ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Դոլարի կուրսը բարձրանում է՝ ապրանքը թանկանում է, կուրսն իջնում է՝ ապրանքը… թանկանում է

Հարցազրույց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու-դոցենտ ԼՈՒՍՅԱ ԳԱԼՈՅԱՆԻ հետ:

Տիկին Գալոյան, ինչպե՞ս է, երբ ԱՄՆ դոլարի կուրսը բարձրանում է՝ ապրանքների գներն աճում են, իսկ երբ իջնում է, ոչ միայն գները չեն իջնում, այլև էլ ավելի են բարձրանում:

— Խնդրին մոտենալ է պետք մի քանի տեսանկյունից: Նախ՝ ինչո՞ւ է դոլարի կուրսը բարձրանում: Սովորաբար մեզ մոտ կուրսը ձևավորվում է կրոս-կուրսով (cross-course. ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից պաշտոնապես ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքի սահմանման կարգ,-հեղ.): Այսինքն, օրինակ, երբ Ռուսաստանում փոփոխվում է արտարժույթի կուրսը մեկ օրում, նույն օրինաչափությամբ հաջորդ օրը Հայաստանի արժութային շուկայում է դա տեղի ունենում, մի արժույթի միջոցով մյուսի կուրսն է որոշվում: Այսինքն՝ մենք շատ զգայուն ենք Ռուսաստանի արժութային շուկայում կուրսերի տատանման նկատմամբ: Բայց, մի այլ հանգամանք էլ կա. Հայաստանում փոխարժեքի վրա ազդող գործոնները կարող են և՛ ներքին, և՛ արտաքին շոկերով պայմանավորված լինել: Հիմա կոնկրետ ապրանքների գների չնվազելը՝ դոլարի կուրսի նվազմամբ պայմանավորած, ավելի շատ կարելի է բացատրել ներմուծվող ապրանքների տեղափոխման լոգիստիկայի պայմանների փոփոխմամբ: Եթե ապրանքը Հայաստան էր հասնում մի ճանապարհով, ասենք, ինքնաթիռով՝ համապատասխան տրանսպորտային ծախսերով, ապա հիմա, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորած, տրանսպորտային ցանցն իր տրամաբանությունը փոխել է, փոխադրման ձևն է անգամ փոխվել: Երրորդ պատճառը, այո, Դուք հարցում ճիշտ նկատեցիք, երբ դոլարի կուրսը փոխվում է, այստեղ ապրանքների գները բարձրանում են, սակայն նվազելու դեպքում՝ չեն իջնում: Դա վարքագծով և նաև ներքին մրցակցային միջավայրի հանգամանքով է պայմանավորված: Սովորաբար, երբ դոլարի կուրսը բարձրանում է, տնտեսվարողներն առիթավորվելով արտաքին ցանկացած շոկային իրավիճակներից, որպես պատրվակ՝ երբեմն օբյեկտիվ, երբեմն սուբյեկտիվ՝ թանկացնում են գները: Սակայն, երբ ամեն ինչ կարգավորվում է, կուրսն էլ իջնում է, գները չեն վերադառնում նախկին մակարդակին: Կարծում եմ, այստեղ շուկան է մանիպուլյացիաների գնում. երբ տեսնում են, որ բարձր գներին հասարակությունը սովորել է, այնքան բարեխիղճ չեն, որպեսզի ապրանքի իրական արժեքին հետ վերադառնան:

Բնական հարց է առաջանում. մենք չունե՞նք այն մարմինը, որը շուկայի վերահսկողություն է իրականացնում:

— Շատ ճիշտ եք հարցադրում: Իհարկե, ունենք: Կառավարությանն առընթեր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), նաև ունենք ներքին շուկայի մրցակցության պաշտպանության հանձնաժողով…

— …սպառողների պաշտպանության, չգիտեմ էլ ինչ հանձնաժողով, սակայն թվարկյալների գործառույթները կամ տեսանելի չեն, կան անբավարար են:

— Օրենքով, իրենց կանոնադրությունը սահմանում է, որ իրենք դիտարկումներ կարող են անել հայտերի հիման վրա, երբ շուկայից ազդակ է գնում, որ էսինչ ոլորտում կամ էսինչ ապրանքատեսակը, կամ տնտեսվարողը ոչ հարիր վարքագիծ է դրսևորում…

Հասկացա, ձվի շուկայի թեմայով եղավ նման բան:

— Այո, ես այդ օրինակն էլ ուզում էի մատնանշել: Եվ ստացվել է այնպես, որ դիտարկումներ արվում են մեկ Զատիկի նախօրեներին, մեկ էլ ամանորյա շրջանում: Թե չէ, այդ մարմինն իրավասու է, սակայն մեխանիզմն այնպիսին է, որ պետք է ազդակ լինի, դիտարկումներ անեն, ապացույցներ բերվեն և այլն, և նոր միայն սանկցիաներ կիրառվեն: Փորձը ցույց է տվել, որ մենք նմանատիպ բացահայտումներ այնքան էլ չենք ունեցել: Ունեցել ենք աղմկահարույց բացահայտումներ՝ կապված խոշոր ընկերությունների հետ, այն էլ ինչ-ինչ եզրույթներով պայմանավորած:

Մեկ այլ վարկած էլ կա՝ կապված  կուրսերի տատանման հետ. իբր ԿԲն օգտվելով առիթից՝ մանիպուլյացիաներ է անում, մանավանդ, որ վերջին շրջանում մեծ թվով օտարազգինր են տեղափոխվել Հայաստան և, բնականաբար, մեծ թվով արտարժույթ է շուկա մտել:

— Այստեղ ես հակված չեմ ասելու, թե խաղ են անում, այլ խաղն ինքնըստինքյան է գնում: Որովհետև արժութային շուկայում կուրսը լողացող է: Փաստն այն է, որ շուկայում կուրսը փոփոխվում է պահանջարկ-առաջարկի հետևանքով, եթե այդ պահին դոլարի պահանջարկը մեծ է, արժույթի շուկան շուկայական օրենքներով պայմանավորած՝ թանկացնում է: Հակառակ տեսանկյունն էլ եմ ուզում ասել, որ վարքագիծն ամեն դեպքում ազդում է: Եթե շուկայում առաջարկն ավելացել է, դա սպասումների վրա էլ է ազդում: Թեև ԿԲ նախագահը հատուկ ելույթ ունեցավ, ասելով, որ գոհ է մարդկանց վարքագծից, որովհետև պանիկայի մեջ չընկան, երբ դոլարի կուրսը հատեց 500 դրամը: Ամեն դեպքում, վարքագիծն ազդում է, օգնում է շուկայում պանիկայի շատացմանը: Տեսեք ինչ տեղի ունեցավ շուկայում՝ շաքարավազի, ձեթի պանիկայով պայմանավորած, երբ մարդիկ խանութները դատարկեցին, մենք առիթ տվեցինք, որպեսզի տնտեսվարողներն օգտվեն այդ ամենից. էժան գնված ապրանքները թանկ գներով վաճառեցին:

Հաջորդ հարցը, որը նույնպես հասարակության մոտ տարաձայնություններ է առաջացնում. ի՞նչ է տնտեսական աճը, ի՞նչ ցուցանիշների հիման վրա է այն դիտարկվում, և ինչպե՞ս է, որ տնտեսությունն «աճում» է, բայց հասարակության մեծ մասն իր վրա չի զգում:

— Շատ հետաքրքիր հարցադրում է: Ես կփորձեմ մի փոքր մասնագիտորեն, ապա կենցաղային մակարդակով այն մեկնաբանել: Տեսեք, տնտեսական աճը տվյալ երկրի զարգացվածությունն է ցույց տալիս: Այն է հարցը, թե զարգացվածություն ասելն ինչ է նշանակում: Մինչև հիմա մենք տնտեսական աճը չափում ենք ուղղակի մեկ ցուցանիշով. համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճով: Այսինքն, հասկանալի լեզվով ասած՝ տվյալ ժամանակահատվածում տվյալ երկրում ինչքան ապրանք է արտադրվել: Այդ ստեղծված ապրանքների և ծառայությունների քանակը որ դրամական արտահայտությամբ ավելանում է, մենք ասում ենք ՀՆԱ-ն աճել է: Ինչու մենք չենք զգում դա. որովհետև բաշխումը խիստ անհավասարաչափ է և հետո՝ տնտեսական աճը դեռևս զարգացում չի նշանակում, որովհետև տնտեսական զարգացումը դա կյանքի որակ է, կյանքի միջին տևողության չափն է, գրագիտության բարձրացումն է, դա կանաչ աճն է… Այսինքն, արդյո՞ք ամեն ՀՆԱ աճ կարելի է համարել զարգացում, եթե դա շրջակա միջավայրի աղտոտման արդյունքում է: Ժամանակակից տնտեսագիտությունն արդեն 2-3 տարի համաշխարհային տնտեսական ֆորումներում քննարկվում են տարբեր երկրների վարչապետների, կառավարությունների մակարդակով, որ այլևս ՀՆԱ-ն դադարել է լինել որպես տնտեսության աճի ցուցիչ լինելուց, և անհրաժեշտ է տեսության, պրակտիկայի մեջ ներմուծել այնպիսի ցուցանիշներ, որոնք իսկապես կբնութագրեն երկրի զարգացվածությունը: Մենք շատ երկրներ գիտենք, որ ՀՆԱ-ն բարձր ցուցանիշներ ունի, բայց այդ երկրներն ամենևին զարգացած չեն:

Իսկ հարցի երկրորդ կողմը, թե ինչու մենք մեր վրա չենք զգում. որովհետև երկրում միջին խավ կոչվածի չլինելու և եկամուտների խիստ բևեռացվածության հետևանք է: Արտահայտություն կա՝ «Հարուստներն ավելի հարստացան, աղքատներն ավելի աղքատացան»… Պաշտոնական վիճակագրությունն, իհարկե, դա չի ասում, մեր երկրում 0,4 է ջինի գործակիցը, որը եկամուտների բաշխման անհավասարություն է ցույց տալիս, այսինքն հասարակաության ամենաաղքատ 20 տոկոսն ինչքան պակաս եկամուտ ունի ամենահարուստ 20 տոկոսի նկատմամբ:

— 0,4՞Ծիծաղելի է, մինչդեռ աշխատանք ունեցող և չունեցողի միջև արդեն կարելի է այդ ցուցիչը տեղավորել:

— Այո, փաստացին հենց դա է՝ բաշխվածությունը խիստ անհամաչափ է: Եվ դրա համար է, որ երկրի հասարակական մի ինչ-որ հատված է զգում տնտեսական աճն իրենց վրա, իսկ մյուս մասի մոտ բնավ շոշափելի չէ:

Երբ Էկոնոմիկայի նախարարը հայտարարում է տնտեսական աճ, այդ դեպքում նա մեր երկրի 3 միլիոնի նախարարն է, և ոչ թե այն հատվածի, ում ձեռքերում է կենտրոնացած երկրի հարստություններն ու մեծմեծ հնարավորությունները, ռեսուրսները:

— Տրամաբանությունն այդպես է, բայց իրականությունն այլ է:

Տիկին Գալոյան, թուրքական ապրանքների հանդեպ էմբարգոն ինչպիսի՞ ազդեցություն թողեց մեր տնտեսության վրա:

— Անկեղծ ասած՝ ես առանձնապես դա չտեսա: Չգիտեմ ինչպես և ոնց, բայց շուկայում առանձնապես թուրքական ապրանքի պակաս չզգացվեց: Այն, ինչ մենք գնում էինք որպես թուրքական որակյալ ապրանք, մենք դժվարություն չունեցանք նույն ապրանքը ձեռք բերել մեր խանութներից ու շուկաներից: Վարկածները թողնենք, թե ինչպես է հասել…

Միայն բերեց գների թանկացման:

— Այո: Մենք հույսներս չպետք է դնենք որևէ երկրի հանդեպ էմբարգո կիրառելու վրա, այլ այնքան պիտի մեր տնտեսությունը զարգացնենք, որ դրա անհրաժեշտությունը չլինի, և հասարակությունը մեր տեղականն ընտրի: Անշուշտ, մենք ունենք ոլորտներ, որ չենք ընտրում թուրքականն ու այլը, այլ հենց մերն է նախընտրելի, սակայն դա մեկ կամ մի քանի ոլորտով չպիտի լինի, այլ մեծամասամբ:

Կարծում եմ, պետությունն ինքը պետք է ուղղորդեր, արտադրողների հնարավորությունները մեծացներ, մինչև կտրուկ քայլերի գնալը:

— Այո, պետք է մատնանշել այն ուղղությունները, թե որն է տնտեսությունը առաջ տանելու, որ սենգմենտի անհրաժեշտությունը կա զարգացնելու: Պետք է գիտությամբ հաշվարկներ, ուսումնասիրություններ և եզրահանգումներ արվեն: Եվրոպական երկրներում կառավարությանը, նախարարությանը կից հետազոտական կենտրոններ են գործում, որոնք գիտության մակարդակով վերլուծում են ցանկացած քաղաքականության հնարավոր հետևանքը, թե արդյո՞ք այդ ուղին տանում է նպատակին, հետո նոր գերատեսչությանը տալիս է իր եզրահանգումը:

Եվ ցավով պետք է արձանագրենք, որ մենք ունենք հանձնաժողովներ, հանձնաժողովների վերստուգիչ հանձնաժողովներ, սակայն Ձեր ասածով երևի չեն ընթանում, այլ աշխատավարձ և պարգևավճար ստանալու համար են:

— Միայն ԿԲ-ն է, որ ունի հետազոտական թիմ, որը քննարկում է, թե որ սցենարի դեպքում ինչ կարող է լինել: Գիտությունը պրակտիկայի մեջ կիրառվում է: Իսկ մնացած դեպքերում գիտությունն ասես անելիք չունի:

2,032