ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ապօրինի շինությունների տվյալների հավաքագրման գործընթացը շարունակվում է. Գյումրիում դեռ 2769 տնակ կա

Հարցազրույց Գյումրու համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

 — Պարոն Գրիգորյան, Գյումրիում, հատկապես հետերկրաշարժյան շրջանում, մարդիկ կառուցել են ինքնակամ կառույցներ, որպեսզի լուծեն բնակության վայրի հարցը, և ենթադրում եմ, ինքնակամ կառույցների թիվը շատ էԱյս պահին ունե՞ք թվային պատկեր:

— Մեզ մոտ ապօրինի շինությունների բազավորված տվյալներ չկան: Մենք բազմիցս զգուշացրել ենք քաղաքացիներին, նաև քաղաքաշինության կոմիտեն է հանդես եկել հայտարարություններով, ինչպես նաև Շիրակի մարզպետարանը և համայնքապետարաններն են պաշտոնական կայքերում քաղաքացիներին ներկայացրել որոշումը, կարգը, ժամկետները: Այն քաղաքացիները, որոնք 2021թ-ին կառուցել են ինքնակամ շինություններ իրենց սեփական հողի կամ համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, պետք է անպայման մինչև մարտի 6-ը Կադաստրի կոմիտեում գույքագրեն: Այսինքն՝ գույքագրումը կատարվում է լիցենզավորված չափագրող ընկերությունների կողմից, և իրենք քաղաքացու համաձայնությամբ տվյալները փոխանցում են Կադաստրի կոմիտե, որտեղից ստանում են միասնական տեղեկանք, որ տվյալ ինքնակամ կառույցը կամ տարածքը չափագրված է, որից հետո նոր միայն համարվում է, որ ինքնակամ կառույցը հաշվառված է:




Որքան հիշում եմ, մոտ երկու տարի առաջ Գյումրու նախկին փոխքաղաքապետերի կողմից քաղաքի ապօրինի շինությունների գույքագրելու գործընթաց էր սկսվել:

— Ես այդ ժամանակահատվածից տեղյակ չեմ, չգիտեմ՝ արդյո՞ք բազավորվել է, եթե եղել էլ է, ապա այն կատարվել է համայնքի քաղաքաշինության բաժնի հետ համատեղ: Սակայն, եթե անգամ այդ գործընթացը որևէ բնույթ կրել է, ուրեմն քիչ տվյալներ են հավաքագրվել. սա ասում եմ ելնելով քաղաքացիների ներկայիս ահռելի հոսքից: Քանի որ մեր բաժինը ներկայում քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի հետ է զուգահեռ աշխատում, քաղաքացիների ներկայացրած դիմումները, ապօրինի շինությունների գործերը նաև մենք ենք ուսումնասիրում: Առաջնահերթ դիտարկում ենք, թե արդյո՞ք տնակային հասցե է, թե՝ ոչ, քաղաքաշինական նորմերի խախտում կա՞, թե՝ ոչ, կանաչ գոտո՞ւմ է, թե՝ ոչ, ապա նոր դիտարկում սեփականաշնորհման հնարավորությունները: Մենք հստակ կարող ենք նշել, որ 2019թ-ին Գյումրիում հաշվառվել է 2769 տնակ: Ապօրինի շինությունների մասով հստակ թիվ չունենք:

Բայց գոնե 2021թից մինչև այս տարվա մարտի 6-ն ընկնող ժամանակահատվածում ներկայացվող ինքնակամ շինությունների մասով կարող եք թիվ ունենալ:

— Օրենքով հստակ ասվում է, եթե մինչև մարտի 6-ը քաղաքացին իր ապօրինի գույքը հաշվառման է կանգնեցնում, Կադաստրն արդեն բազա կունենա, թե որ կառույցներն են դիմել, և կունենան գույքագրված բազա: Իսկ ովքեր չեն դիմել, հայտնաբերված ապօրինի կառույցները ենթակա են ապամոնտաժման: Եթե ապօրինի շինությունների կառուցումը տեղի է ունեցել մինչև 2021թ-ը, ապա իրենք ժամանակ կունենան դիմելու մինչև 2024թ-ը և օրինականացնելու հնարավորություն կունենան: 2024թ-ին Կադաստրի կոմիտեն արդեն կունենա այն կառույցների մասով, որոնք չեն դիմել, որոնք գտնվում են համայնքային հողատարածքի վրա, արդեն այդ դեպքում համայնքն իրավունք կունենա ապամոնտաժելու:

Իսկ դիտարկվե՞լ է բացակա քաղաքացիների հարցը. ասենք, ինքնաամ կիսակառույց ունի, ինչինչ պատճառներով երկրից բացակայում է:

— Այդտեղ ոչ համայնքը, ոչ պետությունը որևէ մեղավորություն չունի: Կարծում եմ՝ այդ քաղաքացիներն այստեղ բարեկամ-հարազատ կունենան, և լիազորագրերի միջոցով կկարողանան անցնել գործընթացները:

Ի վերջո, քաղաքն ունի գենպլան և կանաչ գոտիների քարտեզ, արդյո՞ք հնարավոր չէ «Գուգլքարտեզի» միջոցով տեսնել, թե որ կառույցներն են օրենքից դուրս:

— 2019թ-ի հաշվառման արդյունքում, քաղաքաշինության բաժնի հետ համատեղ, մենք կազմել ենք, այսպես ասած՝ մեր գենպլանը, որի վրա նշված են տնակները, բայց որպես ապօրինի շինություններ՝ այդ մասով չենք բազավորել: Չնայած, տնակներն արդեն իսկ համարվում են ապօրինի, քանզի դրանք համայնքի հողի վրա են դրվել ժամանակավոր: Դրանք ունեն ժամանակավոր հասցեավորում՝ 6-անիշ թվով:

Ենթադրում եմ, որ ավելի շատ խնդիր կլինի ավտոտնակների մասով: Դրա՞նք էլ են, այսպես ասած, ընկնում այս որոշման տակ:

— Այո, այն ավտոտնակները, որոնք դրված են համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքներում, հողի վարձակալություն չունեն, սեփական տարածք չէ, ընդհանուր օգտագործման գոտում է, ասենք, շենքի բակերում, դրանք ևս համարվում են ապօրինի: Հիմա լուրջ քննարկումներ են գնում համայնքապետի, փոխքաղաքապետի հետ, որ այն ավտոտնակները, որոնք դրված են շենքերի մուտքային հատվածներում, շենքին պատկից կամ բակային հատվածում, ենթակա են ապամոնտաժման, տեղափոխման: Ամենամեծ ծավալային աշխատանք ունենք «Անի» թաղամասում: Դիմացի երկու տարում լուրջ փողոցաշինական, շինարարական ծավալների աշխատանքներ ունենք կատարելու այս թաղամասում, և ավտոտնակները միանգամից հեռացվելու են շենքերի բակային հատվածներից: Պատկերացրեք, թե որքան ապօրինի զավթումներ կան, երբ շենքի առաջին հարկի բնակիչն իր տանը պատկից ավտոտնակ է դրել կամ բակ առանձնացրել՝ այն դեպքում, երբ այդ տարածքներն ընդհանուր օգտագործման են: Էլ չենք խոսում անվտանգության կանոնների խախտումների մասին: Կամ բակեր կան, որ ընդհանրապես մեքենաներ չեն կարող մտնել, որովհետև ավտոտնակներն այդ հատվածներում են տեղադրված: Թող բնակչին չթվա, թե մենք հատուկ իրենց վատություն անելուն ենք միտված, հետո նույն այդ շենքերի բնակիչները շնորհակալություն են հայտնելու՝ տեսնելով բակային բարեկարգումները: Ոչինչ, թող ավտոտնակային հատվածները շենքերից մի քիչ հեռու լինեն, բայց անվտանգային հարցերն այդպես կլուծվեն, քաղաքի ճարտարապետական խաթարված տեսքը կվերականգնվի:

Այսինքն, մեկ ամսից արդեն կարող ենք առավել հստակ պատկեր ունենալ, թե որքան կառույց է ապամոնտաժման ենթակա, որքանը՝ օրինականացման և այլն:

— Միանգամայն քանդման են ենթակա այն շինությունները, որոնք չունեն համայնքի կողմից տրված շինթույլտվություններ: Մի քանի քաղաքներում ներմուծվել են էլեկտրոնային նախագծային շինթույլտվությունների պորտալներ, ինչը արագացնում է այդ գործընթացը, կարծում եմ՝ շուտով Գյումրիի համար էլ կլինի, և քաղաքացիները ավելորդ ժամանակ ու գումար չեն ծախսի:

228