ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Ազգաբնակչությանը հորդում ենք կատարել վճարումները՝ հետագայում տուգանքներից խուսափելու համար»

Համաճարակի շրջանում Գյումրու համայնքապետարանը կարողացե՞լ է կարգավորել աշխատանքները, կատարել տեղական հարկերի հավաքագրումները, արդյո՞ք պանդեմիան ազդեցություն թողել է, և որ չափով: «Շրջապատը» հարցում էր հղել Գյումրու քաղաքապետարանին, ստորև ներկայացնում ենք պատասխանները:

Հարց.- Արդյո՞ք պանդեմիան ազդեցություն թողել է տեղական տուրքերի հավաքագրման վրա, ու ինչպե՞ս է այն արտահայտվել:

Պատ.- Բնականաբար, համավարակն իր բացասական ազդեցությունն ունեցել է համայնքի բյուջեի վրա: Տարին սկսեցինք բավական լավ, հավաքագրումների շատ լավ ցուցանիշ ունեինք, բայց մարտ ամսի երկրորդ կեսից հավաքագրման տեմպերի նվազում ունեցանք:

Հարց.- Արդյո՞ք պանդեմիայի շրջանում տեղական հարկերի մասով արձակուրդային ժամանակահատված հատկացվել է դրա անհրաժեշտությունն ունեցող սուբյեկտներին:

Պատ.-  Ոչ, հարկային արձակուրդ, որպես այդպիսին, չի ձևակերպվել:

Հարց.-  Գյումրիում ի՞նչ թիվ են կազմում փոխադրամիջոցները: Եվ փոխադրամիջոցների գույքահարկի հավաքագրումն ինչպե ՞ս է իրականացվել:

Պատ.- Հուլիսի 1-ի դրությամբ Գյումրիում հաշվառված է մոտ 27.000 մեքենա: Հուլիսի 30-ը ներառյալ հավաքագրվել է նախատեսվածի մոտ 62 տոկոսը:

Հարց.- Աղբահանության համար հարկերը ըստ նախատեսվածի հավաքագրվե՞լ են:

Պատ.- Հուլիսի 1-ի դրությամբ հավաքագրվել է նախատեսվածի մոտ 61 տոկոսը:

Հարց.- Քանի որ բյուջեն համալրվում է նաև ծառայություններից, ապա նախատեսված չափով այն իականացվե՞լ է:

Պատ.- Համաճարակային իրավիճակը հնարավորություն չի տվել նախատեսածի չափով համալրումներ ունենալ: Եկամուտների նվազումը պայմանավորված է համավարակային իրավիճակով: Բերենք մշակութային օջախների օրինակը. ՀՈԱԿ-ների մասով թանգարաններից նախատեսված էր մուտքեր մոտ 4 մլն, բայց հունիսի 30-ի դրությամբ մուտք եղել է մոտ 800.000 դրամի չափով, մանկապարտեզներից նախատեսված մոտ 100մլն-ից հունիսի 30-ի դրությամբ մուտքեր ունեցել ենք մոտ 29մլն:

Հարց.- Համայնքային բյուջեի նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարումը ո՞ր չափով է իրացվել:

Պատ.- 2020 թվականի համար բյուջեով նախատեսված էր հավաքագրել մոտ 844 մլն, հունիսի 30-ի դրությամբ հավաքագրվել է մոտ 503 մլն:

Հարց.- Ինչպիսի՞ տուգանքներ են կիրառվել քաղաքային իշխանության կողմից և որքան է այն կազմել:

Պատ.- Համայնքապետարանը տուգանքներ կիրառում է ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքի 154-րդ, 156-րդ հոդվածների դրույթներով, 48-րդ հոդվածով, 169 հոդվածի որոշ դրույթներով: Տուգանք է կիրառվել մոտ 14 մլն դրամի շրջանակներում, որից հավաքագրվել է մոտ 3 մլն դրամ:

Հարց.- Եթե պարտաճանաչության վարկանիշային սանդղակով գնահատենք մեր բնակիչներին, ապա

Պատ.- Ոչ միայն համաճարակային իրավիճակներում, այլ առհասարակ մեր բնակիչների մոտ կարծես սովորություն է տարեկան վճարումներն իրականացնել տարվա վերջին ամիսներին: Նախորդ տարիների փորձը մեզ դա ցույց տվել է: Գույքահարկի, հողի հարկի և այլ հարկատեսակների մասով վճարումների ակտիվություն նկատվում է սկսած հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից և մինչև տարվա վերջին աշխատանքային օրն այդ տեմպը պահպանվում է: Առիթից օգտվելով մեր ազգաբնակչությանը հորդում ենք կատարել վճարումները, հետագայում տուգանքներից խուսափելու համար:

Հարց.- Քաղաքապետարանի աշխատողներին՝ պարգևավճարների և խրախուսանքների համար քաղաքային բյուջեից հատկացումներ եղե՞լ են:

Պատ.- Հատկացումներ եղել են: 50 տոկոսի չափով պարգևավճար տրամադրվել է կարանտինային օրերին աշխատանքի եկած աշխատակիցներին, 50 տոկոսի չափով՝ կոմունալ ծառայության աշխատակիցներին:

print
3,311