«Ցուցադրական փողկապը դարձել է մտավորական-փոխակերպուկի խորհրդանիշ» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Ցուցադրական փողկապը դարձել է մտավորական-փոխակերպուկի խորհրդանիշ»

Էմին Խաչատրյանի համար փայտակերտվածքներ, գեղարվեստական մանրակերտեր ստեղծելը, իր գնահատմամբ, հոբբի է, որին կարելի է նվիրվել ազատ ժամերին, ու գտնում է, որ հաճույքն այդ ոչնչով փոխարինել հնարավոր չէ: Այն, իհարկե, դրամական որևէ փոխհատուցում չի բերում, բայց այն հույսը, ակնկալիքը, թե իր գործերը երբևէ կդառնան, այսպես ասած, հաց վաստակելու միջոց, նրան չի լքում: Դեռևս ոչ մի գործ չի վաճառել, բայց դրանք մտերիմ մարդկանց նվիրելու ցանկությունը միշտ ուղեկցել է նրան:

Նրա համար ստեղծագործելն ամենօրյա ստրեսներից խուսանավելու, գուցե բնազդորեն փրկվելու միջոց է: «Շտամպովկա» անել չի սիրում, չի սիրում ինտերնետում տեղադրվող, ուրիշների հայտնագործած տեխնոլոգիաներով առաջնորդվել: Գերադասում է հոր, ինչպես ինքն է բնութագրում, «քարեդարյա» գործիքներն օգտագործել, որքան էլ դրանք արդյունավետությամբ զիջում են նորահնար միջոցներին:

«Երկրաշարժից հետո, երբ Գյումրին ավիրվել էր,- պատմում է Էմինը,- մենք ընտանիքով տեղափոխվեցինք ապրելու Բարեկամության այգում տեղադրած մեր դոմիկում: Այնտեղ էլ սկսեցի տարվել այս գործով»: Այն ժամանակ պատանի ստեղծագործողը 15 տարեկան էր: Այգում տարբեր տեսակի ծառերը գրավիչ թվացին: Այդ ծառերի ճյուղավորման տեղերում` շագանակագույն հատվածները կտրելով, այնպես, որ չվնասի ծառը, նա սկսեց դրանցից տիկնիկներ տաշել: «Հայրս, կարելի է ասել, ունիվերսալ արհեստավոր լինելով, ուներ բոլոր անհրաժեշտ գործիքները, որպեսզի ես դրանցով կարողանայի փայտից տիկնիկներ կերտել: Փոքրուց տեսել էի, թե ինչպես էր աշխատում հայրս և կարողացել էի արհեստավորական որոշ հմտություններ յուրացնել: 90-ականներին թերթում աչքիս ընկավ հայտարարություն, որ Գյումրու տիկնիկային թատրոնն աշխատանքի էր հրավիրում տիկնիկագործների, ու որոշեցի գնալ տնօրենի` Լևոն Բաղդասարյանի մոտ»:

Լևոն Բաղդասարյանն առանց ճանաչելու երիտասարդին, նրա կարողությունները, երևի հոգեբանի զգացողությամբ, կռահեց, որ Էմինը դեռևս կկարողանա իրեն լավագույն հատկանիշներով դրսևորել այս գործում ու որոշեց վստահել նրան: Այդպես էլ կար: Շուտով Էմինն արդեն մի քանի պրոֆիլով էր ընդունակություններն իրացնում` տիկնիկագործ, արվեստանոցի վարիչ, բեմի մոնտաժող, դեկորատոր: Ասում է՝ ամեն ինչ բնականորեն ու ինքնաբերաբար էր ստացվում` սեփական դիտարկումների, տրամաբանության և հնարիմաց, ասել է, թե` ձեռքի վարժ շարժումների շնորհիվ: Խոստովանում է նաև, որ շատ բան սովորել է Տիկնիկային թատրոնի բազմամյա, վաստակաշատ աշխատողներից:

«Տիկնիկային թատրոնում գլխավոր նկարիչ ունեինք` Արկադի Գրիգորյանը, նա նույնիսկ մկների ու առնետների կրծոտած հագուստներից կարողանում էր ինչ-որ դիտարժան բան ստեղծել: Հիմա ես էլ նույնկերպ եմ վարվում: Հնոտիներից, դեն նետված ու այլ տեսակ անգործածելի իրերից փորձում եմ դիտելու արժանի կերտվածքներ ստեղծել: Պետք է պարզապես մտածել, թե դրանից ինչ կարող է ստացվել»:

Ըստ նրա, այսօր փոփ-արտի, երևակայության թռիչքի ժամանակաշրջանում, կարևոր չէ, թե ինչից ես արարում գեղարվեստական նշանակություն ունեցող գործը. «Իսկ արվեստի գործը, թող անհամեստություն չընդունվի իմ կողմից, ոսկով, արծաթով կամ, թեկուզ զմրուխտե ու այլ գնահատելի քարերով չի որոշվում, ինչը չի հասկանում, ընկալում շարքային քաղքենին… Չեմ ուզում ինձ ենթարկել նրա տրամաբանությանը, մի կարգավիճակով ապրողի, որը ձգտում է զուտ սեփական գործերի գնմանն արժանանալուն: Ավելի լավ է` թող սա իմ հոբբին մնա, քան թե ես ինձ ենթարկեմ բոլոր դրանց «անմեղսունակ» կամակորություններին»: Չվերածվել պատվիրառուի, այլ` ստեղծագործել հոգու խաղաղության համար` սեփական կենցաղավարությունից թեկուզ ժամանակավոր ազատագրվելու միջոց է սա նրա համար:

Էմինի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ ունի Քաջ Նազարի նախկինում հեքիաթային, բայց ներկայում` միանգամայն իրատես կերպարը: «Ես սիրում եմ մի քիչ քաղաքական ենթատեքստ ներմուծել իմ գործերում: Ընդունված է ասել` քաղաքական «աստառ» եմ տալիս իմ ստեղծագործություններին: Ամեն մարդ տեսնում է այն ինքնովի: Ես անուններ չեմ շեշտադրում` թողնում եմ դիտողի պատկերացմանը»:

Հիշելով 2008 թվականի մարտյան դեպքերը, երբ մայրաքաղաքում ցույցի դուրս եկած մարդիկ զոհվեցին` ընդամենը նախագահական ընտրությունների օրինականությունը չճանաչելու համար, ասում է, թե այդուհետ խորը հիասթափություն է ապրել, ոչ մի գործ չի ձեռնարկել` տրամադրվածությունն ու կենտրոնացումն էին պակասում: Սպասողական վիճակ, ընդդիմադիր հանրահավաքներին մասնակցություն, ներքաղաքական լարված իրավիճակն ազդում էր, ճնշում` ստեղծագործելու ժամանակ չէր թողնում:

Երկոտանի «էշը» նույնպես իր ստեղծած կերպարներում տեղ է գտել` չի վրիպել մտքից ու աչքից: Ինչո՞ւ պիտի վրիպեր: Չէ՞ որ այնպես ամեն ինչ ակնհայտ է այս երկրի դրվածքում: «Որոշ մարդկանց, առանձնապես` պաշտոնյաների մոտ, թյուրըմբռնում կա, թե փողկապավոր լինելը վերացնում է իրենց ինտելեկտուալ իմպոտենտության սահմանը, մինչդեռ քանի՞ արվեստագետներ կան, ովքեր առանց դա վզին ունենալու, կարողանում են հավուր պատշաճի անել ի վերուստ իրենց շնորհված գործերը: Փողկապն այլևս այս մարդիկ, ինչպես ամեն ինչ մեր երկրում, մենաշնորհեցին: Մարդիկ, ովքեր այնքան մտավոր կարողություն չունեն գնահատանքի արժանանալու, որ պարգևել են իրենց փողկապ կապելու առանձնաշնորհը: Դրա համար էլ ես մի գործ ունեմ, որ փողկապավորի դերում «հանդիսության» եմ արժանացրել… էշին: Մեր օրերում լավ աշխատանք ունեն միայն կիսագրագետները կամ ավելի ճշգրիտ ասած` անգրագետները, իսկ իրական մտավորականները հայտնվել են անգրագետի կարգավիճակում, ուրեմն` նրանց էլ ինչի՞ն է պետք այդ ցուցադրական փողկապը»:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print

1,310