«Օնոյի բուդկեն» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Օնոյի բուդկեն»

Մի զարմացեք, Գյումրիից է ելել ամենափոքր տարածքը տիրոջ անունով կոչելը: «Օնոյի բուդկեն» պատմական է, գոնե էնքան հին, ինչքան ես եմ ու էնքան արժեքավոր, ինչքան իմ հիշողությունը: Անվանի գյումրեցիներ Տարախչյանների մի կտոր ծվար է իմ աչքի առաջ, որը պապական ոսկերիչների փոքրիկ շառավիղն է: Էդ փոքր տարածքը մեծ առանձգականություն ունի, լցվում էին ու լցվում քաղքի լավ տղերքը, էդ ո՞նց էին տեղավորվում…

… Հիշեցի, Մարալիկում էի աշխատում, սպասում էի փոքրամարմին արտիստների՝ «լիլիպուտների», մեկ էլ մի կամազ մեքենա եկավ, վարորդը իջավ, կաբինան բացեց ու էդ տեղից տասնութ լիլիպուտ աղջիկ ու տղա իջեցրեց: Սա իմիջայլոց: «Օնոյի բուդկեն» էդպիսին էր:
Այ քեզ բախտ… Երկրաշարժը շատերի նման խեղեց Օնոյի ճակատագիրը, զոհվեց գեղեցկադեմ կինը (Օնոյից տարիքով բավականին փոքր էր), մնաց Օնոն՝ իր զույգ տղաների և իր փոքրիկ բուդկայի հետ:

Էլի, այ քեզ բախտ… Որտեղից որտեղ հայտնվեցին նոր մարդիկ, գլխատեցին «Օնոյի բուդկի» շարունակության բոլոր կանաչ, ջահել ծառերը, երկրաշարժի զոհերին նվիրված բարդին և մեր տան դիմաց վեր խոյացավ բավականին գեղեցիկ եռահարկ մի շինություն՝ «սեփական տուն», իհարկե, հին սեփական տները քանդելու հաշվին: Բայց շենքի քարերի գույնը Գյումրվա սև ու կարմիրը չէր, այլ տանտերերի նման բաց գույնի էր:

«Օնոյի բուդկեն» կպած էր շենքին, տարածքը սեփականաշնորհված էր: Մուր ու լեղի կերան՝ չկարողացան բուդկեն շարժել, ստիպված դրսից շենքի գույնին ներկեցին: Ներսը թողին Աշոտին՝ Օնոյի որդուն (Օնոն արդեն չկար)՝ պապական հոր գործը շարունակող, շնորհքով, իր արհեստով օրվա հացը վաստակող Օնոյի որդուն, որը մեղվի նման նույն քաղցրությամբ էլի հավաքում է լավ տղերքին, նաև հոր ընկերներին, և այդ մոդեռն շենքի կողքին իր հին ու արժեքավոր հիշողություններով ապրում է«Օնոյի բուդկեն»: Իսկ Աշոտը այդ թանկ հիշողությունները հավերժացնելու համար բուդկի դիմաց ծիրանի ծառ է տնկել և որդիական սիրով ջրում ու խնամում է ծառը: Իմ աչքի առաջ մեծանում է ծիրանենին, ես էլ եմ սիրում նրան, ինձ համար էլ է շատ կարևոր ու սիրելի «Օնոյի բուդկեն»:

ՀԱՍՄԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

print
12,528