ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տո՛ւր, տո՛ւր ինձ պարգեւավճար

Քաղվածք «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանից

«Ժողովրդի դուստր Աշխեն Միքայելի Ավետիսյանը (ծնվ. է 1920թ.), գյուղատնտեսական արտադրության առաջավորը, կթվորուհին, Սոցիալիստական աշխատանքի հերոսը (1960թ.), 1945 թվականից ԽՄԿԿ անդամը, պարգևատրվել է ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկյա և արծաթյա մեդալներով: Նա 1955 թվականին ՀԽՍՀ-ում սկիզբ է դրել «հինգհազարական կթվորուհի» շարժմանը։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը շնորհվել է կովերի կաթնատվության բարձրացման գործում ունեցած հաջողությունների համար։ Աշխենն ընտրվել է ԽՄԿԿ 11-րդ, ՀԿԿ 12-14-րդ համագումարների պատգամավոր, ՀԿԿ 23-25-րդ համագումարներում՝ ՀԿԿ կենտրոնական կոմիտեի անդամ։ ՀԽՍՀ 6-րդ և 7-րդ գումարումների գերագույն խորհրդի դեպուտատ…»:

Վերոգրյալը կարդալով, հասկանում ես, թե մարդն ինչպիսի մեծ աշխատանք է տարել, ինչ ջանքեր է գործադրել՝ Հայրենիքի զորացման համար, որ ԽՍՀՄ ղեկավարությունը նրան պարգևատրել է: Եվ, ընդհանրապես, Սովետական Միությունը մի ողջ աշխատող համակարգ էր, որտեղ բոլորն աշխատում էին, բոլորով երկիր կառուցում: Եվ 13-րդ, թեկուզ 14-րդ կամ 15-րդ աշխատավարձերը կամ դրան հավասարեցված պարգևավճարներն ընդունելի էին:

Վերադառնանք մեր իրականություն

Խոսենք վերջերս մեծ տարածում գտած «պարգևավճարների» թեմայից: Փաստորեն, հասարակության աչքերը նոր են բացվել, ինչը տրվեց հեղափոխության շնորհիվ, հակառակ դեպքում, որտեղի՞ց իմանայինք, թե պետական պաշտոնյաներն որքան պարգևավճարներ են ստացել: Մենք տեսել էինք, որ երախտագիտության մեդալներով արժան-անարժանին էին պարգևատրում, վաստակավորի կոչումներ շնորհում, մեդալներով ու շքանշաններով պարգևատրում նույնիսկ մարդկանց, որոնք հասարակության կողմից անընդունելի էին:

Եվ մի երկրում, որտեղ գործազուրկների թիվն ավելի մեծ է, քան աշխատողներինը, որտեղ սոված մանուկներ կան, որտեղ երեխաների բուժման համար սոցիալական ցանցերում հայտարարություններ են տարածվում, որտեղ Հայրենիքը պաշտպանող զինվորը երբեմն սառած ու սոված է գիշեր լուսացնում… Բայց սա թեմային զուգահեռ է, սա ավելի շուտ բարոյական մասն է, իսկ հիմա, ըստ օրենքի:

Շիրակի մարզպետարան

Թեմայի շրջանակում զրուցեցի Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի հետ: Վերջինս նախ ներկայացրեց վերադասի այն հրամանը, ըստ որի, Շիրակի մարզպետարանի աշխատակիցները խրախուսվել են, և ցույց տվեց այն գրությունը, որն հղում անելով օրենքի համապատասխան հոդվածներին ու կետերին, Շիրակի մարզպետարանի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին խրախուսվել են մարզպետարանի աշխատակիցները:

Հարցին, թե որտեղի՞ց է առաջացել տնտեսումը, պարոն Մարտիրոսյանը նախ նշեց, որ կա աշխատավարձի հաստիքացուցակ՝ համապատասխան աշխատավարձերի չափերով, և օրենքը թույլ է տալիս տարվա մեջ 3 անգամ կատարել պարգևավճարներ՝ յուրաքանչյուր անգամ ոչ ավել դրույքաչափի 100 տոկոսից, և այն չպետք է գերազանցի աշխատավարձի տարեկան բյուջեի 30 տոկոսը: Այնուհետև ասաց. «Տնտեսումներ առաջանում են թափուր աշխատատեղերի, բուլետինների հաշվին, և կան գործակիցներ քաղ.ծառայողների մասով, որտեղից ևս տնտեսումներ են գոյանում:

Մարզային  կառույցի հաստիքացուցակը կազմված է 164 աշխատակցից, որից 153-ին տրվել է պարգևավճարներ՝ ըստ տոկոսային հարաբերությամբ և ըստ փաստացի աշխատած ժամանակահատվածի: Աշխատավարձի հոդվածից մոտ 20-25 միլիոն դրամ տնտեսում է եղել, որից մոտ 9,5 մլն փոխանցվել է պետական բյուջե՝ եկամտային հարկի տեսքով: Այն, որ տարածվեց, թե իբր մարզպետը միայն իրեն ու փոխմարզպետին, խորհրդականին է պարգևատրել, դա չի համապատասխանում իրականությանը: Մարզպետի կարգադրությամբ՝ ողջ վարչական մասն է պարգևատրվել, տեղակալներն ու օգնականները, հայեցողականները, իսկ գլխավոր քարտուղարի կարգադրությամբ՝ մնացած ամբողջ անձնակազը, մինչև հավաքարարներ ու պահակ: Նաև հավելեմ, որ 2018 թվականին մյուս հոդվածներով, օրինակ՝ էլեկտրաէներգիա, հեռախոս և այլն, ևս ունեցել ենք տնտեսումներ՝ մոտ 8,3 մլն, որը նույնպես վերադարձվել է պետական բյուջե»:

Հարցնում եմ՝ արդյո՞ք, օրինակ, մարզային իշխանությունը նախադեպ ունեցել է՝ լավագույն հողագործին, այգեպանին, տրակտորիստին, կթվորուհուն պարգևատրելու: Պատասխանում է. «Կա բյուջետային համակարգի մասին օրենք, որտեղ ասվում է, որ Հայաստանում կա երկու տեսակի բյուջե՝ պետական և համայնքային: Պետական բյուջեից սնվում է պետական հիմնարկ-ձեռնարկությունները, իսկ համայնքի բյուջեից՝ համայնքային կազմակերպությունները: Ձեր ասածին անդրադառնալով, համայնքը՝ ավագանու որոշմամբ, կարող է պարգևատրել կամ խրախուսել: Իսկ մարզպետարանի կառավարման ապարատի աշխատողի աշխատավարձից մենք չենք կարող որևէ մեկին որպես պարգև կամ օգնություն տալ: Սակայն մյուս կողմից, մարզպետարանն ունի ֆոնդ, որն այլ կերպ ձևակերպված՝ «մարզպետի ֆոնդ» են ասում, որը մարզպետի կողմից կարող է որպես օգնություն ծախսվել: 2018թ-ին մենք ունեցել ենք 30 մլն, որը Շիրակի մարզի դիմող քաղաքացիներին, ուսումնասիրությունից հետո, շուրջ 1095 քաղաքացու՝ օգնություն է տրվել»:

Գյումրու քաղաքապետարան

Գյումրու քաղաքապետարանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը ներկայացրեց համայնքապետարանի տեսանկյունը և իրավասությունը՝ պարգևավճարներ ստանալու առումով. «Համայնքի աշխատավարձի ֆոնդը ցածր է՝ կապված ցածր դրույքաչափերից, այդ իսկ պատճառով հնարավոր չէ տարվա ընթացքում հաճախակի դրամական պարգևատրում կատարել: 2018 թվականի տարեվերջին եղած տնտեսումից 463 աշխատակիցներ՝ համայնքային ծառայողներ և կոմունալ համակարգը՝ ստացել են պարգևավճարներ: Պարգևավճարների համար տրամադրվել է 21 միլիոն դրամ (ներառյալ գանձվող հարկատեսակները), որը կազմել է գործող դրույքաչափի 30-50 տոկոսը: Որոշ աշխատակիցներ իրենց պարտականությունները ժամանակին և պատշաճ կատարելու համար պարգևատրվել են աշխատավարձի 100 տոկոսի չափով:

Սամվել Բալասանյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում, որպես համայնքի ղեկավար, աշխատավարձ երբեք չի ստացել, այն փոխանցվել է սոցիալապես ծանր պայմաններում ապրող բնակիչներին և «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին: Պարգևատրում ևս չի հատկացվել, որի համար կան համապատասխան հիմքեր»:

Հ.Գ. Քավ լիցի, ոչ մեկիս մտքով էլ չէր անցնի հաշվել ուրիշի փողերը, մանավանդ, երբ պետական ապարատի ցածր օղակի աշխատավարձերի չափերը ամենևին չեն տարբերվում համընդհանուր աշխատավարձերի նվազագույն շեմերից: Բայց մյուս կողմից, երբ «աստղաբաշխական» թվով աշխատավարձ ստացողներ կան, և աստղաբաշխական չափերով էլ պարգևավճարներ են ստանում, այ, սա է, որ բոլորիս աչքին երևացել է: Հեռու չգնանք, օրինակ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ստացել է 8 մլն 55 հազար դրամ, նրա առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 9 մլն 60 հազար դրամ, կամ ՊԵԿ լրատվության պատասխանատու, խոսնակ Լուսինե Մկրտչյանը՝ 2 մլն 30.000 դրամ և այլն

Եվ, վերադառնալով արծարծված թեմայի բարոյահոգեբանական մասին, ասեմ. այ մարդ, միշտ էլ լավ փողեր եք ստացել, հեչ բանից պակաս չեք, գոնե մեկ անգամվա պարգևավճարը փոխանցեիք որևէ բարեգործական ուղղությամբ:

print
313