Օրերից մի օր կդառնա զբոսանքի ու ժամանցի վայր ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Օրերից մի օր կդառնա զբոսանքի ու ժամանցի վայր

Գյումրու քաղաքապետարանի կանաչ տարածքների վերականգնման քաղաքաշինական ծրագրերում պարբերաբար ընդգրկվում են նաև ներդրումների ներգրավմամբ պայմանավորված նախագծեր: Դրանցից մեկը Բուլվարային թաղամասի պուրակում իրականացվող ծրագիրն էր` ի նշան հայ և ռուս ժողովուրդների բարեկամության: Այն մեկնարկել էր դեռևս 2013 թվականին:

Նախաձեռնությունը պատկանում էր Կուրսկի նահանգի հայ համայնքի ղեկավար Ալեքսան Կոշտոյանին և նրա որդիներին: Քաղաքապետարանը ստանձնել էր համաներդրողի պարտավորությունները: Կառուցվեց պուրակի կամարակապ մուտքը, որի ճարտարապետը Սուրեն Կուրազյանն է:

Թաղամասի բնակիչներն այն ժամանակ գոհունակություն հայտնելով պուրակին պատշաճ տեսք տալու նախաձեռնությանը, և առանձնակի օրհնանք տալով Կոշտոյանների ընտանիքին, միաժամանակ ակնկալում էին, որ չեն ուշանալու նաև հետագա բարեկարգման աշխատանքները: Չէ՞ որ արվածը միայն այգու մուտքն էր ներառել: Քաղաքապետարանը նախատեսել էր, որ այստեղ պետք է սպասարկման օբյեկտներ, խաղահրապարակներ լինեին: Մի խոսքով, զբոսանքի և ժամանցի լիարժեք վայր էր լինելու:

2015 թվականին մոռացված Բուլվարային թաղամասի բնակչությունը ցնծության մեջ էր: Պուրակի շքամուտքի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար մի պատկառելի պատվիրակություն ժամանեց Կուրսկից: Այդ օրն իսկական տոն էր բուլվարցիների համար: Պատվելի հյուրերն ու իշխանությունների ներկայացուցիչներն էին այստեղ: Մի խոսքով, զմայլված էին կառուցվող պուրակի տեսքից: Թաղամասի բնակիչներից, թերևս, ոչ ոք չէր կասկածում, որ պուրակի մնացած հատվածի բարեկարգման նկատմամբ էլ արժանի ուշադրություն հանդես կբերվի:

Հաղթականորեն այգու մուտքի մոտ վեր բարձրացող կամարի ճարտարապետ Սուրեն Կուրազյանը պատմում է, որ սկզբում Կուրսկի մեր հայրենակիցներն ասել էին, որ իբրև հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ, իրենք պուրակի մուտքի մոտ կուզենային տեսնել Կուրսկում վաղուց կանգնեցված զորավար Ժուկովի արձանի նմանակը: «Ստիպված էի մեր հայրենակիցներին համոզել, որ դա կոնկրետ այս պուրակի համար լավագույն լուծումը չի կարող լինել,- պատմում է ճարտարապետը,- դե, իսկ հետո ես իմ` կամարակապ մուտք ունենալու տարբերակն առաջարկեցի, որին էլ նրանք իրենց համաձայնությունը տվեցին»:

Թաղամասի բնակիչները, այսօր էլ երախտագիտությամբ են հիշում Ալեքսան Կոշտոյանին, նրա որդիներին, ովքեր կամարի կառուցման ընթացքում հասցրել էին այցելել Գյումրի: Նրանց հետ շփվելիս թաղամասի բնակիչները հաճելի տպավորություն էին ստացել: Այնուհետև իմացել էին, որ, ցավոք, Ալեքսան Կոշտոյանն անժամանակ մահացել է: Օրեր առաջ բնակիչների զրույցներից հաջողվեց իմանալ, որ մոտ մեկուկես ամիս առաջ իրենց թաղ է այցելել վերջինիս այրին՝ շատ բարեհամբույր կին, անմիջականորեն զրուցել էր նրանց հետ:

Դարձյալ պարզ չէր մեկ բան ևս, թաղում մեծ հարգանք վայելող Կուրսկի մեր հայրենակցի այրին այստեղ գալով ակնկալե՞լ էր արդյոք պուրակը տեսնել նկատելի փոփոխություններով, թե՞ ոչ, սակայն ակնհայտ է, որ եթե անգամ տեսել է այդպիսիք, դրանք աննշան են եղել: Բայց պետք է նկատի առնել, որ մյուս մասն էլ կարելի է զբոսանքի վայր անվանել` մի փոքր վերապահումով, որովհետև այստեղ երբեմն գերադասում են զբոսնել կովերը: Ինչպես Հնդկաստանում են ասում՝ կովերը մեր բարեկամներն են, այնպես որ նրանց միանգամայն թույլատրելի է օգտվել պուրակից, որպես նաև` ինչպես արոտավայրից:

Մի խոսքով, նախագծի իրականացումը կյանքի կոչելուց հետո պուրակը զբոսանքի և ժամանցի վայր էր լինելու: Այստեղ մի քանի նստարաններ են ավելացել և փոքրիկ խաղահրապարակ է կառուցվել: Հա, չմոռանանք ի պատիվ քաղաքային իշխանությունների նշել, որ տեղադրվել են Հրանտ Դինքի հուշակոթողն ու ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակն հավերժացնող խաչքար: Լուսավորությունն էլ, որ ոչ պակաս հանգամանք պետք է դիտել, առկա է, ու երեկոյան բնակիչների խաղաղ անդորրին հետևելով, կասես, որ նրանք այժմ, թերևս, այսքանով էլ են բավարարված:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print

1,558