված «Խոստացված մատաղ» նկարը դա ընդամենը մի պատառիկ է, որը պատմում է 19-րդ դարի քաղաքային կենցաղավարությունից. պապի ու տատի՝ թոռներին խոստացված մատաղի մասին է: Գյումրին ունեցել է լուսանկարվելու տարածված մշակույթ, և ամեն առիթով նրանք լուսանկարվել են: Ես ստեղծագործելիս՝ օգտվում եմ պատմական լուսանկարներից, իմպրովիզացիա եմ անում: Ուղղակի ինձ թեման է հետաքրքրում, և այդ թեման կենցաղը լուսաբանելու դրվագներից մեկն է:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից առաջարկ ստացա, որ իմ ստեղծագործություններից մեկը տրամադրեմ: Ես նրանց բոլորը ցույց տվեցի, որ ընտրությունն իրենք կատարեն: Հենց իրենց ցանկությամբ էլ այդ նկարն են ընտրել, որի համար ես շատ հպարտ եմ: 1830-ական թվականներից,  երբ ցարական զորքը մտավ, անցավ Ալեքսանդրապոլով, այդ ժամանակվանից Ալեքսանդրապոլը հարստացավ եվրոպական, ռուսական մշակույթով, խառնվեց մեր ունեցածի հետ, և ստացվեց այնպես, որ Գյումրվա մշակույթը խառնուրդն է և եվրոպականի, և ռուսականի… Կարծում եմ, իմ բոլոր աշխատանքներում դրանք բոլորն արտացոլված են. կա տարազ, դրա կողքին եվրոպական հագուստ, հատկապես կրթված ալեքպոլցիներն էին հագնվում եվրոպական ոճով: Գյումրիում արհեստները միշտ էլ զարգացել են այնպես, որ վերածվել են արվեստների. Գյումրվա ոսկերչությունը, գյումրվա դարբնագործությունը, քարտաշությունը… սրանց արհեստ չես ասի, այլ արվեստի գործեր կասես: Եվ, իհարկե, այն սոցիալական հարց է լուծել: Եթե ուշադիր նայեք, ապա իմ նկարներում կտեսնեք արհեստավորների, որոնք միջին խավն էին ձևավորում, ու որի պակասը մենք այժմ ունենք, այն հպարտ արհեստավորն է, որն իր կնոջ արդուզարդով ցույց է տալիս իր սոցիալական վիճակը: Եվ հպարտ է, քանի որ նա այն վաստակել է իր արդար քրտինքով: Արվեստը դա սոցիալական մեծ խնդիրներ լուծելու միջոց է, մանավանդ, եթե ունենում է պետական հովանավորչություն: Արվեստն այնպիսի բնագավառ է, որ երբեք չես ասի, թե այն բիզնես է. կարող է ստեղծագործողն այնպիսի չնաշխարհիկ արվեստի գործ ստեղծի, բայց այն իր կյանքի ընթացքում չվաճառվի, այլ արժեք ունենա նրա կյանքից հեռանալուց հետո: Բայց երկիրը, ղեկավարությունը, ժողովուրդը պիտի հասկանա, որ արվեստագետին պետք է թիկունք կանգնել, որովհետև վերջինս կարող է շատ բան ստեղծել, բայց անկարող լինի վաճառել ու սոցիալական հարցերը չկարողանա լուծել: Բոլոր այն երկրներում ու քաղաքներում, որտեղ ես ցուցահանդեսներ եմ ունեցել, իմ կողմից հայկական եկեղեցիներին նկար եմ նվիրաբերել, իհարկե, հոգևոր թեմաներով: Բայց ես չունեմ այն հնարավորությունը, որպեսզի կարողանամ մասսիվային աշխատանքներով ցուցադրություններ կազմակերպեմ: Այստեղ է, որ պետական հովանավորչության անհրաժեշտությունը կա»:

Երբ քաղաքապետարանի պատին ամրացված խճանկարի ստենդի մոտ զրուցում էի Հիմնադրամի գործադիր տնօրենի հետ, պատահականորեն ժամանեցին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցը, Արուսյակ Ջուլհակյանը և Տաթևիկ Հայրապետյանը: Նրանք ասացին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով իմացել են այս նախագծի մասին և հատուկ Երևանից Գյումրի են եկել՝ իրենց մասնակցությունը ցուցաբերելու համար: Յուրաքանչյուրը 5-ական փազլ գնեցին և ամրացրեցին համապատասխան քառակուսու մեջ: Հրաժեշտից առաջ Լիլիթ Մակունցը խոստացավ, որ իր գործընկերների մոտ կփիառի, որպեսզի վերջիններս ևս իրենց մասնակցությունն ունենան այս բարեգործական նվիրական ակցիային:

 

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
714