ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարեւորում եմ, որ շատ արագ դեսպանների փոփոխություն լինի

2008 թվականի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ընթացքում ՀՀ 4 դիվանագետներ և արտգործնախարարության 6 աշխատակիցներ հայտարարություն էին տարածել, որում իրենց մտահոգությունն էին հայտնել հանրապետությունում ձևավորված ներքին և արտաքին անցանկալի մարտահրավերներով հղի իրավիճակի կապակցությամբ. «Մեր վրդովմունքն ենք հայտնում ընտրական գործընթացի խախտումների առնչությամբ, որոնք ստվեր են նետում Հայաստանի Հանրապետությունում քաղաքակիրթ, արդար և ազատ նախագահական ընտրություններ անցկացնելու` մեր երկրի և հասարակության կամքի վրա: Պահանջում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային դիտորդական առաքելության, ինչպես նաև միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում տեղ գտած առաջարկություններն իրականացնելու ուղղությամբ», — ասված էր հայտարարությունում:

Այն ժամանակ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հրամանով 11 դիվանագետ ազատվեցին աշխատանքից և զրկվեցին դիվանագետի կոչումից:

Վերոհիշյալ հայտարարության տակ ստորագրած դիվանագետները` այդ թվում արտգործնախարարության մամուլի վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը, ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանը, Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանը և Ամերիկայի ու Կանադայի բաժնի վարիչ Կարինե Աֆրիկյանը, նախարարի որոշումը բողոքարկել էին հայաստանյան դատական ատյաններում: Մերժում ստանալուց հետո դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նախկին դիվանագետներն իրենց դիմումում նշել էին, որ խախտվել է իրենց ազատ արտահայտվելու իրավունքը:

Իսկ դիվանագետներն աշխատանքից ազատվել էին այն պատճառաբանությամբ, թե իբր խախտել են դիվանագիտության ծառայության մասին օրենքը, համաձայն որի, դիվանագետին արգելվում է կուսակցական և քաղաքական գործունեությամբ զբաղվել: Մինչդեռ դիվանագետների փաստաբան Վահե Գրիգորյանը դատական պրոցեսներում պնդել էր, որ այդ հայտարարությամբ նախկին դիվանագետները որևէ կուսակցական գործունեություն չեն իրականացրել, որևէ քաղաքական ուժի անուն չեն տվել, այլ ընդամենը մտահոգություն են հայտնել ընտրախախտումների վերաբերյալ:

Այժմ Հայաստանում իրավիճակ է փոխվել, գործող իշխանությունն անում է ամեն բան, որպեսզի նախկինների գործած մեծ ու փոքր մեղքերը բացահայտի, ինչո՞ւ չէ, նաև արդարություն հաստատի նախկինների կամայականություններից տուժվածների նկատմամբ:



Թեմայի շուրջ «Շրջապատը» զրուցել է Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱԳՆ մամուլի վարչության նախկին պետ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

— Պարոն Կարապետյան, երբ Հայաստանում իրավիճակ է փոխվել և քրեաօլիգարխիկ իշխանությունն այլևս երկրի ղեկին չէ, արդյո՞ք Ձեր և արտգործնախարարության մյուս աշխատակիցների նկատմամբ արդարության վերականգնումը չպիտի հետևեր: Մանավանդ, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Սահմանադրական կարգը տապալելու համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է…

— Իհարկե, ճիշտ կլիներ, որ նախևառաջ ԱԳ նախարարությունը գնահատական հնչեցներ 2008թ. իրադարձություններին՝ Սահմանադրական կարգի տապալմանը, ժողովրդի վրա հարձակվելուն,  խաղաղ ցուցարարների սպանություններին, հետո ոճրագործությունները քողարկելուն: Ընտրություններում զանգվածային խախտումների մասին լռեցնելու, միջազգային հանրությանն ապատեղեկացնելու, ապօրինաբար դիվանագետներին պաշտոնանկ անելու, այնուհետև սուտ տեղեկություններ Հայաստանի մասին տարածելու գործում ԱԳՆ-ն ունեցել է առանցքային դերակատարություն: ԱԳՆ-ն որդեգրել է քաղաքական այնպիսի դիրքորոշում, որը հարվածել է Հայաստանի միջազգային հեղինակությանը, թուլացրել է մեր դիմադրողականությունը, որի արդյունքում մենք տուժել ենք միջազգային հարթակում: Կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք ասում են, թե իբր մենք ենք ունեցել քաղաքական դիրքորոշում, իրենք են ամբողջությամբ պաշտպանում Քոչարյանի քաղաքական գիծը, նրա քայլերը և համերաշխ են այն գործունեության հետ, որ արել է ՀՀ ԱԳՆ-ն 2008-ի փետրվարյան և մարտյան օրերին՝ կրելով պատասխանատվություն Հայաստանի դեմ ընդունված միջազգային փաստաթղթերի համար: Եվ հիմա, անցել է 10 տարի, ու այս փոփոխությունների ֆոնին ես կակնկալեի, որ Հայաստանի, Արցախի դեմ արված քայլերին արտգործնախարարությունը գնահատական տար: Մինչ օրս մեզ հետ, բացի առանձին շփումներից, պաշտոնական հանդիպում չի եղել:

— Ի՞նչ գնահատական կտաք վերջին 10 տարիներին մեր դեսպանների աշխատանքին:

— Ես կուզենայի այլևս չանդրադառնալ անցյալին, այլ հենց ներկայում նրանց կողմից տարվող աշխատանքի մասին խոսել: Արտաքին գերատեսչությունը պետք է իրականացնի վարչապետի ուղենշած քաղաքականությունը: ԱԳ նախարարի գործունեությանը ես չեմ ցանկանում անդրադառնալ, իսկ ինչ վերաբերում է դեսպանություններին… Մտեք ԱԳՆ պաշտոնական կայքը, նայեք, չկա ոչ մի գործողություն, որը կներկայացնի նոր կառավարության աշխատանքը, չկան հանդիպումների, ելույթների մասին հաղորդագրություններ, որոնցում խոսեն այն առաջխաղացման մասին, որ Հայաստանն ունի նոր իշխանության արած բարեփոխումների արդյունքում: Ոչինչ չի արվում: Իսկ ինչո՞ւ: Շատ բնական է, այդ մարդիկ նշանակված են նախկին իշխանությունների կողմից, ուրիշ կերպ են ներկայացրել երկիրը և հիմա 180 աստիճանով չեն կարող շրջվել, փոխվել, այլ բան ասել: Եթե դեսպանների արագ փոփոխություն անեին, ապա պրոֆեսիոնալները ստանալով նոր նշանակումներ, կկարողանային շատ արագ նոր հանձնարարությունների շրջանակներում շփումներ հաստատել և Հայաստանի շահերի պաշտպանության ուղղությամբ քայլեր անել: Դա երբեք չեն կարողանա անել քաղաքական նշանակումով գնացած մարդիկ, առավել ևս, մեր «լավ իմացած» ՀՀԿ-ականները: Հիմա ինչպե՞ս եք պատկերացնում, որ, ասենք, Վրաստանում Հայաստանի դեսպանը գովի Նիկոլ Փաշինյանին: Նա պետք է քաղաքական գործչին վայել, առնվազն տղամարդավարի, հրաժարական տար մայիսի 8-ին: Մինչդեռ հարցազրույցներ է տալիս, ուզում է տպավորություն ստեղծել, թե ինքն առաջիկա տարիներին ներկայացնելու է Փաշինյանին: Չի արվում ոչ մի գործ նոր իշխանությունների քաղաքականությունը բացատրելու, առաջ մղելու ուղղությամբ: Կարևորում եմ, որ շատ արագ դեսպանների փոփոխություն լինի, դա ինստիտուցիոնալ վերակենդանացման կարևոր քայլ կլինի:

— Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքական կուրսի մասին:

— Նախևառաջ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ մի կտրուկ փոփոխություններ չեն լինելու: Մենք խնդիր ունենք մեր նոր մոտեցումները ներկայացնելու միջազգային հանրությանը: Մենք պետք է շատ ակտիվ արտաքին քաղաքականություն վարենք: Վստահ եմ, որ վարչապետի այցերը շարունակական բնույթ կկրեն, ինչպես նաև՝ փոխադարձ այցերը: Մեր նոր կառավարության հետ արդեն ուզում են շատ ծրագրեր իրականացնել և դա գովելի է: Վստահ եմ, որ իշխանություններն ամեն բան կանեն, որ բոլոր ուղղություններով առավել ակտիվ ու արդյունավետ քաղաքականություն իրականացվի՝ հանուն Հայաստանի շահերի: Կարծում եմ, բոլոր հիմնական ուղղություններով մեզ սպասվում են վերընթաց զարգացումներ: