ՄՇԱԿՈՒՅԹ

Սիրված մշակութային օջախի կենսագիրը

Գյումրու «Դպիր» հրատարակչությունը լույս է ընծայել մեր համաքաղաքացի թատերագետ Ռազմիկ Մադոյանի «Գյումրու թատրոնը 1865-1965 թթ.» գիրքը: Գրքի երկրորդ, բարեփոխված հրատարակությունն իրականացվել է հեղինակի դստեր, ԱՄՆ-ում բնակվող Մարո Մադոյան-Ալաջաջյանի մեկենասությամբ: Այս իրադարձությունը համընկավ անվանի թատերագրի 90-ամյա հոբելյանի հետ: Նույն օրը Շիրակի պետական համալսարանում, որտեղ Ռազմիկ Մադոյանը 1960-ականներին ուսումնագիտական գծով պրոռեկտոր է աշխատել, բացվեց նրա անունը կրող լսարան, իսկ Մարո Մադոյան-Ալաջաջյանին, ով տարիներ շարունակ գումարներ է փոխանցել ուսանողների վարձավճարների մուծման համար, շնորհվեց ոսկե մեդալ:

«Գյումրու թատրոնը 1865-1965 թթ.» գրքի շնորհանդեսն ու Ռազմիկ Մադոյանի հիշատակման օրը մեկտեղ նշվեցին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում, որին ներկա էին քաղաքի արվեստասեր հասարակայնությունը, մտավորականներ, քաղաքական և հասարակական գործիչներ, հյուրեր մայրաքաղաքից:

Ի դեպ, ինչպես նկատեց «Դպիր» հրատարակչության տնօրեն Հովիկ Կարապետյանը, պատահական չէր ընտրված կինոթատրոնում հանդիսությունը նշելու տարբերակը, քանի որ թատերագետն իր ավանդն է ունեցել նաև հայ կինոյի պատմության մեջ: Նրա՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն աշխատած տարիներին են նկարահանվել հայկական կինոյի բազում հրաշալի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Նռան գույնը», «Մենք ենք մեր սարերը», «Հայրիկը», «Կտոր մը երկինքը», «Հին օրերի երգը», «Հեղնար աղբյուրը» և այլն: Ռազմիկ Մադոյանը 10 տարի եղել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ամբիոնի վարիչ, իսկ 1994 թվականից կնոջ ու թոռների հետ, տեղափոխվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաք, որտեղ և 2005 թվականին կնքել է իր մահկանացուն: Հուղարկավորվել է հայրենիքում:

15 թատերագիտական գրքերի հեղինակի այս գիրքը, ինչպես բնութագրեց «Դպիր» հրատարակչության տնօրենը, նրա սիրելի թատրոնի հաջողություններով ուրախացող և անհաջողություններով տխրող արվեստագետի՝ եզակի արժեք ներկայացնող աշխատություն է, որը պարունակում է լիակատար, հանրագիտարանային տեղեկություններ մշակույթի հնամենի օջախի մեկդարյա պատմության մասին. «Թատրոնի հնաբնակ, նախկինում նաև տնօրեն աշխատած Էդվարդ Պողոսյանի խոսքերով, Ռազմիկ Մադոյանը երեկոյան միշտ գալիս էր ներկայացում դիտելու: Նույն ներկայացումը մի քանի անգամ էր դիտում՝ նոթատետրը ձեռքին, զրույցի էր բռնվում դերասանների և ռեժիսորների հետ, քաղում իրեն անհրաժեշտ նյութը: Նա մեծ պատասխանատվություն էր ստանձնել՝ դառնալ կենսագիրը սիրված մշակութային օջախի, ուր գյումրեցի կանայք իրենց ամենալավ զգեստով էին գալիս, իսկ տղամարդիկ «շախպա» էին հանում»:

«Անչափ բարի, կարգին մարդ էր, չէր սիրում, երբ որևէ մեկը չարախոսում էր,- Մադոյան-մարդուն բնութագրում է արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Ծատուրյանը,- եթե ոմանց նպատակն էր ինչ-որ բան անպայմանորեն ստանալը, ապա իր դեպքում բոլորովին այդպես չէր, մարդն ապրում էր, բան չվերցնելով: Հաճույք էր ստանում իր շրջապատի մարդկանց հետ շփվելուց»:

Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գրական մասի վարիչ Մկրտիչ Հովհաննիսյանը հանդիսականներին ներկայացրեց մի ուշագրավ դրվագ, որ նակարագրված է հուշագրություններից մեկում. «Մի առիթով թատերագետ Լևոն Հախվերդյանն ասել է Ռազմիկ Մադոյանին. «Դու Գյումրու թատրոնի հարյուրամյակն հայտնաբերեցիր», իսկ Մադոյանը պատասխանել է. «Հիրավի, թատրոնը գյումրեցու հպարտությունն է, գյումրեցին ու թատրոոնը անբաժան միասնություն են, եղել է Գյումրին, եղել է թատրոնը: Գյումրեցին սիրով ու նվիրվածությամբ է կապված թատրոնի հետ»: Իր գրքերից մեկում Մադոյանը խոսել է մահվան մասին: Այնտեղ նա խոսում է հանգիստ, առանց խուճապի, մի տեսակ իմաստուն հանդարտությամբ, առանց վախի՝ այդպես կարող էր գրել միայն ուժեղ մարդը: Նա լավ գիտեր իր արժեքն ու գիտեր նաև, որ ինքն այն իզուր չի ապրել: Եթե հիմա մի հրաշքով նա մեր կողքին հայտնվեր, երևի նորից այս կերպ կխոսեր Գյումրու թատրոնի մասին»:

Ռազմիկ Մադոյանը նաև երախտիքի զգացում է ունեցել իր հայրենի քաղաքի թատրոնի նկատմամբ. «Լենինականի թատրոնը եղել է իմ համալսարանը,- թատերագետի խոսքերը մեջբերեց Մկրտիչ Հովհաննիսյանը,- այստեղ է հստակվել իմ մարդկային նկարագիրը»:

Թատերագետը, ինչպես ինքն է գրել, այստեղ է ամբողջացել որպես մասնագետ, իսկ դերասանական տարբեր սերունդների խաղը տեսնելով բեմին, խոստովանել է, որ դրա շնորհիվ է թատրոնն իր ապրելակերպը դառել:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ