Քաղաքական «հեթանոսների» աճպարարությունները եւ «դիակ» դարձած գործոնները նոր Հայաստանում ⋆ «Շրջապատ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական «հեթանոսների» աճպարարությունները եւ «դիակ» դարձած գործոնները նոր Հայաստանում

Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխության մասին շատերը դեռ չեն ցանկանում գրել, դեռևս ձեռնպահ են մնում այն մանրամասն վերլուծելուց՝ համարելով, որ երկիրը տուրբուլենտային վիճակում է, և պետք է սպասել: «Ժամանակ է պետք» «մեմ» դարձած արտահայտությունը , սակայն, կորցնում է իր արդիականությունը, քանզի մարդիկ ամեն օր ուզում են տեսնել ոչ թե բռնելու և «բաց թողնելու» օպերացիաները, այլ կլեպտոման, թալանչի, հայ ազգի թշնամիների հետ գործակցելուց չխորշող, դրանց Հայաստանի վրա «ֆաս» տվողների կալանավորումը՝ անվերադարձ, առանց գրավի ու առանց ստորագրության դուրս թողնելու, ուզում են տեսնել իրավապահ համակարգի «կատարսիսը»՝ ինքնամաքրումը, ցանկանում են տեսնել հասկանալի ու տրամաբանված կադրային նշանակումներ, որոնք ոչ թե պաշտոնական աթոռում նստատեղի փոս կթողնեն, այլ աշխատանքային հետք ու լուծված խնդիրների դրական ժառանգություն: Փոխարենը մեզանում արագ բազմանում են ինֆորմացիոն «խալտուրշչիկները», յուրատիպ տեղեկատվական «դիվերսանտները», որոնք փորձում են դուրս գալ իրենց պաշտող նեղ պոպուլյացիայի շրջանակներից՝ ցանցավորվելով, ճոճելով հանրային կարծիքը, պղտորելով ժողովրդի սերժազերծ օդն ու ջուրը:



Քաղաքական «հեթանոսների» «պարարտ» հողը

Նոր Հայաստանում բույն է դնում ու սկսում բուծվել քաղաքական ռենեգատների կամ քաղաքական «հեթանոսների» «հրե գունդ», որը հույսը դրել է իր քաղաքական «սկլերոզի» ու հանրության հանդուրժողականության վրա: Նրանց, չգիտես ինչու, թվում է, թե ժողովրդին էժան գնով հրապարակայնորեն ծախելու, գցելու, խաբելու, այս ուժից այն ուժը իրենց տրանսֆերները մոռացվել են: Մինչդեռ ժողովրդի հիշողությունը կարճ չէ, փոխարենը՝ ստույգ է ու հստակ: Եթե ոմանց թվում է, որ տարիներ շարունակ գործակցելով ՀՀԿ-ի հետ, կարելի է քաղաքական «կուսության» պատրանք ստեղծել, ստել ու կեղծել նախորդ քաղաքական օրակարգի ձևավորման հարցում ունեցած ակտիվ մասնակցությունը, ապա դա ոչ այլ ինչ է, քան անհաջող քաղաքական էկվիլիբրիստկա: Եթե որոշ քաղաքական դերակատարներ մոռացել են, որ, որպես քաղաքական մրցակից ու հակառակորդ «վերագնվել են» ՀՀԿ-ի կողմից, ապա հանրությունն այդ անձանց ու ուժերին շատ լավ հիշում է: Մարդիկ չեն մոռացել, թե ովքեր էին փորձում փայ մտնել Նիկոլի համաժողովրդական հաղթանակին՝ շրջանառության մեջ դնելով «մենք միշտ ժողովրդի կողքին ենք եղել» տրաֆարետային արտահայտությունը: Ի դեպ, կոնյունկտուրային շահերից բխող այդ արտահայտությունն ինտենսիվորեն շահագործվում էր նաև 2016 թվականին ՝«Սասնա Ծռերի» գործողությունների ժամանակ:

Հայաստանյան քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունն ապացուցեց քաղաքական իր սնանկությունը, երբ 2018 թվականի ապրիլյան հեղափոխական ընդվզումը հասավ իր գագաթնակետին և, ի վերջո, շրջեց սերժապետությունը: Դրանով իսկ հայ հասարակությունը հստակ ազդակեց, որ, եթե տարիներ շարունակ հանդուրժել է քաղաքական «նպատակահարմարների» դերասանությունը, որոնք հանուն հայրենիքի ու ժողովրդի «պայքարը» ծավալում էին ազգային հերոսների նկարների տակ կենացներ խմելով, ապա այժմ չի հանդուրժելու դրանց: Սակայն քաղաքական դաշտի «հեթանոսները» պատրաստ են այլ խաղ բեմադրել՝ մոլեգին քննադատել համահայկական ատելության արժանացած ՀՀԿ-ին, բայց պաշգոտ սիրել անգամ այժմյան ԱԱԾ-ին, որը «կուլտուրական» խուզարկություններ է անում:

Ասում են՝ քաղաքականության մեջ հիմարության պարույրը ձգվում է, երբ բացակայում է բանականությունը, ինքնասիրությունը փոխակերպվում է ինքնասիրահարվածության, հարմարվողականությունն էլ ակտիվ վերափոխվում կայուն վիճակի: Հիշողության է գալիս մի մարդածին ռենեգատի պատմություն, որը լինելով Շիրակի մարզի առողջապահության ոլորտի տարբեր ժամանակների ղեկավարների «կեղտոտ գործերի բանվորը», անվանակոչվել էր «հարմարովիչ» մականվամբ: Ի՞նչ իմանար այդ մարդակերպ էակը, որ իր մականունն այնքան պահանջված կլինի նորօրյա քաղաքական մի քանի խաղացողների համար:

Ինչպես ասում է ռուսաստանցի հայտնի հրապարակախոս, լրագրող Գլեբ Պավլովսկին, «տակտիկական նրբությունները գրեթե միշտ ճակատագրական են լինում»: Նոր Հայաստանում քաղաքական «հեթանոսների» ճակատագիրը ժողովուրդն արդեն որոշել է՝ մերժելով դրանց «ռեինկարնացիայի» հայտը: Մնում է՝ համաժողովրդական մերժումն ի կատար ածել իրավական հիմնավորումներով, որոնք պետք է փաստային ու անբեկանելի լինեն:

 

«Դիակ» դարձած «գործոնները» նոր Հայաստանում

Այն, ինչ հաջողվեց Նիկոլ Փաշինյանին, 30 տարի շարունակ չէր հաջողվում ոչ մի քաղաքական ուժի ու գործչի: Նիկոլ Փաշինյանը հաջողեց ճիշտ այն պատճառով, որ վճռական պահին չծախվեց ու չծախեց իր ետևից եկող ժողովրդին, իսկ ժողովուրդը սարի պես կանգնեց իր թիկունքին՝ տեսնելով պայքարի աննկունությունը: Ստացվում է՝ ոչ ԲՀԿ-ն, ոչ «Ժառանգությունը», ոչ ՕԵԿ-ը, ոչ ՀՅԴ-ն «մինչև վերջ գնալու» իրենց կարգախոսները հորինել էին բացառապես իրավիճակային քաղաքականության, ոչ թե ժողովրդական պայքարը մինչև վերջ առաջնորդելու և իրական քաղաքական փոփոխությունների համար:

2018թ. սեպտեմբերի 17-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը մի ուշագրավ բացահայտում արեց՝ ասելով. «Ամենաստորագույն, ամենակեղտոտ, ամենաանբարո մեթոդներով իրենք (նկատի ունի՝ ՀՀԿ-ականները) պատերազմ հայտարարեցին Ծառուկյանին (նկատի ունի 2015 թվականի հայտնի իրադարձությունները), մեկ գիշերում ձերբակալեցին Ծառուկյանի մտերիմ 670 անձանց: Իրենք ուղղակի ձեռնոց նետեցին: Ծառուկյանը կայացրեց ամենախոհեմ և ամենաճիշտ որոշումը՝ նա հեռացավ քաղաքականությունից, որպեսզի մեր որևէ քաղաքացի դրանից չտուժի»:

Սա նշանակում է, որ քաղաքական հայտ ներկայացրած երկրի երկրորդ քաղաքական ուժի ղեկավարը հրաժարվեց այն ժողովրդից, որն իրեն վստահել էր կյանքի որակի, ճակատագրի փոփոխությունը, հրաժարվեց երկրի գյուղերը բանկային գրավի տակ դնելուն նպաստող իշխանությունների դեմ պայքարից, և ընդունեց իշխանության թելադրանքը, պրեսինգը: Ընդամենը մի քանի օր անց, այդ նույն անձն իրեն «դոդ» անվանած Սերժ Սարգսյանի հետ մասնակցեց սպորատային համալիրի բացման արարողությանը, ձեռք սեղմեց, իսկ ավելի ուշ իր փեսան նշանակվեց Կոտայքի մարզպետ: Թվում է, թե քաղաքական հալածանքների ենթարկված քաղաքական գործիչը պետք է աննկուն պայքար տաներ երկիրն իր աչքի առջև կեղեքող քաղաքական իշխանության դեմ, սակայն, նա նախընտրեց հարմարվել, հաշտվել դրանց հետ՝ ոչ թե հանուն ազգի, այլ իր ֆինանսական, կասեի՝ բուրժուական կապիտալի պահպանման համար: Պետք չէ քաղաքական կապիտալի փորձարկման խաղեր տալ, այն դեպքում, երբ այդ կապիտալը նախկին իշխանությունների հետ խաղեր տալու և քաղաքական թատրոն բեմադրելու արդյունքում է կուտակվել: Ի վերջո, ոչ ոք չի մոռացել, որ Սերժ Սարգսյանից տուժած ԲՀԿ-ն էր ՀՀԿ-ից ավելի բարձր գոռում «Այո»՝ սահմանադրական փոփոխություններին, քաջ իմանալով, որ երկրի քաղաքական ու տնտեսական համակարգերը վերջնական կործանվելու էին: Եվ ուրեմն, այդ ուժն այլևս երբեք իրավունք չունի հանրությանը մեղադրել սխալ ընտրություն կատարելու մեջ: Այսքանից հետո ԲՀԿ ղեկավարը հանդգնում է հոխորտալ ընտրողների վրա, թե «ընտրել եք ՀՀԿ-ին, իրենից էլ պահանջեք»: ԲՀԿ-ի դեպքում լռությունը, ինչպես ասվում է, ոչ թե ոսկի է, այլ նվազագույնը՝ խոհեմություն: Այդ նույն հարցազրույցում Նաիրա Զոհրաբյանն արդարացնում էր իր կուսակից գործընկերներին, որոնք սպառնալիքների ու վախի պատճառով 2018 թվականի ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանին նստեցրեցին ՀՀ վարչապետի աթոռին: Փաստորեն, քաղաքական «դիակները» որոշել են, գյումրեցու ասածի նման, «խուրդել» ազգի ճակատագիրը սեփական բարեբախտության համար:

 

Դեմոբիլիզացվածների մոդեռնիզացիա

Թավշյա հեղափոխությունից հետո զրոյացված ու անցյալի դարակներում փոշոտված մի քանի քաղաքական ուժեր, անհատներ ձգտում են «ռեվերս» լինել: Այդպիսով, քաղաքական այդ միավորումներն ակամայից արժեվորում են Նիկոլ Փաշինյանի՝ սերժապետության կազմաքանդման գործը:

Ռոբերտ Քոչարյանը, ով ժամանակին իր հարցազրույցներից մեկում քաղաքականություն չվերադառնալը պայմանավորել էր երկու ղարաբաղցիների միջև անընդունելի պայքարով և այն իրողությամբ, որ «քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առևտրի», այժմ, ըստ երևույթին, այդպես չի գտնում: Միևնույն ժամանակ, սուր քննադատության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին: Ստացվում է՝ տվյալ քաղաքական գործչին չի ընդունում, բայց նրա քաղաքական «արգասիքներից»՝ հեղափոխական Հայաստանի նոր մթնոլորտից հաճույքով օգտվում է: Հանրապետության երկրորդ նախագահն այսօր փորձում է իր համար «տեղ բացել» քաղաքական դաշտում ՝ իր վրա վերցնելով «սևագործ բանվորի» դերը: Նա պատրաստ է համագործակցել նույնիսկ իր համար նախկինում անընդունելի ուժերի հետ: Իր հարցազրույցներում գոնե նա չի փորձում հերքել կամ մերժել հնարավոր այդ համագործակցության հեռանկարները: Իրեն հեռատես, խորագետ պատկերացնող այս քաղաքական գործիչը չի ընդունում, սակայն, որ իրականում իր ամենամեծ սխալը՝ Սերժ Սարգսյանին իշխանությունը ժառանգելն էր:

«Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված իր հարցազրույցում Ռ. Քոչարյանն ասել էր. «Հետնորդ ընտրելիս՝ ես նախ և առաջ մտածում էի, թե ով կարող է հնարավորինս արդյունավետ լուծել անվտանգային հարցերը: Սերժ Սարգսյանի անցած ուղին ինձ հուշում էր, որ հնարավոր հավակնորդներից հենց նա է ամենապատրաստվածը՝ դրանք լուծելու համար: Անվտանգության հարցն ինձ համար գերիշխող էր, և այդ համատեքստում Սերժ Սարգսյանը մրցակցությունից դուրս էր»:

Փաստորեն, Քոչարյանի քաղաքական հեռատեսություն ու կադրեր ընտրելու ունակությունը փոշիացված է եղել: Անցնող բոլոր տարիներին անխնա քննդատելով Սերժ Սարգսյանի տնտեսական քաղաքականությունը, նա քար լռություն պահպանեց ապրիլյան պատերազմից հետո: Չմոռանանք, որ հայկական կողմն այդ օրերին կորցրեց 100-ից ավելի երիտասարդ զինվորների և 800 հեկտար տարածք:

Քոչարյանի «անվտանգային» հետնորդի կառավարման տարիներին սահմանային լարվածությունն առավել թեժերից էր, զոհերի թիվը՝ ամեն օր աճող: Այդ նույն հետնորդի օրոք Հայաստանի բնակչության թիվը նվազեց 3 մլն-ից, իսկ պետական պարտքը մոտեցավ 7 մլրդ դոլարի: Այսքանից հետո Քոչարյանը չի ցանկանում լայնաբերան քննադատել Սերժ Սարգսյանի կառավարման տարիները: Իսկ ՀՀԿ-ն իր սիրասուն պաշտպանության տակ է վերցնում երբեմնի քաղաքական ախոյանին: Քոչարյանի «մրցակցությունից դուրս» քաղաքական ժառանգորդ Սերժ Սարգսյանը մեծագույն պատրաստակամություն էր դրսևորել հայկական 7 ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու հարցում: 17.11.2016 թվականին՝ «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության հետ հարցազրույցում Ս. Սարգսյանը նշել էր. «Մենք մի քանի անգամ մոտ ենք եղել այն փաստաթղթի ստորագրմանը, համաձայն որի, հայկական կողմերը՝ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը, թողնում են այն տարածքները, որոնք այժմ զբաղեցրած են ՝որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիները ասում են, որ օկուպացված են: Այդ 7 շրջանները մենք թողնում ենք, գնում ենք: 2011 թվականին բոլորը, ոնց որ թե, համարում էին, որ պատրաստ են այդ փաստաթղթի ստորագրմանը: Բայց, ցավոք, Ադրբեջանը Կազանում հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը»: Հարցազրույցավարի ճշտող հարցին, թե՝ «հանդիպել էիք, որ ստորագրեի՞ք», Սերժ Սարգսյանը երեք անգամ կրկնեց. «Այո, այո, այո»:

Ստացվում է տխուր զավեշտ: Ազատագրված 7 տարածքների վերադարձի փոխանցումը Ադրբեջանին կարող էր իրականություն դառնալ Ռոբերտ Քոչարյանի պատկերացրած «ամենապատրաստված» քաղաքական ժառանգորդի համաձայնությամբ: Եվ այս մարդիկ այժմ քաղաքական ճաշակներ, նկրտումներ ունեն, փորձում են համոզել, որ իրենց վերադարձի քաղաքական հայտի հիմքում երկրի անվտանգության ու տարածաշրջանում առկա վտանգների գործոններն են: Ռոբերտ Քոչարյանը 19.09. 2018 թվականին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում, չթաքցնելով քաղաքական իր ձգտումները, հայտարարել է, որ «կցանկանար, որ իրեն դիմեն «պարոն նախագահ», ոչ թե «պարոն վարչապետ» արտահայտությամբ, քանի որ առաջինն ավելի հնչեղ է»: Սա էլ քաղաքական «հեթանոս հայրերի» ցինիզմ է, որը պետք է պատժվեր սկզբում տնտեսական հանցագործությունների, երկիրը «վասալացնելու», հետո նոր Մարտի 1-ի համար:

Հայաստանում բարոյական պոռթկումներն արագ սպառվող «արտադրանքի են» նմանվում: Եվ ուրեմն, որպեսզի բարելավվի երկրի ներքաղաքական, բարոյահոգեբանական մթնոլորտը, երկիրը չխփվի պատից պատ՝ այժմյան անհասկանալի շատ դրսևորումներով, անհրաժեշտ են կտրուկ գործողություններ, հանրահավաքային ելույթներից անցնել գործի: Այլապես չենք խուսափի ամերիկացի քաղաքագետ Դենիյել Թրեյսմանի նկարագրած «Ժողովրդավարացման սխալներից»՝ վերահսկողության և գերվստահության էֆեկտի պատրանքի դրսևորումներից:

ԼԻԼԻԹ ԱՂԵԿՅԱՆ

print
1,042