ROCK երաժշտությունը կարող է մտածելակերպ փոխել Գյումրիում ⋆ «Շրջապատ»
ՄՇԱԿՈՒՅԹ

ROCK երաժշտությունը կարող է մտածելակերպ փոխել Գյումրիում

Գյումրու երիտասարդական պալատի փոքրիկ սենյակներից մեկի պատերը օրվա մեջ մի քանի ժամ դղրդում են ռոք երաժշտության զնգուն հնչյուններից: Ռոքի սիրահար երիտասարդներն այստեղ ոչ միայն ռոք են սովորում, այլև փորձեր անում ու պատրաստվում համերգների: Համարյա մեկ տարի այս երիտասարդները համախմբվել են ռոքի շուրջ՝ ստեղծելով ինքնատիպ, ոչ ֆորմալ երաժշտական միավորում՝ Գյումրու ռոք դպրոցը:

— Այս գաղափարը մոտ 2 տարի առաջ իմ մտքում ծագեց: Նստած էինք մեր քաղաքի ռոքի հիմնադիրներից մեկի՝ Գագիկ (Ջագ) Բարսեղյանի հետ, խոսում էինք ռոքից ու խմբերից մեկի մասին, ասաց. «Այ, ըսիգ ռոք շկոլա է»: Հարցրեցի՝ ի՞նչ է ռոք շկոլան, պատասխանեց, թե դա այն է, ինչ չկա Հայաստանում, այսինքն՝ դպրոց, որտեղ ուսումնասիրում են ռոքն արմատներից, ծանոթանում են ռոքի ցանկացած մտքին: Դրանից հետո սկսեցի ավելի խորը ընկալել Ջագի ասածը, ուսումնասիրեցի ռոք դպրոցի գաղափարը ու հասկացա, որ մենք էլ պետք է ռոք դպրոց ունենանք,- պատմում է ռոք դպրոցի ղեկավար Ժիրայր Մարտիրոսյանը և շարունակում,- ռոքը հին կելտական երաժշտությունից է առաջացել, հետո դարձել կլասիկա, աստիճանաբար աճել, դարձել բլյուզ, հետո ռոքնռոլ, ու դրանից էլ առաջացել է ռոք, հարդ-ռոք ուղղությունները:

Մոտ 6 ամսվա ընթացքում տարբեր երկրների երաժիշտների հետ շփումների արդյունքում Ժիրայրի գաղափարն ավելի է բյուրեղանում: Ասում է՝ շատ երաժիշտներ չգիտեին, թե ռոք դպրոցն ինչ է և որոշում է՝ գալ Գյումրի, ու հիմնել դպրոց, որտեղ ծանոթ են ռոքի պատմությանն ու գիտեն երաժշտության իմաստն ու գաղափարը. «Մենք տեսնում ենք խնդիրներն ու դրանց լուծումներն առաջարկում մեր երգի միջոցով: Դա է ռոքի հիմնական գաղափարը: Առհասարակ, ռոքը թարգմանվում է որպես քարի երաժշտություն, որովհետև ռոքը չորություն է, կոպտություն, մենք մեր միտքը կոպիտ ենք արտահայտում և ուզում ենք դժվար պահին մարդկանց կողքին լինել մեր երաժշտությամբ»:

Նորաստեղծ դպրոցում կազմավորվել է նաև առաջին ռոք խումբը: Իրենք իրենց անվանելով «Դիսթրոյթ», պատանի ռոքերները երգում ու ստեղծագործում են ամբողջ եռանդով: 14-ամյա Հովհաննես Լորեցյանը ռոք խմբի անդամներից է: Հիշում է՝ ռոք երաժշտություն լսել է 5 տարեկանից, 12 տարեկանից սկսել է խորությամբ ուսումնասիրել ռոքը՝ «մետալ» ժանրում: Վստահեցնում է՝ խմբի հիմնական առաքելությունը գրագետ ռոք երաժշտություն պրոպագանդելն է. «Երգի մեջ պետք է լինի զարգացում, դժվար կառուցվածք: Ու հասկացա, որ միայն «մետալ» ժանրում հետաքրքիր երաժշտություն չես կարող ստեղծել, ավելի լավ է բլյուզ ժանրի գրագետ երաժշտություն ևս գրես, որը լսելի լինի: Չեմ բացառում, որ մեր այս խումբը ապագայում շատ հայտնի դառնա, եթե, իհարկե, մեր այս փորձերի տեպմը պահպանենք, աշխատասիրությամբ հաստատ կարող ենք և մեծ բեմերի հասնել»:

Արա Սարգսյանը 13 տարեկան է, կարճ կենսագրության ընթացքում նախ նվագել է ջութակ, ապա անցել կիթառի: Մեկ տարի երաժշտական դպրոցում սովորելուց հետո, սկսել է նվագել Ռոք դպրոցում՝ հիմնականում կատարելով իրենց հեղինակած գործերը. «Ռոքն ավելի ճանաչելի դարձնելու համար պետք է մեծ աշխատասիրություն ու «քուչի տղեքից» ազատվելու տարբերակ գտնել: Ռոք երաժշտությունը կարող է մտածելակերպ փոխել Գյումրիում, բայց դրա համար այդ մարդիկ պետք է հասկանան, որ նորություն է պետք ու, նախևառաջ, իրենք իրենց մեջ պետք է փոխվեն, մտածելակերպը ու երաժշտական ճաշակը պետք է փոխեն: Եթե մարդ ռոք երաժշտություն է սիրում, ապա մինչև վերջ հավատարիմ է մնում այդ երաժշտությանը»:

Տղաներն ասում են, որ մեկ այլ կարևոր նպատակ էլ ունեն, որով և հիմնավորում են դպրոցի ստեղծման անհրաժեշտությունը. «Երբ հաճախ եմ հանդիպում մեքենայում Թաթուլ ու թուրքական կլկլոց լսող հանրությանը, հասկանում եմ, որ իրականում ռոքի պակաս կա ու, քանի որ ռոքի պակաս կա, ուրեմն ռոք դպրոց ունենալու անհրաժեշտություն ևս կա: Մենք ուզում ենք այդ մարդկանց ասել՝ բացեք ձեր աչքերն ու հասկացեք, թե ինչքան փակ ու քառակուսի եք մտածում, ձեր աշխարհից դուրս ուրիշ աշխարհ էլ կա»,- ասում է Ժիրայր Մարտիրոսյանը:

Ծրագրավորողներ, հոգեբաններ, մանկավարժներ, դերասաններ, ռեժիսորներ, նկարիչներ. տարբեր նախասիրությունների ու մասնագիտության տեր մարդիկ պարբերաբար ռոք դպրոցի հյուրերն են, ովքեր գալիս են ոչ միայն ռոք լսելու, այլև ծանոթանալու տղաներին ու, պարզապես, զրուցելու:

— Սովորելու գործընթացը մեր մոտ շատ հետաքրքիր է, ժամանակին ունեինք դասացուցակ՝ տարբեր դասընթացներով: Հետո երաժշտական խումբ ձևավորվեց մեր սաներից ու առաջարկեցին բոլոր դասաժամերը հատկացնել փորձերին: Հասկացա, որ փորձերն ավելի կարևոր են, քան դասերը: Ու այդպես էլ արեցինք, բայց հետո ավելացրեցինք հոգեբանության դաս, որպեսզի հոգեբանորեն տրամադրվենք այն երաժշտությանը, որը մենք չենք գրել, ապա երաժշտությունը բաց ենք թողնում մեր մարմնի մասերով: Փակում ենք մեր աչքերը, ազատում ենք մեր միտքը ամեն ինչից ու մեզ սկսում ենք պատկերացնել այդ երաժշտության մեջ,- ասում է Ժիրայրը՝ բացատրելով, որ դպրոցը զուտ ուսումնական պրոցեսի համար չէ, այլ երաժշտությամբ ապրելու, երաժշտության մեջ լինելու ու ստեղծագործելու հնարավորություն, որից փորձում են ամեն օր օգտվել:

Դպրոցում աշակերտների թիվը շատ է: Այստեղ ամեն ինչ ոչ ֆորմալ է, շատ հեշտ է դառնալ դպրոցի անդամ, պարզապես պետք է ներս մտնել ու ասել. «Մենք ուզում ենք դառնալ ձեզնից մեկը»: Իհարկե, որոշ հարցադրումներից ու մտքերի փոխանակումից հետո պարզ կդառնա՝ նորեկը ռոք երաժիշտներից մեկը կդառնա՞, թե՞ ոչ:

— Չեմ կարծում, որ այս մեկ տարվա մեջ շատ բան ենք փոխել Գյումրիում, բայց փոխելու շանսերը մեծ են, որովհետև ժամանակին, երբ մարդիկ ռոք դպրոցի մասին էին լսում, քմծիծաղով ու թերահավատությամբ էին վերաբերում, իսկ հիմա, երբ տեսնում են այստեղ ինչով ենք զբաղվում ու, որ բոլոր ցանկացողները ազատ կարող են մասակցել մեր դասերին, ասում են՝ դուք մեզ սովորեցրիք ինքներս մեզ հետ անկեղծ լինել: Ես սովորում եմ տղաներից, տղաներն ինձնից, նույն ձևով մենք հասարակությունից ենք սովորում ու ուզում նրանց սովորեցնել:

Մասնագիտությամբ ռեժիսոր Ժիրայրը երաժշտությամբ զբաղվել է փոքր տարիքից, ասում է՝ ռեժիսուրան համակարգելու մեծ հմտություն է տալիս և այժմ մասնագիտությունն օգնում է նախասիրությունների հարցում: Բայց վստահեցնում է՝ երաժշտությունն ընդամենը նախասիրություն չէ իր համար, այլապես ռոք դպրոցը ևս չէր լինի. «Ցանկությունս այն է, որ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում ջազային ու փոփ բաժնի կողքին նաև ռոք բաժին լիներ: Գյումրիում ևս երաժշտությունը գնահատված չէ, Գյումրիում միայն հարսանիք չալողներին են տեղ տալիս»:

Դպրոցի հյուրախաղերով քաղաքից դուրս գալու փորձն այդքան էլ հարուստ չէ, շատերի հետ իրենք են խուսափում համագործակցել: Քիչ թվով համերգներով են հանդես եկել նաև Գյումրիում: Միակ վայրը, որտեղ կարելի է լսել ռոք խմբին, առայժմ Գյումրու երիտասարդական պալատի փոքրիկ սենյակն է: Խումբը ապրիլին «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել, սակայն դեռևս չեն շտապում հաղթելու հավանականությունից խոսել:

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

print

1,013