Փորձությունների իմ ճանապարհը ⋆ «Շրջապատ»
ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Փորձությունների իմ ճանապարհը

Ահավոր ծանր կացության մեջ եմ. մեկ ասի՝ չգրեմ, չասեմ հոգուս կուտակվածը, մեկ էլ… հարևանս, ով հոգում է իմ դարդն ու ցավը, համոզեց, ասաց՝ ո՛չ ասելուց բան կփոխվի, ո՛չ չասելուց, բայց մեկ տարբերությամբ. երբ մարդը սիրտը դատարկում է, հոգին թեթևանում է, հա՛մ էլ՝ ուրիշների համար կարող է օրինակ ծառայի:

70 տարեկան թոշակառու եմ… էդ թոշակիս չափի համար անգամ թաղի շները կամաչեն վրես հաչալ, թե՝ բանմ քից բերաններս: Միայնակ եմ ապրում, 58 թաղամասի 1-սենյականոց տներից մեկում, բայց 3-սենյականոց էի երկրաշարժից հետո ստացել… Սակայն ամեն ինչ հերթով ասեմ, որ ոչ մտքերս խառնվեն, ոչ էլ պատմությունս թարս ու շիտակ ստացվի:

Ջահել աղջիկ էի, երբ ապագա ամուսինս փախցրեց, որովհետև ծնողներս չէին ուզում, որ 17-18 տարեկան, առանց ուսում առնելու՝ ամուսնանամ: Երջանիկ զույգ էինք՝ նախանձի առարկա: Պատկերացրեք, սկեսրանքս իմանալով մերոնց մտահոգությունը, ինձ ինստիտուտ ուղարկեցին: Էդ 5 տարիների ընթացքում հա՛մ հասցրեցի ինստիտուտ ավարտել, հա՛մ՝ երկու լուս երեխա ունենալ: Ես էլ, ամուսինս էլ աշխատում էինք, գումար կուտակում, որ տուն առնենք՝ սկեսրանցս բազմանդամ ընտանիքը ազատենք (մեկ տան մեջ երկու տեգր ու մեկ տալ, քանի որ փոքր էին, և ոչ մեկը դեռ ամուսնացած չէր): Ամուսնուս գործարանը մեզ բնակարան հատկացրեց՝ լավ աշխատանքի համար, և որպես երիտասարդ ընտանիք (այդ տարիներին նման բան կար): Մեր երջանկությունը քառապատկվեց: Հավեսով տուն-տեղ էինք դրել, բայց էդ անտեր երկրաշարժը քանդեց տունս… հա՛մ լուս աղջկաս ու թոռիս տարավ, հա՛մ տունս փոշի դառավ:

Սև ու սուգս առած, սրտիս կսկիծ, էդ տարիքիս՝ որոշեցինք մեր կորցրած բալի տեղը լրացնել. տղա ունեցանք: Մեզ կորցրած բնակարանի տեղը պետությունը 3-սենյականոց հատկացրեց: Էլի ուրախացանք, տղեքս գլխներին ծածկ կունենային:

Քանի որ քաղաքում աշխատանք չկար, մեծ տղաս որոշեց Ռուսաստան գնալ: Այնտեղ էլ ամուսնացավ ռուս աղջկա հետ ու մնաց: Ես ու ամուսինս մի կերպ մեծացրինք փոքր տղայիս, աչքի լույսի պես փայփայում էինք: Մի քիչ նվազ երեխա էր, առողջական խնդիրներ ուներ, բայց կարողացանք ոտքի կանգնեցնել: Դպրոց գնաց, մեր ուրախությանը չափ չկար, ավարտեց՝ մենք երջանիկ էինք: Ճիշտ է, մի քիչ երես առած էր, բայց դա մեզ վրա չէր թվացնում: Տղաս ինստիտուտ գնալ չէր ուզում, ամուսիններով մտահոգվում էինք, թե, ախր, ոչ մի բանի սեր չունի, միայն ձեռը փող տաս՝ կծախսի, ընկերների հետ ամբողջ օրը պարապ թրև կգա, ու մատը մատին տալ չի ուզում: Մեկ ես խոսեցի տղայիս հետ՝ անօգուտ, մեկ ամուսինս բացատրական աշխատանքներ հետն ունեցավ՝ էլի անիմաստ: Ստացվում էր, որ մենք խոսում-խոսում ենք, տղաս մեզ չի լսում: Սկսեց հաճախակի տանից բացակայել: Հոր հարցին, թե ուր էիր, կպատասխաներ. «Հո պառավ ու բիձու կողքը չպիտի նստեմ սաղ օրը»… Մենք իր համար ընդամենը պառավ ու բիձա էինք դարձել… Այդպես՝ օր օրի, ժամ ժամի՝ մեր ու տղայիս միջև խորթության անջրպետ էր առաջանում ու, քանի գնում, խորանում էր: Մի օր խմած, մի օր հարբած, մի օր էլ… Ամուսնուս սիրտը չդիմացավ ու խեղճ մարդը ինֆարկտից մահացավ: Կարծես տառապանքներս քիչ էր, Աստված որոշել էր փորձությունների թիվն ավելացնել… Ձեռքս ի՞նչ հնար կար. պիտի դիմանայի:

Ամուսնուս մահից անցել էր մոտ 6 ամիս, տղաս հայտարարեց, թե իրեն գումար է պետք, որպեսզի խանութ բացի: Ասացի, ախր, փող չունենք, որտեղի՞ց ես քեզ գումար տամ: «Կամ ոսկեղենդ պտի ծախենք, կամ՝ ճիշտ կեղնի՝ տունը ծախենք»,- ասաց տղաս: «Մուշտարի» գտավ, ինձ էլ ստիպեց՝ համաձայնություն տալ: Ասացի՝ միայն այն դեպքում, եթե գոնե 1-սենյականոց կառնես: Լավ է, էս 1-սենյականոցն առավ: Բայց ի՞նչ գործ դնել, ի՜նչ բան, էլի նույն ապրելակերպով՝ խմած, անջատված գալիս էր կամ բերում էին, ահա քեզ խանութ բացել… Ողջ գումարը կոպեկի պես մսխեց: Մի օր էլ ոստիկանությունից զանգեցին, հրավիրեցին: Պարզվեց՝  մի քանի հանցագործ ընկերների հետ տուն են թալանել: Դատեցին: Ես մնացի մեն-մենակ: Խելագար վիճակի մեջ էի հայտնվել: Լավ էր, որ հարևանների պահով բախտս բերել էր՝ ամեն օր գալիս էին, հալ-քեֆ հարցնում, օգնում:

Տղաս 3 տարի նստեց, ազատվեց բանտից: Ներիր Տեր, բայց պիտի ասեմ. լավ կլիներ, որ չազատվեր: Սկսվեցին ավելի դառը օրեր. փաստորեն՝ բեթարից էլ բեթար կա: Ամբողջ օրը իր «լավ» ընկերներով մեր տանն էին հավաքվում, ուտում-խմում, հետո գնում չգիտեմ, որ ջհանդամը, ու խելագարի պես տուն գալիս: Մի օր էլ տեսա, որ ոսկեղենս չկա, անգամ իմ ու ամուսնուս ամուսնական մատանիներն էին անհետացել: Դե, իհարկե, գիտեմ՝ ով է տարել, բայց ի՜նչ պիտի անեի, որ սևը գլխիս տայի, որը՝ չէ: Երբ տանից հերթով ամեն ինչ անհետացավ ու մնաց խոհանոցի թախտը, տղաս որոշ ժամանակով անհետացավ, իմացա, որ նորից բանտ է ընկել:

Ահա այսքանը: Բայց մեկ մարդու համար էսքանը մի քիչ շատ չէ՞ր, Տեր իմ:

 (անանուն)


«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք:

print

1,996