Փողոտ չինովնիկներ` համեստ ընծայաբերումներ ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փողոտ չինովնիկներ` համեստ ընծայաբերումներ

Մի օր չդիմացա, գցեցի-քաշեցի, թե քանի՞ չինովնիկական տարբեր դասի պաշտոններ զբաղեցնողներ կան, ովքեր դարդ չեն անում պետական աշխատավարձով իրենց ընտանեկան բյուջեն հաշվարկելիս: Մի քանի ծանոթների հարցրի, թե ինչպիսի՞ն են նրանց դիտարկումներն այս մասին: Ու ասեմ, որ մեր զրույցի ընթացքում այնպիսի «հաճելի» արտահայտություններ թույլտվեցին թվարկած պաշտոնյաների մասին, որ ինձ մնում էր միայն զարմանալ, թե նրանց սրտերում որքա՞ն կուտակված «բարի նախանձ» կա այդ մարդկանց հանդեպ:

Նաև հետաքրքրում էր իմանալ, թե Հայաստանի պես փոքրիկ երկրում, ուր տարբեր կարգի չինովնիկները, ովքեր ժողովրդին երկրի չունևորության նկատմամբ քրիստոնեական հանդուրժողություն են քարոզում, ինչպե՞ս են իրենց ընտանիքների կարիքները ոչ միայն անսահմանորեն հոգալու միջոցներ գտնում, այլև` շռայլության ու վայելքի  «հրահրում» հարազատներին: Բոլոր այսպիսի աստիճանական պաշտոնյաների մեզ տրված «վարպետաց դասերն» են, որ խնայող լինենք, որկրամոլ չլինենք, ուրիշի ունեցվածքին աչք չդնենք, այսինքն` հավատավոր քրիստոնյաներ լինենք: «Հեշտ է ասել, չէ՞,- հեգնանքով ասաց ծանոթս ու հավելեց,- է՛, երկրիդ քահանաներից շատե՞րն են այդպես ապրում: Չէ՛, ինչ ուզում ես ասա, բայց էս մեկն հաստատ համոզիչ չէ»: Հարցնում եմ, թե ո՞ր դեպքում իր բերած քահանայի օրինակը համոզիչ կլիներ: Հանդարտ պատասխանում է. «Երբ քահանաներն իրենց հոտի լղար գառնուկների պես ապրեին»:

Նա պատմեց, թե իր ճանաչած հոգևորականներից մեկը հյուրընկալված լինելով այնպես էր «լափում», որ մյուս հյուրերն էին նրա փոխարեն անհարմար զգում: Զրուցակիցս ասում էր, թե մի կերպ կարելի էր պատկերացնել, թե այդ հոգևորականը կարող էր պատահմամբ «սովյալ տնից» եկած լինել, եթե միայն նրա մարմնեղ կառուցվածքը թույլ տար այդ միամիտ վարկածն առաջ քաշել: Դա էլ հերիք չէ, էս հոգևորականն այնքան անկեղծ էր գտնվել, որ ուրախությամբ նշել էր, թե դեռ ախորժակ է պահել, որովհետև այդ օրն ուրիշ տեղից էլ ճաշկերույթի հրավեր ունի: Այս պատմությունը լսելով, մտքումս նշեցի, թե շատ կուզենայի, որ այս մեկը հոգևորականի բացառիկ կերպար լիներ, բայց դրա համար երևակայությունս չբավականացրեց:

Աշխարհի խելոքներից մեկն ասել է, որ, եթե ամբողջ խոսքից սուտը հանենք, պետք չէ հուսալ, թե տակը կարող է որևէ բան մնալ: «Ոմանք կարծում են, որ եթե «բջջային օպերատորներին» շատ փող տան, կարող են կապվել հենց իր` Աստծո հետ ու նույնիսկ իրենց մեկնաբանությամբ Նրա խոսքը բերել, մեզ հասցնել,- ասում է հավատավոր քրիստոնյա բարեկամս,- այսինքն` նրանց կարճ խելքով, մեզ համար Աստված ռադիոծածկույթից դուրս է, մեր կապն անհասանելի է Նրա հետ: Հետևություն` այստեղ է կայանում նրանց սխալը` Աստված հասանելի է բոլորին, ու Նա գիտի, թե մեզանից ով` ինչ սրտով է աղոթում Իրեն, ով Իրենից հանապազօրյա հաց խնդրում և ո՞վ` «Բենթլի»: Իսկ սա` արդեն իմ մտածմունքն ու հետևությունն է. «Բայց ցավալին այն է, որ երբեմն ոմանց հաջողվում է այդ «Բենթլին» մատնեմատի ու բթամատի հպումով ստանալ, իսկ ոմանք էլ, ավաղ, ստիպված են լինում քաղցած քուն մտնել»:

Երևի իրականությունը մոտավորապես այն է, թե անհավատալի փոխակերպումների մի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ որոշ հոգևորականների ու աշխարհիկ մարդկանց միջև ապրելակերպի  ընդհանրությունների մի յուրօրինակ ներդաշնակություն է հաստատվել: Միայն թե, մի տեսակ «կուրորեն» է դա ընկալվում միմյանց կողմից: Այդ դաշինքը անձամբ ես մոտավորապես  այսպես եմ ընկալում. սիրահար զույգը հերթական ժամադրության ժամանակ որոշում է գնալ կինոթատրոն: Ֆիլմը դիտելուն պատրաստվելով, աղջիկը, որ մինչ այդ տղայից բծախնդրորեն թաքցրել էր իր կարճատեսությունը, պայուսակից բնազդորեն հանած ակնոցն է դնում: Տղան նկատելով դա, զարմանում ու միաժամանակ հեգնանքով ասում է. «Դու ի՞նչ է, ակնո՞ց ես կրում»: Աղջիկն էլ մի պահ ամաչում ու խոստովանում է, թե` այո: Ուզում է անգամ ներողություն խնդրել, որ նրա հետ անկեղծ չի եղել այս հարցում, բայց հետո, երբ վարանոտ հայացքը հառում է տղայի դեմքին, արդեն իր հերթն է հասնում զարմանալու. «Էս ինչ բզով ծակած աչքեր ունես, բա քիթդ, քիթդ երկու քթի տեղ կարող է ծառայել…»: Իսկ հետո աղջիկը տեղից վեր է ցատկում ու «յա՜խկ» ասելով, հեռանում: Այսպիսի ակնոցային իրականություն:

Բայց դառնանք չինովնիկական աշխարհիկ դասին, ովքեր չնայած իրենց, այսպես ասած` մարդասիրական կոչերին ու ելույթներին, հոգով աթեիստներ են, բայց դա՝ նույնիսկ իրենց իսկ խաբելու աստիճան, փորձում են ջանադրաբար թաքցնել: Այս թեմայի շուրջ հերթական զրուցակիցներիցս մեկը խորհուրդ տվեց «դիտորդական» պատրվակով հետևել, թե այդպիսիք ինչպես են ապրում: Թեպետ, ասում է, որ դա, անշուշտ, դժվարին «առաքելություն» կլինի, քանի որ այդպիսիք` ներքին շրջանակում, իրենց համարում են էլիտար հասարակություն և ամեն մի շարքայինի հնարավոր չեն համարում մոտ թողնել սեփական սահմանին:

Շատերն այդ կարգուկանոնի ապահովման համար նույնիսկ անձնական «գամփռներ» են պահում: Ու էդ գամփռների բաշերն էլ շատ հաճախ խուզված են լինում (գիտակներն ասում  են, թե ճիշտ այդպես է պահանջում նորաձևության ճիչը): Թեև այս չինովնիկները, դժվար է պատկերացնել, բայց պաշտոնապես մոտ 200 հազար դրամի աշխատավարձի սահմաններում են «քարտեզագրել» իրենց «ավետյաց երկիրը»: Հասկանալի է, անշուշտ, որ այդ «ավետյաց երկիրը» մեր իրական երկրի` սահմանադրորեն որպես սոցիալական հռչակված լինելու հետ որևէ կապ չունի:

Ս. ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
1,401