Քաղաքը նաեւ շատրվաններով է գեղեցկանում ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Քաղաքը նաեւ շատրվաններով է գեղեցկանում

«Ջուղայի խաչքարերի» պուրակի շատրվանը մինչեւ 2012թ. հոկտեմբերը
«Ջուղայի խաչքարերի» պուրակի շատրվանն այժմ
Անտառավան թաղամասի շատրվանը մինչ երկրաշարժը
Անտառավան թաղամասի շատրվանն այժմ
Գյումրեցի Գառնիկ Գասպարյանը հիշում է շատրվանի բացման արարողությունն ու հայտնի հյուրերին: Հիշում է նաև, թե ինչպես է իր հասակակիցների հետ անհամբերությամբ սպասել շատրվանի գործարկմանը

Գյումրու Վարդանանց հրապարակի հարևանությամբ՝ «Ջուղայի խաչքարերի» պուրակում գտնվող շատրվանը դադարել է գործել 2012 թվականի հոկտեմբերից: Եվ արդեն 5 տարի է քաղաքային բյուջեում այն նորոգելու համար գումարներ չեն գտնվում:

«Ջուղայի խաչքարերի» պուրակի շատրվանների մասով կա ջրի մեծ քանակությամբ կորուստ՝ անհայտ ուղղությամբ: Դրա հայտնաբերման համար անհրաժեշտ է մեծ ծավալի աշխատանքներ: Բացի այդ՝ հին ջրագիծն անջատված է, իսկ նորը դեռ չի անցկացվել»,- «Շրջապատին» փոխանցեց քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը:

Այս տարի ևս համայնքը ֆինանսական հնարավորություն չի ունենա շատրվանը նորոգելու համար, մինչդեռ 2014 թվականի հունիսի 12-ին Վարդանանց հրապարակի շատրվանը երգող-պարող և գունավոր դարձնելու համար համայնքի բյուջեից  հատկացվել էր 40 միլիոն դրամ:

Ոչ պակաս նախանձելի է Անտառավան թաղամասի շատրվանը՝ «Ֆանտաններ» անունով: Հսկա շատրվանն անմխիթար վիճակում դեռ երկար է մնալու, քանի որ քաղաքային իշխանություններն այն վերանորոգելու համար առայժմ ոչ մի քայլեր չեն ձեռնարկում: Պատճառը՝ կրկին ֆինանսների բացակայությունն է: «Անտառավան թաղամասի շատրվանների արտաքին տեսքը որոշ չափով պահպանվել է, սակայն գործարկելու համար անհրաժեշտ են մեծ հզորությամբ շարժիչներ, որոնք բավական թանկ են: Այս պահի դրությամբ համայնքը միջոցներ չունի շատրվանը վերանորոգելու համար»,- ասաց Սոնա Առաքելյանը:

Գյումրեցի Գառնիկ Գասպարյանը հիշում է շատրվանի բացման արարողությունն ու հայտնի հյուրերին: Հիշում է նաև, թե ինչպես է իր հասակակիցների հետ անհամբերությամբ սպասել շատրվանի գործարկմանը: «Ես ծնվել ու մեծացել եմ այս տարածքում: Մինչ երկրաշարժը մեր շենքն այս շատրվանի կողքին էր: Շատ լավ եմ հիշում՝ այդ օրը ծնողներիս հետ հատուկ պատրաստվում էինք, որ ներկա գտնվեինք բացման արարողությանը: Անվանի մարդիկ էին եկել բացմանը՝ Կարեն Դեմիրճյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը, ու էլի շատերը… Բոլորը ուրախ էին, Գյումրիում նմանը չկար, հրաշք էր: Երեկոյան ժամերին տարածքը մարդաշատ էր, մարդիկ գալիս էին հաճելի երեկո անցկացնելու: Հիմա ավերակների է վերածվել, գողացան, թալանեցին… Չորս կողմն ավերակ է, զիբիլ, ոչ մեկն էլ ուշադրություն չի դարձնում, չեն էլ հիշում, որ նման շատրվան է եղել ու կա: Ամոթ է, գոնե եղածը պահեին, գեղեցիկը պահեին, բայց չէ՝ մեր ղեկավարները սովոր են քանդելուն»,- ասաց Գառնիկ Գասպարյանը:

Շատրվանի տարածքը երկրաշարժից հետո շրջապատվել է ժամանակավոր կացարաններով: Տնակների մի մասը քանդել են՝ շինարարական աղբը թողնելով տեղում: Բացի այդ, տարածքը լցված է կենցաղային աղբով, ու այժմ նախկին հաճելի և գեղեցիկ շատրվանից ոչինչ չի մնացել՝ միայն ժանգոտված կոնստրուկցիաները:

ԷԼԻԶԱ ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆ

print

1,091