BIG գրիչը ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

BIG գրիչը

Երբ քո առջև բացում են դուռը և հրավիրում են ներս համենալ՝ դա շատ հաճելի է, բայց ոչ հիմա  և ոչ այս հաստատության մեջ: Ես երբեք չեմ մտածել, որ այս շատ հաճելի գործողությունն ինձ շատ տհաճ կթվա: Մարդը, որ բացում է դռները և ինձ ներս հրավիրում, անում է դա մեծ հաճույքով կամ բավականություն է ստանում դրանից, իսկ հատկապես, երբ նա փակում է դուռը իմ ետևից, իմ համար դա տհաճ է և մի քիչ սարսափելի: Մենք բարձրանում ենք աստիճաններով, հետո երկար մի միջանցք է, որտեղ դռներ են, շատ դռներ: Նրա համար երևի դժվար է անընդհատ բացել և փակել այդ դռները, ես նույնիսկ մի քիչ խղճացի նրան, նույնիսկ մի տեսակ օգնելու ցանկություն առաջացավ, բայց ինչ արած, դա նրա աշխատանքն է և ես խառնվելու իրավունք չունեմ: Մենք առաջանում ենք, աջ և ձախ կողմերում փակ դռներ են, ամենուրեք նույն գույնով ներկված ինչ-որ տարածք է: Նա քայլերը դանդաղեցրեց և կոպիտ ձայնով կանգնեցրեց ինձ.

— Դեմքով դեպի՛ դուռը:

Ես դեմքով շրջվեցի դեպի դուռը, այդ ժամանակ նա արդեն բացում էր դուռը, երևի այսօր արդեն վերջին անգամ, այնուհետև նույն կոպտությամբ հրամայեց.

— Մտի՛ր, դու արդեն տանն ես:

Ես շրջվեցի, նայեցի ներս, պետք էր մտնել, բայց ոտքերս ինձ չէին ենթարկվում, անգամ մի քայլ չէի կարող անել, սարսափած էի: Ուզում էի այդ մարդուն բացատրել, որ սա իմ տեղը չէ, և ես անմեղ եմ, որ անտեղի թյուրիմացություն է տեղի ունեցել և շուտով ինձ բաց կթողնեն, բայց չհասցրեցի նույնիսկ մի բառ արտասանել: Նա կոպտորեն հրեց ինձ ու ես, անկախ իմ կամքից, հայտնվեցի բանտախցում:

Այո, ես բանտում եմ, սարսափելի է նույնիսկ մտածելը, բայց ես ցմահ դատապարտված եմ… մարդասպանության համար, որը ես չեմ կատարել: Նրանք չուզեցին հավատալ կամ լսել իմ բերած փաստերին, որ ես չեմ կատարել այդ անմարդկային արարքը: Նրանց`օրենքի ծառաների համար, այդպես ավելի հեշտ է, ինչո՞ւ փնտրել, ժամանակ և միջոցներ ծախսել՝ ճշմարտությունը բացահայտելու համար, չէ՞ որ խորհրդային մտածելակերպով դաստիարակված օրենքի պաշտպանները հիմնականում այդպիսին են, իսկ նրանք հենց այդ սերնդին էին պատկանում: Չկա մարդ, չկա խնդիր:

Ոչ, մենք այժմ ապրում ենք ժողովրդավարական հասարակությունում և մահապատիժ այլևս չկա, բայց դեռ կարելի է կյանքդ ընդմիշտ փակել վանդակում: Այսինքն՝ շնչիր, բայց այս հաստատության մեջ և մեր օրինապահների խիստ հսկողության ներքո: Մենք հաճույք կստանանք քեզ վերահսկելուց, մենք ենք որոշում՝ երբ պետք է ուտես, երբ քնես և դու կկատարես ու կենթարկվես մեր օրենքներին: Դա այս աշխարհի օրենքներն են, այստեղ մենք ենք տերերը և ցմահ մեզ են հանձնել քո կյանքը, իսկ մենք դրանից կօգտվենք ու քեզ հնարավորություն չենք տա խլել մեզանից այդ հաճույքը: Սովորական մարդն այստեղ չի կարող աշխատել, կամ ինչպես հենց իրենք են ասում՝ ծառայել` պաշտպանելով հասարակ մարդկանց մեր պես «մարդասպաններից» և «հանցագործներից»:

Ես արդեն բանտախցում եմ, հետևիցս փակվեց դուռը: Այս բանտախցում ես պետք է ապրեմ իմ մնացած կյանքը, իսկ իմ քսանը դեռ չի լրացել: Պետք է առաջանալ, բանտախցում իմ տեղը գտնել: Իսկ որտե՞ղ է իմ տեղը, ո՞վ ինձ կասի դա: Մահճակալի առաջին հարկում մեկը պառկած է, երևի քնած է: Այստեղ մի տեղ կա ազատ`վերևի հարկում, անկասկած դա իմ տեղն է: Ես մոտեցա, դրեցի իրերս և վեր ցատկեցի: Հոգնած եմ, հանգստանալ է պետք, ու ես քնեցի: Զարմանալի է, բայց ես դեռ այսպես հանգիստ վաղուց չէի քնել:

Երազում տեսա, թե հարազատներիս հետ ինչպես եմ հանգստանում բնության գրկում: Հիանալի եղանակ էր: Փոքրիկ քույրիկս գնդակ էր խաղում, հանկարծ գնդակը գլորվեց ներքև՝ դեպի գետակը: Քույրիկս սկսեց լացել: Ես վազեցի գնդակի հետևից, բայց չհասցրեցի: Առանց մտածելու ցատկեցի ջուրը՝ հայտնվելով ուժեղ հոսանքի մեջ, որն ինձ ավելի ու ավելի հեռու էր տանում ափից: Ես ջանում էի լողալ դեպի ափը, բայց անօգուտ, հոսանքը շատ ուժեղ էր, և հոսանքին հակառակ լողալն անկարելի էր: Ես լողում էի հոսանքի ուղղությամբ, որն ինձ ավելի էր հեռացնում ափից: Հարազատներս ինչ-որ բան էին գոռում, բայց ես նրանց չէի լսում… Իսկ երբ գլուխս շրջեցի` սև հանդերձանքով մարդկանց տեսա, ովքեր ինձ իրենց մոտ էին կանչում՝ խոստանալով փրկել: Ես դադարեցի պայքարել հոսանքի հետ և թուլացա` մտածելով, որ դա է իմ միակ փրկությունը: Երբ նրանց մոտ լողացի, տեսա նրանց դեմքերը և հասկացա, որ սխալվում եմ, բայց արդեն ուշ էր: Հարազատներս դեռ գոռգոռում էին՝ ինձ փրկելու հույսով, բայց ես արդեն սև շորերով մարդկանց ձեռքում էի: Նրանք ինձ ջրից հանեցին՝ ուսիս ընկերական խփելով: Ես իրականում զգացի, թե ինչպես է ինչ-որ մեկը ուսիս խփում, բայց դա արդեն երազ չէր: Դա իմ բանտախցի հարևանն էր փորձում արթնացնել:

— Արթնացիր:

Բացեցի աչքերս: Իմ առջև տեսա նրա անծանոթ դեմքը: Զարմացած ուզեցի հարցնել, բայց արագ հիշեցի, թե որտեղ եմ գտնվում ու նորից ընկա բարձին:

— Վա՞տ երազ էր, զարմանալի չէ: Այստեղ այդպիսի երազներ հաճախ կտեսնես: Կարևորը ժամանակին արթնանալն է, բայց ոչինչ, կհարմարվես:

Նրա՝ երազների մասին իմացությունն ինձ հետաքրքիր չէր, և ես՝ չպատասխանելով, շրջվեցի դեմքով դեպի պատը: Զրուցելու համար մենք դեռ շատ ժամանակ կունենանք: Չգիտեմ ինչքան քնեցի, բայց, երբ արթնացա՝ արդեն մութ էր: Իմ հարևանը նստած էր սեղանի մոտ, իմ կողմն էր նայում:

— Դե ինչ, արթնացա՞ր… Ցած իջիր, ծանոթանանք,- ասաց նա:

— Իսկ մի՞թե այլընտրանք կա,- ասլով՝ իջա, ինձ կարգի բերեցի ու նստեցի նրա դիմաց

Դադարը երկար չտևեց: Բանտախցի հարևանս ձեռք մեկնեց ինձ.

— Փանոս

— Ինչպե՞ս թե՝ Փանոս…

Չէի սպասում, որ կհանդիպեմ երբևէ այդպիսի անունով մեկին: Նա երևի կատակում է: Հայաստանում այդ անունը երեխաներին չեն տալիս՝ այն պատճառով, որ մեր մեծ գրող Հովհաննես Թումանյանն այդ անվան վրա կատակել էր` գրելով մի պատմություն, որտեղ նրան անվանում էր անբախտ: Այնպես որ, նրա անունը ասոցացվում է «դժբախտ» բառի հետ: Ասացի.

— Չգիտեմ՝ իրականում անունդ ինչ է, բայց կատակդ ստացվեց:

— Ես կատակ չեմ անում, անունս, իրոք, Փանոս է,- ամենայն լրջությամբ կրկնեց նա:

Ես մի քիչ անհարմար վիճակի մեջ էի, սակայն ի՞նչ տարբերություն. Փանոս, թող լինի Փանոս:

— Միքայել է անունս,- ձեռքս մեկնելով՝ ասացի ես:

Նա մի քիչ մտքերի մեջ ընկավ, բայց սեղմեց ձեռքս: Դադար տիրեց: Չգիտեինք՝ ինչից սկսել խոսակցությունը: Այդ պահին դուռը բացվեց և դռնապահն բարձր ձայնով ասաց.

— Փանոս, դեպի ելքը, մարդ է եկել մոտդ:

— Ո՞վ:

— Քո փաստաբանը:

Նա արագ դուրս եկավ բանտախցից, և ես մենակ մնացի: Հիմա ամենից շատ մորս մասին եմ մտածում, ինչպես է նա և արդյո՞ք ամեն ինչ կարգին է նրա հետ: Դատարանի դահլիճում` դատավճիռը լսելուց հետո, վատացավ և ուշաթափվեց: Սկսեցի քայլել բանտախցում: Մոտեցա պատուհանին: Այն շատ փոքր է և ոչինչ չի երևում, միայն լույս է ընկնում: Երկաթյա ճաղավանդակները չեն թողնում մոռանալ, թե որտեղ ես գտնվում: Պատուհանի հակառակ կողմում մի անկյուն կա, որտեղ հացի կտոր էր դրված: Ինչի՞ համար… Փանոսը վերադառնա, անպայման կհարցնեմ: Ահա ոտնաձայներ, լսվեց երկաթյա դռան ճռռոցը: Փանոսն է: Նա ներս մտավ լրիվ այլ մարդու կերպարանք ստացած: Տեսնես ի՞նչ է պատահել: Նրա վիճակը անհանգստանալու առիթ է տալիս: Նա անվերջ շուրջն է նայում և բառ չի արտասանում: Ի՞նչ կարող է հայտնած լինեին, որ այսպես կտրուկ փոխվել է: Ակսեց անհասկանալի շարժումներ անել: Կանգնեց անկյունում, սկսեց աղոթել, Աստծուն շնորհակալություն հայտնեց, հետո սկսեց ինչ-որ բան փնտրել իրերի մեջ: Հանեց թղթեր և դրեց սեղանին: Նրա անբնական պահվածքը սկսեց ինձ վախեցնել: Նստեց մահճակալին, հայացքն ուղղելով ինձ` բարձր գոռաց.

— Ինձ արդարացրե՜լ են, արդարացրե՜լ են…

Հետո ընկավ մահճակալին ու սկսեց բարձր ձայնով լացել՝ անդադար կրկնելով.

— Ինձ արդարացրե՜լ են, ես ազատ եմ, ազա՜տ եմ…

Ես ավելի շատ երջանկություն և ուրախություն չեմ պատկերացնում մի մարդու համար, ով 17 տարի կալանքից հետո ազատություն է ստացել: Նրանից բացի դժվար թե որևէ մեկը պատկերացնի դա: Հիմա նա գիտի ազատության իրական արժեքը: Պետք է հանգստացնել նրան, նրա վիճակը անհանգստացնում է: Ես՝ որպես բժիշկ, այդ վիճակին մի քիչ ծանոթ եմ, ճիշտ է, չեմ ավարտել, ավելի շուտ չթողեցին ավարտեմ համալսարանը, բայց հասկանում եմ բժշկությունից… պետք է օգնեմ Փանոսին: Սկզբում նրան շեղել է պետք և ուրիշ թեմայից խոսակցություն բացել: Այդ վիճակում նույնիսկ հնարավոր է կաթված ստանա, սիրտը կարող է չդիմանա:

— Փանոս, այս կողմ նայիր, քեզ մի բան եմ ուզում հարցնել: Դու ինձ լսո՞ւմ ես: Ես պետք է իմանամ՝ ինչի համար ես հացը պահել պատուհանի հակառակ կողմում:

Փանոսը սթափվեց և զարմացած հարցրեց.

— Ի՞նչ հաց, ես ոչինչ չեմ պահել:

— Մոտեցիր պատուհանին, ցույց տամ:

Նա մոտեցավ, նայեց և ոգևորված արտաբերեց.

— Հաաաա, դա աղավնիների համար եմ դրել, նրանք հաճախ են այստեղ գալիս, հարազատներիցս լուր են բերում:

Փառք Աստծո, Փանոսը վերադարձավ իրականություն, իսկ իրականությունն այսպիսին է` արդարացված է իմ բանտախցի հարևանը, որի հետ ես նոր եմ ծանոթացել: Հետո մենք երկար խոսեցինք, հիմնականում նրա կյանքի մասին, թե ինչպես է նա պատրաստվում ապրել հետագայում: Չէ՞ որ այսքան տարի բանտում անցկացնելուց հետո, դրսում բոլորին խորթ կլինի: Ժամանակ է պետք, որպեսզի համակերպվի ազատությանը` նույնկերպ, ինչպես ինձ՝ բանտում ապրելու համար:

Ասում են՝ մարդը ամեն ինչի կհամակերպվի, բայց ես համաձայն չեմ այդ մտքին, վատին ես չեմ պատրաստվում համակերպվել. այդ պատճառով միայն կմտածեմ ու կերազեմ լավ և արժեքավոր բաների մասին: Համակերպվել վատին՝ կնշանակի կորցնել մարդկային դեմքը: Ես երբեք այդ մտքի հետ չեմ համակերպվի և մինչև վերջ նպատակս կլինի՝ հասնել արդարության: Արդարություն ամեն ինչում: Ես իմ երկրի քաղաքացին եմ, և առաջինն ու վերջինը չեմ, որ հայտնվում է այս իրավիճակում: Այդ պահին ես հասկացա նպատակս և գտա իմ նշանակության, ապրելու իմաստը:

Փանոսն այս ընթացքում ինչ-որ բան էր խոսում, բայց ես նրան արդեն չէի լսում, միայն քաղաքավարությունից դրդված, մերթընդմերթ գլխով համաձայնության նշան էի ցույց տալիս: Ոչ այն պատճառով, որ նրան չէի հարգում, ես պատրաստ եմ լսել ցանկացած զրուցակցի, բայց այստեղ ես գտա իմ նշանակությունն այս կյանքում: Ինչպես ես դա կանեմ, դեռևս չգիտեմ, բայց ելք կգտնեմ: Կարևորն այն է, որ միտքը կա, և այդ միտքը ճիշտ է ու արդար, իսկ արդարության համար պայքարել է պետք:

Արդեն լուսաբացին նույնիսկ չզգացի, թե ինչպես քնեցի: Արթնանալով՝ տեսա Փանոսին` նստարանին նստած: Նա սպասում էր դռնապահի հայտնվելուն: Սեղանին դրված էին ինչ-որ թղթեր ու գրիչ: Մոտեցա, նստեցի նրա մոտ: Նա լուռ իմ կողմ հրեց գրիչը: Հասարակ գրիչ էր: Հասկացա նրա մտադրությունը, ուզում էր իրենից ինչ-որ բան հիշատակ թողնել: Հարցրեցի.

— Սա ի՞նձ… Քեզանից հիշատա՞կ…

— Ոչ: Սա քո գրիչն է, ինձ, ուղղակի խնդրել են՝ այն քեզ փոխանցել:

Զարմացա այդ տեսակ պատասխանից, բայց, ամեն դեպքում, հաճելի էր: Լուռ վերցրեցի գրիչը:

— Շնորհակալ եմ, ես քեզ միշտ կհիշեմ:

— Պետք չէ ինձ շնորհակալ լինես, այլ՝ այն մարդուն, որ սա թողել է քեզ:

— Մա՞րդ… Ես նրան գիտե՞մ… Ո՞վ է…

— Ոչ, դու նրան չգիտես: Նա քեզ գիտի և խնդրեց՝ փոխանցեմ քեզ այս գրիչը…

— Ուրիշ ոչի՞նչ:

— Նա ասաց, որ մի օր կգա մեկը, ով գիտի, թե ինչպես օգտագործես այս գրիչը: Նա ուժեղ երևակայություն ունի: Ես նրան հարցրեցի, թե ինչպես հասկանամ, թե ով է նա, բայց նա լռեց:

— Իսկ հետո՞:

— Հետո սանիտարներն եկան, տարան նրան… Մահացու հիվանդ էր, մյուս օրը մահացավ:

Զարմանալի բան է, բայց հաճելի է բանտում ստանալ ժառանգություն մեկից, ում չես ճանաչում: Իսկ նա գիտեր, որ ես այստեղ եմ հայտնվելու, մոգական  բան կա դրա մեջ:

Ես այլևս ոչինչ չհարցրեցի, վերցրեցի գրիչը: Հետո եկավ պահակազորը և Փանոսն ընդմիշտ հեռացավ իմ կյանքից՝ թողնելով որպես հուշ խորհրդավոր գրիչը:

Սովորական գազարագույն «ԲԻԳ» ֆիրմայի գրիչ էր, բայց, ամեն դեպքում, շնորհակալ եմ Փանոսից և այդ անծանոթից՝ այս նվերի համար: Մանրուք է, բայց շատ հաճելի…

17 տարի է անցել: Ես դեռ բանտում եմ: Այս տարիների ընթացքում անվերջ պայքարում էի, տարբեր հաստատություններ նամակներ էի ուղարկում, բայց՝ անօգուտ: Ինձ չէին ուզում լսել: Եղան հավելյալ դատական լսումներ, իմ գործով շատ փաստարկներ բերվեցին և թվում էր՝ ամեն ինչ իմ օգտին է, բայց դատավորը գիտեր՝ ինչ դատավճիռ է տալու: Այն այսպես էր հնչում. «Դատական որոշումը թողնել անփոփոխ»: Ահա և այսօր նույնը: Ինձ դատական նիստից հետո բերեցին բանտախուց: Ես հիսթափված եմ, էլ ուժ չունեմ պայքարելու: Բայց՝ Ո՛Չ, կպայքարեմ ու մինչև վերջ կգնամ: Հիմա մենակ չեմ, շատ հասարակական գործիչներ, արվեստագետներ և լրագրողներ են աջակցում ինձ: Նրանք վստահ են իմ անմեղությանը, և դա ինձ ուժ է տալիս պայքարելու համար:

Արդեն բանտախցում եմ: Իմ հետևից, ինչպես 17 տարի առաջ, աղմուկով փակվեց երկաթյա դուռը: Այն ժամանակ բանտախցում միայն մեկ դատապարտյալ կար` Փանոսը, իսկ հիմա նրանք շատ են, և բոլորը ցմահ դատապարտված: Առաջացա իմ տեղը: Բանտախցի հարևաններս ուզում էին հարցնել, բայց տեսնելով վիճակս, չհամարձակվեցին: Առանց բառ ասելու մոտեցա իմ մահճակալին ու պառկեցի: Հոգնել եմ: Ինձ մի քիչ հանգստանալ է պետք: Թղթերը պետք է պահարանի մեջ դնել (դատարանի որոշումն է, հետո կկարդամ): Երբ այդ թղթերը դնում էի պահարանի դարակը, հանկարծ տեսա գրիչը, այն գրիչը, որ ինձ որպես հուշ թողել էր Փանոսը` 17 տարի առաջ: Վերցրեցի այն ու մի քիչ թեթևություն զգացի: Հիշեցի մեր կարճատև հանդիպումը: Հիշեցի նրա խոսքերը, որ գրիչը մի մարդու կողմից է, ով գիտեր, որ գալու եմ, որ կգա մեկը և նա գիտի, թե ինչ է պետք անել և, որ ես հարուստ երևակայություն ունեմ:

Վերցրեցի գրիչը, սեղմեցի կրծքիս, պառկեցի հանգստանալու: Լարվածությունս մի քիչ թուլացավ, թեթևություն զգացի: Հանկարծ մի մոգական բան զգացի: Ես փողոցում եմ, ազատ եմ… Ի՞նչ էր սա… Երա՞զ էր, թե՞ հոգնածությունն էր պատճառը: Բացեցի աչքերս… բանտախցում եմ: Կրկին ուզեցի այնտեղ`ազատության մեջ հայտնվել… դանդաղ փակեցի աչքերս: Ու կրկին հայտնվեցի հենց նույն տեղում: Փողոցում ամեն ինչ կարծես իրական է, սա երազ չէ, ես գիտակցորեն կարող եմ կառավարել իմ շարժումները: Հավաստիանալու համար քայլ արեցի, ստացվում է: Կրկին քայլ… ստացվում է: Պետք է մի քիչ քայլել, կարևոր չէ՝ ինչպես և որ կողմ, ուղղակի՝ քայլել: Ես՝ անկանոն շրջաններ կատարելով, քայլում եմ: Այդ ժամանակ հիշեցի Փանոսի խոսքերը. «Կգա մի մարդ, որը հարուստ երևակայություն կունենա»: Իմ երևակայությունը հարուստ է: Ես կարող եմ տեղաշարժվել, միգուցե սա երա՞զ է: Ստուգել է պետք, բայց ինչպե՞ս: Պետք է բացել աչքերը: Ո՛չ, չեմ ուզում և չեմ բացի: Այսպիսի բան ես կորցնել չեմ ուզում, հնարավոր է ամեն ինչ անհետանա և այս ամենը սուտ լինի և պարզվի, որ ես իրականում քնած եմ, երազ եմ տեսնում: Ամեն դեպքում, որոշեցի բացել աչքերս: Բանտախցում եմ: Դադար վերցրեցի և կրկին փակեցի աչքերս: Կրկին հայտնվեցի փողոցում, հենց նույն տեղում: Ես ազատության մեջ եմ, կարող եմ անել այն, ինչ ցանկանում եմ, և ոչ ոք ինձ չի կարող խանգարել:

«Փոխակերպում». այսպես է գիտականորեն անվանվում այս երևույթը, բայց ոչ թե ժամանակի, այլ՝ տարածության մեջ: Ֆանտաստիկ, անբացատրելի զգացողություն է: Ես չեմ քայլում, այլ ճախրում եմ: Ես ավելի շատ օդ եմ ուզում, հագենալ եմ ուզում: Օդում ինչքա՜ն տարբեր բույրեր կան: Բանտում անցկացրած տարիների ընթացքում սովորել եմ միայն մի հոտի` բանտային: Իմ հիշողությունից շատ բույրեր անհետացել էին: Ծաղիկների, մարդկանց, մեր բակերի բույրը: Հիշողությունս վերադառնում է: Չեմ կշտանում ագահորեն շնչելուց: Ուրախ տրամադրությամբ քայլում եմ հարազատ քաղաքիս փողոցներով, հիշում եմ ամեն ինչ: Ահա այստեղ, այս սրճարանում ես մի ժամանակ հանդիպում էի աղջկա հետ, անցնում եմ ծանոթ տների կողքով՝ ծանոթ դեմքեր տեսնելու հույսով, բայց առայժմ անօգուտ: Միգուցե նրանք այնպես են փոխվել, որ ես նրանց չեմ ճանաչում: Իմ հիշողության մեջ նրանք երիտասարդ են մնացել: Բայց դա ոչինչ, կարևորը՝ ես այստեղ եմ և կարծում եմ՝ սա վերջին անգամը չէ և կկարողանամ մշտապես վերադառնալ, քանի որ ես հարուստ երևակայություն ունեմ:

Ո՞ւր եմ գնում: Իհարկե՝ տուն: Շտապում եմ, անհամբեր ուզում եմ տեսնել հարազատներիս: Եվս մի փողոց: Այստեղ կանգնած զրուցում են երկու կին: Մոտենում եմ, դանդաղեցնում եմ քայլերս, ուզում եմ լսել՝ ինչի մասին են նրանք խոսում: Ինձ ամեն ինչ հետաքրքիր է: Ես արդեն նրանց կողքին եմ և, ի զարմանս ինձ, նրանք չէին զրուցում, այլ վիճում էին: Ես դեռևս չեմ հասկանում նրանց վեճի առարկան, այդ պատճառով թեքվեցի դեպի մոտակա անկյունը, կանգնեցի, սկսեցի լսել: Շատ բառեր և արտահայտություններ ինձ ծանոթ չէին, վիճում էին և կոպիտ բառեր ասում իրար հասցեի: Լսելով այդ արտահայտությունները՝ հիշեցի, որ 17 տարի առաջ ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց համար արտաբերել այդպիսի բաներ անընդունելի էր: Այո, 17 տարվա ընթացքում շատ է փոխվել մեր հասարակությունը: Ես ուշադրությունս չկենտրոնացրեցի նրանց վրա, նրանց վեճին խառնվելն իմ գործը չէր, շրջվեցի, ուզում էի շարունակել ճանապարհս, բայց այդ պահին անհավանական մի բան տեղի ունեցավ: Աչքերս՝ անկախ ինձանից, բացվեցին և ես նորից հայտնվեցի բանտախցում: Ի՞նչ պատահեց: Մի քիչ սպասեցի ու կրկին փակեցի աչքերս՝ հույսով, որ ամեն ինչ կվերադառնա, բայց՝ իզուր: Ես կորցրեցի երևակայությունս: Միգուցե խնդիրը երևակայությունը չէ: Կրկին փակեցի աչքերս՝ գրիչն ավելի ուժեղ սեղմելով կրծքիս՝ հույսով, որ հիմա կստացվի: Ես հուսահատված եմ: Պետք է մի քիչ հանգստանալ և կրկին փորձել՝ վերհիշելով գործողությունների հերթականությունը: Բազմակի անարդյունք փորձերից հետո, ամբողջովին հուսահատված, քնեցի: Ամեն դեպքում, սա կարճ, սակայն երջանիկ ակնթարթ էր այս 17 տարիների ընթացքում:

Առավոտյան արթնացա լավ տրամադրությամբ: Չհիշեցի նույնիսկ երեկվա դատական նիստը: Նույնիսկ չեմ զգացել, թե ինչպես եմ գրիչը ձեռքիս քնել: Ինչպիսի՜ հաճելի զգացողություններ ապրեցի: Եթե դա կրկնվի, ապա ես կլինեմ բանտի ամենաերջանիկ մարդը, բայց նախ պետք է գրի առնել այն ամենը, ինչ տեղի ունեցավ երեկ` ամենայն մանրամասնությամբ, նույնիսկ այդ կանանց միջադեպը: Հանեցի թուղթ, սկսեցի գրել, ճիշտ և ճիշտ այն ամեն գեղեցիկը, ինչը զգացել էի այդ կարճ ժամանակահատվածում: Երբ հասա այն մասին, որտեղ այդ կանայք վիճում էին, ես այլ բան գրեցի, որպեսզի չփչացնեմ իմ լավ տպավորությունները այդ «ճանապարհորդությունից»: Գրեցի. «Կանգնած էին երկու հաճելի կին և կիսվում էին նախորդ օրը դիտած ներկայացումից ստացած տպավորություններով: Հիանում էին դերասան-դերասանուհիների հրաշալի խաղով, թե ինչպիսի հիանալի ներկայացում էր և ինչպես էին վերջում բոլորը կանգնած ծափահարում»: Այս ամենը գրեցի և թիկնեցի մահճակալին՝ ձեռքումս պահելով հրաշք գրիչը: Դեմքիս հաճելի ժպիտ էր դաջված և ես, անկախ իմ կամքից, փակեցի աչքերս, որպեսզի մի անգամ ևս հիշեմ երեկվա դեպքը: Սակայն այդ պահին հրաշք տեղի ունեցավ. ես հայտնվեցի այդ նույն տեղում և կրկին քայլում եմ այդ նույն փողոցով, որտեղ հանկարծակի ընդհատվեց իմ ճանապարհորդությունը և կրկին տեսա այդ նույն կանանց, որոնք վիճում էին մանրուքի պատճառով: Այս անգամ կանգ չեմ առնի, կանցնեմ առանց ուշադրություն դարձնելու: Բայց ինչպիսին էր իմ զարմանքը, երբ նրանց կողքով անցնելիս լսեցի ոչ թե հայհոյանք և անհարգալից արտահայտություններ, այլ հաճելի զրույց: Նրանք շփվում էին շատ հասկանալի և գրագետ լեզվով, իսկ ամենից շատ ինձ զարմացրեց այն, որ նրանք խոսում էին թատրոնից: Ես անցա նրանց կողքով: Նրանք շրջվեցին և հաճելի ժպտացին, նույնը արեցի ես:

Հիմա ես ուզում եմ հասկանալ այս գրիչի, և ոչ միայն գրիչի, իրական նշանակությունը: Մի՞թե այն ամեն ինչ փոխում է և դարձնում ավելի լավը, այսինքն՝ այս գրիչի օգնությամբ ես կարող եմ ամեն ինչ փոխել դեպի լավը: Բայց, նախևառաջ, պետք է հասնել տուն, տեսնել հարազատներիս: Փողոցն անցնելիս, անցումի մոտ մի ծեր կին տեսա՝ վախեցած աջ ու ձախ էր նայում՝ վարանելով փողոցն անցնել: Առաջարկեցի իմ օգնությունը: Կինը հաճույքով համաձայնեց և շնորհակալություն հայտնեց: Ես նրա ձեռքից բռնեցի և չէինք հասցրել քայլ անել, երբ մեր մոտ հազիվ կանգնեց արագ ընթացող մի սև մեքենա: Վարորդին անհնար էր տեսնել՝ մգացված ապակիների պատճառով: Ապակին իջեցրեց և գոռաց.

— Տե՛ս՝ ուր եք գնում, կո՞ւյր եք, ի՞նչ է…

Հետո կտրուկ տեղից պոկվեցին՝ մեզ թողնելով մեքենայի գազերի և փոշու ամպի մեջ: Մենք անցանք փողոցը:

— Ուշադրություն մի դարձրու, որդիս, այսպիսին է հիմա մեր երիտասարդությունը,- տխուր ձայնով ասաց կինը:

Այդ բառերից հետո աչքերս բացվեցին, և ես կրկին հայտնվեցի բանտախցում: Այս անգամ գիտեմ՝ ինչ է պետք անել: Բայց նախ սկսեցի ուշադիր զննել գրիչը: Յուրահատուկ ոչինչ չկա, հասարակ գրիչ, գազարագույն, վրան գրված «ԲԻԳ», ուրիշ ոչինչ: Իմ գրիչը կոչվում է «ԲԻԳ», և ես վերջնականապես հասկացա նրա նպատակը:

Նստեցի, սկսեցի գրել վերջին դեպքերի մասին՝ այն, ինչ տեղի ունեցավ ծեր կնոջն օգնելու ժամանակ. «Սև մգացված ապակիներով մեքենան անցավ մեր կողքով՝ բարձր արագությամբ: Վարորդը, չկարողանալով կառավարել մեքենան, հարվածեց ծառին: Այդ հարվածից հետո ապակիները փշուր-փշուր եղան, անիվները՝ պոկվելով, գլորվեցին տարբեր կողմեր, վարորդը մեքենայից իջավ՝ պոկված ղեկը ձեռքին»: Վերջ: Հիմա պետք է փակել աչքերը և տեղափոխվել, որպեսզի տեսնեմ այդ ամենը: Աչքերս փակեցի, բայց ոչինչ տեղի չի ունենում, ես չեմ տեղափոխվում: Ի՞նչ պատահեց, միգուցե ինչ-որ բան ճիշտ չե՞մ արել: Ես հասկացա. «ԲԻԳ»-ը չի անում այնպես, ինչպես ես եմ գրում, նա դեմ է խնդրի ուժային լուծումներին: Նա բառերով է ուզում մեզ բոլորիս հասցնել ճշմարտությունը: Ահա՝ հիմա էլ նա ինձ հասկացնում է, որ այդ ձևով խնդիրը չի լուծվում: Չար մտքերից ազատվել է պետք, հակառակ դեպքում ոչ մի արդյունք չի լինի: Ես հասկացա և նստեցի այդ հատվածը նորովի գրելու. «Երբ մենք անցնում էինք փողոցը, մեր առջև հանգիստ կանգ առավ մի մեքենա: Վարորդը երիտասարդ տղա էր, իսկ նրա կողքին՝ գեղեցիկ մի աղջիկ: Նրանք մեզ ձեռքով նշան արեցին, որ պետք չէ շտապել, կարող ենք հանգիստ անցնել: Մենք անվտանգ անցանք փողոցը, որից հետո մեքենան դանդաղ շարժվեց: Մենք շրջվեցինք և ժպտալով շնորհակալություն հայտնեցինք վարորդին և նրա գեղեցիկ ուղեկցորդուհուն»: Ես գրեցի և միանգամից փակեցի աչքերս: Այո, ստացվում է՝ ես այդ նույն տեղում եմ, և կինն էլ կանգնած սպասում է անցումի մոտ: Մոտեցա, բռնեցի նրա ձեռքը և, երբ ուզում էինք անցնել, մի մեքենա կանգ առավ, հաճելի երիտասարդները մեզ նշան արեցին, որ հանգիստ, առանց շտապելու անցնենք: Մենք զգուշորեն անցանք, և նրանք՝ հավաստիանալով, որ անցել ենք, ձեռքով արեցին և հանգիստ շարժվեցին:

— Ինչ լավ երիտասարդություն ունենք,- հաճելի ձայնով ասաց ծեր կինը:

Մի պահ հայացք գցեցի հեռուն և հասկացա, որ իմ մոտ ձևավորվել է լրիվ այլ ընկալում կյանքի նկատմամբ: Այո, դա այդպես է: Մենք փոփոխություններ ենք պահանջում, բայց արդյո՞ք մենք պատրաստ ենք այդ փոփոխություններին: Չէ՞ որ փոփոխություններ պահանջելով, նախ պետք է սկսենք փոխել ինքներս մեզ, մեր հայացքները կյանքի նկատմամբ, դառնանք ավելի լավը և մնացածին նույնպես կոչ անենք փոխվել: «ԲԻԳ»-ի օգնությամբ ես փոխվեցի, փոխեցի կոպտությունը և անքաղաքավարությունը մարդկանց հանդեպ: Մի պահ իմ մեջ չարություն արթնացավ, ես իմ ձևով ուզեցի պատժել վատ արարքի համար, բայց «ԲԻԳ»-ն ինձ կանգնեցրեց և ցույց տվեց, թե ինչպես վարվեմ`հոգիս առանց չարությամբ լցնելու: «ԲԻԳ»-ը մեր խնդիրների լուծումը չէ, այլ միայն գործիք է մեր ձեռքում և, հավատացե՛ք, շատ հզոր գործիք, եթե մենք ուզենք փոխել մեր հասարակությունը:

Հիմա ես գիտեմ՝ ինչպես հասնեմ տուն: Ոչ, ես գիտեմ, որ այսօր էլ տուն չեմ հասնի և վաղն էլ, քանի որ դեռ շատ խնդիրներ կան ճանապարհին: Խնդիրներ առողջապահության ոլորտում, օրինապահ մարմիններում, կրթական ոլորտում, խնդիրներ՝ ամենուրեք… Անտարբերությամբ, մեր դժբախտությունների համար մեղավորներ փնտրելով , մենք բանի չենք հասնի: Պետք է փոխենք մեզ և մեր հասարակությունը: Պետք չէ հավատալ, որ կգա ինչ-որ մեկը և կլուծի մեր խնդիրները: Մենք բազմիցս փորձել ենք դա և գիտենք արդյունքը: Դե, ի՞նչ… պատրա՞ստ եք: Իսկ ես, այո՛…

ՌՈԲԵՐՏ ԽԼՂԱԹՅԱՆ

print
3,738