ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Այն, որ արդեն վերաբերմունք կա դեպի դպրոց ու մանկավարժ, սա արդեն ողջունելի է»

Հարցազրույց Գյումրու «Գր. Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրեն ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

Պարոն Ղազարյան, հետաքրքիր է, ինչպես է կազմակերպվում ծայրամասային թաղամասում՝ «Մալայա զեմլյա»-ում գտնվող դպրոցի կրթական գործընթացները:

— Մեր դպրոցը սպասարկում է հիմնականում Խրիմյան Հայրիկ փողոցում բնակվող ու հարակից թաղերի աշակերտների կրթադաստիարակչական գործունեությունը: Դպրոցում սովորում են 306 աշակերտ: Իսկ մանկավարժները լծված են սերունդ կրթելու ու դաստիարակելու ամենաբարձր ու պատվաբեր աշխատանքին: Եթե կարծիք կա, թե ծայրամասային դպրոցը կտրված է ինչ-ինչ գործընթացներից, կամ ավելի աննշան գործունեություն է ծավալում, ապա դա բոլորովին այդպես չէ, մանավանդ, փաստերն են խոսուն. ինչպես միշտ, անցած տարի ևս մեր դպրոցը մասնակցել է առարկայական օլիմպիադաներին, դպրոցի երեք աշակերտ մարզային ու տարածքային փուլերն հաղթահարելով, հանրապետական փուլին մասնակցեցին՝ «Հայոց եկեղեցու պատմություն», «Աշխարահագրություն» և «Պատմություն» առարկաներին: Երկու աշակերտ վերադարձան 2-րդ (Մուրադյան Էմմի), և 3-րդ (Հունանյան Մելինե) կարգի դիպլոմներով: Դպրոցը նաև ակտիվ մասնակցում է «ԱՅԲ» կրթական կենտրոնի հայտարարած մրցույթներին` «Մեղու», «Կենգուրու», «Մեդվեժոնոկ», և անցած տարի մեր 9-րդ դասարանի աշակերտուհի Մելինե Հունանյանը «Հայերենը բոլորի համար»՝ «Մեղու 2018-ի» մրցույթի բացարձակ հաղթողի կոչմանն արժանացավ, իսկ օգստոսի 30-ին նա ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվեց ոսկե մեդալով և հավաստագրով: Իսկ «Մեդվեժոնոկ»-ից լավագույն մրցանակի արժանացավ Համբարյան Դավիթը: Կարծում եմ, նման հաջողություն յուրաքանչյուր դպրոցի համար մեծ պատիվ է: Մեր մանկավարժներին փառք ու պատիվ, որ արհեստավարժ են: Ունենք երկու տարակարգ ունեցող մանկավարժ՝ Հերմինե Աբրեյան՝ «Պատմություն» առարկայից, և Քրիստինե Գրիգորյանը՝ «Կենսաբանություն» առարկայից: Մեր աշակերտները, բացի ուսումնական մրցույթներից, մասնակցում են նաև մարզական միջոցառումների, ու դարձյալ հաջողություններ գրանցում: Ի դեպ, այստեղ մոտեցանք մեր դպրոցի ամենացավոտ տեղին. մենք չունենք ֆիզկուլտուրայի դահլիճ…

Շիրակի մարզն անցել է համընդհանուր ներառական կրթական համակարգին: Երբ 2011-ից դպրոցն առաջիններից մեկն էր, որ անցել էր այս համակարգին, եթե չեմ սխալվում, բավարարող պայմաններից ուներ միայն թեքահարթակները և, իհարկե, լուրջ մասնագիտական վերապատրաստում անցած մանկավարժներ: Ինչպե՞ս եք կազմակերպում հիմա, ինչ խնդիրների հետ եք առնչվում:

— 2011թ-ից մենք անցանք ներառական կրթական համակարգին: Բավական հաջողված կարող եմ համարել թե՛ մուտքն այս համակարգ, թե՛ ներկայիս իրավիճակը: Բազմամասնագիտական թիմը հավուր պատշաճի համալրված է, դպրոցն ունի սոցմանկավարժ, լոգոպետ, հատուկ մանկավարժ, հոգեբան: 2011-ից մինչ անցած տարի դպրոցում ունեինք թվով 39 տարաբնույթ խնդիրներով ներառական աշակերտներ: Ներկայում դեռ 24-ը սովորում են: Մենք 2011-ից համագործակցել ենք «Կարիտաս» բարեսիրական կազմակերպության, «Վորլդ Վիժն» կազմակերպության հետ: Անցած տարի վերջիններիս հետ իրականացվեց համընդհանուր ներառական ծրագիր, և դպրոցը մասնակցեց դրամաշնորհային ծրագրին, որը մեզ հնարավորություն տվեց կառուցել ևս մեկ հարմարեցված սանհանգույց՝ հենաշարժողական ապարատի և տարաբնույթ խնդիրներ ունեցողների համար, կառուցեցինք ևս մեկ ռեսուրս սենյակ, ձեռք բերեցինք հարմարեցված սեղան-աթոռներ, ամբողջ մեթոդական, գործնական պարապմունքներ կազմակերպելու համար անհրաժեշտ պարագաներ, աուտիզմ ունեցող երեխաների համար ավազաթերապիայի հարմարանք: Սա լրացուցիչ խթան հանդիսացավ ավելի նպատակային ու արդյունավետ կազմակերպելու ներառական կրթությունը:

Որպես արդեն ներառական կրթության փորձ ունեցող դպրոցի տնօրեն, ի՞նչ կարծիքի եք, արդարացվա՞ծ է այս համակարգը: Գիտեք, այդուամենայնիվ, դեռ ծնողների մեջ այն խոսակցություններն են շրջանառվում, որ ներառական համակարգ ներառված երեխաները պետք է սովորեին համապատասխան մասնագիտացված դպրոցում:

— Դա թյուր կարծիք է: Կարող է ինչ-որ մի տեղ ծնողների մտահոգությունը տեղին է, սակայն հմուտ մանկավարժների, բազմամասնագիտական աջակցման խմբի մասնագետների կողմից արդյունավետ աշխատանք է տարվում աշակերտների հետ, և այդ խնդիրն այլևս լուծված է, որովհետև և՛ ուսուցչի օգնականը, և՛ բազմամասնագետը, և՛ աջակցման խմբի մանկավարժը, որոնք հատուկ վերապատրաստում են անցել, կարողանում են այդ սուր անկյունները հարթեցնել շատ արագ ու որակով:

Նախկինում դպրոցներում կար մի այսպիսի խնդիր. հավելյալ թվով մանկավարժներ և, որպեսզի վերջիններս չհամալրեին գործազուրկների բանակը, դպրոցի ղեկավարությունը փորձում էր դրույքաչափերի հաշվին պահել նրանց: Ձեր դպրոցում այս հարցն ինչպե՞ս է: Բացի այդ մակավարժների աշխատավարձերը բարձրանում է, արդյո՞ք ներքին լարվածություն կա, թե՞ ոչ:

— Անկեղծ ասած, մեր դպրոցում միջին դրույքաչափը 20,2 է եղել, մոտ մեկ դրույք: Սա նշանակում է, որ բոլոր մանկավարժներն ապահովված են, և նման խնդիրներ չունենք՝ ոչ թերբեռնված, ոչ գերբեռնված մանկավարժներ: Ողջունելի է կառավարության մշակած քաղաքականությունը: Տեսեք, եթե անկեղծ, ապա այդ 10 տոկոս աշխատավարձի ավելացումը խնդիր չի լուծում, բայց միայն այն, որ արդեն կա վերաբերմունք դեպի դպրոց ու մանկավարժ, սա արդեն ողջունելի է: Տա Աստված, որ մեր երկիրն այնքան հզորանա, որ իշխանությունները կարողանան մեծ փոփոխություններ իրականացնել այս առումով: Իզուր չեն ասում՝ լավ կրթությունը նաև լավ ֆինանսներ են պահանջում: Ե՛վ դպրոցների նյութատեխնիկական բազայի հագեցվածությունը, և՛ աշխատավարձերի բարձացումը, և՛ դպրոցների արդիականացումը, խոսում են վաղվա գրագետ աշակերտի մասին: Օրինակ, շատ ողջունելի է, որ օրեր հետո մարզի 118 դպրոցներում ներառվում է «Արմատ» ինժեներական կենտրոնները: Սա ժամանակակից ՏՏ ոլորտի պահանջներին ընդառաջ քայլեր են, որին երեխաներն արդեն սրտի թրթիռով են սպասում:

Խոսենք «առողջ մարմնում, առողջ ոգի», այսինքն՝ ֆիզիկական դաստիարակությունից: Փաստորեն, Ձեր դպրոցը չունի ֆիզկուլտուրայի դահլիճ, և՞

— Դպրոցը 30 տարի՝ երկրաշարժից հետո, նաև 2003-ից այս մասնաշենք տեղափոխվելուց մարզադահլիճ, նիստերի դահլիճ չի ունեցել: Ծրագրում կար, բայց ասացին՝ ֆինանսները չեն բավարարել: «Ֆիզկուլտուրա» առարկայի դասապրոցեսը կազմակերպում ենք մեր իսկ ստեղծած բացօթյա խաղահրապարակում, որը հարմարեցված է խմբային սպորտաձևերին: Ձմռանը ուսումնական պլանն այնպես ենք կազմում, որ «Շախմատ» առարկան լրացնի բացը, նաև խնդրել ենք հարակից սպորտ դպրոցի դահլիճում մեր աշակերտների ֆիզկուլտուրայի ժամերն անցկացնել: Խնդիրը սրանով չի կարելի համարել լուծված: Բազմիցս ենք դիմել ԿԳ նախարարներին, մարզպետներին… Այսօր զինկոմիսարիատներից ստանալով ցուցիչներ, մենք տեսնում ենք, որ մեր զինապարտ երեխաները լուրջ խնդիրներ ունեն, էլ չեմ ասում ապագա մայրերի մասով: Այստեղ է, որ կարևորվելու է ֆիզիկական կրթությունն ու դաստիարակությունը: Այսօր ասում են, թե մենք չենք հաջողում խմբակային սպորտաձևերում: Այո, որովհետև մենք բաց ունենք սկսած դպրոցներից: Առնվազն Շիրակի մարզի թվով 69 դպրոց չունի ֆիզկուլտուրայի դահլիճ: Սա մեծ բաց է: Սակայն այնպես չէ, թե մեր աշակերտները հեռու են սպորտաձևերից. շատերն են մարզվում ու շատ սպորտաձևերում ունենք անգամ չեմպիոններ: Տարիներ շարունակ մեր դպրոցը չունենալով մարզադահլիճ, ունենք աղջիկների և տղաների մինի-ֆուտբոլի թիմ, և արդեն 3-րդ տարին է, գրավում ենք Շիրակի մարզում 2-րդ, 3-րդ տեղերը: Մեր երեխաները պարտադիր մասնակցում են հայտարարված սպարտակիադաներին: Այս պահին էլ Շիրակի թիմը մասնակցում է Շախմատի սպարտակիադային, և ներկայացված 10 մասնակիցներից մեկը մեր դպրոցից է՝ Մելանյա Իսպիրյանը:

Էլ ի՞նչ խնդիրներ կան դպրոցում:

— Կառանձնացնեի նոր մոդելի համակարգիչները… Չնայած մենք ունենք համակարգչային դասարան, բայց հին մոդելի համակարգիչներ են: Կրթության վարչությունը տեղյակ է, հույս ունենք, որ և՛ մարզպետարանը, և՛ մեր նախարարությունը կարձագանքեն: Ինձ համար նաև ողջունելի է մեր նախարարի վերջին հայտարարությունը. 2020թ-ից դպրոցների աշակերտաթվով ֆինանսավորումը փոխվում է, և դառնում է հարմարեցված բանաձևով, որպեսզի չլինեն գերֆինանսավորված և թերֆինանսավորված դպրոցներ:

print
2,184