Փողոց` հիշողությունների հատման կետում ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Փողոց` հիշողությունների հատման կետում

Ամիսներ շարունակ Գյումրու Ռուսթավելի փողոցում, քանդման-փորման աշխատանքներ էին ընթանում: Գյումրեցիներն իրենց բնազդին «վստահելով», թերևս, արդեն հաշտվել էին այն իրողության հետ, թե այս աշխատանքներն էլ ձգձգվելու են անվերջ կամ, լավագույն դեպքում, շահագործումից հետո այն բազում թերություններով է «հանձնվելու»: Ինչպես միշտ: Ու մնում էր «զմայլվել» նրանով, թե ինչպես է տարածքը պատերազմական ֆիլմի նկարահանման հրապարակի վերածվել: Այնպես որ, սկզբում մտածում էի, եթե այս ընթացքն համընկներ հենց պատերազմական թեմայով որևէ ֆիլմի ստեղծման նախագծի հետ, ապա այստեղ կարող էին գտնել պատրաստի նկարահանման հրապարակ: Ափսոս «կինոշնիկներիը» չգնահատեցին պատեհ առիթը, չսկսեցին նկարահանումները, այն դեպքում, երբ հարկ չէր լինի ռմբակոծված քաղաքի տեսարանն արհեստականորեն սարքել:

Իսկ փողոցի վրա կատարվող շինաշխատանքներն անխոնջ ընթացքի մեջ էին և, բարեբախտաբար, Ռուսթավելին «վերամարմնավորվեց» ու ստացավ Գյումրու հինավուրց կոլորիտին հավատարիմ տեսք: Այժմ նախկին քարուքանդ փողոցի ամբողջական նորոգմանն ընդամենը մի քանի մետր է մնացել, որպեսզի սալաքարերով պատված փողոցն հասնի Սայաթ-Նովա փողոցին ու այդուհետ արժանավայելորեն Գյումրու օրգանական մասը դառնա: Բայց Ռուսթավելի փողոցում կատարված փոփոխությունները թույլ են տալիս ասելու, որ  արդեն իսկ աչք են շոյում:

Դե ինչ, հուսանք, որ, եթե այն ժամանակ պատերազմական դրվագներ նկարելու հարկ չեղավ, մոտ ապագայում անպայման կնկարահանվի մի տիպիկ գյումրիական ֆիլմ: Ասենք` տարիներ առաջ նույն այս փողոցում արդեն այդպիսի առիթ եղել է, երբ կինոբեմադրիչ Հենրիկ Մալյանը նկարահանում էր «Եռանկյունի» կինոնկարը:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
3,362