Ֆուտբոլը` մեծածախ եւ մանրածախ գներով ⋆ «Շրջապատ»
ՍՊՈՐՏ

Ֆուտբոլը` մեծածախ եւ մանրածախ գներով

Կարծիք կա, որ ֆուտբոլում ամենածախված անձինք համարվում են մրցավարները: Ֆուտբոլն,. իրոք, աղտոտված է, սակայն ակումբների մարզիչներն ու ադմինիստրատորները, ում համար պայմանավորված խաղերը հասարակ բան են, իրավունք չունեն մեղադրել միայն մրցավարներին: Մի անգամ թիմերի ներկայացուցիչներին խնդրեցին պատասխանել երկու հարցի. 1) մեր ֆուտբոլում կա՞ն պայմանավորված խաղեր, 2) ձեր թիմը մասնակցո՞ւմ է նման խաղերի: Առաջին հարցին բոլորը պատասխանեցին «այո», երկրորդին` միաձայն «ոչ»:

Մրցավարները շատ անգամ հայտնվում են մուրճի ու զնդանի արանքում. սպառնալիքներ, ճնշումներ… Օրինակները շատ են: 1993թ. Բուտենկոն պետք է սպասարկեր Դուշանբեում կայանալիք խաղերից մեկը: Մրցավարական բրիգադը մեքենայով գնում է խանութ: Հանկարծ նրանց մի մեքենա է շրջանցում, կանգնեցնում ու Բուտենկոյին տանում իրենց մոտ: Բանդիտներից մեկը հանում է ատրճանակը. «Եթե այսօր մերոնք պարտվեն, դուք այստեղից կենդանի չեք գնա»: Երբ Բուտենկոն վերադառնում է գործընկերների մոտ, հետևից կրակոց է լսվում: Ուրիշ օրինակ. նույն թվականին Մոսկվայի «Դինամոն» գավաթային խաղ էր անցկացնում Կոլոմնայում: Հանդիպումից առաջ մրցավար Ռուցկոյը ստանում է երկտող. «Դիակդ կգտնեն գետի մեջ»: 1990թ. երիտասարդ մրցավարներից մեկը «սև թուղթ» է ստանում. «Դուստրդ սովորում է այսինչ դպրոցում, կինդ աշխատում է այսինչ հիմնարկում, եթե մեր թիմը չհաղթի` հարազատներիդ այլևս չես տեսնի»:

Ու այդ սպառնալիքները դատարկ խոսքեր չէին: Փաստերը շատ են. ծեծել են Խուսաինովին, Բեզուբյակին, մյուսներին: Ադրբեջանի Ղազախում մրցավարներին հաճախ են դնգստում: Մի անգամ, երբ ծեծի ենթարկված մրցավարներից մեկը դիմեց տեղական իշխանություններին, նրան պատասխանեցին. «Ոչինչ, սա սովորական բան է, մենք տուժածներին վճարում ենք 10 հազար ռուբլի (80-ականների դեպք)»: Մրցավարն ասում է. «Դուք սովորականներին եք այդքան վճարում, ես համամիութենական կարգի մրցավար եմ, տվեք 15 հազար»: Տվեցին:

Պատմեմ 60-ականներին Հայաստանում տեղի ունեցած մի դեպք. Տիխոնովը Ղափանում խաղ էր վարում: Տանտերերը գոլ խփեցին, բայց եզրային մրցավարը ցույց տվեց խաղից դուրս վիճակ: Հանկարծ խաղադաշտում հայտնվեց մի երկրպագու ու դաշույնը կոկորդին դեմ տալով, պահանջեց. «Թափահարիր դրոշակը, գլխավորին ասա, որ սխալվել ես»: Ստիպված գոլը հաշվեցին: Կատարվածի մասին զեկուցեցին Մոսկվա: Հայկական թիմը հանվեց առաջնությունից: Բայց, ասում են, Անաստաս Միկոյանի ջանքերով գործը հարթեցին:

Հերոսամարտիկները

1962 թվականին ես, Բոսիխը և Կազակովը վարում էինք «Սպարտակ» (Երևան) — «Զենիթ» (Լենինգրադ) խաղը: Հյուրերի առաջին գոլը սկանդալային ստացվեց. 18-րդ րոպեն էր, Բոսիխը ցույց է տալիս «խաղից դուրս» վիճակ, Կազակովը չի կանգնեցնում հանդիպումը, քանի որ հայերի պաշտպանը խլել էր գնդակն ու ուղարկել առաջ: Սակայն գնդակն անցնում է հյուրերին, նրանք արագ հակագրոհում են ու Դուբրովսկին գոլ է խփում` 1-0: Բոլորը գոռում են. «Ինչո՞ւ չկանգնեցրեցիր»: Սկսվում է իրարանցում: Մի քանի րոպե անց` հարված «Զենիթի» դարպասին. գնդակը շեղ է սլանում, բայց դիպչում է պաշտպանի ձեռքին: Կազակովը ցույց է տալիս, որ պետք է շարունակել: Նորից հայհոյանքներ, իրարանցում: Հետո երևանցիներից մեկն իմ եզրում ձեռքով խաղաց, ես բարձրացրեցի դրոշակը և հաջորդ վայրկյանին հարված ստացա ծոծրակիս` տրիբունայից նետած շիշը ճիշտ «թիրախին» էր հասել: «Զենիթը» հաղթեց 2-0: Խաղից հետո մենք 4 ժամ թաքնվել էինք մի սենյակում, նույնիսկ վախենում էինք պատուհանին մոտենալ: Դրսում կատաղած ամբոխը մեքենաներ էր այրում, լսվում էին կրակոցներ: Հետո իմացանք, որ «Զենիթի» ղեկավարները հեռագիր էին ուղարկել Մոսկվա. «Մրցավարական բրիգադը դրսևորեց հերոսություն ու արիություն»:

Լոբանովսկու կատարելագործումներն ու անկաշառ «Սպարտակը»

Պայմանավորված խաղեր միշտ էլ եղել են, իսկ Լոբանովսկին կատարելագործել է: 1968թ. Սոչիում մրցավարների համամիութենական հավաք էր: Սաունայում ուկրաինացի մարզիչների հետ էինք: Ուտել-խմելուց հետո նրանցից մեկը մի գաղտնիք բացեց. պարզվում է, մարզիչների փակ ժողովում որոշվել է, որ ուկրաինական բոլոր թիմերը պարտավորվում են Կիևում պարտություն կրել, իսկ սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղալ «Դինամոյի» հետ:

Ի տարբերություն մյուսների` Լոբանովսկին, ազնվորեն խոստովանում էր նման խաղերի առկայության մասին, նույնիսկ ղեկավարության ներկայությամբ չէր վախենում բողոքել. «Ինչո՞ւ շախմատիստները կարող են 12-րդ քայլին ոչ-ոքիի համաձայնվել, իսկ ֆուտբոլիստներն այդ իրավունքը չունեն, եթե նույնիսկ երկու կողմերին էլ դա ձեռնտու է»: Ճիշտ է, նա ավելի շատ էր բողոքում «Դնեպրի» մարզիչ եղած ժամանակ:

Իսկ ահա «Սպարտակի» մարզիչ Բեսկովը, ոչ էլ թիմի պետը` Ստարոստինը, երբեք մութ գործերով չէին զբաղվում: Բայց նրանք ունեին ազդեցիկ շրջապատ: Ինչ խոսք, երբ 1977թ. «Սպարտակը» վերադարձավ բարձրագույն խումբ, նրան քաշում էին դեպի վերև… Պատկերացրեք, այդ մրցաշրջանի ընթացքում թիմը 13 անգամ 11-մետրանոցի իրավունք ստացավ:

Ինչպես դատեցիր, այնպես էլ ուղեւորվիր

Կան մրցավարներին կաշառելու տարբեր տեխնոլոգիաներ: Հիմնականում, մոտենում է թիմի ադմինիստրատորն ու փող առաջարկում: Մեր ժամանակ գումարներն ավելի համեստ էին, քան հիմա: Լինում էին դեպքեր, երբ խաղացողներից 5-10 ռուբլի էին հավաքում մրցավարների համար: Կար նաև կաշառքի լեգալ ձև: Օրինակ, ըստ մրցակարգի, տանտերերը պարտավոր էին գնել մրցավարների հետադարձ տոմսերը: Սակայն հաճախ տոմսի փողը չէին վերցնում` թողնում էին մրցավաին: Բայց մի դեպք եմ հիշում: Դատում էի Սուխումիում: Տեղի դինամոյականները չկարողացան հաղթել: Խաղից հետո օգնականիս հետ որոշեցինք ուղևորվել ծովով: Ադմինիստրատորը բերեց տոմսերը. իմը` կայուտայում էր, իսկ ընկերոջինս` տախտակամածի վրա, ու ասաց. «Ով ինչպես դատել է, համապատասխան ստացել է»:

Մեր ժամանակ թիմերը ստանում էին սննդի կտրոններ, որոնցից հատկացնում էին նաև մրցավարներին: Հետզհետե ավանդույթ դարձավ ճաշկերույթներ կազմակերպելը, հատկապես` հարավային հանրապետություններում: Դա ձեռնտու էր հաշիվը փակող ադմինիստրատորին` ինչ-որ բան մնում էր նաև իրեն: Վլադիմիր քաղաքում հետաքրքրաշարժ մի դեպք տեղի ունեցավ: Երիտասարդ մրցավար Տուրլիգինին առաջարկում են ճաշել: Հրաժարվում է: Հրավիրում են ընթրիքի: Նորից հրաժարվում է: Տեղացիները ընկնում են տարակուսանքի մեջ: Զանգահարում են Մոսկվա. «Էս ո՞ւմ եք ուղարկել, նույնիսկ հաց չի ուզում ուտել մեզ հետ»: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով, և թիմի ղեկավարներից մեկն ասաց. «Էդ ջահելը սոված մնաց, իսկ մենք` առանց միավորի»:

Օտարը դարպասում

1967թ. մի աղմկոտ գործ բացվեց: Կիևի ԲՄԱ-ի դարպասապահ Գուրբիչը 7000 ռուբլի էր վերցրել Կարագանդայի «Շախտյորի» օգտին «սխալվելու» համար: Ինքնաթիռում այդ գումարը գողանում են: Գուրբիչն աղմուկ է բարձրացնում: Մարզչի այն հարցին, թե որտեղի՞ց այդքան մեծ գումար, դարպասապահը չի կարողանում խելքը գլխին բացատրություն տալ: Ի վերջո, ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս, բայց կաշառակերին միայն հեռացնում են թիմից, նաև` բանակից, ու գործը փակում են: Օրեր անց ամբողջ երկիրն իմանում է, որ խորհրդային ֆուտբոլը կոռումպացված է. «Պրավդա» թերթը տպագրում է ֆելիետոն`«Օտարը դարպասում» վերնագրով: Հիմա, երբ ֆուտբոլը վերածվել է բիզնեսի, հաղթանակի գինն ավելի է բարձրացել, և կաշառքի չափը շատ դեպքերում հասնում է մինչև կես միլիոն դոլարի:

print
970