Օտարին՝ որդի, ծնողի հետ՝ զինվոր... ⋆ «Շրջապատ»
ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Օտարին՝ որդի, ծնողի հետ՝ զինվոր…

Դիրքերից եկել էինք տուն՝ հերթափոխի պատրաստվելու: Շտաբում քննարկում էինք հնարավոր գործողութունների սխեման: Մեկ էլ խաբար եկավ, թե Գյումրիի երկաթ գծի կայարանում կասկածելի ինչ-որ մեկը կա՝ հնարավոր է թուրք է:

Գնացինք… Ու ինչ տեսնենք. մի անչափահաս տղա, մոտ 13-14 տարեկան, նորմալ ֆիզիկական տվյալներով, խուսափողական շարժ ու ձևով ման է գալիս: Մոտեցանք, հարց տվեցինք: Չպատասխանեց: Մի պահ լռություն տիրեց, մեկ էլ փորձեց փախչել: Ո՞ւր պիտի փախչեր, ոտքի տակը խփեցին, ընկավ: Վեր կացավ, սկսեց լացել, ու անհասկանալի լեզվով խոսել: Հաստատ թուրքերեն չէր, ոչ էլ ադրբեջաներեն էր: Մի քիչ որ հանդարտվեց, բառերը պարզ արտահայտեց, զգացինք, որ վրացի է… Մի խոսքով, սրան տարանք մեր շտաբ, կանչեցինք մեր տղեքից մեկին, որը լավ վրացերեն գիտեր: Մի քիչ զրուցելուց հետո պարզվեց, որ Վրաստանի Թիֆլիսի մոտակա մանկատներից մեկի որբ երեխաներից էր: Ինչևէ, ամեն բան ճշտելուց հետո, այս երեխային մեր տղեքից մեկը՝ Բուդուլայը, որդեգրեց, անունը մնաց Բիջո:

Մոտ մեկ տարվա ընթացքում Բիջոն հայերեն ահագին սովորեց, ու մի օր որոշեց, որ հետներս գալու է դիրքեր, կռիվ: Մենք համաձայնություն տվեցինք: Բիջոն պատվով իր պարտականութունը կատարեց թե՛ հետախուզական, թե՛ ընդհանուր գործողութունների մեջ:

Տարիներ անց, ապրուստի հարցերը չկարողանալով լուծել, գնացին ՌԴ, այնտեղ էլ բախտերը չբերեց, վերադարձան: Որոշ ժամանակ անց Բիջոն հիվանդացավ ու, բժշկական միջնորդություն չստանալով, մահացավ… Բուդուլայն էլ հետո դարդից մահացավ (ես հետո իմացա):

Տխուր պատմություն է, բայց միտքն այն էր, որ 15 տարեկան տղան էլ կարող է ժամանակի ընթացքում հոգեբանորեն պատրաստ լինի կռվին, կռվի ու հերոսանա…

ՍԵՐԻԿ ՏՈՆՈՅԱՆ

print
507