ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այս տարի շուրջ 58,3 կիլոմետր ճանապարհահատված է վերանորոգվելու

— Պարոն Խնձրցյան, Գյումրի մտնող, և/կամ դուրս գնացող ճանապարհահատվածը, հատկապես մինչ Ազատանի խաչմերուկը, վատ վիճակում է: Այդ հատվածը արդյո՞ք նորոգվելու է Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագրով:

— Գյումրիից մինչև Արևիկի խաչմերուկի մասի՞ն եք հարցնում… Չինական ընկերությունը, որը կառուցում է «Հյուսիս-հարավը» ավարտել է մինչև Ազատան գյուղի, Արևիկի խաչմերուկի հատվածը: Դրանից հետո, շուրջ 5կմ ճանապարհահատվածը, որը միացնում է Գյումրիին, պետական բյուջեով մտած է ծրագիր, պայմանագիրը կնքված է, կապալառու կազմակերպությունն ընտրված է, արդեն իսկ երկրորդական ճանապարհ կառուցելու խնդիրն իրականացվում է, աշխատանքները սկսված են: Երթևեկության մեկ թևը ամբողջությամբ կավարտվի: Այդ ճանապարհահատվածը միաթև է, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մարզպետին ներկայացնելու օրն ասաց, որ պայմանավորվածություն կա՝ երկթև ճանապարհ կառուցելու: Մի թևի մրցույթը կայացել է, շինարարն արդեն կսկսի աշխատանքները, և ավարտից հետո կմեկնարկի երկրորդ թևի կառուցումը:

— Է՞լ որ հատվածի մասին կարող եք տեղեկություն տալ:

— Մայիսյան-Քեթի 4կմ ճանապարհահատվածի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, դեռևս մրցութային փուլ չի մտել: Թորոսի ոլորանները՝ 1,8կմ, արդեն ֆրեզային աշխատանքներ իրականացվել է, ու այն ևս կվերանորոգվի ամբողջությամբ: Աշոցքից մինչև Բավրա հատվածի մրցույթն արդեն հայտարարվել է, 11,5կմ հատվածը համաձայնագիր կնքելուց հետո կմեկնարկի: Արթիկի միջին հատվածում 4,9կմ ճանապարհն է կառուցվում: Արմավիր-Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության հատվածի շինարարությունն է շարունակվում, ընդհանուր 29կմ է, իսկ մեր մարզի մասը 23կմ է: Բազմաթիվ ճանապարհային աշխատանքներ կիրականացվի Տարածքային զարգացման հիմնադրամի (ՏԶՀ) հետ: Օրինակ՝ Մարմաշենի վանական համալիր գնացող 2,4կմ ճանապարհը, որի աշխատանքները սկսված են, նաև վանական համալիրի հարակից հատվածում բարեկարգման աշխատանքներ կտարվեն: Ինչպես նաև Գյումրու Մաքսատնից մինչև Երկաթգծի 2,5կմ հատվածն է կառուցվում, որը ևս պետական բյուջեի միջոցով է: Եթե Գյումրու փողոցներն էլ թվարկենք. քաղաքի կենտրոնական հատվածը, եկեղեցու հետևի հատվածը՝ պուրակը, և այլն ևս այս տարի կմեկնարկի:

— Ընդհանուր քանի՞ կիլոմետր ճանապարհահատված է վերանորոգվելու:

— 58,3 կմ ճանապարհ, չհաշված ՏԶՀ կողմից պետական բյուջեով կառուցվող ճանապարհները:

— Ի վերջո Գյումրու 50-ամյակի կամրջի վերականգնման ծրագիրը կյանքի կկոչվի՞:

— Սկզբում խոսք գնաց, որ այն կընդգրկվի ՎԶԵԲ-ի ծրագիր, բայց վերջինս հրաժարվեց: Պետական բյուջեով ևս ոչ մի գործողություն չկա: Մնում է տեղական բյուջեով այն վերականգնվի: Պետությունը պատրաստ է 50 տոկոս ֆինանսավորելու: Հիմա իրենք քննարկում են Շիրակացի փողոցի 3,5կմ հատվածը, որպեսզի պետությունն անի, բայց վերջինս ասում է, որ պատրաստ է 50 տոկոս սուբվենցիոն ծրագրով մասնակցել:

— Մարզում ընդհանուր դեռ շա՞տ անբարեկարգ փողոցներ կան:

— Ընդհանուր 860կմ-ից մարզում դեռ 303կմ դժվարանցանելի ու վատ վիճակում գտնվող ճանապարհներ ունենք:

— Իսկ «Անի» թաղամասի մասո՞վ ինչ նորություն կա:

— Ֆինանսական միջոցների սղություն կա, որը փորձում են պետության աջակցությամբ իրականացնել, բայց… Միջպետական, հանրապետական և տեղական ճանապարհները եթե ամեն տարի թեկուզ փոքր հատվածով վերականգնվի, յուրաքանչյուր տարի նույն ինտենսիվությունը պահպանվի՝ բավականին աշխատանքներ կարվեն: Համահայկական խաղերի անցկացման առիթով հնարավոր է պետությունը մարզադաշտի հարակից փողոցները վերականգնի, բայցևայնպես, համայնքն էլ պետք է շահագրգռություն ցուցաբերի:

201