ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էս Սոֆիան լավ էլ ջոկում է, թե որն է լավ եւ, որը վատ ռոբոտ

Եվրախորհրդում հայկական պատվիրակության գործողություններում դրական դինամիկա է տեսնում քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը: Ըստ նրա, Ադրբեջանը վաղուց ուզում է եվրոպական այս կառույցը ղարաբաղյան հարցի առնչությամբ իր շահերի առաջ մղման հարթակ օգտագործել: Այս անգամ էլ իրենց դիվանագետները չխուսափեցին դրանից: Նրանցից Սայիդովը ագրեսիվ պաթոսով հարց ուղղեց, թե ինչպե՞ս կարող ենք մենք` հայերս, առհասարակ ցեղասպանությունից խոսել, երբ ինքներս բռի հաշվեհարդար ենք տեսել իրենց Խոջալուի խաղաղ բնակչության հանդեպ: Բայց այստեղ նկատենք, որ շատ դիպուկ պահվածք ցուցադրեց Սերժ Սարգսյանը: Նա համոզիչ ձայներանգով բացատրեց, թե չարժի ընդհանրապես աղաղակել մի հարցի շուրջ այն դեպքում, երբ ժամանակին իրենց երկրից փախած և Մոսկվայում ապաստանած էքս-նախագահ Այազ Մութալիբովը դրան սպառիչ պատասխան է տվել` իր հարցազրույցներից մեկում: Նա հստակ ասել է, թե յուրայինների սպանդի հեղինակների կողմից դա իր դեմ ուղղված պրովակացիա էր` սոսկ պաշտոնից իրեն հեռացնելու դիտավորությամբ:

Խորհրդանշական մեսիջ պետք է դիտարկել նաև այն փաստը, որ Եվրախորհրդի պալատի առջև տեղադրվեց Հայաստանից բերված կեստոննանոց խաչքարը: Սրանով հանդերձ, տեղեկություններ կան այն մասին, որ Հայաստանին «հարազատի» պես ընդունած ԵՏՄ-ի երկու այլ անդամ երկրները` Ռուսաստանն ու Բելառուսը, մեզ «պարդոն» ասելով, իրենց միության խորթ ախպորը` Ադրբեջանին, մատակարարել են վերջինիս սպառազինության 74 տոկոսը:

Իսկ Եվրամիության անդամ Գերմանիան Թուրքիայի կողմից սիրիական Աֆրինի շրջանում` ահաբեկչության դեմ կարգախոսով ծավալած «Ձիթենու ճյուղ» կոչված ռազմական արշավը դատապարտելով, վերջինիս նախազգուշացրել է, թե կասեցնում է սպառազինության մատակարարումը մի տարածաշրջանի, որտեղ լարվածություն կա: Այլ բան է, թե Թուրքիան ինչպիսի քամահրանքով վերաբերվեց դրան: Վերջինս շրջանցելով հասցեական մեղադրանքը, հակադարձեց, թե սիրիացի քրդերի կողմից ինքը սպառնալիք է տեսնում իր նկատմամբ ու պատրաստ է վերացնել այն: Միաժամանակ Թուքիան չվարանեց ՆԱՏՕ-ի գործընկերոջից` ԱՄՆ-ից նեղանալ, ով կոչ է արել իրեն՝ խուսափել քաղաքացիական զոհերից, այդպիսով հավանություն չտալով նրա ագրեսիվ պահվածքին:

Իտալական դատարանն՝ արդարամիտ պահվածքով, սեռական ոտնձգությունների համար 175 տարվա ազատազրկման դատապարտեց բժշկի, մինչդեռ նա, չնայած այդ խիստ դատավճռին, արիություն ունեցավ ընդունել մեղքը: Իսկ էս թուրքերն ու ազերիները երևի իրենց հավերժ անմեղսունակության են «դատապարտել» ու այդպես էլ ապրում են՝ մեղքերից ազատված լինելու պայմաններում: Ի դեպ, անցած տարի մարդու ազատության ինդեքսով, Ադրբեջանը մեզ զիջում է 74 հորիզոնականով:

Ըստ հայաստանյան վիճակագրության, մեզ մոտ իրավապահ պաշտոնյաներ կան, ովքեր իրենց դիրքից ելնելով` «որպես անհաս փառքի ճամփա», կոռուպցիան համարում են անմեղության կանխավարկած: Անցյալ տարի այդպիսիներին` դատավարական, մաքսային, քրեակատարողական, քննչական մարմինների ներկայացուցիչների, հնարավոր է եղել մեղադրական աթոռի արժանացնել: Ըստ պաշտոնական գնահատման, սրանց պարագայում գործել է համակարգված կաշառակերության շարանը: 2017 թվականին այդ շարանում 43 պաշտոնատարներ են եղել, իսկ դրանից մեկ տարի առաջ, նրանց թիվը կազմել է 26: Պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով դատական գործ է հարուցվել 56 պաշտոնյայի նկատմամբ: Ուստի, այս տարվանից հարմար է նկատել, որ Հայաստանում գործի հակակոռուպցիոն «Ազդարար» հարթակը, որի միջոցով քաղաքացիներն իրենց անունները չհրապարակելով, կարող են կոռումպացված սուբյեկտների մասին հաղորդում տալ դատախազությանը: Իսկ ԶԼՄ-ներն էլ հրապարակավ պետք է հետևողական լինեն այդ հարցում` չվախենալով ոչնչից: Համենայն դեպս, դատախազությունը հավաստիացնում է, որ ինքն էլ հետևողական կլինի այդպիսի հրապարակումներն ի գիտություն ընդունելու հարցում:

Պուտինը Կազան կատարած իր այցի ժամանակ, որ ավելի շատ նախագահական քարոզարշավի տրամաբանությանն է ենթարկվում, քան աշխատանքային այցի, երիտասարդների առջև իր հրապարակային ելույթում կոչ արեց չվախենալ ոչնչից, որոնել նոր արվեստ, նոր տեխնոլոգիաներ, հաղթահարել սեփական սխալները և գտնել այն լուծումները, որոնք իրենց պետք են: Ու այս դեպքում, չորրորդ ժամկետում նախագահ ընտրվելու կասկածներ չունեցող Պուտինը հավաստիացրեց, որ նրանք կլինեն հաջողակ ու երջանիկ սերունդ: Երևի այնպիսին, ինչպիսին է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին հայտնված ռոբոտ-անդրոիդների սերնդին պատկանող Սոֆիան, որին ներկայացրեց Ռուսաստանի խնայբանկի ղեկավար Գերման Գրեֆը` արհեստական ուղեղի թեմայի քննարկման ժամանակ: Նա ասաց, թե արհեստական ուղեղը պետությունների գլխավոր թրենդն է դարձել: Ըստ այդմ, Գրեֆը մարդանման ռոբոտից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս պետք է հաղթահարել «ուղեղով» ռոբոտների հետ հարաբերվելու մարդկային կասկածամտությունը, ինչին Սոֆիան պատասխանեց. «Նորին վարժվելը, ընդհանուր առմամբ, բարդ երևույթ է: Միակ բանը, որ կարող եմ առաջարկել, դա այն է, որ հնարավորինս քիչ ֆիլմեր արտադրեք Տերմինատորի դերով»: Էս Սոֆիան լավ էլ խելքով է` ջոկում է, թե որն է լավ և, որը վատ ռոբոտ: Իսկ մենք` մարդիկս, հաճախ լավ մարդուն վատից ջոկելու առանձնահատկությամբ էլ օժտված չենք լինում:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ