40 համարի ավտոբուսային երթուղին այլեւս չի շահագործվելու ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

40 համարի ավտոբուսային երթուղին այլեւս չի շահագործվելու

Թիվ 40 համարի ավտոբուսային երթուղին սպասարկող «Նյու Սիթի տրանս» ընկերությունը լուծարել է պայմանագիրը: «Մի քանի անգամ զգուշացրել են, որ մեքենաները աշխատում են խափանումներով: Դիմում ներկայացրեցին՝ մայիսի 30-ին երթուղուց հրաժարվելու: Օրենքով սահմանված կարգով, երթուղուց հրաժարվելու դեպքում, 45 օր շուտ պետք է զգուշացնեն: Հունիսի 1-ին  հայտարարվել է նոր մրցույթ: Բայց, եթե մինչև հուլիս 15-ը որևէ նոր կազմակերպություն չմասնակցի մրցույթին, նոր կարող ենք լուծել պայմանագիրը: Մենք ընկերությանն առաջարկել ենք նոր մեքենաներ ներմուծել»,- «Շրջապատին» փոխանցեց Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը:

«Նյու Սիթի տրանս» ՍՊԸ-ն ցանկություն ունեցել է նոր մեքենաներ ներմուծել, սակայն քաղաքապետ Սամվել Բալասանյանը թույլ չի տվել: «Մենք առաջարկել ենք քաղաքապետին՝ նոր ավտոբուսներ բերել, բայց այդ դեպքում ուղևորատոմսի գնի փոփոխություն կլինի: Քաղաքապետը  արգելեց»,- ասաց ընկերության տնօրեն Աշոտ Հակոբյանը:

Նշենք, որ ավտոբուսները մոտ երեք տարի անվճար սպասարկել է չինական ընկերությունը, սակայն սպասարկման ժամկետի լրանալուց հետո, այլևս ոչ մի պարտավորություն չունի ավտոբուսների վերանորոգման հարցում: Հետևաբար, ավտոբուսների խափանման դեպքում կազմակերպությունը սեփական ուժերով է փորձել վերանորոգել: «Հազիվ յոլա ենք տանում, սարքին վիճակում մեքենա չկա, հին պահեստամասերը վերանորգելով, մեկը մյուսով փոխարինելով, մի երկու օր յոլա է տանում, հետո նորից փչանում է»,- ասաց ընկերության տնօրենը:

Տնօրինությունը փորձել է պահեստամասեր գտնել մայրաքաղաքում, սակայն դրանք բավականին թանկ արժեն:

Հ.Գ. «Նյու Սիթի տրանս» ՍՊԸ սպասարկում է նաև թիվ 1 երթուղին: Այս երթուղու ավտոբուսների տեխվիճակը նույնպես բարվոք չէ:

ԷԼԻԶԱ ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆ

print
1,271