ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Որքան սեր ու ուրախություն տաս, կրկնակի կստանաս

Հարցազրույց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ ԱՐՏՈՒՇ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

Պարոն Մկրտչյան, քաղաքի բյուջեով մշակույթի համար այս տարի նախատեսած է 26 միլիոն դրամ: Այս գումարը պլանավորա՞ծ մշակութային միջոցառումների համար է, միգուցե ավելի՞ն էր պետք:

— Ինչ նախատեսել ենք, ամենայն մանրամասնությամբ՝ լինի մեծ, թե փոքր միջոցառում, սկսած ծաղկեպսակ պատվիրելուց, վերջացրած մեծ միջոցառումների հաշվարկով, բծախնդրությամբ այդքանն ենք խնդրել քաղաքապետից և ավագանուց:

Ինչպիսի՞ միջոցառումներ եք նախատեսել. նորություններ կա՞ն, թե ինչպես միշտ

— Մշտական միջոցառումներն են՝ Մայիսի 28, Հունիսի 1, Քաղաքի օր… Ի դեպ, ինչպես նախորդ տարի մեծ շուքով վերանորոգված Ռուսթավելի փողոցի բացումն արվեց, այս տարի, մինչև Քաղաքի օրը նույնպես նախատեսված է Շիրազի փողոցի բացումը: Գիտե՞ք, նման փողոցների վերականգնումը ինձ համար կարելի է ասել՝ տարիների երազանքն է: Ես հին քաղաքի փողոցներ տեսել էի Թբիլիսիում, Լեհաստանում, տարբեր երկրներում, և այն սկզբունքով, ինչպես վերականգնում են մեր փողոցները, սա լավագույն նվերն է, որ ՀՀ կառավարությունն արեց Գյումրիի համար…



Կներեք, բայց մի նկատառում ունեմ. փողոցը՝ փողոց է, որը Ձեր նշածի պես, աշխարհի շատ ու շատ երկրներում կա, բանն այն է, որ մեր կյանքում այնքան քիչ են ուրախությունները, որ փողոցի կապիտալ վերականգնումը մեզ համար տոնի է վերածվում: Կուզենայի հասկանալ՝ մեր օրացույցի սև օրե՞րն են շատ, թե՞ տոնական, որպեսզի ժողովրդի հոգին մի քիչ խինդով լցվեր:

— Դուք ցավալի, բայց, միևնույն ժամանակ, ճշմարտություն ասացիք. լացը ավելի մեծամասշտաբ է, քան ուրախությունն ու տոնը: Որպեսզի որոշակի չափով սա կոտրենք հասարակության մեջ, օրինակ, այս տարի մենք նոր տոներ հնարեցինք: Տեսեք, ամեն տարի մարտի 27-ին նշում էինք Թատրոնի միջազգային տոնը, այս տարի մշակույթի բաժինը որոշեց մարտի 21-ին Տիկնիկային թատրոնի միջազգային տոնը նշել: Ի տարբերություն թատրոնի, որը պետական հովանավորության ներքո է, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Տիկնիկային թատրոնում շքեղ տոնակատարություն կազմակերպեցինք: Առաջին անգամ էր, մարդաշատ էր, ֆայտոնը կար, 100-ից ավել տիկնիկներ, տիկնիկավարները, դհոլահարները՝ դիմակներով, երթով փողոց դուրս եկանք… Ինչո՞ւ եմ անցած տոնն օրինակ բերում, որպեսզի համոզվեք, որ մենք էլ ենք շատ ցանկանում այն դուրս բերել, ստանդարտից դուրս գալ, ժողովրդի աչքի առաջ լինել:

Հենց ասածս էլ այն է, որ ոչ թե ստանդարտ, մշակութային կառույցի ներսում տեղի ունենա տոնը, այլ այն դուրս գա ու փողոցում կանգնած մարդուն «կպնի», նրա դեմքին ժպիտ հայտնվի, տրամադրություն փոխի:

— Համոզված եղեք, և թող ընթերցողն էլ իմանա, որ մենք նույնպես ուզում ենք, որ այդպես լինի, ու թող սա լավ սկիզբ համարվի… Դրա վառ ապացույցն էր նաև Զատկի տոնին նվիրված տոնակատարությունը: Ովքեր ներկա են եղել, կհաստատեն, թե որքան հետաքրքիր ու հաճելի միջոցառում էր. վառ գույներ, ժանգլյորներն ու ակրոբատները մի կողմում էին, երեք հարթակներում պարային խմբերն էին ելույթ ունենում, մի կողմում ֆռռիկներն էին խաղացնում, երգ էր, երաժշտություն էր, երեխաների ուրախ բացականչություններ էին, ժողովուրդն անգամ չէր հասցնում մի կողմից մյուսը դառնալ:

Տեսեք, հավանաբար Ձեր նշած միջոցառումն այնքան էլ մեծ ծախս չի պահանջել, սակայն Ձեր իսկ ներկայացմամբ, որքան ժպիտ ու խինդ է պարգևել. ասելս դա է:

— Այո, Դուք ճիշտ եք, գումարն այն գումարը չէր, որքան ցանկությունը, որ ժպիտ տեսնես մարդկանց դեմքերին:

Կարծում եմ՝ զվարճալի ծրագրերը նաև ինչոր կերպ թեթևացնում են ծանր հոգսերից կքած մարդկանց մտքերը:

— Տոն պետք է պարգևես, որ միջավայրը փոփոխվի, տոնն այն լուսավոր է դարձնում: Մեզ պետք է հավատ վաղվա օրվա համար: Տեսեք, միայն Արթուր Ալեքսանյանի մեկ հաղթանակը ինչ մեծ ուրախություն է պարգևում ամբողջ քաղաքին, յուրաքանչյուրն այն իր անձնական ուրախությունն է համարում: Ասելիքս այն է, որ որքան սեր ու ուրախություն տաս, կրկնակի կստանաս:

Մենք հավատի կորուստ ունենք: Առայժմ իշխանությունները նախ պետք է այդ հավատը վերականգնեն, տան, որ նոր ստանան:

— Նախկին «Պիոներ պալատի» անձնակազմին հարցրեք, թե որտեղ էին նրանք տարիներ շարունակ, նկարչական դպրոցին հարցրեք, պարարվեստի դպրոցին հարցրեք, Երիտասարդական պալատին հարցրեք, փողային նվագախմբին հարցրեք… Տարիներ ի վեր մենք միայն կորցրել էինք մեր մշակութային օջախները, շենքերը վաճառվել էին, և այլն, իսկ այսօր ամբողջ Հայաստանի համար աննախադեպ է, երբ քաղաքապետը շենքը գնեց ու Երիտասարդական պալատ ունեցանք, Մանկապատանեկան արվեստի պալատ ունեցանք, Պարի դպրոց ունեցանք, շուտով քաղաքապետարանի «Անի» փողային համույթը նախկին Պիոներ պալատի տարածքում շենքային տարածք կունենա: Ինչո՞ւ եմ թվարկում. ոչ թե նրա համար, որ աշխարհում էլ ոչ մի տեղ պալատ ու դպրոց չէին կառուցել, ոչ թե նրա համար, որ քաղաքապետին հաճոյանամ, այլ Ձեր ասած «կորած հավատի» վերականգնման համար եմ նշում, որ կյանքը նորից շարունակվում է, զարգանում է, քաղաքում լավ բաներ են լինում, որ նա, ով երեկ պատրաստվում էր լքել քաղաքը, թող ոտքը կախ գցի: Երկիրն ու քաղաքները միանգամից չեն կառուցվում, այսպես կամաց-կամաց, հերթով: Դուք չեք պատկերացնի. Պիոներ պալատի նոր շենքի բացման օրը սիրտս լցվել էր ուրախությունից… երեխաների պարի հանդերձանքից նավթի ու ծխի հոտ էր գալիս, օրեր շարունակ արևի տակ են գցել, որ հոտը քաշվի… Ինչպե՞ս չգնահատես, ինչպե՞ս արդեն հազարերորդ անգամ չասես՝ այս քաղաքը մշակույթի քաղաքն է:

Քանի դեռ պարային համույթներից խոսեցինք, ի վերջո, Գյումրին կունենա՞ պարի պետական:

— Գյումրին միայն Պարի պետականի չէ, նաև քաղաքային երգչախմբի, կամերային նվագախմբի է արժանի: Հույս ունեմ, որ այդ հարցերն էլ կկարգավորվեն: Արդեն «Արագած» մարզամշակութայինն էլ է սկսել գործել, այնտեղ ևս համերգներ, միջոցառումներ ու մշակութային ծրագրեր են անցկացվում, սա ևս ի թիվս այլնի, առաջընթաց է: Նաև Ձեզ տեղեկացնեմ, որ մենք դիմել ենք քաղաքապետին, նախարարին, վարչապետին, որ Սևյանի ակումբի շենքը կառուցվի: Ասեմ, որ արդեն նախագահի աշխատակազմից եկել էին, հետաքրքրվել են տարածքով, նշանակում է՝ սառույցը տեղից շարժվել է: Պատկերացրեք, տարածքը կմաքրվի, կկառուցապատվի, Արա Սարգսյանի «Մայիսյան ապստամբության» քանդակը կպահպանվի, այգի կհիմնվի, կից պատկերասրահ կլինի: Ես մի քանի կոնցեպտուալ առաջարկ ներկայացրեցի մշակույթի նախարարին, որ այն ոչ թե ֆիլիալային լինի, այլ դուրս գանք այդ գաղափարից, ունիկալ, տարբերվող լինի, ասենք գրաֆիկայի, որը միայն Գյումրիում կլինի:

Քաղաքը ապակենտրոնացումից դուրս կգա, արդեն կայարանամերձ հրապարակը կաշխուժանա՝ նորացման, վերականգնման ալիքն արդեն կտարածվի, զբոսաշրջիկներին այս ուղղությամբ գրավելու առավելություն կունենանք:

Քաղաքի մշակույթը կարիք ունի նաև կանաչապատման ու ծաղկազարդման, ժողովուրդը կարիք ունի աչքի զարնող գեղեցկությանԱյդպե՞ս է:

— Ես Ձեզ հետ լրիվ համամիտ եմ, և իմ մեկ այլ նախաձեռնությամբ կուզենամ կիսվել. 1000 հատ պատվաստված բալենիների՝ ճապոնական սակուրաների ճյուղեր եմ ուզում տնկել որևէ հատվածում, ասենք՝ քաղաքի մուտքի երկայնքով, պատկերացնո՞ւմ եք, դրանց ծաղկման շրջանում ի՜նչ հրաշք պատկեր կստեղծվի:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ