ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՍՊՈՐՏ

«Մեր նպատակն է, որ ակադեմիան աճեցնի «Շիրակի» համար ֆուտբոլիստներ»

Դեռևս անցած տարվա այս ժամանակահատվածում «Շիրակ» ֆուտբոլային ակումբը տհաճ միջադեպի կիզակետում հայտնվեց, որից հետո ՀՖՖ-ն ակումբին տուգանեց, և զրկեց 12 միավորով: Բացի այս, ֆեդերացիայի գործկոմի կազմից հեռացավ «Շիրակ» ՖԱ-ի սեփականատեր Արման Սահակյանը: Այս ամենը զայրույթ առաջացրեց «Շիրակի» երկրպագուների մոտ: «Շիրակ» ՖԱ-ն հանդես եկավ հայտարարությամբ. չմասնակցել Հայաստանի առաջնության խաղերին, քանի դեռ չի հեռացել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Թավշյա հեղափոխությունից հետո «Շիրակը» վերադարձավ առաջնություն, բայց առայժմ այն ցանկալի խաղը չի ցուցադրում, որը կգոհացներ երկրպագուներին:

Հարցազրույց «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

Պարոն Սահակյան, «Շիրակն» ինչպե՞ս է իրեն դրսևորում այս առաջնությունում:

— Այս տարին մեզ համար եզակի է այն առումով, որ առաջին դիրքերում չենք: Եթե հիշում եք, ֆեդերացիայի հետ կոնֆլիկտ ունեինք, թիմը փակեցինք-բացեցինք… Հետո, առանց պատշաճ պատրաստության, մտանք խաղային տեմպի մեջ: Սրանից ելնելով, պիտի փաստեմ, որ գոհ եմ թիմից, որովհետև նախ քիչ պարտություններ ունի, քիչ գոլեր է ընդունում, բայց չի կարողանում հաղթել: Մեր ղեկավար անձնակազմի հետ որոշում կայացրեցինք, որ հարմար առիթ է, որպեսզի թիմում փորձարկենք տեղական կադրերին, որ հաջորդ տարի ուժեղ թիմ ունենանք և տեղացիներն էլ հիմնական կազմում մեծ թվով ընդգրկված լինեն:

Ասել կուզեք, որ լեգեոներների ծառայությունից ուզում եք հրաժարվե՞լ:

— Եթե մենք նախկինում միշտ առաջին տեղի համար ենք պայքարել, ապա երիտասարդներին, ցավոք, շատ ժամանակ չէր լինում խաղերին մասնակցելու: Բայց, քանի որ այս տարի 6-րդ հորիզոնականում ենք, որոշեցինք շատ չուժեղացնել թիմը, տեղացիներով բավարարվել, որ նրանք իրենց լավագույնս դրսևորեն ու հաջորդ տարվա համար, երբ արդեն առաջին տեղի համար պայքարի մտնենք, ապա կողմնորոշված կլինենք, թե ովքեր են արժանի հիմնական կազմում ընդգրկվել: Եվ հիմա մեր վերջին հանդիպումներին մոտ 7-8 գյումրեցի է մասնակցում:

Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում մեծ թվով երեխաներ են մարզվում: Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար ինչպիսի՞ ռազմավարություն կա մշակված:

— Գիտե՞ք ինչ, չէի ուզենա պաթոսով խոսել… Մեր նպատակն ի՞նչ է. որ ակադեմիան աճեցնի «Շիրակ» թիմի համար ֆուտբոլիստներ, փոխարինող սերունդ ենք ակնկալում, որ մեր սիրելի թիմը միշտ առաջին հորիզոնականներում լինի, չեմպիոն լինի: Եվ իմ օրոք, և ինձանից առաջ էլ, «Շիրակը» պայքարել է չեմպիոնական տիտղոսի համար, և երիտասարդները հոգով պետք է պատրաստվեն, որ իրենք էլ համալրելով թիմը, պայքարեն միայն բարձրագույն տիտղոսի համար…

Բնականաբար, չէ՞ որ Գյումրին չեմպիոնների քաղաք է

— Այո… Ձգտող թիմ պիտի լինենք: Եվ հիմա կարող է Ձեզ համար տարօրինակ թվա, բայց մենք շատ երջանիկ ենք, որ հիմնական կազմում ընդգրկված են տեղացիներ և հուսով ենք, որ հաջորդ առաջնության խաղերին «Շիրակի» թիմում մեծամասնությունը կլինեն տեղացիներ: Եվ պիտի ասեմ, որ ունենք շատ լավ սերունդ: Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմամբ սկսել ենք զբաղվել 4-5 տարի առաջ: Հիմա, փառք Աստծո, արդյունքներ տեսնում ենք՝ 15-16-17 տարեկանների մեջ կան աչքի ընկնող ֆուտբոլիստներ: Մանկապատանեկան 4-5 թիմից երկուսը Հայաստանում առաջին տեղում են. էլ ի՞նչ պիտի ուզենք: Երևանում մեկ միլիոն մարդ է ապրում, իսկ Գյումրիում՝ 100 հազար, բայց տեսեք, առաջին հորիզոնականը մերն է:

Պարոն Սահակյան, չե՞ք կարծում, որ ակադեմիային անհրաժեշտ է նաև ծածկած դաշտ՝ ձմեռային մարզումներ անցկացնելու համար, քանի որ, ինչպես գիտեք, մեզ մոտ ձմեռը 6 ամիս է, եթե ոչ շատ:

— Կոնկրետ ծածկած դաշտ՝ չէ, բայց արհեստական խոտածածկով դաշտի անհրաժեշտություն շատ կա: Հիմա ֆեդերացիան լավ խաղադաշտեր է սարքում, չգիտես ինչու, որոշել են Վայոց Ձորից սկսել, որտեղ ֆուտբոլ չկա: Մինչ իմ գալն էլ վերաբերմունքն այնքան էլ լավ չի եղել. Հայաստանի ֆեդերացիան հանրապետությունում 50 հատ փոքր դաշտ է սարքել, բայց Գյումրիում ոչ մի հատ: Հուսանք, որ ֆեդերացիայի կազմը փոխվելուն զուգահեռ, կփոխվեն նաև մոտեցումները: Քաղաքում մի քանի արհեստական դաշտերի կարիք կա, նաև Արթիկում ու Մարալիկում: Այսօր կազմում Արթիկից ու Մարալիկից խաղացողներ ունենք: Պետք է տարածաշրջանի այլ խոշոր համայնքներում դաշտեր լինեն, որպեսզի ֆուտբոլի զարգացումն իրատեսական դառնա:

Իսկ մարզագույք, մարզահագուստբավարարվո՞ւմ է պահանջը:

— Դե, երբ հայտ է ներկայացվել, որ կարիք կա, հնարավորինս ապահովել ենք:

Խոսակցություն կա, որ ակադեմիայի մարզչական կազմում փոփոխություններ են սպասվում:

— Կա նման բան, սա շատ ցավոտ հարց է: Երբ ես եկել եմ, մեր բոլոր մարզիչները՝ չնայած տարիքին, շարունակել են աշխատանքը, ու մենք էլ գոհ ենք եղել: Նաև ուրախ ենք, որ արդեն պրոֆեսիոնալ երիտասարդ մարզիչներ են հների կողքին աճել: Մենք Հայաստանում երևի միակ թիմն ենք, որ մի քանի հայր-որդի մարզչական տանդեմներ կան: Բայց միևնույն է, ինձ ճիշտ հասկացեք, սերնդափոխությունն անհրաժեշտություն է, որովհետև այլ չափորոշիչներ կան, որոնց պետք է բավարարի մարզիչը՝ սկսած լեզու իմանալուց, պիտի վերապատրաստվեն, աճելու և զարգանալու հնարավորություն ունենան: Վերջիվերջո, թիմերն անսպառ չեն, ասենք՝ մի 5-10 մանկապատանեկան թիմ, որի համար կարող է զբաղված լինել ամենաշատը 10 մարզիչ:

Իսկ Ձեր հարաբերություններն ինչպե՞ս են ֆեդերացիայի հետ:

— Նորմալ աշխատանքային: Անհամբեր սպասում ենք ֆեդերացիայի որոշումներին՝ տարբեր տեխնիկական հարցերով, սկսած լեգեոներների, առաջնության կազմակերպման, և այլ: Հուսով ենք, որ ռեֆորմներ կլինեն, և ամռանը որոշակի փոփոխություններ կլինեն:

Բնականաբար, ծախսատար է թիմ, ակումբ պահելը, սա հայտնի է: Այ, Գյումրու քաղաքային մարզադաշտի տրիբունայի մի հատվածը դեռ չի վերականգնվել. գումար չկա՞, թե՞

— Վերջին տարիներին ներքին առաջնության ֆուտբոլասերների թիվը բավական նվազել է: Կարծում եմ՝ առաջնությունը հետաքրքիր չէ: Այլ պատճառներ էլ կան: Եվ, երբ այնքան մարդ գա ֆուտբոլ դիտելու, որ մեր տրիբունաները չբավարարեն, մենք այդ մասը շատ արագ կվերանորոգենք: Հիմա ավելի լավ է այդ գումարները նպատակային ծախսենք:

Իսկ աշխատավարձի խնդիր կա՞, կարծես այս թեման տարբեր ժամանակներում մի քանի անգամ «դաշտ» է նետվել:

— Ոչ, չկա խնդիր:

Գյումրու քաղաքային մարզադաշտի տրիբունայի մի հատվածը դեռ չի վերականգնվել