ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Ստեղծել այն օազիսը, որտեղ քեզ բավարարված կզգաս

[vc_row][vc_column width=”1/3″][vc_single_image image=”2572″ img_size=”full” onclick=”img_link_large” img_link_target=”_blank”][vc_single_image image=”2575″ img_size=”full” onclick=”img_link_large” img_link_target=”_blank”][vc_single_image image=”2574″ img_size=”full” onclick=”img_link_large” img_link_target=”_blank”][vc_single_image image=”2571″ img_size=”full” onclick=”img_link_large” img_link_target=”_blank”][vc_single_image image=”2576″ img_size=”full” onclick=”img_link_large” img_link_target=”_blank”][/vc_column][vc_column width=”2/3″][vc_column_text]

«Վարդևանյան պարի թատրոնի» պարուսույց և գեղարվեստական ղեկավար Հովհաննես Վարդևանյանը հպարտորեն է նշում, որ ինքն է ընտրել իր մասնագիտությունը, թեև ծնողները չէին խրախուսել ընտրությունը: Նրանք ցանկանում էին, որ իրենց որդին ավելի «լուրջ», պաշտոնական առաջխաղացման ռեալ հնարավորություն տվող մասնագիտություն ունենար: Նույնիսկ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որպեսզի նա ուսումը ստանար Վոլգոգրադի միլիցիայի բարձրագույն դպրոցում: Բայց պատանեկան տարիներին` Սևյանի և Տեքստիլագործների մշակույթի պալատների պարային խմբակներում արած առաջին քայլերից իսկ, Հովհաննեսն իր առջև հստակ նպատակ էր դրել պարարվեստի բնագավառում խորացնել ուսումը: Սկզբում նրա պարուսույցն Արշակ Հովսոյանն էր, այնուհետ` Արամայիս Պետրոսյանը:

Արամայիս Պետրոսյանին նա համարում է այն վարպետը, ով իր ուղեցույցն է հանդիսացել այս հարցում` իր հոգում ներարկել անխզելի սերը պարարվեստի հանդեպ: «Պարոն Մայիսն ինձ հետ անհատական պարապմունքներում ջանք չխնայեց, որպեսզի ես պատրաստ լինեի ուսումս շարունակել բուհում,- պատմում է Հովհաննես Վարդևանյանը,- այդ կերպ նա ինձ նախապատրաստեց, վստահություն ներշնչեց Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժին դիմելու համար: Բայց նախ` պետք էր մի դժվարին «արգելք» հաղթահարել` ստանալ ծնողներիս համաձայնությունը: Ես ու վարպետս որոշեցինք հորս հետ նստել «ծանր բանակցությունների» սեղանի շուրջ: Այն տևեց մի ամբողջ գիշեր և, ի վերջո, լուսո դեմ, հայրս «ճնշող» փաստարկների ազդեցության ներքո, «հանձնվեց» ու տվեց իր համաձայնությունը»:

Ինստիտուտի ընդունելության քննություններին մասնակցում էին 120 դիմորդ` պայքարելով հատկացված 7 ուսանողական տեղի համար: Քննություններից հետո քննական հանձնաժողովի նախագահ,ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Ֆրունզե Ելանյանը ոգևորված հրավիրեց ինստիտուտի ռեկտորին, որպեսզի նա ևս տեսներ Հովհաննեսի կատարումը: «Բարձր բալերով ընդունվեցի: Ինստիտուտում սովորելուս տարիներին բախտ եմ ունեցել ուսանել հայ պարարվեստում այնպիսի անուրանալի վաստակ ունեցող անհատների, որպիսիք էին մեր կուրսի ղեկավար Վանուշ Խանամիրյանը, Արտյուշա Կարապետյանը, Տատյանա Բորիսովան… Առայսօր ես երախտագիտությամբ եմ հիշում բոլորին, որովհետև նրանք են ինձ փոխանցել պարարվեստի հմտությունները»:

1992 թվականին ավարտելով ինստիտուտը, Հովհաննես Վարդևանյանը հաստատակամորեն որոշեց, որ վերադառնալու է հայրենի քաղաք, թեև Վանուշ Խանամիրյանի կողմից` գրավիչ պայմաններով Երևանում աշխատելու առաջարկ էր ստացել: «Երկրաշարժին հաջորդած ծանր տարիներն էին: Քաղաքն ապրում էր անտանելի պայմաններում, ու ես պարտավորություն էի դրել իմ առջև` լինել Գյումրիում, և հնարավորինս օգտակար լինել համաքաղաքացիներիս: Աշխատանքի անցա Գեղագիտական կենտրոնում, որպես սպորտային պարերի դասատու, այնուհետ զինակոչվեցի բանակ: 1993-1996 թթ. արդեն համագործակցում էի «Սպարապետ Նժդեհ» ազգագրական երգի համույթի հետ: Այստեղ իմ գալով, համույթի պրոֆիլն ընդարձակվեց և երգին միացավ նաև պարը: Խմբի ղեկավարը, վաղամեռիկ ընկերս` Գագիկ Մանուկյանն էր, ում հիշատակն այսօր էլ վառ է սրտումս: Ցուրտ ու մութ, պատերազմական տարիներ էին, բայց, չնայած դրան, մեր գլխավոր նպատակն էր երեխաներին հայրենասիրական ոգով դաստիարակելը, ռազմաճակատում համերգային ելույթներ ունենալը: Այդ համերգների ընթացքում մեր ռազմիկներին պարգևած ոգևորությունը, ինքնին, մեր պարգևն էր, մեր` գործին նվիրվածության ամենաբարձր գնահատականը: Ես շատ եվրոպական բեմերում եմ ելույթներ ունեցել, բայց միանշանակորեն կարող եմ ասել, որ երբեք չեմ ունեցել այն զգացումը, հուզմունքը, որ ապրեցի Մատաղիսի կիսավեր դպրոցի դահլիճում կայացած մեր համերգից: Քոչարին պարելիս, խանդավառված մեզ էին միացել մեր հերոս ռազմիկները, ու մենք դարձել էինք մեկ հոգի, մեկ մարմին: Դա մի անպատմելի տպավորություն էր: Հիշում եմ, Ղարաբաղ` համերգների էինք տանում նաև 4-5 տարեկան երեխաների ու որևիցե ծնողից առարկություն չէինք լսում»:

1995 թվականին Հ.Վարդևանյանը ստեղծեց տեքստիլագործների մշակույթի պալատի «Արագած» երիտասարդական պարային համույթը: 1996թ. «Արագածը» Թեհրանի «Սիփան» միության կողմից համերգային հրավեր ստացավ և մեկնեց Իրան, որտեղ ջերմորեն ընդունվեց հայաշատ համայնքի կողմից:

Պարուսույցը 1998թ. 20 երկրներից ժամանած պարարվեստի մասնագետների համար կազմակերպված «Բալկան ֆոլկ» էթնոգրաֆիկ պարերի սեմինար-պարապմունքներին է մասնակցել: Հետաքրքիրն այն է, որ շատերը ցանկություն են հայտնել, որ հայ պարուսույցն իրենց անձամբ սովորեցնի հայկական պարեր: Հիշում է` պարապմունքներից մեկի ժամանակ Իսրայելի ներկայացուցիչն ուշացել էր, մի պահ նայել էր «Ծափ» պարը, ապա անգլերեն հարցրել նրան, թե դա հայերի ճակատամարտի պա՞րն է: Իսրայելցին ճիշտ էր կռահել, իսկ ինքը ժպտացել ու ասել էր` հա:

2000 թվականին անցկացված «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնին արժանի մասնակցություն ունենալու համար մշակույթի նախարարության կողմից համույթը պարգևատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հուշամեդալով: Հովհաննես Վարդևանյանի համար առանձնապես հիշարժան է 2010 թվականին Թուրքիայի Ալանյա քաղաքում 22 երկրների համույթների մասնակցությամբ կայացած պարի միջազգային փառատոնի մրցանակաբաշխության օրը: Երբ հայտարարված երեք մրցանակակիրների մեջ իր ղեկավարած «Վարդևանյան պարի թատրոնը» չէր եղել, հուսահատությամբ էր համակվել: Միայն վայրկյաններ անց` հիասթափությունը փոխարկվել էր ցնծության, երբ դահլիճում հնչել էր Հայաստանի հանրապետության Գյումրի քաղաքից ժամանած պարախմբի անունը. «Ո՞վ կմտածեր, որ թուրքերի հողի վրա մեզ կհանձնեին գրան պրին: Ու, ի՞նչն էր կարևորը` ամբողջ դահլիճը թնդում էր ծափահարություններից»: Պարուսույցն ասում է, թե պարացանկում գիտակցորեն ընդգրկել էր այնպիսի պարեր, որոնք հենց միայն իրենց արժանապատիվ ոգով կարող էին նյարդայնացնել թուրք հանդիսատեսին: Այդ օրը գյումրեցիները թուրքական դահլիճում ծածանում էին Հայաստանի և Ղարաբաղի պետական դրոշները: «Թուրքիայում ես վարպետաց դասեր տվեցի, որոնց կամովին մասնակցեցին նաև թուրքերը: Վասպուրականի, Տարոնի, Սասնա պարերն էի սովորեցնում նրանց»:

«Վարդևանյան պարի թատրոնի» պարուսույց և գեղարվեստական ղեկավար Հ.Վարդևանյանի բնութագրմամբ, ամեն ազգային պար պետք է տվյալ ազգի բնավորության կրողը լինի, այլապես այն կզրկվի արտահայտչականությունից: Օրինակ` ռուսական պարի կատարման ժամանակ չի կարելի բեմ դուրս գալ դեմքի տխուր արտահայտությամբ կամ վրացական պարն հնարավոր չէ բեմադրել, չիմանալով լեռնեցու բնույթը, այլապես դրանք չեն դիտվի: «Մեր հայկական Քոչարին էլ, կախված նրանից, թե հայկական որ տեղանքում են պարում, ունի իրեն բնորոշ ոճը: Ես պահանջում եմ, որ իմ սաները չբավարարվեն ձեռք բերածով, ուսումնասիրեն տարբեր ազգերի պատմությունն ու պարերը, պրպտող լինեն, որպեսզի առաջ գնան: Պարուսույցը պետք է դաստիարակի, կրթի իր սաներին, արվեստի նկատմամբ սեր առաջացնի նրանց հոգիներում: Պարուսույցը պետք է լավ մանկավարժ և հոգեբան լինի: Իհարկե, նրա սաներից բոլորը չէ, որ կշարունակեն իրենց ուղին պարարվեստում, և դա բնական է: Բայց կարևոր է, որ տարիների ընթացքում սովորածը մնա իրենց էությունում: Դա եմ շատ կարևորում իմ գործում: Եվ այժմ, իմ փորձից ելնելով, կարող եմ վստահ ասել, որ կարողացել եմ ստեղծել այն օազիսը, որտեղ ես ինձ բավարարված եմ զգում»:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

[/vc_column_text][/vc_column][/vc_row]