ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական անդունդում ենք

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր (ՀՀԿ) ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:

Պարոն Ավետիսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդիպելով խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերի հետ, հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին, որն անցկացվելու է հունիսի 20-ին

– Նախ՝ վարչապետ կոչվածն իրավունք չունի ընտրություններ հայտարարել, որովհետև ՀՀ Սահմանադրության 93 հոդվածով. «Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը»՝ ժամկետի առումով խորհրդակցելով, ասենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ: Ինչպես միշտ, վարչապետ կոչվածը փորձում է առաջ ընկնել և խախտել Սահմանադրությունը: Երկրորդ. արդյո՞ք հունսի 20-ը ճիշտ ժամանակահատված է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Եթե խոսվում է Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին, նախ պետք է դա քննարկվի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ, հետո, որը շատ կարևոր է, վաղ է ընտրություններ անցկացնելը, քանզի առաջնահերթ էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ինչո՞ւ: Որովհետև նա որևիցե բան անելու իրավունք չունի, էլ չեմ ասում՝ ադեկվատ չէ, տեղում չէ, իր ամեն մի ժամը վտանգավոր է Հայաստանի և հայ ժողովրդի համար: Նա նախ պետք է հեռանա, հետո նոր քաղաքական ուժերը, երկրի նախագահը, շահագրգիռ բոլոր ուժերը, որոնք, իրոք, մտահոգ են Հայաստանի ապագայի համար՝ կորոշեն, թե երբ կլինի արտահերթ ընտրությունները: Ընտրությունների օր նշանակելը, ճիշտ կազմակերպման և արդյունքների անկեղծության վրա ես խիստ կասկածներ կունենամ, եթե այն անցկացվի այս իրավիճակում: Որովհետև, եթե նախորդ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցեցին ընտրողների 47 տոկոսը ու, եթե ԸՕ-ն փոխվի համամասնական ընտրակարգի, ապա մենք կունենանք երևի Հայաստանի ամենապասիվ ընտրությունները: Մարդիկ չեն մասնակցի:

Ասել կուզեք, որ կողմ եք մեծամասնակա՞ն ընտրակարգին:

– Ոչ թե կողմ եմ մեծամասնականին, այլ փաստում եմ իրողությունը: Ես կողմ եմ ներկայում գործող ԸՕ-ին, ինքս Ազգային ժողովում եղած ժամանակ այս հարցը բարձրաձայնել եմ. համամասնականի պարագայում ԱԺ-ն կվերածվի երևանյան պառլամենտի, Երևանում բնակվողները կհամալրեն պառլամենտը, իսկ մարզերի քաղաքական կոնտիգենտի հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը կմնա:  Մյուս շատ կարևոր հանգամանքից խոսեմ. չակերտավոր խոսքի ազատությունից, որն ավելի շուտ գռեհկություն է, ցինիզմ է: Միմյանց նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի ֆոնին, որը պատերազմից հետո շատ ցայտուն կերպով է սրացել, այսպիսի իրավիճակում գնալ ընտրությունների, նշանակում է, որ մեծ հավանականություն կա քաղաքացիական բախումների հրահրման:

Նման կարծիք էր հայտնել նաև Հայ Ազգային կոնգրեսը. այսինքն, քաղաքական վերլուծության տեսանկյունից, վտանգավոր մթնոլորտ է կանխորոշվո՞ւմ:

– Ես կարծիք եմ հայտնում որպես անհատ, որպես նախկին ԱԺ պատգամավոր, այլ ոչ որպես Հանրապետական կուսակցության կառույցի ներկայացուցիչ: Իմ կարծիքով, այո, մթնոլորտն ահավոր շիկացած է, որի գլխավոր մեղավորը վարչապետ կոչվածն է, նրա թիմն է, որոնք առանց հասկանալու, տեղի-անտեղի վիրավորում են նախկին նախագահներին, մարդկանց, որոնք վաստակ ունեն այս երկրի համար: Ես մի օր չտեսա, որ միևնույն ատելության դոզայով ու ինտենսիվությամբ այս մանկամիտները վիրավորեն, խմբային հարձակվեն Ալիևի վրա: Հակառակը՝ սիրաշահում են: Ու այս լարված մթնոլորտում գնալ ընտրությունների… Ճիշտ կլիներ, որ նախ ներկայիս իշխանությունը հրաժարական տա: Նրանց օրենքի կարգով դատեն՝ բոլոր մեղքերի համար, որոնք կատարել են այս 2-3 տարվա ընթացքում:

Անգործության համա՞ր

– Ոչ այնքան անգործության, որքան վնասակար գործունեության համար… Բոլոր ոլորտներում, անգործություն է, չհաջողված կառավարում է… Այնտեղ ենք հասել, որ նախարարը լրագրող է ծեծում… Երկիր ղեկավարել չեն կարող: Պետք է հրաժարական տան: Որից հետո անունը կդնեն ժամանակավոր կառավարություն, թե ինչ, թող ձևավորվի ոչ թե աթոռի վազողների, այլ նվիրյալների էլիտա, որոնք մտահոգ են, պետականամետ են, փորձառու են, ժողովրդամետ են: Մի քանի ամիս մթնոլորտը հանդարտեցվի, մինչև մարդիկ հասկանան, որ իրար հանդեպ ներքին թշնամանքը թուլացնում է երկիրը: Ցավն այն է, որ իշխանության մեջ գտնվող «իմքայլականները», այդ մանկամիտները չեն ըմբռնում, որ ժողովուրդը շատ լավ գիտի իրենց, իրենց հայրիկների ու մայրիկների անցյալը: Որ այսօր ասում են՝ նախկիններ, ապա հենց Նիկոլ Փաշինյանն էլ է նախկիններից: Նման լեքսիկոնը իրենք դիտավորյալ են ներմուծել, որպեսզի այդկերպ պառակտեն ժողովրդին:

Իշխանության կարծիքով, բազմակարծություն է, մարդիկ ազատ կարծիք են արտահայտում: Թեպետ, անկեղծ ասած, ես Ձեզ հետ համամիտ եմ, որովհետև սոցիալական ցանցերում կատարվող անմակարդակ «ազատ կարծիքի» արտահայտումից  անհարմար ես զգում:

– Տեսեք, թե արտասահմանյան երկրներում ինչ կարծիքի են մեր երկրի մասին: Արդեն չեն ուզում մեր երկրի հետ գործ ունենալ, հասկացան, որ ոչ թե ժողովրդավարություն է, այլ ամբոխավարություն է, դիկտատուրա է, որ երբ, ասենք, պետական կառույցում աշխատողը ոչ իրենց համար ականջահաճո կարծիք է հայտնում, կարող են իրավական օրգաններով վախեցնել, քրեական գործեր հարուցել: Մենք այդպես առաջ գնալ չենք կարող: Իրենք բոլոր ոլորտները հերթով թուլացրեցին, միակ կառույցը, որ այսօր աշխատում է՝ ՄԻՊ-ն է, այդ ուղղությամբ էլ սկսեցին «ցեխ շպրտել», ամեն ինչ անում են, որ նորմալ կառույցները վարկաբեկվեն: Մինչդեռ ՄԻՊ-ը պատերազմից հետո միակ կառույցն է, որ ամեն ինչ անում է, որպեսզի միջազգային ատյաններում բարձրաձայնվի թշնամու հանցագործությունների մասին:

Իսկ ԱԳՆ մակարդակով խիստ նոտաներ չեն էլ հնչում:

– Այո, չի հնչում: Դեղնակտուց մեկին ուզում են ԱՄՆ-ի պես ամենակարևոր երկրում դեսպան նշանակեն: Էս համակարգն էլ չի աշխատում: Նախկին ԱԳ նախարարը գնաց, 2,5 տարի իրենց ուզած կետից էին բանակցություններ վարել, բայց չհարցրեցին՝ ինչո՞ւ այդպես եղավ, ո՞վ է պատասխանատու: Երբ նշանակում է, որ էդ բանակցությունների արդյունքը պատերազմն էր, ուրեմն պատասխանատվություն պիտի կրեին, չէ՞: Նորն էլ եկել, ասում է՝ փայլուն աշխատել է… Այսինքն՝ փայլուն աշխատանքը պատերա՞զմն է:

Վերադառնալով ընտրություններին. ըստ Ձեզ, մեր երկրի համար խորհրդարանակա՞ն, կիսանախագահակա՞ն, թե՞ նախագահական համակարգն է ճիշտ:

– Մենք երեք տասնամյակում երեք համակարգով էլ անցել ենք: Հասկացանք, որ երեքի դեպքում էլ խնդիր ունենք: Երևի նախագահականը, նախագահի բացարձակ լիազորություններով կառավարումը ճիշտ է: Իսկ ներկայիս «հրաշամանուկ» պառլամենտականներով խեղաթյուրվել է դասական պառնամենտարիզմը:

Տեսեք, վարչապետն է իր հերթին հանրահավաքներ անում, 17-ն իր հանրահավաքներ է անում, բայց ժողովրդի մի ստվար հատված ոչ մեկի կողմը չէ:

– Այո, շատ ճիշտ եք, կա մի ստվար մաս, որ ոչ մեկի հետևից չի գնում, հոգնել է այս ամենից, չի տեսնում մի ռեալ ուժ, որի հետևից կգնա: Դրա համար մեր բոլոր նախկին ղեկավարները, բոլորի հանդեպ հարգանք տածելով, պետք է նստեն մի սեղանի շուրջ, ինչպես պատերազմի ժամանակ փորձեցին, բայց, ցավոք, այս «աննախադեպ հրաշամանուկները»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, թույլ չտվեցին, որպեսզի նրանք իրենց փորձառությամբ օգուտ բերեն: Հիմա իրենք պետք է հավաքվեն ու որոշեն, թե ինչ ձևով այս երկիրն էս ճահճից դուրս բերենք:

Բայց մենք տեսանք, թե ինչպես, օրինակ, Առաջին նախագահի հայտարարությունները ծանր ազդեցություն են թողնում այսօրվա իշխանության ներկայացուցիչների վրա:

– Ասելս էլ հենց դա է, որ նրանք, որոնք իրենց թույլ են տալիս նախագահների ուղղությամբ ինչ-որ բաներ ասել, պիտի այդ «մանկամիտները» նախ հիշեն, թե ովքեր են իրենց ծնողները: Երկիրը, որը տարին տարվա վրա, քար առ քար, վատ, թե լավ, բայց փորձում էինք կառուցել, ու մի 2-3 տարվա մեջ հողերին են հավասարեցնում: Մինչև այս պահը մենք չգիտենք, թե որտեղ է Հայաստանի սահմանն ավարտվում: Մինչև հիմա ոչ մեկը պատասխանատվություն չկրեց, թե ով և ինչու՝ է պատերազմի ավարտի ստորացուցիչ փաստաթղթի ստորագրումից հետո երեխաներին տարել սահման ու գերի տվել… Հանդիպումների է գնում, բայց դուխ չի անում ասելու, թե մինչև գերիներին չվերադարձնեք, ոչ մի բանակցություն չի շարունակվի: Այսօր թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական անդունդում ենք:

print
131