2016թ. հուլիսի 15-ի դեպքերը վերահսկվող հեղաշրջում էին ⋆ «Շրջապատ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2016թ. հուլիսի 15-ի դեպքերը վերահսկվող հեղաշրջում էին

Հարցազրույց թուրքագետ, վերլուծաբան ՀԱՅԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ հետ:

— Պարոն Գաբրիելյան, մեկ տարի է անցել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից: Այս ընթացքում ի՞նչ բացահայտումներ են կատարվել և ովքե՞ր են հայտնվել մեղադրական աթոռին:

— 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին (ՌՀՓ) հաջորդած մեկ տարում Թուրքիայում կարևոր բացահայտումներ են արվել դրա վերաբերյալ, սակայն շատ հարցեր շարունակում են մնալ չբացահայտված՝ չնայած, որ արդեն կայացվել են միջին օղակի մի շարք զինվորականների դատավճիռներ։ 2017թ. մայիսի վերջին Թուրքիայի խորհրդարանի՝ ՌՀՓ-ը հետաքննող հանձնաժողովի ղեկավար Ռեշաթ Փեթեքը Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT) մեղադրեց վատ աշխատելու, հեղաշրջման փորձը կանխել չկարողանալու համար, սակայն նաև հայտարարեց, որ թուրքական օդուժի օդաչուներից մեկը MIT-ին իրազեկել է խռովարարների պլանի մասին, ինչից հետո MIT-ն ու Գլխավոր շտաբը ձեռնարկել են կանխարգելիչ մի շարք միջոցներ, և դա խռովարարներին հարկադրել է հեղաշրջումը սկսել ոչ թե հուլիսի 16-ին ժամը 03.00-ին, այլ՝ հուլիսի 15-ին ժամը 20.30-ին։ Փեթեքի խոսքերով՝ հենց այդ հանգամանքն էլ կարևոր դեր է խաղացել հեղաշրջման տապալման համար։

Ես հակված եմ ավելի շատ հավատալ թուրքական ընդդիմության (ԺՀԿ) վարկածին, որի 307 էջանոց զեկույցում հուլիսի 15-ի դեպքերը որակվում են որպես վերահսկվող հեղաշրջում։ Այսինքն՝ Էրդողանը նախապես իմացել է ՌՀՓ-ի մասին, և կանխարգելիչ միջոցների շնորհիվ հասել է դրա տապալմանը։ Չմոռանանք, որ Էրդողանը հեղաշրջման փորձը որակել է որպես Ալլահի նվեր։ Դա իսկապես այդպես է՝ հաշվի առնելով, որ երկրում մտցվել է արտակարգ դրության ռեժիմ, սկսվել է վհուկների որս, որոշ տվյալներով տուժել է մինչև 1 միլիոն մարդ։ Փաստորեն, նրանք, ովքեր ցանկանում էին Էրդողանին զրկել իշխանությունից, ակամա նպաստեցին երկրի ներսում նրա դիրքերի ամրապնդմանը և մահապատժի հնարավոր վերականգնմանը, ինչպես նաև Էրդողանի կողմից իրեն «առնվազն երկրորդ Քեմալ Աթաթուրք» երևակայելուն՝ որպես «ազատագրական երկրորդ պատերազմի հաղթող»։

— Այս դեպքի հետ կապված շատ քննարկվեց հարցը, որ հեղաշրջման փորձի հետ անմիջական կապ ունի Գյուլենը, որին էլ հայկական արմատներ վերագրեցին՝ կապելով Հայաստանի հետ:

— Արդեն նշեցի, որ հեղաշրջման փորձը հրաշալի առիթ տվեց Էրդողանին՝ հաշվեհարդար տեսնելու իր քաղաքական հակառակորդների հետ։ Դա, մասնավորապես, վերաբերում է ԱՄՆ-ում երկար ժամանակ բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի համակիրներին՝ գյուլենականներին։ Եվ քանի որ Թուրքիայում շարունակում են «հայ» բառը օգտագործել որպես վիրավորանք և թշնամու կերպար հաղորդելու պիտակ, սպասելի էր, որ Գյուլենին նույնպես պետք է վերագրեն «հայկական արմատներ»։ Իհարկե, ես տեղյակ չեմ Գյուլենի արմատների մասին, սակայն հետաքրքիր է, թե ինչու Գյուլենի «հայկական արմատների» մասին չէին հիշատակում նախորդ տասնամյակում, երբ Էրդողանը և նրա թիմը հրաշալի հարաբերությունների մեջ էր Գյուլենի հետ։ Հետաքրքրական է նաև այն, որ իշխող ԱԶԿ կուսակցության Էրզրումից պատգամավոր Օրհան Դելիգյոզի խոսքերով՝ «Գյուլենը հոր կողմից հայ է, իսկ մոր կողմից՝ հրեա»։ Նշեմ, որ Թուրքիայում բավական մեծ տարածում ունի հակասեմականությունը, և պատահական չեմ համարում նաև նրա «հրեական արմատների» մասին հիշատակումը։

— Թուրքիայում տեղի ունեցածին, մեկ օրվա տարբերությամբ, հաջորդեց Երևանում տեղի ունեցած «Սասնա ծռերի» զինված հարձակումը: Այս դեպքում թուրքական վերլուծաբանները փորձեցին կապել երկու միջադեպերը: Արդյո՞ք դա մանիպուլյացիա չէր:

— Կարծում եմ, որ «Սասնա ծռերի» մասնակցությամբ հայտնի դեպքերի ժամանակ թուրքական մամուլը և Թուրքիայում ընդհանրապես գտնվում էին հեղաշրջման փորձի ազդեցության ներքո, և ելնելով դրանից՝ սկսեցին նմանեցնել մեկ օրվա տարբերությամբ տեղի ունեցած երկու երկրների տվյալ իրադարձությունները։ Սակայն իրականում զգալի տարբերություններ կային այդ երկու իրադարձությունների միջև։ Թուրքական մամուլը և վերլուծաբանները երկու երկրների իրադարձությունների ընդհանրությունը «գտան» միայն նրանում, որ «դրանք կազմակերպվել են» Արևմուտքի կողմից, որը «ցանկանում էր» այդպիսով պաշտպանական գիծ ձևավորել Ռուսաստանից հարավ ընկած գոտում։ Ամեն դեպքում չներկայացվեց որևէ ապացույց, և այդպիսով նաև ակնարկեցին, որ երկու իրադարձության հետևում «կարող է» կանգնած լինել Գյուլենը։

— Եթե Թուրքիայում հեղաշրջման փորձը հաջողեր, ի՞նչ կտար այն Հայաստանին:

— Մեկ տարի առաջ նշել եմ, որ դրական ակնկալիքներ չունեի, եթե Թուրքիայում իշխանության գային զինվորականները և կարծիքս չեմ փոխել։ Մասնավորապես, հեղաշրջման փորձի ենթադրյալ կազմակերպիչ, բանակի գեներալ Աքըն Օզթուրքը, ով թուրքական մամուլի պնդմամբ՝  հեղաշրջումից հետո պետք է դառնար Թուրքիայի նախագահ, 2015թ. մարտին ՌՕՈՒ հրամանատարի կարգավիճակով այցելեց Ադրբեջան, աջակցություն հայտնեց այդ երկրին՝ ընդգծելով, որ Թուրքիան այսուհետ նույնպես նախկինի նման կգտնվի Ադրբեջանի կողքին։ Բացի այդ, Օզթուրքը՝ որպես Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի գործող անդամ, 2016թ. հունիսին մասնակցել էր Ադրբեջանում զինված ուժերի օրվա կապակցությամբ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան կազմակերպած ընդունելությանը։ Դրան մասնակցել էր Թուրքիայի գրեթե ողջ ռազմական բարձրագույն հրամանատարությունը, ինչը թուրքական մամուլի բնորոշմամբ, դա Հայաստանին հասցեագրված յուրօրինակ ուղերձ է: Ելնելով այս ամենից՝ անգամ չէի բացառել, որ զինվորականներն ավելի անհանդուրժողական, ազգայնամոլական դիրքորոշում կորդեգրեին Հայաստանի հանդեպ։ Այդ համատեքստում նաև հիշատակել էի, որ 2-րդ բանակի հրամանատար, գեներալ Ադեմ Հուդութին, ով համարվում է քրդերի թշնամին և հայտնի է որպես վերջին շրջանում Դիարբեքիր ու Շըրնաք նահանգները «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալներից «մաքրած հրամանատար»։ Հաշվի առնելով դա, ինչպես նաև պատմական փորձը՝ ենթադրել էի, որ ռազմական հեղաշրջման դեպքում Թուրքիայի հարավ-արևելքում է՛լ ավելի կսրվեր քրդերի դեմ պայքարը։

ԱՐՄԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

print
1,457