Փլուզում կիսաքանդ վթարային շենքում ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Փլուզում կիսաքանդ վթարային շենքում

Փետրվարի 23-ի գիշերը, ժամը 03:30-ին, փլուզում է տեղի ունեցել Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 7 շենքում: Կիսաքանդ շենքի 3-րդ և 4-րդ հարկերի ծածկի պանելային հատվածը վայր էր իջել:

Մեր այցելության պահին նկատելի էր, որ շենքի մի հատվածն ամբողջովին փլուզվել է: Շենքի փլուզված մասի ձախակողմյան հատվածում՝ պատի վրա, երևում էր բավական մեծ ճաք, այստեղից էլ պարզ է դառնում, որ մոտ ժամանակներում կրկին փլուզումներ կարող են տեղի ունենալ:

Միջանցքով, որով դուրս ենք գալիս շենքի հետնամաս, միջանցքի վերջնամասում նկատելի էր ջրի արտահոսք, որը տվյալ մասում կարող է խարխլել շենքի պատը՝ պատճառ դառնալով փլուզումների: Տանիքի տակ նկատելի էին վտանգավոր ձևով կախված քարեր, որոնք ցանկացած պահի կարող են ընկնել:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ով եկել էր դեպքի վայր, իր մտահոգությունն էր հայտնել՝ կապված բնակիչների անվտանգության հետ: Նկատի ունենալով այս հանգամանքը, որոշվել է բացառել բնակիչների մուտքն այս շենք՝ նրանց ապահովելով ժամանակավոր կացարաններով: «Շենքի մի հատվածի քանդման թույլտվությունը տրվել է 2017 թվականի դեկտեմբերին՝ քաղաքապետի կողմից, քանի որ սա քաղաքապետարանի իրավասության խնդիր է։ Աշխատանքները պետք է ավարտվեն 14 ամսվա ընթացքում: Երկու ընտանիքների տրված են եղել բնակարանների գնման վկայագրեր, սակայն նրանք հրաժարվել են։ Ասել են, թե չենք գնա «Մուշ» թաղամասում ապրենք։ Եթե մենք հազարավոր ընտանիքների կարողացել ենք բնակարանների գնման վկայագրով ապահովել, դա նշանակում է, որ այդ մեխանիզմը գործող հնարավորություն է եղել։ Այս մարդիկ ստացել են այդ հնարավորությունը, սակայն չեն օգտվել դրանից։ Հիմա, եթե իրենց առողջության և կյանքի խնդիրն է դրված, այդ կապրիզին չպետք է ուշադրություն դարձնենք, քանի որ, եթե մարդը չի գիտակցում, որ դա իր համար խնդիր է, չի նշանակում, թե մենք էլ չենք գիտակցում։ Այստեղ բնակվող 8 ընտանիքներից ընդամենը երկուսն են անօթևան, 6-ը երկրաշարժի հետևանքով անօթևան չեն դարձել, ճիշտ է՝ անօթևան են, բայց անօթևանությունն առաջացել է ոչ երկրաշարժի հետևանքով։ Կա կառավարության որոշում՝ կիսակառույց և լքված շենքերի հետ կապված խնդիրն արմատապես լուծելու համար։ Մարզպետարանից մենք ավելացրել ենք նաև կիսաքանդ շենքերը, որոնք խիստ կարևոր են Գյումրու համար։ Ուղղակի պետք է նաև հաշվի առնենք, որ այս շենքը մասնավոր սեփականություն է, բայց քաղաքապետարանը սեփականատիրոջը տվել է 14 ամսվա ընթացքում քանդման թույլտվություն»,- նշեց Շիրակի մարզպետը:

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ

print
1,842