«Էնքան աշխատանք է լինելու, որ շինարարի պակաս ենք ունենալու» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Էնքան աշխատանք է լինելու, որ շինարարի պակաս ենք ունենալու»

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել էր Լեհաստանում Հայաստանի Զարգացման Հիմնադրամի (ՀԶՀ) պաշտոնական ներկայացուցիչ, «Blue Idea» ընկերության նախագահ Լուկաս Վալերյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումից հետո քաղաքապետի հետ մի քանի հարցի շուրջ զրուցելու առիթ հանդիսացավ:

Հարցին, թե Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում Գյումրիում ներդրումներ կատարելու առումով ի՞նչ ակնկալիքներ ունի և ինչպե՞ս է այն գնահատում, Ս.Բալասանյանը պատասխանեց. «Կարևոր է, որ նման տրամադրվածություն կա, ցանկություն կա, բիզնես տեսանկյունից մեր քաղաքի համար ինչ-որ բան են անում՝ դա արդեն լավ գնահատական է: Նաև առանձնահատուկ պետք է շնորհակալություն հայտնենք ՏՏ կենտրոնին՝ հանձինս Ամալյա Եղոյանին, Բագրատին, որ կարողացան շատ ըներությունների խրախուսել, բերել Գյումրի, ինչը շատ կարևոր է քաղաքի համար: Դա ենթադրում է աշխատատեղեր, ուսուցում, զարգացում: Պետք է նկատենք նաև «Թումո» կենտրոնի առկայությունը, որը նոր շունչ հաղորդեց: Իսկ այսօրվա հանդիպումից կասեմ, որ ողջունում եմ, որպես քաղաքապետ՝ կաջակցեմ, յուրաքանչյուրը, ով քաղաքի համար ինչ-որ բան կուզի անել՝ ես պատրաստ եմ»:

Քաղաքապետը ևս մեկ անգամ անդրադարձավ այս տարվա անելիքներին, մատնանշեց, որ կարևոր է սպասվող պատմական միջուկի վերականգնողական աշխատանքները, որը կսկսեն փետրվարի 15-ից: Զուգահեռ սրան, թափ կառնեն կոմունիկացիոն, փողոցաշինական աշխատանքները՝ ՎԶԵԲ-ի ծրագրով, որն ամենայն հավանականությամբ կսկսվի ապրիլի վերջից: «Ըստ ծրագրերի, Գյումրին այս տարի կվերածվի շինհրապարակի»,-շեշտեց քաղաքապետը, ապա խնդրեց գյումրեցիներին համբերատար լինել, քանի որ բավական անհանգստություններ կպատճառվեն, փողոցները կքանդվեն, ցեխ ու փոշի կլինի, բայց վերականգնելու նախապայմանով: Ավելացրեց, որ «Մուշ-2» թաղամասում սեփական ուժերով նոր խաղահրապարակ պետք է կառուցեն, որ կառավարությունը և Տարածքային կառավարման նախարարությունը պատրաստակամություն են հայտնել տարբեր ուղղություններով համագործակցելու, մասնակցություն ունենալու: «Մեկ այլ լավ ծրագիր ունենք. գումար է ավելացել, տնտեսում ունեցանք, երևի շենք գնենք և վերածենք բնակարանների, հատկացնենք տնակային տնտեսություններում բնակվողներին: Ինչպես գիտեք, մինչև հիմա նախկին պարտքերն էինք փակում, իսկ հիմա արդեն տնտեսման արդյունքում կարող ենք բնակարան գնել: Ավագանին նախագիծ է պատրաստում, որ դրվի քննարկման»:

Քաղաքապետը դարձյալ մատնանշեց ջրահեռացման 6կմ հատվածի վերականգնման ծրագիրը. «Երկրաշարժից հետո տարբեր թաղամասերում և փողոցներում առաջացած խցանումները պետք է վերացնենք: Նաև ջրամատակարարման ծրագիրը պետք է անենք, որն ընդգրկում է 58 թաղամասը, Շիրակացի փողոցը և այն տեղերում, որտեղ չենք հասցրել 24-ժամյա ջրամատակարարում ապահովել: 3-րդ փուլն է սա, որը կսկսենք 2-3 ամսից, այն իրականացվում է գերմանական KfW բանկի միջոցներով: Ես՝ որպես քաղաքային իշխանություն, վերահսկողական լծակներ չեմ ունեցել, որպեսզի հետևեմ աշխատանքների որակին: Հիմա դիմել եմ կառավարությանը, որպեսզի նման հնարավորություն տան, քանի որ նախորդ երկու փուլերը շատ թերություններով անցկացվեց: Իրավասություն տան՝ վերահսկենք աշխատանքները»:

Քաղաքապետին հարցրեցի, թե նշած կոմունիկացիոն աշխատանքներին զուգահեռ արդյո՞ք ոռոգման համակարգն էլ են ներառելու, քանզի դրա բացակայության պատճառով, ըստ կոմունալ բաժնի պատասխանատուի, քաղաքի կանաչապատումն անբավարար է: «Կանաչապատման հետ կապված իմ մոտ խորհրդակցություն էր. մոտ 25 հազար ծառ ենք ուզում բերել, բայց ոռոգման շատ մեծ խնդիր ունենք, ճիշտ եք, սա ցավոտ հարց է: Փորձում ենք մեր ունեցած կանաչապատ տարածքները թեկուզ ջրցան մեքենաներով ջրել, բայց դրա արդյունավետությունը բարձր չէ: Բավականին չարչարանքով ոռոգման համակարգը հասցրեցինք մինչև «Հայուհու» հրապարակ, կփորձենք անպայման Սայաթ-Նովա փողոցն էլ ներառել, մի հատ խողովակ գցելու ենք, որն հասնելու է մինչև Խաղաղության այգի, այդտեղից գիծ ունենք, որը գալիս է Հաղթանակի այգի: Կենտրոնական հատվածի հարցը ոնց որ թե լուծվում է: «Մուշ 2»-ի հարցը կարծես լուծված է: Շատ աշխատատար ու ծախսատար հարց է, միևնույն ժամանակ շատ կարևոր»:

Ս.Բալասանյանն անդրադարձավ նաև «Կուրսկի» այգում նախատեսվող վերականգնողական, կանաչապատման աշխատանքներին. «Անելու ենք: Փուլ առ փուլ կանենք: Մի առաջարկություն արվեց՝ այնտեղ տեղադրել զինվորական հին տեխնիկա, բայց իմ դուրը չեկավ: Մասնագետները թող մշակեն, առաջարկեն: Խաղաղության այգին հիշո՞ւմ եք, ինչ վիճակում էր, իսկ հիմա տեսեք ինչպես ենք վերականգնել: Ինչպես նշել էի, Տիգրան Մեծ պողոտան պետք է վերականգնենք, շենքերն ենք կոսմետիկ տեսքի բերելու, փողոցն ենք վերականգնելու, մայթերն ենք սալապատելու, Կայարանամերձ հրապարակն ենք շատ գեղեցկացնելու: Որպեսզի, երբ արագընթաց գնացքն ունեցանք, զբոսաշրջիկներ բերենք: Էնքան աշխատանք է լինելու, որ շինարարի պակաս ենք ունենալու: Խոպանի ճամփեն փակենք, որ մարդիկ դուրս չգնան, մենք էլ դրսից մարդ չբերենք»:

print
1,114