Ֆուտբոլի աշխարհի առաջնություն-2018. բլից-հարցեր, կանխատեսումներ ⋆ «Շրջապատ»
ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն-2018. բլից-հարցեր, կանխատեսումներ

ՀԱՐՑԵՐ

Ֆուտբոլ սիրո՞ւմ եք:

Ո՞ր հավաքականը կդառնա չեմպիոն:

 

ԿԱՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Շիրակի մարզպետ

«Ֆուտբոլ շատ եմ սիրում: Միշտ երկրպագել եմ Արգենտինայի հավաքականին: Ներկայում ժամանակս չի բավարարում, բայց սիրելի հավաքականի խաղը դիտելը բաց չթողեցի… Սակայն Խորվաթիայի հավաքականից կրած պարտությունը ցավով ընդունեցի: Այս պահի դրությամբ Արգենտինան դարձյալ շանս ունի… Մի խոսքով, մնալով հավատարիմ իմ երկրպագած հավաքականին, կուզենամ, որ Արգենտինան դառնա չեմպիոն»:

 

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ Գյուղատնտեսության նախարար

«Միշտ եմ սիրել ֆուտբոլ, ու միշտ հետաքրքրվել եմ: Արգենտինան և Ուրուգվայն իմ սիրած հավաքականներն են, սակայն Արգենտինայի՝ Խորվաթիայի հետ խաղն ինձ շատ տխրեցրեց»:

 

ԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀՀ վարչապետի օգնական

«Երկրպագում եմ Ֆրանսիայի հավաքականին։ Հուսով եմ՝ Ֆրանսիայի հավաքականն էլ կդառնա չեմպիոն»:

 

ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր

«Մեր ընտանիքը սպորտային է: Ինչպես գիտեք, որդիս ֆուտբոլիստ է, բայց քանի որ ամեն սպորտաձև մյուսին վերևից է նայում, ես էլ ֆուտբոլը սիրում եմ այնքանով, որքանով ֆուտբոլիստը կարող է սիրել ըմբշամարտը… Ֆուտբոլը մասսայական սպորտաձև է, լավ խաղերը նայում եմ, այդքանով եմ սիրում, բայց վերլուծել դիտածս խաղը, կարող եմ: Եվրոպական թիմերն ավելի շուտ արագ, կարգապահական ու տեխնիկական ֆուտբոլ են խաղում, իսկ լատինաամերիկյաններն՝ ավելի դիտարժան ու գրավիչ: Այդուամենայնիվ, ես կնախընտրեի Գերմանիայի հավաքականը. կարգապահություն, տեխնիկա»:

 

ՎԱՐԱԳ ՍԻՍԵՌՅԱՆ

ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար

«Այո, ֆուտբոլ անչափ սիրում եմ: Դեռևս 1995 թվականից երկրպագել եմ Ֆրանսիայի հավաքականին ու, բնականաբար, կանխատեսում եմ, որ Ֆրանսիան կհաղթի եզրափակչում»:

 

ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Գյումրու քաղաքապետ

«Հետևում եմ աշխարհի առաջնությանը, շատ եմ հավանում Իսպանիայի խաղին. գեղեցիկ խաղ է ցուցադրում: Կանխատեսում եմ՝ կամ Իսպանիան կդառնա չեմպիոն, կամ՝ Ֆրանսիան»:




ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆ

ԱՄՆի Գլենդել քաղաքի քաղաքապետ

Ֆուտբոլ սիրում եմ, խաղացել եմ փոքր ժամանակ: Այս առաջնությանը ժամանակի սղության պատճառով չեմ կարողացել հետևել: Հերթական անգամ ցավում եմ, որ ՀՀ հավաքականը դարձյալ առաջնության չհասավ, եթե մեր հավաքականը լիներ, իհարկե, անկախ ամեն ինչից, մերոնց հաղթանակը կկանխատեսեի, բայց, քանի որ չկան, Բրազիլիան է իմ կանխատեսմամբ այս առաջնության չեմպիոնը:

 

ԱՐՄԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն

«Փոքր տարիքում ֆուտբոլ շատ եմ սիրել, բակային խաղերին միշտ մասնակցել եմ, այնքան հետաքրքիր էր այդ ժամանակ. թիմեր էինք կազմում, թաղը թաղի, մայլեն մայլի դեմ պայքարում, բավական աշխույժ էր: «Արարատի» խաղերին հետևելը իսկական տոն էր մեզ համար: Հիմա, երևի աշխատանքի ու զբաղվածության պատճառով չեմ հասցնում հետևել բոլոր խաղերին, սակայն, երբ առիթը լինում է, հաճույքով դիտում եմ: Բացի այդ, ինչ «Վիվառո», «Տոտո»» մեջտեղ ելան, ոնց որ վանեցին ֆուտբոլից… Բրազիլիային շատ եմ սիրում, կանխատեսում եմ՝ չեմպիոն կդառնա կամ Բրազիլիան, կամ Գերմանիան»:

 

ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

«Ֆուտբոլ սիրում եմ, այսպես ասած, սիրողական մակարդակով, եթե լավ ու հետաքրքիր խաղ է լինում, հաճույքով եմ դիտում: Կարծում եմ, Իսպանիան կդառնա չեմպիոն»:

 

ՏԻԳՐԱՆ ՎԻՐԱԲՅԱՆ

Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն

«Այո, ֆուտբոլ շատ եմ սիրում, նույնիսկ, երբ առիթ է հանդիսանում՝ խաղում եմ: Բնականաբար, հետևում եմ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին: Երկրորդ հարցի վերաբերյալ… զարմանում եմ, որ նման հարցեր եք տալիս. ինչպե՞ս թե «ով կլինի Աշխարհի չեմպիոն»: Հարցրեք բրազիլացիներին, և նրանք կասեն, թե ով է 2018-ի աշխարհի չեմպիոնը»:

 

ԳՈՒՐԳԵՆ ՂԱՐԻԲՅԱՆ

«Բրեյն Ֆորս» ընկերության տնօրեն

«Ֆուտբոլ մանկուց սիրում եմ, պարտադիր հետևում եմ թե՛ աշխարհի, թե՛ Եվրոպայի առաջնությունների խաղերին: Ճիշտ է, ժամանակը սուղ է, սակայն ունեմ նախընտրած թիմեր, որոնց խաղը բաց թողնել չեմ կարող: Շատ էի ուզում, որ Արգենտինան հաղթեր, բայց խորվաթների խաղից հետո հույսս կտրեցի: Կանխատեսում եմ, որ Ֆրանսիան կդառնա այս առաջնության չեմպիոնը»:

 

ԱՐՍԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Շիրակի մարզի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի ղեկավար

«Առաջնությունն աննախադեպ ելքերով է հարուստ, ես ավելի շատ գոլառատ ու ավելի կարգապահ ֆուտբոլ էի սպասում: Հետաքրքիր է նոր մոտեցումներով նայել խաղերը, իսկ նախկինում արդեն բացահայտ ֆավորիտների տարբերակում կար: Իսպանիային եմ սիրում, բայց կարծում եմ Գերմանիան ավելի ուժեղ կգտնվի»:

 

ՄԵՍՐՈՊ ԲԶՆՈՒՆԻ

 Շիրակի մարզի առողջապահության և սոցիալական վարչության պետ

«Սիրողական մակարդակի ֆուտբոլ եմ դիտում, կարծում եմ, Գերմանիան կհաղթի»:

 

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 «Հայկական Կարիտաս» ՀԿի Շահերի պաշտպանության պատասխանատու

«Ֆուտբոլի մեծ երկրպագու չեմ, բայց աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին հետևում եմ: Միշտ Պորտուգալիայի խաղերին եմ հետևել, բայց վերջին տարիներին փոխվել է սիմպատիաս, հիմա երկրպագում եմ Գերմանիայի հավաքականին»:

print
1,596